понедельник, 7 июля 2014 г.

Ինչից է վախենում Ռուսաստանը Հայաստանում


Հասարակական կարծիքի ուսումնասիրման Համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցման տվյալով, ռուսաստանցիների 70 տոկոսը կողմ է Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը: Հայաստանի իշխանությունը մշտապես հավաստիացրել է, որ այդ միությանը Հայաստանի անդամակցությանը կողմ է Հայաստանի հասարակության մեծամասնությունը:

Բայց, մեծամասնության այդ կարծիքի վստահելի ապացույց չկա: Հայաստանում վարկաբեկված է սոցհարցման ինստիտուտը, իսկ ընտրական կամ հանրաքվեի մեխանիզմն էլ կեղծված է, եւ եթե հնարավոր լինի անցկացնել այդպիսի քվեարկություն, ապա մեղմ ասած դժվար է պատկերացնել, որ այն կարտացոլի իրական պատկերը:

Մյուս կողմից, այստեղ ամեն ինչ հարաբերական է, քանի որ Հայաստանի հասարակության մեծամասնությունը գտնվում է միակողմանի քարոզչական մամլիչի տակ: Այդ հասարակությանը երկշերտ մամլիչով համոզում են, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան ինտեգրվել այդ ռուսական կայսերական նախագծերին: Ինչպես ածելիի հայտնի գովազդում՝ մի շերտը սափրում է մաքուր, երկրորդը սափրում է ավելի մաքուր:

Հայաստանի հասարակության գիտակցությունը քարոզչական երկշերտ մամլիչի մի շերտը «սափրում» է մաքուր, երկրորդը՝ ավելի «մաքուր»: Երկու շերտերը հայկական եւ ռուսական հեռարձակող մեդիաներն են: Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը սպառում է դրանք՝ լսում է ռուսական «կիսլի» հեռուստաարտադրանքը, հետո դրա բառի բուն եւ պատկերավոր իմաստով թարգմանված տարբերակը հայկականով:

Այդ պատճառով, պետք չէ բացառել, որ Հայաստանի քաղաքացիների ոչ թե 70, այլ նույնիսկ 90 տոկոսը կողմ լինի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը: Քանի որ, նաեւ, սա այն բացառիկ դեպքերից է, երբ հանրությունը ոչ միայն իշխանության քարոզչության, այլ նաեւ ոչիշխանական ուժերի երբեմն ուղղակի, իսկ երբեմն էլ ակադեմիական քողարկման ենթարկվող քարոզչության տակ է: Այսինքն, ի տարբերություն ածելիի հայտնի գովազդի՝ Հայաստանի հասարակության գիտակցությունը սափրվում է դեռ երրորդ շերտով էլ:

Բայց, հասարակության գիտակցությունն «աճում» է բավական արագ եւ դժվար է դառնում ածելին փոխել (այլը պարզապես չունեն), այն «բթանում» է: Բանն այն է, որ հանրությանը խոստացված մանանաները չեն թափվում, կամ թափվում է ոչ թե մանանա, այլ կծու տաքդեղ:

Հասարակությանը խոստացել են էժան էներգակիրներ, մինչդեռ պարզվում է, որ էլեկտրաէներգիան թանկանում է, հերթի մեջ է գազը՝ քանի որ Գազպրոմը ծրագրում է բարձրացնել Ռուսաստանի ներքին գները, ու այդ ամենից զատ էլ պարզ է դառնում, որ ռուսական մենեջմենտը ուղղակի քայքայման եւ ճգնաժամի է հասցրել Հայաստանի էներգետիկան:

Հասարակությանը խոստացել են անվտանգություն, բայց Հայաստանի Եվրասիական միությանը անդամակցելու մտադրության մասին հայտարարությունից հետո Հայաստանի սահմաններում Ադրբեջանը սկսել է ավելի ինտենսիվ կրակել՝ Հայաստանի սահմաններից ավելի հաճախակի են դարձել Ադրբեջանի կրակոցներից զոհերի մասին տեղեկությունները: Դա էլ այն անվտանգությունն է, որն իբր ավելի բարձր էր դարձել սեպտեմբերի 3-ից հետո: Ավելին, ռուսաստանցի քաղաքագետները սկսել են Հայաստանի հասարակությանը հասցնել Կրեմլի մեսիջները, որ ձեզ կպաշտպանեն, եթե համաձայնեք Արցախի հաղթանակը ռուսաստանցի խաղաղարարներին զիջել:

Հայաստանի հասարակությունն արդեն մեկ տարի է չի տեսնում Ռուսաստանից խոստացված ներդրումները, փոխարենը տեսնում է Ռուսաստանի միջազգային մեկուսացման հետեւանքը, տեսնում է, թե ինչպես է Ռուսաստանը շարունակում Հայաստանից աշխատուժի ներգրավման քաղաքականությունը: Ռուսաստանին Հայաստանի մնացյալ աշխատուժը պետք է իր տարածքում:

Հասարակությունը չի կարող չտեսնել այդ ամենը, չզգալ, չհասկանալ, չգիտակցել: Ընդ որում, այն, ինչ արդեն երեւացել է կամ շոշափվել, դեռեւս Եվրասիական միության ձնծաղիկներ են, քանի որ Հայաստանի բուն անդամակցությունից հետո հասարակությունն էլ ավելի ուժգին ու լայն շրջանակով է զգալու տնտեսական այդ միության հետեւանքը, երբ կսկսի իրական պայքար կարկանդակի համար, որից Հայաստանին բաժին կհասնեն միայն փշրանքները:

Գուցե դրա համար է Ռուսաստանը ձգում Հայաստանի անդամակցությունը Եվրասիական միությանը; Եթե այժմ, դեռ չանդամակցած, միայն ձնծաղիկներով Հայաստանի հասարակությանն ավելի ու ավելի պարզ է դառնում անվտանգության եւ տնտեսական բարեկեցության բլեֆը, ապա բուն անդամությունից շատ քիչ ժամանակ անց Հայաստանում 70, 80 կամ 90 տոկոսն արդեն ոչ թե այդ միության, այլ դրանից Հայաստանի դուրս գալու կողմնակիցներ են լինելու:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

четверг, 8 мая 2014 г.

ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանի երազը


Ղարաբաղի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն արդեն 30 տարի է՝ նստած է ԳՄ ղեկավարի աթոռին։ 30 տարում ինտրիգներ սարքելով, կասկածելի մրցակիցներին իրար դեմ լարելով, զրպարտելով, երբեմն էլ նաև սպառնալով ու վախեցնելով նրանց՝ նա անառիկ է պահել իր աթոռը։

Ու ահա, նա դարձյալ զրպարտություն, իրեն յուրահատուկ հերթական ստոր կեղծիքն է տպագրել։ Փորձեց լավ զգալ դրանից։ Իր մեջ կուտակված մաղձը, թույնը թափելուց կարծես թե պիտի հանգստանար, թեթևանար, բայց չէր ստացվում, հոգին չէր խաղաղվում։ Գնաց աշխատավայր, քարտուղարուհին սուրճ մատուցեց, սակայն նրան թվաց, թե քարտուղարուհին խղճահարությամբ նայեց իրեն։ Քիչ հետո դուռը ծեծեցին, ներս մտավ աշխատողներից մեկը, ինչպես միշտ՝ վախեցած ու շողոքորթ ժպիտը դեմքին սառած։ Բայց սա էլ կարծես խղճահարությամբ էր նայում իրեն։

Մինչև կեսօր նրա մոտ եկան նաև կոլեգաներից մի քանիսը։ Բոլորն էլ նրանից վախենում էին, բայց Հակոբյանին թվաց, թե սրանք էլ են իրեն մի ուրիշ ձևով նայում՝ խղճահարությամբ ու ցավով։ Ասես եկել են իրեն ցավակցելու։

Կեսօրից հետո Ղարաբաղի ԳՄ նախագահը որոշեց չգնալ աշխատանքի, որովհետև աստիճաններով բարձրանալիս հարևանը նույնպես ցավակցական հայացքով էր նայում և նույնիսկ մի տեսակ բարևեց։ Այն էլ ոչ թե բարև էր, այլ կարծես ասում էր՝ մնաս բարով...

Հակոբյանն ուզում էր բղավել, գոռալ, ասել, որ կենդանի է դեռ, ոչ մեկի խղճահարության կարիքը չունի, արդեն 30 տարի անփոփոխ ղեկավարում է Ղարաբաղի գրողների միությունը, դեռ մի այդքան էլ է ղեկավարելու։ Ուզում էր գոռալ, հայտարարել, որ ինքը Հայաստանի ու Ղարաբաղի ամենահարուստ գրողն է, այնքան փող ունի, որ կարող է իրեն ցավակցող հարյուրավորներին գնել, բայց կոկորդից ձայնի փոխարեն ինչ-որ խռխռոց դուրս եկավ։

Այդ գիշեր Հակոբյանը շատ վատ քնեց։ Բայց դա ոչ թե քուն էր, այլ մի անտանելի մղձավանջ։ Երազներն էլ խառն ու կցկտուր էին։ Հետո երազում տեսավ նրան։ Դուռը կամաց բացվեց, ու ներս մտավ նա՝ Հակոբյանի խիղճը։ Այս անգամ չբարևեց նույնիսկ։ Մթնված ու անտրամադիր էր։

- Սլավի՛կ, էդ ի՞նչ ես արել նորից,- հանդիմանանքով ասաց նա։-Ուրիշների ստորագրությամբ՝ այնքա՜ն գրեցիր, կեղծեցիր, զրպարտեցիր, չհանգստացա՞ր, հիմա էլ նույն զրպարտություններդ սկսել ես քո ստորագրությամբ տպել։ Ախր, քեզ ոչ ոք չի հավատում, դու ինքդ բոլորից լավ գիտես, որ ստում ու կեղծում ես։ Մարդիկ արդեն ծիծաղում են քեզ վրա։ Անցյալ անգամ էնքա՜ն երդվել էիր, խոսք էիր տվել, որ վե՛րջ, էլ զրպարտություններ չես գրելու։ Գոնե մի անգամ տղամարդու պես տեր կանգնեիր խոստմանդ։ Էդքան խաբելով, պարսավանքներ գրելով, ինտրիգներ սարքելով ո՞ւր ես գնում, մտածե՞լ ես այդ մասին։ Գոնե մի անգամ հետ նայե՞լ ես անցած ճանապարհիդ։ Կոխած տեղդ ոչ միայն ծաղիկ, խոտ էլ չի բուսնում։ Ոչ մի սրբություն չունես։ Անգամ նահատակված մարդու՝ Վարդան Հակոբյան-Հեսու վարդապետի էջն ես կողոպտել «Վիքիպեդիայում» և այնտեղ քո կենսագրությունը խցկել՝ մոռանալով ջնջել «վախճանվել է 1915 թ. Մուշի մոտ» տողը...

Հակոբյանը փորձեց հակաճառել, բայց բառերի տեղ բերանից անհոդաբաշխ ինչ-որ ձայներ դուրս եկան։

- Չէ՛, մի՛ խոսիր, դու լռի՛ր,- Խիղճն այս անգամ շատ զայրացած էր երևում,- հեքիաթներդ նորից չպատմես։ Վե՛րջ տուր, երդվում ես ու ստում, փորձում հիմարացնել բոլորին։ Գոնե ինձ հետ անկեղծ եղիր, մի՛ խաբիր, մի՛ կեղծիր։ Քո պատճառով արդեն ամաչում եմ մարդամեջ դուրս գալ։ Վերջին անգամ փողոցում անցորդներն այնպես էին ինձ նայում, կարծես օտար մոլորակից եկած հրեշ լինեի։ Մեկն էլ արհամարհանքով ասաց՝ քեզնից ի՞նչ Վարդան, չէ՜ մի, Վարդան Մամիկոնյա՜ն... Քո Սլավիկ անունն էլ փոխել ես մեր քաջ հերոսի անունով՝ որ ի՞նչ։

Կենսագրությունումդ էլ գրում ես. «Վ. Հակոբյանի ստեղծագործությունները տպագրվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, անգլերեն և այլ լեզուներով»։ Երևանում օտար լեզուների «գիտակ» մի քանիսին թարգմանել ես տալիս գրածներդ, Երևանում էլ տպում, որ ի՞նչ։ Ասես անգլիացին ու ֆրանսիացին էնտեղ ոտ ու ձեռ ընկած, իրենց դեսպանների միջոցով մակուլատուրադ իրենց երկիր արտահանելու մասին են մտածում միայն։ Այն դեպքում, որ քո հայրենիքում 20-30 ընթերցող չունես...

