вторник, 4 июня 2013 г.

Մարտական խաչի «ասպետն» ու Հորադիզի մսաղացը

Մայիսի 8-ին Սերժ Սարգսյանը ստորագրել էր հրամանագիր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին: Ըստ ամենայնի, նկատի են առնվել նրա ծառայությունները Ղարաբաղյան պատերազմում, որի ժամանակ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի առանձնակի գումարտակի հրամանատարն էր: Սակայն, մյուս կողմից, հարց է առաջանում, թե այդ ինչ ծառայություններ են, որոնք գնահատվում են հրադադարից 19 տարի անց: Եւ անմիջապես էլ կասկած է առաջանում, որ այդ «ծառայություններից» պետք է անցնեին շատ տարիներ, որպեսզի ինչ որ բաներ մոռացվեին:

Ղարաբաղյան պատերազմի մասին հայ ժողովուրդն այդպես էլ չի իմանալու ճշմարտությունը: Որովհետեւ նրանք, ովքեր գիտեն ճշմարտությունը, այդ մասին երբեք հրապարակավ չեն խոսում: Պատերազմի իրական հերոսները նույնպես չեն խոսում, նրանք համեստորեն լռում են: Փոխարենը, պատերազմի մասին ասվում ու խոսվում է այն, ինչը կապ չունի իրականության հետ, եւ կամ նենգափոխում է այդ իրականությունը:
Սուրիկ Խաչատրյանին թերեւս պարգեւատրել են պատերազմի վերջին շրջանում նրա գործունեության համար: Նա, ինչպես նշվեց, մոտ 150 հոգանոց գումարտակի հրամանատարն էր, որը գործում էր Ղարաբաղի հարավային ճակատում: Սովորաբար, գումարտակների հրամանատարները գտնվում էին առաջին գծում, եւ նրանցից էր կախված մարտական գործողությունների ելքը:

Հարավային ճակատում կռված հրամանատարները պատմում են, որ Սուրիկ Խաչատրյանին առաջին գծում այդ ժամանակաշրջանում չեն տեսել: Փոխարենը, ըստ հրամանատարների, նա «քաջագործություններ» էր կատարում թիկունքում: Օրինակ, այդ ժամանակ նա շրջում էր Նիսսան Պատրոլ մեքենայով, որը ձեռք էր բերել Սուլթանլուի գինու կոմբինատի թալանից ստացված եկամտով: Դա խոշոր կոմբինատ էր, որտեղ սպիրտի ահռելի պահուստներ կային: Սուրիկ Խաչատրյանը, ըստ հրամանատարների, հիմնականում զբաղված էր թալանով, եւ այս գործը հասցրել էր կատարելության: Մասնավորապես, նրա հրամանով պայթեցվել էր Կապանը հարավային ճակատի հետ կապող երկու կամուրջ, որոնք ռազմավարական նշանակություն ունեին ճակատի մատակարարման համար: Այս ճանապարհը թե անվտանգ էր, թե նաեւ բավական կարճ, բացի այդ՝ համեմատաբար որակյալ: Պայթեցնելու իմաստն այն էր, որպեսզի սյունեցիներն իրենց ավարը չկարողանային այս ճանապարհով տեղափոխել եւ օգտվեին Խնձորեսկի ճանապարհից, որտեղ Սուրիկ Խաչատրյանը «պոստ» ուներ եւ կարող էր վերահսկել անցուդարձը:

Պատերազմի վերջին շրջանն ամենածանրն էր հայկական կողմի համար: 1994 թ. հունվարից հարավային ճակատում ադրբեջանցիներն աննախադեպ զանգվածային հարձակում սկսեցին Հորադիզ կայարանի ուղղությամբ: Հայկական բանակի հրամանատարությունը Սուրիկ Խաչատրյանին էր վստահել 4 կիլոմետր երկարությամբ հատվածը:  Հրամանատարները պատմում են, որ Սուրիկ Խաչատրյանն այդպես էլ անձամբ չերեւաց հայերի համար վճռական այդ ճակատամարտում, իր գումարտակին թողնելով բախտի քմահաճույքին: Նրան վստահված հատվածի մի մասը մնաց բաց, որտեղից ադրբեջանցիները կարողացան թափանցել հայերի թիկունքը մոտ 30 կմ տարածքով: Սկսվեց իսկական մսաղաց, եղան հազարավոր զոհեր, այդ թվում մեծ կորուստներ ունեցավ Սուրիկ Խաչատրյանի գումարտակը: Զոհերի դիակները մարտի դաշտից հանեցին Հադրութի գումարտակի մարտիկները եւ հանձնեցին նրանց հարազատներին:

Սուրիկ Խաչատրյանը զարմանալի կենսունակ արարած է: Չնայած այս հանգամանքին, չնայած Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպանության նախարարների դժգոհությանը, բանակի հրամանատարների դժգոհություններին, նա կարողացել է մնալ ջրի երեսին եւ խուսափել պատասխանատվությունից: Ավելին, նա ղեկավար պետական պաշտոնների անցավ Սյունիքում, որտեղ շարունակեց իր «փառավոր» գործունեությունը:

Սուրիկ Խաչատրյանի եւ նրա հարազատների, մասնավորապես եղբայրների՝ Աղալարի ու Հոպոպի անուններն այս տարիներին շոշափվում էին Սյունիքում տեղի ունեցած մի քանի խոշոր հանցագործությունների կապակցությամբ: Ըստ հայկական մամուլի հրապարակումների, խոսքը մեկ տասնյակից ավելի հաշվվող քրեական գործերի մասին է, իսկ դրանց «ամպլիտուդը»՝ թմրամոլությունից, երիտասարդ աղջկան Գորիսի հանրախանութում բռնաբարության փորձից մինչեւ մի երիտասարդի սպանություն: Իսկ սպանության պարագան առավել քան սահմռկեցուցիչ էր՝ ըստ մամուլում հրապարակված քրեական գործի նյութերի, Լիսկայի եղբայրները սպանվածին դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը եւ վերեւ քաշել: Մարզպետն ինքը բազմաթիվ անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում, սկսած ընտրություններից, վերջացրած բռնություններով:

Իհարկե, որեւէ պատիժ այս ամենի համար չի եղել, եւ ավելին՝ եղել է պարգեւատրում: Մարտական խաչի շքանշանը ազգային հերոսին հավասարվող շքանշան է: Շքանշանը ստանալուց հետո Սյունիքի մարզպետի շուրջ տեղի ունեցավ հերթական հանցագործությունը՝ սպանվեց Գորիսի նախկին քաղաքապետը, նրա եղբայրը՝ զորամասի հրամանատարը, ծանր վիճակում գտնվում է հոսպիտալում: Այս անգամ էլ Սուրիկ Խաչատրյանը կազատվի պատժից. դատելով սպանությանը հետեւած առաջին օրերի տեղեկատվությունից, նրան հետեւողականորեն մաքրում են՝ իբր տեղում չի եղել, քնած է եղել: Ձերբակալվել են նրա որդին ու թիկնապահը, սպանությունը կատարելու կասկածանքով. որդուն թերեւս ազատ կարձակեն, թիկնապահը կնստի մի երկու տարի, եւ վերջ:

Հայկ Արամյան
Lragir.am

Комментариев нет:

Отправить комментарий