Ինչո՞ւ ես անամոթ ստեր տարածում քո խամաճիկների ստորագրությամբ, իբր, «Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակի նախաձեռնողներից ու պատրաստողներից մեկն ես ու նամակի տակ առաջին ստորագրության հեղինակը», իբր, «Վարդան Հակոբյանը ոչ միայն պոետ է, այլ ազատամարտիկ, քաղաքական գործիչ...», ու այդ անամոթ խաբեությամբ ոգևորված տարածել ես, թե «մայիսի 8-9-ը Վարդան Հակոբյանն ակտիվորեն մասնակցել է Շուշիի ազատագրության ռազմագործողությանը»... Գոնե կյանքում 10 մետրից զենք տեսած լինեիր, էլ չեմ ասում՝ զենք բռնած։ Բանակում չես ծառայել ու զորակոչի ենթակա տղաներիդ էլ 1992-ի փետրվարին Մարտակերտի շրջանից վիրավորներ տեղափոխող ուղղաթիռով փախցրել ես Երևան, հետո էլ դու մեկնել...

- Հերի՛ք է, լռի՛ր,- Հակոբյանի դեմքը կապտել էր։

- Ո՛չ, հերիք չէ։ Իսկ դու այդ «հերիքի» մասին երբևէ մտածե՞լ ես։ Հարցազրույցներ ես տալիս, հին փչոցիդ նոր փչոցներ գումարում։ Ասում ես՝ «Լինել Արցախի գրողների միության ղեկավար, նշանակում է ոչ թե պաշտոն վարել, այլ՝ մարտական դիրք գրավել»: Այդ որտե՞ղ ես մարտական դիրք գրավել՝ Երևանո՞ւմ, թե՞ Ստեփանակերտի կառավարական շենքերի շուրջ՝ իշխանություններից մի բան մուրալու համար։ Ինձնից էլ շարունակ փախչում ես, վախենում ես հիշեցնեմ «քաջագործություններդ»։ Արցախի ինքնապաշտպանության համար զենք ձեռք բերելու համար հավաքված սուղ միջոցներից այն տարիների համար պատկառելի 1700 ռուբլի էիր վերցրել. ի՞նչ ես արել այդ գումարը...

- Բավակա՛ն է...

- Քո միությունում Վերահսկիչ պալատի կողմից անցկացված ստուգումները հիշիր, որի մասին գրել էին թերթերը։ Ու դեռ միայն մի տարվա ֆինանսական գործերդ էին ստուգել և բազմաթիվ խայտառակ խախտումներ հայտնաբերել։ Ի՞նչ կլիներ վիճակդ, եթե քո 30 տարվա գործունեությունդ ստուգեն և դուրս գան կուտակած միլիոններիդ վրա։ Այդ մասին մտածե՞լ ես... Եթե մեկը հարցնի, թե ինչպե՞ս ես 1990-ականներին սփյուռքից կարիքավոր գրողների համար օգնությունից 100 դոլոր ստացել՝ որպես կարիքավոր գրող և 10 տարի հետո սկսել լողալ միլիոնների մեջ, ի՞նչ ես պատասխանելու... Մեր բարեկամ, մշակույթի գործիչ Շահեն Մկրտչյանն է նույնիսկ ձեռ առնում քեզ։ Ինձնից լավ ես հիշում, թե ինչ է գրել. «Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ... Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում... Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը... Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»...

- Լռի՛ր, մի՛ շարունակիր,- Հակոբյանը վախեցած շուրջը նայեց,- կլսեն...

- Իսկ ինչո՞ւ լսելու մասին 2010 թվականի այն օրը չես մտածել, երբ Արցախի իշխանություններին վախեցնելու համար, շանտաժի նպատակով քո գրողների միության վարչությունը հավաքել ու հարց ես բարձրացրել. «Առաջարկում եմ ԼՂՀ գրողների միությունը դուրս բերել ԼՂՀ կազմից և դիմել Ադրբեջանի գրողների միությանը, այդ պետության գրողների միության կազմում ընդունելու խնդրանքով»: Բախտդ բերել էր, որ այդ խայտառակ դեմարշիդ մասին իշխանությունները չեն իմացել, Երևանում՝ նույնպես... Բայց կոլեգաներդ արդեն փսփսում են տարբեր մարդկանց մոտ...

- Վերջացրո՛ւ, վերջացրո՛ւ... Եկել, ինձ դասեր ես տալիս,- Հակոբյանը կատաղած ոտքի ելավ ու գրպանից մի թուղթ հանեց։- Հապա ինչպե՞ս վարվեմ սրա հետ։ Տպագրվելու օրից 20 տարի է անցել, բայց սրա պատճառով քուն ու հանգիստ չունեմ։

Խիղճը վերցրեց թուղթն ու սկսեց հանգիստ կարդալ.

- Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում։

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է։

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է։

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես։

Դե, հա, գիտեմ, Վազգեն Օվյանի պամֆլետն է քո մասին... Բայց խոստովանիր, որ լավ է գրել, իսկը քո դիմանկարն է, մի ավելորդ տող, մի ավելորդ բառ չկա, քո քանդակն է...

- Լռի՛ր, լռի՛ր, լռի՛ր- Հակոբյանը բռունցքը կատաղած զարկեց սեղանին, բայց այնպես պինդ էր զարկել, որ ցավից վեր թռավ։

Լույսն արդեն բացվում էր, բայց մահճակալին կիսանստած, քրտինքի մեջ կորած Հակոբյանին թվաց, թե չորս կողմը խավար է։

ՎԱՀՐԱՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ

Հ.Գ. - Օգտագործված փաստերը վերցված են հայաստանյան և արցախյան մամուլից...

Աղբյուրը՝  7 or.am

                 Zham.am

вторник, 25 февраля 2014 г.

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿՆ` ԸՆԴԴԵՄ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ՎԱՏ ԴԱՍԱԳՐՔԻ


Հայերենի անաղարտության պահպանման և զարգացման գործում Պարույր Սևակի նախանձախնդիր ու հետևողական վերաբերմունքը ոչ միայն արտահայտվել է նրա ստեղծագործություններում և  հրապարակային ելույթներում, այլև շատ անգամներ գործնական դրսևորումներ է ունեցել: Այս իմաստով հիշատակման է արժանի կեսդարյա վաղեմություն ունեցող մի դրվագ, որի մասին այսօր քչերն են հիշում, թեև ժամանակին այն լայն արձագանք գտավ: Խոսքը բանաստեղծի ընդվզումն էր հայոց լեզվի դպրոցական մի դասագրքի դեմ: Այդ առիթով Սևակը հրապարակեց «Արժեքավո՞ր, թե՞ խոտելի դասագիրք» վերնագրով ընդարձակ մի հոդված, որը լույս տեսավ 1964 թ. փետրվարի 7-ին: Մեջբերենք մի քանի հատվածներ այդ հոդվածից:

Սևակը գրում էր. «…Տասնամյակներ շարունակ մեր դպրոցներում մայրենի լեզու էր դասավանդվում պրոֆ. Ա. Ղարիբյանի դասագրքով: Դասագիրքը զերծ չէր թերություններից: Գործում էր նաև «հոգեբանական ազդակը». ուսուցիչներն ու աշակերտները «հոգնել էին» բազմիցս վերամշակվող ու վերահրատարակվող  միևնույն դասագրքից, ուստի բնական ու խրախուսելի էր  լուսավորության մինիստրության հայտարարած մրցանակաբաշխությունը՝ հայոց լեզվի  նոր ու կատարյալ դասագիրք ստեղծելու նպատակով:

Մրցանակի արժանացավ Ահարոն Գրիգորյանի հեղինակած դասագիրքը, որ և հանձնվեց 5-7-րդ դասարանների աշակերտությանը: Չուշացան նաև գրախոսությունները: «Չուշացան»-ը այն բառը չէ, որովհետև եթե դասագիրքը  տպագրության է ստորագրվել  1963 թ. օգոստոսի 22-ին, ապա առաջին գրախոսությունն էլ տպարան է գնացել ոչ թե դասագրքի լույս տեսնելուց հետո, այլ… դասագրքից ընդամենը 5 օր անց: Վերնագիրն էլ՝ պերճախոս. «Արժեքավոր դասագիրք» (տես «Սովետական մանկավարժ», հմ. 9, 1963 թ., էջ 88-92):

Մասնագիտական մամուլն իր խոսքն ասաց ու պրծավ, բայց… չպրծան 5-7-րդ դասարանների աշակերտներն ու իրենց ուսուցիչները: Իսկ մեր սիրելիների սիրելի՞ն՝ մեր մայրենի՞ն: Այս մայրենին է ահա , որ չի ուզում սպասել մինչև  ուսուցչական « տարեվերջի կոնֆերանս» կամ մինիստրության համապատասխան  մասնաժողովի նիստ և շտապում է ասել իր խոսքը:

Ա. Գրիգորյանի դասագիրքը (որ այսուհետև պիտի կոչենք Նոր դասագիրք) բնավ էլ չի համապատասխանում  այն դրվատանքներին, որոնցով լեցուն է, դիցուք, «Սովետական մանկավարժի» գրախոսությունը: Ոչ աշակերտները, ոչ էլ ուսուցիչները կհաստատեն թե ստացել են  «հիրավի արժեքավոր մի դասագիրք՝ լեզվական բարձր ճաշակի  և քերականական գիտելիքների պատշաճ մակարդակով»:

Կգտնվեն շահագրգռված մարդիկ, որոնք կաշխատեն «պնդել» ինչ-ինչ առավելություններ այս Նոր դասագրքում, բայց մենք  նպատակ ունենք ցույց տալու այն աղաղակող թերություններն ու սխալները, որ ստիպում են երանությամբ հիշել  Հին դասագիրքը (այսպես պիտի կոչենք Ա. Ղարիբյանի դասագիրքը)…»:317611_209891875741147_818605081_n

Այնուհետև հեղինակը խիստ մանրակրկիտ դիտարկում է դասագրքի բոլոր բաժինները, մատնացույց անում սխալներն ու վրիպումները, իսկ վերջում ավելացնում է. «… Բայց ինչպե՞ս չանդրադառնաս Հայկական ՍՍՌ լուսավորության մինիստրության մրցանակաբաշխության ժյուրիին (այսինքն՝ հանձնաժողովին կամ մասնաժողովին), և կամաց, շատ կամաց չհարցնես. «Այս դասագրքին մրցանակ շնորհելիս ինչո՞վ էիք զբաղված….»:

Ժյուրին կարող է պատասխանել «Սովետական դպրոց»-ի  վերջին գրախոսի այն խոսքին, թե այս դասագրքի «մուտքը մեր դպրոցներ կարելի է միայն ողջունել»:  Ժյուրի կարող էր պատասխանել նաև «Սովետական մանկավարժ»-ի  գրախոսի խոսքով. «Ա. Գրիգորյանի  «Հայոց լեզվի դասագիրքը» լավագույն նվեր է իր զարգացման  նոր շրջանն ապրող սովետահայ դպրոցին»: … Եվ վերջապես, ինչպե՞ս չդիմես պրոֆ.  Գուրգեն Սևակին, որի անունն էլ մեծ- մեծ տառերով զարդարում է Նոր դասագրքի անվանաթերթը:

Պրոֆ. Գ. Սևակը կարդացե՞լ է արդյոք իր խմբագրությամբ լույս տեսած այս դասագիրքը: Մենք գիտակցում ենք, որ այս հարցին պատասխանելը փոքր-ինչ ավելի է դժվար, նույնիսկ այս գրքի խմբագրումը, որովհետև եթե չի կարդացել, հապա ինչո՞ւ է ստորագրել մեծատառերով, իսկ եթե կարդացել է, ուրեմն…

Այս «ուրեմն » էլ կթողնենք պրոֆ. Գ. Սևակին ի լրացումն, իսկ մենք չենք կարող չսկսել նոր տողից և չլրացնել մեր միտքը.

Հայոց լեզուն որբի գլուխ չէ, որ նրա վրա վարսավիրություն սովորեն: Կարելի է թեթևամիտ լինել սեփական գործի, սեփական կյանքի ու գլխի հանդեպ, բայց ոչ հանրային գործի, ազգային կյանքի ու սրբության: Անպատասխանատվությունը սահման ունի, որից անց արդեն կոչվում է հանցագործություն, մի հանցագործություն, որի դատապարտման համար պետք չեն դատավոր ու դատախազ, որովհետև այս երկուսը հանդես են գալիս միասնաբար՝ Ժողովուրդ անունով և Ազգ ազգանունով…»:

Նշենք, որ այս նյութի համահեղինակն էր նաև Երևանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լ. Փարսադանյանը, թեև բոլորն էլ հասկանում էին, որ վաստակաշատ մանկավարժի անունը հոդվածի վերջում նշված էր սոսկ այն բանի համար, որպեսզի հարգվեր մանկավարժների տեսակետի հիշատակման հեղինակային իրավունքը և ընդգծվեր, որ Սևակը խորհրդակցել էր ոլորտը ներկայացնող մասնագետի հետ:

Հոդվածի հրապարակումից հետո բուռն քննարկումներ ծավալվեցին ինչպես մամուլի էջերում, այնպես էլ ուսուցչական կոլեկտիվներում: Որպես այս ամենի հանրագումար նույն տարվա ապրիլի 19-ին Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրությունը հրապարակեց մի հաղորդագրություն, ուր ասվում էր. «Հայկական ՍՍՀ լուսավորության մինիստրության կոլեգիան, լսելեով և քննարկելով մինիստրության կողմից կազմված հանձնաժողովի նախագահ պրոֆ. Էդ. Աղայանի զեկուցումը հայկական դպրոցների 5-7-րդ դասարանների հայոց լեզվի դասագրքի (հեղինակ՝ Ա. Գրիգորյան) մասին, նշում է, որ այդ դասագիրքն ունի լուրջ սխալներ ու թերություններ և չի համապատասխանում հայոց լեզվի ուսուցման պահանջներին: Կոլեգիան որոշում է.

1. Գործածությունից հանել Ա. Գրիգորյանի հայոց լեզվի դասագիրքը՝ 5-7 դասարանների համար:

2. Կազմել հեղինակային կոլեկտիվ` ստեղծելու հայոց լեզվի նոր դասագիրք հայկական դպրոցների 5-7 դասարանների համար»:

Այսօր Սևակի կյանքին առնչվող այս դրվագի վերհիշումը պատահական չէր: Երկար ժամանակ է, որ մենք ճիշտ հակառակ իրողության ականատեսն ենք: Տարիներ շարունակ ուսումնական հաստատություններին են պարտադրվում թերի, անգրագետ ձեռնարկներ ու դասագրքեր, մանկավարժներն ու լեզվաբանները ահազանգում են դրանց մասին, բայց ինքս չեմ հիշում որևէ դեպք (եթե սխալվում եմ` ուղղեք), որ այդ դասագրքերից որևէ մեկը դուրս բերվի շրջանառությունից:

Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
Պարույր Սևակ | Hovikcharkhchyan's Blog

среда, 12 февраля 2014 г.

Գենետիկորեն մոդիֆիկացված մթերքների սև ցուցակը, որոնք մենք ամեն օր օգտագործում ենք


Տրանսգեներ պարունակող մթերքների օգտագործման հետևանքով տեղի է ունենում ստամոսքի լորձաթաղանքի քայքայում, օրգանիզմի դիմադրողականության անկում (մարդու դիմադրողականության 70%-ը գտնվում է աղիքներում), ինչպես նաև մարսողության խանգարում:

Գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ պարունակող ապրանքները կարող են խթանել քաղցկեղի առաջացումը: Տրանսգեները այնպիսի հատկություն ունեն, որ կարողանում են ներդրվել աղիքների միկրոօրգանիզմների գենային ապարատի մեջ, իսկ դա արդեն մուտացիա է: Ինչպես հայտնի է, հենց բջիջների մուտացիան է հանգեցնում քաղցկեղածին բջիջների առաջացմանը:

Բազմաթիվ հետազոտությունները ցույց են տվել, որ կենդանիները, որոնք կերակրացանկում ներառված է գենետիկորեն մոդիֆիակցված մթերք (հիմնականում եգիպտացորեն և սոյա), ավելի արագ են ծերանում, ցածր դիմադրողականություն ունեն և չեն կարող հղիանալ և առողջ ձագեր ունենալ: Այդպիսի կերակրացանկով հիմնականում առնետներն են տկար ձագեր ունենում, որոնց մահացության աստիճանն անհավանական բարձր է:

ԳՄՕ պարունակող արտաքնապես արտադրանքները ոչինչով չեն տարբերվում նորմալներից, և հենց այդտեղ է ամենամեծ խնդիրը: Հացը հացի տեսք ունի, միսը՝ մսի, բանջարեղենը և մրգերն ավելի գրավիչ տեսք ունեն, քան հասարակ պայմաններում աճեցվածները:


Համային հատկանիշներով նույնպես էական տարբերություններ չկան: Սակայն գենետիկական մակարդակում գոյություն ունի մեկ ծանրակշիռ տաբերություն: ԳՄՕ-ների քրոմոսոմները իրենց մեջ կրում են ուրիշ բույսերի և կենդանիների վնասակար մասնիկներ և ոչ միայն: ԳՄ սննդամթերքը մարդկանց օրգանիզմում անդառնալի փոփոխությունների է հանգեցնում, առաջացնում է վտանգավոր ալերգիաներ, սննդային թունավորումներ, մուտացիաներ, դիմադրողականություն՝ հակաբիոտիկների դեմ և այլն:


ԳՄՕ մթերքներ արտադրողների սև ցուցակը (Greenpeace-ի թարմացված ցուցակ): Ուշադրություն դարձրեք, թե որքան շատ են երեխաների համար նախատեսվածները. 

1. Hershey’s Cadbury Fruit&Nut շոկոլադե քաղցրավենիք
2. Mars M&M
3. Snickers
4. Twix
5. Milky Way
6. Cadbury շոկոլադ և կակաո
7. Ferrero
8. Nestle շոկոլադ
9. Շոկոլադե ըմպելիք Nestle Nesquik
10. Соса-Соla
11. «Sprite», «Fanta», «Фруктайм»
12. Pepci-Со Pepsi
13. «7-Up», «Fiesta»
14. Kellogg’s չոր նախաճաշեր
15. Knorr սոուսներ
16. Թեյ Lipton
17. Համեմունքներ, մայոնեզ, սոուսներ Hellman’s
18. Համեմունքներ, մայոնեզ, սոուսներ Heinz
19. Nestle մանկական սնունդ
20. Hipp
21. Abbot Labs Similac
22. Յոգուրտներ, կեֆիր, պանիր, մանկական սնունդ Denon
23. Արագ սննդի ռեստորանների ցանց McDonald’s
24. Կետչուպներ, սոուսեր Heinz Foods


Պրոդուկտներ, որոնց պատրաստման տեխնոլոգիայի մեջ օգտագործվում է ԳՄՕ. 

• Պրոդուկտներ «Бондюэль» (Հունգարիա) - ոլոռ, եգիպտացորեն, կանաչ ոլոռ
• ՓԲԸ «Микояновский мясокомбинат» (ք. Մոսկվա) - պաշտետներ, աղացած միս
• ԲԲԸ «Лианозовский молочный комбинат» (ք. Մոսկվա) - յոգուրտներ, «Чудо-молоко», «Чудо-шоколад»
• ՍՊԸ «Кампина» (Մոսկովյան շրջան) - յոգուրտներ, մանկական սնունդ
• ՍՊԸ «Фрито» (Մոսկվ. շրջան.) - «Lays» չիպսեր
• ՍՊԸ «Эрманн» (Մոսկվ. շրջան.) - յոգուրտներ
• ՍՊԸ «Юнилевер СНГ» (ք. Տուլա) - մայոնեզ «Calve»
• Գործարան «Большевик» (ք. Մոսկվա) - թխվածքաբլիթ «Юбилейное»
• «Nestle» (Շվեյցարիա, Ֆինլանդիա) -չոր կաթնային խառնուրդ «Nestogen»


Greenpeace-ի 2011թ.-ի տվյալներով ԳՄՕ-ապրանքներ արտադրող ընկերությունների սև ցուցակը. 

Արտադրող ընկերություն Unilever: Lipton (թեյ), Brooke Bond (թեյ), «Беседа» (թեյ), Calve (մայոնեզ, կետչուպ), Rama (կարագ), «Пышка» (մարգարին), Knorr (համեմունքներ)

Արտադրող ընկերություն Nestle: Nescafe (սուրճ և կաթ), Maggi (ապուրներ, մայոնեզ), Nestle (շոկոլադ), Nestea (թեյ), Neseiulk (կակաո)

Արտադրող ընկերություն Kellog’s: Corn Flakes (եգիպտացորենի փաթիլներ), Rice Krispies (եգիպտացորենի փաթիլներ), Smacks (եգիպտացորենի փաթիլներ), Froot Loops (գունավոր եգիպտացորենի փաթիլներ), Chocolate Chip (շոկոլադե չիպսեր), Pop Tarts (լզոնված թխվածքաբլիթներ), Honey Crunch Corn Flakes (եգիպտացորենի փաթիլներ)

Արտադրող ընկերություն Hershey’s: Toblerone (բոլոր տեսակի շոկոլադ), Mini Kisses (կոնֆետներ), Kit-Kat (շոկոլադե քացրավենիք), Kisses (կոնֆետներ), Semi-Sweet Baking Chips (թխվածքաբլիթ), Special Dark (դառը շոկոլադ), Milk Chocolate (կաթնային շոկոլադ)

Արտադրող ընկերություն Mars: M&M’S, Snickers, Milky Way, Twix, Nestle, Milk Chocolate Nestle (շոկոլադ), Nesquik (շոկոլադե ըմպելիք), Cadbury (Cadbury/Hershey’s), Fruit & Nut

Արտադրող ընկերություն Heinz: Ketchup (regular & no salt) (կետչուպ), Chili Sauce (Սուոս Չիլի), Heinz 57 Steak Sauce (սոուս մսի համար)

Արտադրող ընկերություն Coca-Cola: Coca Cola, Sprite, Charry Cola, Minute Maid Orange

Արտադրող ընկերություն PepsiCo: Pepsi, Pepsi Cherry, Mountain Dew

Արտադրող ընկերություն Frito - Lay / PepsiCo: (ԳՄ-բաղադրամասերը կարող են պարունակվել նույնիսկ ձեթի և մյուս բաղադրամասերի մեջ), Lays Potato Chips, Cheetos

Արտադրող ընկերություն Cadbury / Schweppes: 7-Up, Dr. Pepper;

Արտադրող ընկերություն Pringles Procter&Gamble: Pringles (չիպսեր)

blognews.am

Զապել Եսայան. «Իրեն հարգող կնոջ իդեալը միայն հաճելի լինելու մեջ չէ»…


«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»…

Այս խոսքերը պատկանում են  Զապել Եսայանին, ով հայտնի է դարձել որպես գրող անցյալ դարի սկզբին՝  30 տարին դեռ չբոլորած:  Նա  նշանակալից երևույթ է համարվում  հայ գրականության մեջ: Նրա կյանքն էլ է բացառիկ, քանի որ նա եղել է հայ ազգի նոր պատմության կարևորագույն փուլերի ներգրավված վկան՝  վերապրելով կիլիկյան ջարդերը, 1915թ. հայերի ցեղասպանությունը, Հայաստանի առաջին անկախ հանրապետության ծնունդը 1918թ., հայկական սփյուռքի ձևավորումը … Նա հայրենիք էր եկել 1933-ին՝  քիչ անց  դառնալով  ստալինյան բռնապետության  զոհերից մեկը: Նրան ձերբակալել էին  1937-ին  և, որոշ տեղեկություններով,  վեցամյա բանտարկությունից հետո՝ 1943-ին  նա մահացավ  Բաքվի բանտում…

Զապել Եսայանը ծնվել է 1878-ին Կ.Պոլսի Սիլիհտարի պարտեզներ թաղամասում, սովորել Սկյուտարի Սուրբ Խաչ վարժարանում: Առաջին գործըՙ «Երգ առ գիշեր» արձակ բանաստեղծությունը լույս է տեսել 1895-ին Արշակ Չոպանյանի «Ծաղիկ» հանդեսի առաջին համարում: Ավելի ուշ տեղափոխվել է Փարիզ, սովորել Սորբոնի համալսարանում, ամուսնացել նկարիչ Տիգրան Եսայանի հետ, երկու զավակների (Սոֆի եւ Հրանտ) մայր դարձել:

1908-ին Եսայանը վերադառնում է Կ.Պոլիս, ականատես է դառնում թրքական բռնապետության հայահալած քաղաքականությանը` ուղեկցվող բարբարոսական ջարդերով, կոտորածներով, արհավիրքներով: Ադանայի ջարդերի կապակցությամբ ստեղծված պատվիրակության կազմում 1909-ին մեկնում է  Կիլիկիա՝ «Ազատամարտ» թերթում տպագրելով հոդվածներ աղետի մասին։ Կիլիկիայի հայության ողբերգությունը նկարագրել է «Ավերակներու մեջ» (1911) գրքում, «Անեծքը» (1911) և «Նոր հարսը» (1911) պատմվածքներում։

1915-ի Հայոց ցեղասպանությունից հրաշքով է փրկվում՝ ապաստանելով Բուլղարիայում: Երկար ժամանակ չի մնում Բուլգարիայում եվ մի քանի մտավորականների կանանց ու երեխաների հետ գնում է Կովկաս, այնտեղ իրենց շատ է օգնում Հովհաննես Թումանյանը: Այս ընթացքում Զաբելը կազմակերպում  է հայ տարագիրների և ողբերի հավաքագրման ու տեղավորման գործը։

Այդ տարիներին գրել է «Վերջին բաժակը» (1916), «Հոգիս աքսորյալ» (1919) վիպակները՝ բողոքի ձայն բարձրացնելով քաղաքական և սոցիալական անարդարությունների դեմ, մտորելով հասարակության մեջ կանանց տեղի եւ դերի մասին:

«Մարդիկ՝ այր թէ կին՝ ընդհանրապէս այն չեն ներկայանար ինչ որ են իրապէս. Ու այն կեղծ հանդերձանքը, որ կը ստանան յաճախ, անգիտակցութեամբ է, բայց այդ այդպէս է. Դեր մը կ’ընտրեն կեանքի մէջ ու այդ դերը կը կատարեն. Դերը կ’ընտրեն երբեմն ինքնիրենց, որովհետեւ ատիկա գեղեցիկ կը գտնեն, բայց եւ յաճախ կ’ընտրեն այն դերը, զոր ուրիշները գեղեցիկ կը համարեն»  -Վերջին Բաժակը (գրված է 1916-ին , հրապարակված՝ 1924-ին):

1921-ին  ամուսնու հիվանդության պատճառով  նա վերադառնում է Փարիզ, նույն թվականի օգոստոսին ամուսինը մահանում է:

1926-ին առաջին անգամ գնում է Երևան ու վերադառնում շատ մեծ տպավորություններով , որոնք  ամբողջացրել  է «Պրոմեթեոս ազատագրված» (1928) գրքում։ 1932-ի դեկտեմբերին նրան հրավիրում են Երևանի պետական համալսարանում դասավանդելու եվ 1933-ից նա   հաստատվում է  Խորհրդային Հայաստանում:

Այստեղ նա շարունակում է  հրատարակել  հոդվածներ՝ նվիրված գրականության ու արվեստի հարցերին, կատարել թարգմանություններ Մետեռլինկից («Մահը», «Իմաստություն ու ճակատագիր»)։

Ուշագրավ  են  այդ տարիների  Զապել Եսայանի մասին հիշողությունները՝ զետեղված  Ռուբեն Զարյանի  «Հուշապատում» գրքում .

« Ընդմիջումներին, եթե պրոֆեսորականի դուռը բաց էր, անցնում էինք և աչք գցում մեր պրոֆեսորներին: Նրանք մեզ համար հեղինակություներ էին և մեզ հետաքրքիր էր նրանց տեսնել «անպաշտոն» վիճակում: Զապել Եսայանը գահավորակի վրա նստած ծխում էր: Դա էլ նորություն էր: Այն տարիներին սովոր չէինք կնոջը ծխելիս տեսնել: Ընդհանրապես նկատել էինք, որ նրա պահվածքի մեջ կար մի անկախություն: Նա նոր մարդ էր Երևանում և չէր աշխատում հարմարվել տեղական սովորություններին: Նա անում էր այն, ինչ սովոր էր անել Փարիզում և ոչ մի նշանակություն չէր տալիս, թե ով ինչ կասի: Գիտեր, որ ծխելու վրա շատերը խեթ են նայում, բայց չնկատելուն էր տալիս և նույնիսկ հենց դրանց էլ մեկնում էր ծխախոտատուփը»…

1937-ին  նրան ձերբակալում են, եւ այն ժամանակվա համար սովորական ՝   լրտեսության  մեղադրանքով,   դատապարտում տաս տարի ազատազրկման: Կա վարկած որ նա մահացել է 1943-ին, Բաքվի բանտում, բայց ոչ մի ստույգ տեղեկություն չկա թե ինչպես, որտեղ եվ երբ է նա մահացել…

http://womennet.am/զապել-եսայան-«իրեն-հարգող-կնոջ-իդեալը/

Պարույր Սևակը և Ղարաբաղը


Եթե երբևէ լինեք Արարատի մարզի Զանգակատուն գյուղում գտնվող Պարույր Սևակի տուն-թանգարանում, ապա այցելուների մատյանում, որտեղ բանաստեղծի հարյուրավոր երկրպագուներ իրենց ջերմ ու անկեղծ տպավորություններն են արձանագրել, կարող եք կարդալ մի գրառում, որն արվել է 1992 թվականի մայիսին` Շուշիի ազատագրումից հաշված օրեր անց: Այնտեղ գրված է. «Արցախի ազատագրագրման պայքարի սկիզբը գալիս է Սևակից: Հավերժ փառք իր գաղափարներին:
Արցախի ազատամարտիկներից,
22-ը մայիսի 1992 թ.»:
Սրանք սոսկ հավուր պատշաճի ասված խոսքեր չեն և ոչ էլ բանաստեղծի անուղղակի դերակատարությունը փաստող խոստովանություն: Որքան էլ մեծ լինի Սևակի գրչի ներգործությունը ազգային գիտակցության ձևավորման գործում, նրա անմիջական մասնակցությունը նույնպես եղել խիստ էական ու հետևողական: Եվ պատմությունն ու վկայությունները գալիս են ապացուցելու նաև այս ճշմարտությունը: Պարզապես տարիներ շարունակ այդ մասին բարձրաձայն խոսելու կամ գրելու հնարավորությունն է եղել սահմանափակ, և մարդիկ այսօր քիչ բան գիտեն այն մասին, թե ինչ է արել Պարույր Սևակը Ղարաբաղի համար և Ղարաբաղում: Իսկ նմանօրինակ փաստերը բավականին շատ են: Մենք կպատմենք դրանցից ընդամենը մի քանիսը, բայց նույնիսկ այս սեղմ շարադրանքը բավարար է պատկերացում կազմելու բանաստեղծի համարձակ գործունեության մասին:
Քաջ հայտնի է, որ 1966 թվականին մի խումբ հայ մտավորականներ նամակ հղեցին Խորհրդային Միության ղեկավարությանը` Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու առաջարկով: Ահա այդ պատմական նամակն ամբողջությամբ.

«ԽՄԿԿ ԿԵՆՏԿՈՄԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ Լ.ԲՐԵԺՆԵՎԻՆ, 
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄԿՈՒՍՆԵՐԻ 
ԿԵՆՏԿՈՄՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՆԵՐ 
Վ.ԱԽՈՒՆԴՈՎԻՆ ԵՎ Ա.ՔՈՉԻՆՅԱՆԻՆ
Օգոստոս, 1966թ. Երևան
Լեռնային Ղարաբաղի ազգակիցներին Հայկական ԽՍՀ կազմում մեզ հետ ուս ուսի մեր միալեզու ազգային մշակույթը, գիտությունն ու տնտեսական կյանքը զարգացնել տեսնելու հայ ժողովրդի նվիրական, խոր ու անկեղծ երազանքը լիովին համընկնում է լենինյան մեծ սկզբունքների հետ։
Ղարաբաղը Հայաստան է տարածքով և ազգային կազմով, Հայաստան է կենսաձևով, հոգևոր կերտվածքով և կենցաղով։ Ղարաբաղի պատմությունը Հայաստանի պատմությունն է. հայկական է Ղարաբաղի լեզուն, արվեստը և գրականությունը։ Եվ քանի որ գոյություն ունի Հայկական ԽՍՀ, նպատակահարմար չէ նրա անբաժանելի մասը արհեստականորեն կտրել Խորհրդային Հայաստանից։
Հավատում ենք, որ դուք կդառնաք այս հարցի լուծման նախաձեռնողները։
Մենք համոզված ենք, որ այս հարցի լուծումը էլ ավելի կամրապնդի մեր ժողովուրդների համագործակցությունը, իսկ սահմանների անհրաժեշտ ճշտումը մեկ անգամ ևս կապացուցի մեր ժողովուրդների եղբայրությունը և կապիտալիստական աշխարհին ցույց կտա, որ սոցիալիզմի երկնակամարի տակ իշխում է փոխըմբռնման ոգին, որ ազգամիջյան բոլոր հարցերը վճռում են կոմունիստական բարձր գիտակցականությամբ։ Մենք երկյուղածությամբ ենք փայփայում մեր լինելիության հիմքերի հիմքը՝ մեր բարեկամությունը։ Մեր երկու ժողովուրդները հոգեբանորեն վաղուց են հասունացել հարցի նման լուծման համար։ Դեռ ավելին, մենք վստահ ենք, որ յուրաքանչյուր ադրբեջանցի հոգու խորքում համոզված է հայ եղբայրների պահանջների արդարացիության մեջ։ Մեր երկու ժողովուրդները հոգեբանորեն պատրաստ են հարցի նման լուծմանը, քանի որ խորհրդային կարգերի 50 տարիների ընթացքում մենք դաստիարակվել ենք ինտերնացիոնալիզմի ոգով, եղբայրության ոգով։ Մենք արմատախիլ ենք արել ազգամիջյան հակակրանքներն ու նախախորհրդային շրջանի բացասական տրամադրությունները և նման հարցերի վճռման ժամանակ պետք է հենվենք ոչ թե ինչ-որ մտացածին տարաձայնությունների, այլ մեր կոմունիստական փոխըմբռնման և անկեղծ համագործակցության վրա։
Մենք առավել քան համոզված ենք, որ այս հարցի լուծումը վստահելի ձեռքերում է, և խիստ ցանկալի կլինի, որ այն համընկներ Հայաստանում խորհրդային իշխանության կարգերի հաստատման տարելիցին»։ 
(ՀԱԱ, Ֆ.1, ց. 46, գ. 65(բ), թ.1, 2)։

Իսկ թե ինչպես ծնվեց ու կյանքի կոչվեց այդ նախաձեռնությունը, սա արդեն միանգամայն այլ պատմություն է, և պատմությունն այն մասին, թե հիշյալ նամակը ստորագրելուց զատ Սևակն ինչ առնչություն է ունեցել դրա նախաձեռնմանը:
Ճանաչված նկարիչ Սարգիս Մուրադյանի հետ մեր հանդիպումը կայացավ նրա մահից մի քանի ամիս առաջ: Զրույցի ժամանակ խնդրեցի պատմել նաև այդ տարիների մասին: Եվ այսօր ձայնագրված ժամավենի վրա մնացել են նկարչի հուշերը, որոնց սղագրության մի հատվածը ներկայացնում ենք ստորև.
«… Ղարաբաղի հարցով հայտնի նամակը մեր տանն ենք գրել: Երբ 1966-ին Ղարաբաղի խնդիրը մեջտեղ եկավ, Կենտկոմի քարտուղար Ռոբերտ Խաչատրյանը մեզ կանչեց իր տուն: Նրա կինը Պարույրի հետ էր սովորել: Մեզ հավատացրեց, թե իբր Կենտկոմում նա է այդ գործը գլխավորում: Հետո իմացանք, որ դա բոլորովին էլ այդպես չէր: Իրականում Կենտկոմից նախաձեռնությունը խրախուսում էին Քոչինյանն ու Տեր-Ղազարյանցը: Նիկոլայ Ենիկոլոպով կար՝ Ենիկոլոպյան, ակադեմիկոս, քիմիկոս: Ստեփանակերտցի էր: Ես Մոսկվայից ծանոթ էի նրա հետ: Սա եկավ Երևան, երբ արդեն լուր էր տարածվել, թե իբր Ղարաբաղը հանձնելու են Հայաստանին: Խոսում էին, թե Բրեժնևն ասել է, որ անարդարություն է եղել և Քոչինյանին հանձնարարել էր գործերը պատրաստել Քաղբյուրոյի քննարկմանը ներկայացնելու համար: Ենիկոլոպովին ես ծանոթացրեցի Պարույրի ու Վարագ Առաքելյանի հետ: Նա ասաց, որ ինքն էլ է ցանկանում մեզ օգնել, քանի որ ինքն էլ ղարաբաղցի էր, և Մոսկվայից խորհուրդ են տվել հայերին ակնարկել, թե որքան հնարավոր է թող շատ նամակներ ուղարկեն Կրեմլ: Մինչ այդ մենք մի քանի անգամ հավաքվել էինք գրականագետ Սողոմոն Սողոմոնյանի տանը, որտեղ գալիս էին նաև ՀԿԿ Կենտկոմի երկրորդ քարըուղար Տեր-Ղազարյանցը և գեներալ Սարգիս Մարտիրոսյանը: Քննարկում էինք մեր հետագա քայլերը: Որոշեցինք, որ ես, Պարույրը և Սողոմոնյանը պիտի գնանք Ղարաբաղ: Սողոմոնյանը նոր «Վոլգա» մեքենա ուներ: Ես ղեկին նստեցի ու առանց կանգառի քշեցինք մինչև Ստեփանակերտ: Մինչ այդ եղանք Գետաշենում: Ստեփանակերտում հանդիպեցինք պատմաբան, գրող Բագրատ Ուլուբաբյանին: Հետո սկսեցինք շրջել գյուղերով: Մտնում էինք տները, խնդրում էինք կանչել համագյուղացիներին ու բացատրում էինք, որ եթե ուզում եք Ղարաբաղն անջատել, պիտի ձեր բողոք-նամակը գրեք Մոսկվա: Ասացինք նաև, որ նամակները կուղարկեք Երևան՝ այսինչ հասցեով: Ու սկսեց նամակների հոսքը: Յուրաքանչյուր 4-5 օրը մեկ հավաքվում էինք Սողոմոնի մոտ: Տեր-Ղազարյանցը մի մարդ էր գտել, որը Կենտկոմում քարտուղար էր և շաբաթը երկու անգամ հավաքված նամակնեըը տրցակներով տանում ու նետում էր Կրեմլի փոստարկը: Մեր հաշվարկներով, մոտ 10 հազար նամակ ուղարկեցինք: 
Դրանից հետո տեղեկություն ստացվեց, որ գումարվելու է Քաղբյուրոյի նիստ, որին հրավիրվելու են ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ նաև Վրաստանի առաջին քարտուղարը: Երեքի համաձայնությունն էր պետք: Տեր-Ղազարյանցից իմացանք, որ Վրաստանի Կենտկոմի երկրորդ քարտուղարը ՀԽՍՀ Մինիստրների Խորհրդի նախագահ Բադալ Մուրադյանի հետ պիտի հանդիպեր սահմանագլխին: Այնտեղ պիտի գային նաև Ղարաբաղի ղեկավարությունից: Սևակն այդ մասին իմանալուն պես ինձ ասաց. «Արի գնանք Բադալի մոտ»: Գիշերվա հավանաբար ժամը 1-ն էր: Նախ գնացինք նրանց տուն: Ներքևում հերթապահող միլիցիոներն ասաց, որ Բ. Մուրադյանը տանը չի: Պարույրին ճանաչելուն պես մեզ թույլ տվեցին վերև բարձրանալ: Տանը Բադալի կինն էր: Նա զանգահարեց աշխատավայր և մեզ ասաց, որ ամուսինը դեռ այնտեղ է: Մենք գնացինք կառավարության շենք: Ոչ ոք չկար: Մինիստրների խորհրդում միայն նա էր. մենակ նստած աշխատում էր: Պատմեցինք մեր իմացածը: Նա արդեն նախապես այդ բոլորը գիտեր: Մեզ ասաց, որ այդ հանդիպումն իսկապես կայանալու է: Տաքացած Պարույրը նրան ասաց.
- Բադալ, որ էս գործը ձախողել եք, կգամ, ձեր բոլոր պատուհանները կկոտրեմ…
Բաժանվեցինք շատ բարձր տրամադրությամբ:
Ասեմ, որ մինչ այդ հանդիպել էինք նաև Անտոն Քոչինյանի հետ: Երբ նամակներն արդեն ուղարկել էինք, մեկ այլ նամակի տեքստ էլ կար, որ հանձնում էինք անվանի մարդկանց` ստորագրելու: Նրանց մի մասը ստորագրեց, մյուսները հրաժարվեցին: Վախենում էին: Ես սովորաբար նրանց անունները չեմ տալիս, քանի որ ըստ էության լավ մարդիկ էին, պարզապես վախենում էին: Մեր այդ նամակն ուղարկելուց հետո Քոչինյանը մեզ՝ մոտ 10-12 հոգու կանչեց իր մոտ, գնացինք Սևակի հետ: Երկար զրուցում էինք…»:
1960-ականների կեսերին այն, ինչ անում և պահանջում էին Սևակն ու նրա համախոհները, խելահեղությանը հավասրազոր արարք էր: Սակայն եթե նույնիսկ նրանք գիտակցում կամ չէին գիտակցում իրենց քայլերի համարձակության աստիճանն ու ու հետևանքների լրջության չափը, այդ հանգամանքը դարձյալ արգելք չէր լինելու նպատակների այն ճանապարհին, որ նրանք էին տեսնում:
Նույն օրերի մասին թեև հպանցիկ, բայց հիշողությունների բեկորներ են պահպանվել նաև այլ աղբյուրներում: Դրանցից հատկանշական են Վարագ Առաքելյանի գրառումները` իբրև վկայություն Սևակի քաղաքացիական կեցվածքի, ստանձնած առաքելությունը մինչև վերջ հասցնելու համառ հետևողականության մասին:
«Պարույր Սևակը ստորագրությունների հավաքման ամենաեռանդուն մասնակիցներից էր,- պատմում է Վ. Առաքելյանը:- Հիշում եմ, իմ աշխատասենյակն էին գալիս մարդիկ այս կամ այն բողոք-դիմում նամակները ստորագրելու: Պարույրը ժամերով ոտքի վրա էր, չէր նստում, բացատրում էր նամակների բովանդակությունը, ստորագրողներին գրիչ էր տալիս, ընդունում էր մարդկանց ու ճանապարհ դնում: Ինչ լրջություն էր հաղորդում մեր գործունեությանը, ինչքան էր նվիրված ժողովրդի գործին, որքան էր գաղափարապաշտ ու հավատավոր: Նա հատուկ առաքելությամբ Սարգիս Մուրադյանի հետ մեկնեց Ղարաբաղ, այնտեղի հայ բնակչությանը կազմակերպելու համար: Նա Մոսկվայում հանդիպումներ ունեցավ դիվանագետ Համո Հարությունյանի հետ, որը մեզնից պահանջում էր անդադրում բողոք-դիմումներ գրել առանց հուսահատվելու, առանց լքվելու, և մենք գրում էինք, և Պարույրը մեզ հետ էր միշտ, առաջին շարքերում:
Պարույրը ոչ մի անգամ չգանգատվեց, չդժգոհեց, թե ինչու՞ ենք իրեն էս տեսակ գործերի խառնում, չէ՞ որ ինքը բանաստեղծ է, և մենք ինչու՞ իրեն չեն խնայում: Ընդհակառակը՝ մի սրբազան գիշեր, և դա 1965 թ. ապրիլի 25-ն էր, մենք միասին հանդիսավոր երդում տվեցինք մեր կյանքով ու արյունով ծառայելու և պայքարելու հայության ազատության համար, անկախության համար…»:
Բագրատ Ուլուբաբյանի հրապարակումներում ևս կա մի կարճ դրվագ, որը ոչ միայն հաստատում է Սևակի ղարաբաղյան ուղևորության փաստը, այլև վկայում այն հուզականությունը, որով ուղեկցվում էր նրա ամեն մի քայլը. «…Հաջորդ օրն էլ եկան Պարույր Սևակն ու Սարգիս Մուրադյանը: Նրանց ևս ուղարկեցի Թարթառի ձոր: Թարթառի ձորում Պարույրը գինով էր և հաճարի ծառի տակից մի բուռ հող էր առել, երեսին էր քսում.
- Չմեռնենք, մինչև այն օրվան արժանանանք…»:
Իբրև հերթական արժանահավատ վկայագիր կարող է ծառայել նաև բանաստեղծ Աբրահամ Բախշունու հուշագրությունում տեղ գտած մի փոքրիկ պարբերություն, որտեղ հեղինակը գրում է. «…Պարույր Սևակի հետ մեր մտերմությունը սկսվեց այն օրվանից, երբ նա Սողոմոն Սողոմոնյանի և Սարգիս Մուրադյանի հետ միասին եղան Խանլարում՝ իմ տանը»: Այդ առթիվ գրականագետ Սեյրան Գրիգորյանն իրավացիորեն նկատել է. «…Բախշունու վկայած այցը (որ ամենայն հավանականությամբ վերաբերում է 1966-ին), կարծում ենք, Պարույր Սևակի ղարաբաղյան առաքելության մի կարևոր մասն է: Այս փաստի առկայությամբ ավելի շոշափելի են դառնում բանաստեղծի ծավալած ազգային-քաղաքական գործունեության մասին մեր պատկերացումները…»:
Այն տարիներին այս պատմությունները բերնեբերան էին անցնում` գունազարդումներով, չափազանցություններով, երբեմն էլ նաև մեղմ, բարի հումորով, որ միայն սիրուց ու հարգանքից էր ծնվում` շաղախված ընկերական անկեղծ զգացումներով: Հենց այդպիսին է պետք համարել Հրանտ Մաթևոսյանի մի պատմությունը, որ տարիներ առաջ նա զրույնցներից մեկի ժամանակ հիշել ու փոխանեցել է մտերիմներին: Ահա մի հատված դրա սղագրությունից.
«…Սևակը, Սիրավը (նկատի ունի Հայաստանի վաստակավոր նկարիչ Հենրիկ Սիրավյանին- Հ. Չ.) ու էլի մեկը, քեֆները հազար է ու մի նկարչի մեքենայով գնում են Ղարաբաղը գրավելու։ 68 կամ 70 թիվն է, որ Տեղ գյուղ են հասնում և ուր որ է Ղարաբաղը պիտի գրավեն, գինին թողնում է։ Կանգ են առնում գյուղամիջում։ Գյուղացիներից մեկը՝ Սևակին ճանաչելով, տուն է հրավիրում, ոչխար են մորթում («ոչխա՜ր ենք մորթել, ոչխա՜ր»)։ Տղերքը նորից գինի են խմում և ոգիներն էլ նորից անկոտրում է, մարտական են երգում։ Ուտում են, խմում ու երգում։ Ու մեկ էլ տանտերը տեսնում է, որ սեղանը դատարկ է։ Մորթած խոյն է հիշում՝ ցլիկի չափ, սեղանին է նայում ու գոռում է, թե՝ այ կնիկ, կարտոլ էփի, կարտոլ, սրանց հախից կարտոլը կգա, սրանք Ղարաբաղը գրավողը չեն»։
Կատակը` կատակ, սակայն իրենց ձեռնարկի ճակատագիրը, Ղարաբաղի ապագայի մասին մտահոգությունները մշտապես ուղեկցում էին Սևակին: Արագ ոգևորվելու և նույնքան էլ հեշտությամբ ծանր ապրումների մեջ ընկնելու բանաստեղծի էությունը անհնար էր դարձնում կացության տարուբերումները շրջանցելու հավանականությունը: Իսկ դրանք իրենց կնիքն էին թողնում նրա առօրյայի, խոհերի, հոգսերի ու ծրագրերի վրա: Այս հակասական տրամադրությունների, մեկը մյուսին հաջորդող հույսերի և հուսահատության ժամերի մասին հետագայում իր դիտարկումներն է թղթին հանձնել Պարույր Սևակի մտերիմներից Վարազդատ Գրիգորյանը:
«Իր որջ գիտակցական կյանքում.- գրում է Վ. Գրիգորյանը,- Պարույր Սևակը երբեք մտահան չարեց արցախյան հարցը: Վերջինս նրա համար եղավ ու մինչև վերջ էլ մնաց որպես արյունոտ մի վերք:
Մի անգամ ես նրա հյուրն էի իր երևանյան բնակարանում: Այն ժամանակներն էին, երբ Հայկոմկուսի Կենտկոմն ու հանրապետության կառավարությունը համատեղ որոշում էին կայացրել ու այն ուղարկել էին Մոսկվա՝ Արցախի հարցին դրական լուծում տալու խնդրանքով: Պարույրի տրամադրությունից կարելի էր կռահել, որ նա առանձնակի ակնկալիքներ չուներ:
- Ես համոզված եմ, – մտահոգ ասաց նա,- որ այս անգամ էլ մեզ խաբում են, և Արցախն էլի թողնելու են Ադրբեջանի կազմում: Բայց ափսոս, շատ ափսոս, մեր այդ սքանչելի երկրամասն ու նրա հերոսական ժողովուրդը: Դեռևս ցարի օրոք նրա լավագույն զավակները լայն ճանաչում են վայելել ու միշտ էլ բարձր պատվի ու պարգևների արժանացել: Եվ այդպիսիների թիվը հարյուրների է հասնում: Իսկ հիմա՝ մեր օրերում նրանց անունները կարծես թե մոռացվում են: Ու հավատացնում եմ, եթե մեր երկրում մթնոլորտն այսպես շարունակվի, ապա հեռու չէ այն պահը, երբ Արցախի շատ ու շատ նվիրական զավակների անուններ էլ մոռացության մշուշով կպատվեն:
Հետո, փոքր-ինչ ընդմիջում տալով, շարունակեց.
- Քսանական թվականների ընդգծված հակահայկական ու թուրքամետ կառավարական որոշումների պատճառով արցախահայությունը շատ անլուր տառապանքներ ու հալածանքներ կրեց: Արգելվեց անգամ դպրոցներում իր ժողովրդի պատմությունը սովորել: Չգիտեմ ով՝ ինչպես, բայց ես այս հոգեմաշ ցավերից ոչ մի վայրկյան հանգիստ չունեմ: Ինձ, օրինակ, շատ մեծ ցավ է պատճառում, որ մեր օրերում, մեր իսկ աչքի առաջ թուրքերն անամոթաբար աղավաղում են մեր պատմությունը…
Այդ այն օրերն էին, երբ, ինչպես Պարույրը նկատեց, բունիաթովները, աղաևները և էլի շատ ուրիշ վայ- գիտնականներ եռանդուն ջանքեր էին թափում հայ ժողովրդի պատմությունը կեղծելու ու աղավաղելու ասպարեզում: Իր դոկտորական թեզում Աղաևը զառանցում էր, թե փոքր ազգերը շուտ թե ուշ պետք է ձուլվեն մեծ ազգերի մեջ և աստիճանաբար վերանան պատմության թատերաբեմից, որ հայերն ու վրացիները, որպես փոքր ժողովուրդներ, պետք է ներառվեն ադրբեջանական ազգի մեջ, և այսպիսով Անդրկովկասը կվերածվի մի մեծ ու ամբողջական ադրբեջանական երկրամասի: Եվ իր համարձակ խառնվածքին հավատարիմ՝ Սևակը որոշեց հանդես գալ այդ ստոր նկրտումների դեմ ու վճռական ճակատամարտ տալ: Նա ռուսերեն լեզվով մի ծավալուն ու ջախջախիչ հոդված տպագրեց «Պատմաբանասիրական հանդեսում», որտեղ հիմնովին ապացուցեց ադրբեջանցի պատմաբանների տեսակետների սնանկությունը ու հակամարդկային էությունը…»:
Թե ինչ ավարտ ունեցավ Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու այն տարիների աննախադեպ ձեռնարկը, հանրահայտ փաստ է: Սակայն ցավալի վերջաբանը ոչ միայն չկոտրեց նրանց կամքը, ովքեր կանգնած էին այդ փորձի ակունքներում, այլև բազմապատկեց համակիրների թիվը, լրացուցիչ խթան տվեց պատմության փակ էջերին ծանոթանալու, Արցախի հարցը նոր հանգամանքների և իրավիճակների լույսի տակ քննելու համար: Իսկ Սևակը մինչև իր ողբերգական մահը եղավ ու մնաց դրա երդվյալ ջատագովը թե իր գրչով, թե իր ապրած օրերի արժանապատվությամբ:
Բայց Սևակի ու Ղարաբաղի մասին մեր պատմությունն այսքանով չի սահմանափակվում: Բանն այն է, որ կա բանաստեղծի` Արցախ կատարած մի ուղևորություն ևս, որի մասին առ այսօր քիչ բան էր հայտնի, եթե չասենք` գրեթե ոչինչ հայտնի չէր: Սևակն ինքն էլ այդ մասին չի թողել որևէ հիշատակություն կամ գրառում: Թե ինչն է եղել նման լռության պատճառը, դժվար է ասել: Սակայն, բարեբախտաբար, այդ արժանահիշատակ օրերի տպավորությունները թարմ ու անխաթար են մնացել նրանց հուշերում, ովքեր բախտ էին ունեցել այն ժամանակ ընկերակցել բանաստեղծին: Դրանց թվում էր նաև աշխարհագրության մասնագետ, Երևան քաղաքի բնակչուհի Մելանիա Հովակիմյանը: Պատահական հանդիպումը հնարավորություն ընձեռնեց ոչ միայն իմանալու մանրամասները, այլև ձայնագրելու Տիկին Մելանիայի պատմությունը: Ներկայացնում են դա աննշան կրաճառումներով ու շտկումներով.
«… 1966 թ. ապրիլի 17-ին մենք՝ պետհամալսարանի աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներս, ամբողջ կուրսով Երևանից մեկնում էինք Եղեգնաձոր, որպեսզի այնտեղից անցնենք Զանգեզուր ու Ղարաբաղ: Մենք դեռ չգիտեինք, որ պիտի ճանապարհին մտնենք Սևակենց տուն: Դասախոսներից մեզ հետ էին աշխարհագրագետ Թաթիկ Հակոբյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր Գրիգոր Ավագյանը, բարձր կուրսերից Վազգեն Ղազարյանը (նրան Սևուկ էին ասում), Մարիետա անունով մի աղջիկ և էլի մի քանի ուսանողներ: «Պազիկ» տիպի մի ավտոբուս էինք վերցրել: Երբ հասանք Չանախչի (մեր կուրսում էլ չանախչեցի մեկը կար), Ավագյանն ու Հակոբյանը, ովքեր Սևակին անձամբ ճանաչում էին, առաջարկեցին Պարույրին հյուր գնալ: Բոլորս շատ ուրախացանք: Երբ հասանք տան մուտքի մոտ, պարզվեց, որ Սևակը վատառողջ էր, պառկած էր երկրորդ հարկում՝ ձախ թևի վրա գտնվող իր աշխատասենյակում, որտեղ մի գրասեղան էր դրված ու թախտը: Երբ նա հայտնվեց աստիճանների վրա, առաջին րոպեների մեր զգացողությունը խորը հիասթափությունն էր: Սակայն տասը րոպե անց նա մեզ համար աշխարհի ամենագեղեցիկ տղամարդն էր: Սկսեց մեզ հետ զրուցել այնպես, ասես հարյուր տարվա ծանոթներ էինք: Նստեցինք առաջին հարկում, որտեղ կախված էին Անդրանիկ Զորավարի ու Սերոբի մեծադիր նկարները, սեղանին կարմիր մեխակներ էին դրված: Տանը միայն Սևակի ծնողներն էին: Այդ ընթացքում նաև քույրը եկավ, որպեսզի օգնի: Համակուրսեցիներս, որոնք 1965-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներն էին եղել, սկսեցին «Զարթիր, լաո», «Մշեցու երգը», ուրիշ հայրենասիրական երգեր երգել: Սևակն ասաց. « Սրանք էլ ինձ պես շաշ երեխեք են»: Երգեցինք, հյուրասիրվեցինք, տան աստիճանների մոտ լուսանկարվեցինք ու դուրս եկանք մայրուղի: Այնտեղ սկսեցին նվագել ու պարել: Սևակն էլ թաշկինակը հանեց ու միացավ պարողներին: Այդ ինչ հրաշալի ու զարմանալի պար էր: Այնպես էր պարում, կարծես պարի դպրոց էր հաճախել: Հովազի պես ծառս էր լինում: Այդ պահին մերոնցից ինչ-որ մեկն առաջարկեց նրան ընկերանալ մեզ: Սկզբում ասաց, որ հիվանդ է, բայց շատ արագ միտքը փոխեց, խնդրեց սպասել, մինչև ինքը կմտներ տուն` իրերը վերցնելու: Ետ եկավ՝ ձեռքին կրեմագույն մի վերարկու ու մի փոքրիկ ճամպրուկ (այդպիսի ճամպրուկներով այն ժամանակ ուսանողները բաղնիք էին գնում): Նրան ընկերակցելը մեզ համար երջանկություն էր: Տեղ զբաղեցրեց ավտոբուսի առաջամասում, այնտեղ, որտեղ սովորաբար տոմսավաճառն է նստում: Ճանապարհը երկար էր: Որպեսզի վարորդը չննջեր, մենք անվերջ կատակում էինք, Սևակն էլ մեզ հետ: Իրեն այնպես էր պահում, ասես մեզնից մեկը լիներ: Նույնիսկ երբ զվարճանալու համար հացի խմորից փոքրիկ գնդիկներ էինք շինում ու նետում, Սևակն ասում էր. «Իմ բերանը ձերնից մեծ է, այս կողմը նետեք»:
Առաջին օրը մնացինք Եղեգնաձորում: Երբ տեղավորվեցինք հյուրանոցում, Սևակն ասաց.
- Եկեք գնանք կինո:
Մտանք տեղի կինոսրահը, պատրաստվում ենք դիտումին: Ու հանկարծ ժողովուրդը ճանաչեց բանաստեղծին: Ֆիլմի ցուցադրումը հետաձգեցին: Կինոդիտումը վերածվեց հանդիպման Պարույր Սևակի հետ: Բեմի վրա սեղան դրեցին, նրան հրավիրեցին բեմ: Բայց Սևակն իր հետ նաև Թաթիկ Հակոբյանին բարձրացրեց ու նրան ներկայացրեց հավաքվածներին: Ելույթ ունեցավ: Հետո մարդիկ սկսեցին հարցել տալ: Ընդ որում, հարցնում էին ոչ միայն գրականությունից, այլև հողից, գյուղացու հոգսերից:
Հանդիպումից հետո խմբով գնացինք Գլաձոր: Լուսանկարվեցինք այնտեղ: Հիշում եմ, որ Սևակը խաչակնքում էր, մի բան, որ մեզ համար այն ժամանակ անսովոր էր:
Հաջորդ օրը ճանապարհը շարունակեցինք: Երբ հասանք Սիսիանի լեռնանցք, մեքենան խրվեց ցեխերի մեջ: Մեկ էլ այն տեսանք՝ Սևակը հանել է կոշիկներն ու ոտաբոբիկ ավտոբուսն է հրում: Խնդրեցինք՝ ընկեր Սևակ, թույլ տվեք մենք ինքներս: Չհանաձայնվեց: Մինչ կհրեին, մեր աղջիկները դուրս էին եկել մեքենայից ու նստել էին ճամփեզրի քարերին: Սևակը կատակով դիմեց նրանցից մեկին.
- Սիլվա, քարերին մի նստիր: Կսառես, հետո երեխա չես ունենա…
Ճանապարհին մի տեղ, որտեղ կանգնել էինք ծաղիկներ հավաքելու, ես մի ծաղկեփունջ բերեցի, պարզեցի նրան ու ասացի.
- Ընկեր Սևակ, հապա հոտ քաշեք, շատ լավն է:
- Մելանիա ջան,-ասաց նա,- ճիշտն ասեմ, ես համի ու հոտի զգացողություն չունեմ:
Հետո պատմեց, որ պատերազմի տարիներին գրիպի ծանր հիվանդություն է տարել, որից հետո զրկվել է այդ զգացողություններից:
Այդ օրը մնացինք Սիսիանում, ինչ-որ գիշերօթիկ դպրոցի հանրակացարանում, առաջին հարկում: Սևակին առանձին սենյակ տվեցին: Երբ նրան այցի գնացինք` ասաց.
- Էրեխեք, այսօր իմ տղայի՝ Կորյունի ծննդյան օրն է: Երեք տարեկան դարձավ:
Կոնֆետ էր գնել: Շամպայն բացեց, մեզ հյուրասիրեց: Արտասանեց: Հրաշալի պատմություն գիտեր: Եթե մեծ բանաստեղծ չլիներ, ապա հաստատ կարող էր մեծ գիտնական, պատմաբան լինել:
Որոշեցինք գնալ Սատանի կամուրջը: Միս, օղի ու գարեջուր գնեց: Երբ տեղ հասանք, տեսանք, որ այնտեղի տաք ջրերի ավազանում թուրքի կանայք էին լողանում: Պիտի սպասեինք: Սևակը խիստ վրդովվել էր: Ասաց.
- Տեսեք, մենք մեր հողի վրա ենք, բայց պիտի սպասենք, մինչև նրանք կվերջացնեն, նոր միայն մեր հերթը կգա:
Կրակ վառեցինք: Խորոված եփեցինք: Վազգենը «Անլռելիից» հատվածներ արտասանեց, հետո Սևակը կարդաց իր գործերից: Եվ այնտեղից շարժվեցինք դեպի Գորիս:
Այդ օրերին Տիգրան Պետրոսյան- Բոտվիննիկ շախմատային մրցախաղն էր: Հյուրանոցի մոտ կախված էր մեծ խաղատախտակը: Մարդիկ քննարկում էին: Սևակն էլ էր շատ հետաքրքրված: Գրախանութ գնացինք: Որտեղ մարդիկ նրան տեսնում էին, ամենուր հրավիրում էին հանդիպման, ինքնագիր էին խնդրում: Գորիսի շուկայից Քարահունջի օղի էր գնել: Բերեց, ասաց.
- Առյուծի կաթ եմ գնել:
Շշերը դասավորեց իր ճամպրուկում: Շատ չանցած մենք սկսեցինք թղթախաղով զբաղվել, և Սևակի ճամպրուկը մեզ սեղան էր ծառայում: Հանկարծ զգացինք, որ օղին հոսում է: Բացեցինք: Թափվել էր: Ճամպրուկի ներսում 96-թերթանոց մի տետր կար, որի մեջ Սևակի անտիպ բանաստեղծություններն էին: Օղին լցվել էր տետրի վրա: Մի քանի էջեր պարզապես ջնջվել էին: Մենք քարացանք: Շատ վատ էինք զգում: Սևակը նայեց, հետո ասաց.
- Ճիշտն ասաց, անգիր չեմ հիշում: Բայց դուք մի տխրեք: Ոչինչ, կվերականգնեմ:
Որոշեցինք գնալ Տեթևի վանք: Մի բեռնատար մեքենա վարձեցինք, վարորդն էր՝ հարբած: Այն ժամանակ վանք տանող ճանապարհը շատ դժվարամատչելի էր: Ճանապարհին կեսկատակ-կեսլուրջ ասում էինք. «Ընկեր Սևակ, դուք մեքենայի խորքը գնացեք, որ վթարի դեպքում Ձեզ բան չպատահի»: Ասաց. «Ես՝ հեչ: Թող աղջիկներն այն կողմը գնան: Նրանցից ամեն մեկը մեր ժողովրդին մի-մի զավակ է պարգևելու»:
Վանքում մեզ պատմում էր, թե ինչպես է կառուցվել ու ավերվել համալիրը: Տարածքից մի փոքրիկ քարի կտոր վերցրեց իր հետ` իբրև մասունք:
Ղարաբաղ մեկնեցինք Լաչինի ճանապարհով: Մի տեղ մեքենան փչացավ: Մինչ կարգի կգցեին, իր նախաձեռնությամբ բանջար հավաքեցինք, ուտելիք պատրաստեցինք:
Նախ հասանք Շուշի: Ղազանչեցոց եկեղեցի գնացինք: Դռները փակ էին: Ներսում պահեստ էր: Սևակը ծունկի իջավ: Խաչակնքեց, համբուրեց քարերը: Հետո մի փոքրիկ քար վերցրեց ու մեզ դառնալով ասաց.
- Էրեխեք ջան, հիշեք, այս քարը ես ետ եմ բերելու, դնելու եմ իր տեղը, երբ Ղարաբաղն ազատագրված կլինի…
Օրը մթնում էր: Թեթև անձրև էր գալիս: Իջանք Ստեփանակերտ: Գնացինք քաղաքի հյուրանոցը: Այնտեղ այդ օրերին լարված իրավիճակ էր: Ասացին, որ Խոջալուում մի հայ աղջկա էին սպանել:
Երեկոյան դուրս եկանք քաղաքում զբոսնելու: Սևակը փողոցում մի երեխայի կանգնեցրեց ու հարցրեց.
- Աղջիկ ջան, կարո՞ղ ես Ղարաբաղի բարբառով ինչ-որ բան արտասանել:
Երեխան սկսեց «Անբան Հուռին» պատմել: Սևակը ոգևորվեց: Գրպանում ընդամենը 8 ռուբլի կար: Մտավ խանութ, ամբողջ գումարով «Տրյուֆել» կոնֆետ գնեց ու տվեց երեխային:
Հետո մենք մնացինք հյուրանոցում, իսկ Սևակը գիշերելու գնաց Բագրատ Ուլուբաբյանի մոտ:
Առավոտյան եկավ մեզ մոտ ու որոշեցինք, որ Ղազախով պիտի ետ վերադառնանք Հայաստան: Շամխորում մեր ավտոբուսը նորից փչացավ: Այլ ելք չկար: Ստիպված պիտի մնայինք տեղի հյուրանոցում: Բայց Սևակը թույլ չտվեց: Ասաց.
- Թուրքի հյուրանոցում չենք մնա:
Գնացինք տեղի ավտոկայանը: Այնտեղ մի հայ տղա կար, վարորդ: Նստեցինք նրա մեքենան: Ամբողջ գիշեր Սևակը խոսում, զանազան պատմություններ էր պատմում մեզ համար: Չափազանց հոգատար էր: Թեև ինքն էր վատառողջ, բայց իր վերարկուն գցեց քնած աղջիկների վրա:
Հաջորդ օրը Իջևանով գնացինք Երևան: Ապրիլի 23-ի երեկոյան տեղ հասանք: Հաջորդ օր Եղեռնի զոհերի հիշատակի օրն էր: Կասյան փողոցի իր տան բակում մեզ հրաժեշտ տվեց՝ պայմանավորվելով հաջորդ օրը հանդիպել: Ասեմ, որ մեր ուղևորության ընթացքում նա երեք բանաստեղծություն էր գրել, որոնցից երկուսը՝ «Հեյ-հեյ»-ը և «Սատանի կամուրջ»-ը մեր կուրսին էր նվիրված: Թե ի՞նչ եղան դրանք, ինչու՞ չտպագրվեցին` չգիտեմ…»:
Սա էր Մելանիա Հովակիմյանի պատմությունը Սևակի հետ Ղարաբաղ կատարած ուղևորության մասին: Վստահաբար կարող ենք պնդել, որ հետագայում նորանոր դրվագներ կգան հարստացնելու և ամբողջացնելու ոչ միայն մեծ բանաստեղծի կյանքի ժամանակագրությունը, այլև լրացնելու Արցախ աշխարհի հանդեպ նրա առանձնահատուկ սիրո և նվիրվածության էջերը: Եվ գուցե նաև մի օր գտնվեն այն չափածո տողերը, որոնք գրվեցին Սևակի ձեռամբ այն հեռավոր օրերին:


ՀՈՎԻԿ ՉԱՐԽՉՅԱՆ
http://hovikcharkhchyan.wordpress.com/2011/05/26/պարույր-սեվակը-եվ-ղարաբաղը/

воскресенье, 19 января 2014 г.

Զգույշ եղեք, «վարդանհակոբյանիզմ» է


Անկեղծ ասած, չեմ հասկանում, թե «Ազգ» թերթն ինչու է կրկին անդրադարձել բառացիորեն նույն զրպարտությանը, երբ այն տարիներ առաջ արժանի պատասխան ու հակահարված էր ստացել թե՛ արցախյան, թե՛ երևանյան մամուլում (Պամֆլետ, որ «փոթորիկ» է առաջ բերել ԼՂՀ ԳՄ «նախագահությունում» («Տարեգիր», Երեւան, 06.03.2008), «Մարտադաշտ»՝ բացված պատերազմից հետո («Տարեգիր», «Նոր էջ», 06.03.2009), «Մեդալի» հակառակ կողմը կամ՝ ԼՂՀ ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը՝ փակագծերից դուրս («Տարեգիր», փետրվար, 2009 թ.), Նորից սուտ ու կեղծիք և նորից՝ համեմված ինքնաթմբկահարմամբ («Նոր էջ», 23.03.2009)։ Պատասխան հոդվածներ են տպվել նաև «Ազգ»-ում (Երբ ցինիզմը, իրոք, սահմաններ չի ճանաչում («Ազգ», 06-12-2008), Դարձյալ Վազգեն Օվյանի և մի «համախոսականի» մասին («Ազգ», 10-05-2009)), «Հրապարակ» թերթում և «Հետք»-ում։

Վաղուց էի ուզում Վարդան Հակոբյանի գրական շանտաժին հոդվածով պատասխանել։ Պատճառն այն չէ, որ ես ավելի քաջածանոթ եմ Վազգեն Օվյանի գրական ժառանգությանը, Հակոբյանից մի քանի անգամ ավելի հայ, ռուս ու համաշխարհային գրականություն գիտեմ՝ նաև բնագրերով, այլ այն, որ երբ կենդանի էր Վազգեն Օվյանն ու մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի հետ Արցախում ժողովրդականություն վայելող գրողն էր, ժողովրդի կողմից սիրված ու հարգված, ես ոչինչ չեմ լսել Հակոբյան Վարդանի մասին։ Ու հիմա սա, Օվյանի մահից հետո ժամանակ առ ժամանակ զրպարտություններ է տպում մի գրողի, սիրված ու հարգված մտավորականի մասին, որի ժողովրդականության մեկ տոկոսը չունի։

Ամեն անգամ, երբ լույս է տեսնում Վազգեն Օվյանի հերթական ժողովածուն, Վարդան Հակոբյանը «գրական» շանտաժ է սկսում նրա անվան, գրական ժառանգության դեմ։ Այդպես եղավ 2002 թ.՝ գրողի 70-ամյակի կապակցությամբ «Լեռների լեգենդը» գրքի տպագրությունից հետո, այդպես էր նաև Վազգեն Օվյանի 75-ամյակի ժամանակ։ Բոլոր այդ արշավներում զրպարտիչը պարտվել է, որովհետև նրա զրպարտագրերին ու հերյուրանքներին ի պատասխան տպագրվել են փաստերով հիմնավորված հոդվածներ, ներառյալ՝ վերջինիս մարդկային ու բարոյական նկարագրի մասին։

Վազգեն Օվյանի 80-ամյակի կապակցությամբ վերջերս Ստեփանակերտում պետական հովանավորությամբ լույս է տեսել նրա երկհատորյակը։ Եվ ԼՂՀ ԳՄ ղեկավարը, որ արդեն 30 տարի սեփականաշնորհած պահում է իր աթոռը, դարձյալ գործի է անցել։ Նախկին զրպարտագրերից գիտենք, որ սովորաբար նա թաքնվում է ուրիշների ստորագրության հետևում։ Այս անգամ խախտել է «դարավոր» ավանդույթը. Հակոբյանն իր զրպարտությունները հրապարակել է սեփական ստորագրությամբ։ Կարելի է գուշակել, որ ոչ ոք այլևս չի ուզում մասնակցել վարդանհակոբյանական անփառունակ ու այլանդակ արշավին։

Նախորդ «հոդվածներից» ծանոթ լինելով Հակոբյանի բարոյական, մարդկային որակներին, կարծում եմ, որ հերթական շանտաժը սկսելու «հիմնավոր» պատճառներ ունի. վերջին ժամանակները նրա մասին տպագրվել են հոդվածներ, որոնց վերնագրերը նույնիսկ շատ խոսուն են՝ «Գրական միջակությունները սողոսկել են Վիքիպեդիա», «1915-ին վախճանված մարդը հանդիպել է Պարույր Սևակի հետ», «Բոլոր «վկաները» մահացած են, բացի մեկից»։ Դրանցից առաջինն այն մասին է, թե ինչպես Վարդան Հակոբյանը գողացել-պատճենել է «Վիքիպեդիայում» տեղադրված, Հայոց Մեծ եղեռնի նահատակ Վարդան Հակոբյան-Հեսու վարդապետի էջը, բայց մոռացել է սրբապղծության հետքերը «մաքրել»։ Ստացվել է, որ բանաստեղծ Վարդան Հակոբյանը ծնվել է 1948 թ. Արփագյադուկ գյուղում, վախճանվել 1915 թ.՝ «Մուշից ոչ հեռու»... Մյուս երկուսն այն մասին են, թե ինչպես է կեղծ ու սուտ «հուշեր» հորինել իր և Պարույր Սևակի հանդիպման վերաբերյալ, որտեղ Սևակը Բաքվի մանկավարժականի մեթոդիկայի բաժնի 2-րդ կուրսի ուսանող Սլավիկ-Վարդան Հակոբյանին իբր ասել է՝ «Աստված ձեզ ուղարկեց»...

Հերթական գրական շանտաժի համար ուրիշ «հիմնավոր» պատճառներ էլ կան։ Այդ մարդն ամեն ինչ ունի՝ հաստատ Հայաստանի ու Արցախի ամենահարուստ գրողներից է, Ստեփանակերտում մի քանի հարկանի ապարանք ունի, մասնավոր համալսարան ունի, արտասահմանյան շիք ավտոմեքենա ունի, պետական պատվերով տռուզ ու ճոխ հատորներ է տպում, մրցանակներից-բանից բավականին ճանկել է, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ է նույնիսկ, հայ ընթերցողի կարոտից դարակներին հալումաշ լինող ու փոշի հավաքող իր գրքերը Երևանում թարգմանել է տվել տարբեր լեզուներով (թե ո՞ւմ համար և ինչո՞ւ, դա այլ հարց է. կարևորը երևույթն է), բայց արի ու տես, որ այդ աներես փառքը երես է թեքել նրանից։ Նրա տեքստով Արցախի հիմնը ոչ ոք չգիտե, բացի երեխաներից, որոնց դպրոցներում պարտադրում են անգիր սովորել ժողովրդի սրտից չբխող թույլ ոտանավորը։ Ընթերցողն էլ ասես նրա ջգրու չի սիրում, չի հարգում, չի կարդում այդ բանաստեղծին։ Մի «հիմնավոր» ցավ էլ կա.

Երբ փոքրիկ էի՝ ուզում էի ձի ունենալ,
երբ փոքրիկ չէի՝ ուզում էի ձի ունենալ,
երբ արդեն մեծ եմ՝ կուզեի ձի ունենալ…

Նրա տողերն են։ Զգո՞ւմ եք ողբերգության չափը։ Մարդը մանկությունից երազել է ձի ունենալ, արդեն ծերացել է, փող ու շիք ավտոմեքենա ունի, բայց մանկության երազանքը մնացել է թղթի վրա՝ չկարողացավ ձի ունենալ։ Միայն թե չասեք, թե Արցախյան շարժումից հետո կուտակած հարստությամբ չի կարող ոչ միայն մեկ, այլ առնվազն հարյուր մեկ ձի և հսկա մի ձիաբուծարան ունենալ...

Վերջապես ամենամեծ ցավը. արդեն 20 տարի նրան հանգիստ չի տալիս Վազգեն Օվյանի պամֆլետը, որի բնաբանը Հակոբյանի մի բանաստեղծության «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» տողն է.

Ես անկեղծորեն հավատում եմ քեզ,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես,
Եվ բանաստեղծի սիրտ չունես մաքուր,
Դու հոնորար ես բառերից սարքում:

Քոնը կեղծելն ու շողոքորթելն է,
Քոնը քծնությամբ պաշտոն շորթելն է,
Քոնը իրար դեմ մարդկանց լարելն է,
Քոնը ամբիոնից ստից ճառելն է:

Քոնը սակարկել, դռներ բախելն է,
Քոնը, ընչաքաղց, առնել-ծախելն է,
Քոնը շանտաժն ու վայրահաչելն է,
Քեզնից ուժեղի ոտքը պաչելն է:

Մատնելն է քոնը, քոնը փքվելն է,
Քոնը սրբության վրա թքելն է:
Դու երկու տիրոջ ոտք լիզող շուն ես,
Դու Ղարաբաղի մասին երգ չունես:

Մամուլում այս բանաստեղծությունը սխալմամբ պարոդիա են անվանում։ Իմ կարծիքով, սա պամֆլետ է, որտեղ խտացված է մարդու մի տեսակի կերպար, բնավորություն, ապրելակերպ...

Մոտավորապես այդպիսի տողեր ենք գտնում իմ համադասարանցու հոր՝ մշակույթի վաստակաշատ գործիչ, արցախագետ Շահեն Մկրտչյանի Վարդան Հակոբյանին ուղղված նամակում. «Դու ասպարեզ ես ելել մի հզոր բարերարի՝ Կևորկովի հովանավորությամբ: Մի հանգամանք, որը չէր կարող չազդել քո եսակենտրոն մտածողության վրա: Վաղուց նկատվել էր, որ դու քո գործունեության ընթացքում դրսևորում ես ընդգծված սուբյեկտիվ մոտեցումներ: Հավանաբար դու չես զգում, որ արդեն կտրվել ես լայն շրջապատից և պարզապես անհնար է դարձել թոթափելու գավառականության քեզ համար շատ նեղվածք գիրկը: Նաև դա է պատճառը, որ Վարդան բանաստեղծը չի գրավում իր հաստատուն տեղը ազգային գրականության մեջ, թեև շատ հեշտությամբ մեկը մյուսի հետևից գրքեր է ասպարեզ հանում:

Էլ չենք խոսում տեղի-անտեղի փառաբանող մենագրության, գրախոսականների մասին։ Իբրև համագյուղացի, մի քիչ էլ բարեկամ, խորհուրդ կտայի, որ մանր-մունր քինախնդիր բաները մի կողմ թողնես և զբաղվես ավելի լուրջ գործերով: Վերջակետ դնես «քողարկված» ստորացուցիչ մուրացկանությանը, կարևոր հարցերը սեփական ստամոքսի պրիզմայով լուծելու գեշ սովորությանը և քեզ վստահված բնագավառում միշտ առաջնորդվես ազգային պետականության շահերով: Երեկ քեզ դիտողություն անողներին լռեցնում էիր Կևորկովի հետ ունեցած քո ջերմ հարաբերություններով, իսկ այսօր, դրության տեր պաշտոնյաների անունները շահարկելով, փորձում ես նույնը կատարելու»:

Ի դեպ, երբ Վազգեն Օվյանի «Այս Ղարաբաղն է» ժողովածուն, որ 2002 թ. ես եմ հովանավորել ու տպագրել Ռուսաստանում, նվիրել էի Շ. Մկրտչյանին, օրեր հետո նա ասել է, որ երբեք չի իմացել, թե Օվյանն այդքան հրաշալի գործեր է ստեղծել...

Ուրիշների կողմից փայլուն կերտած իր դիմանկարի համար սար ու ձոր ընկնելուց առաջ Հակոբյանը թող հիշի, թե տարիներ առաջ իր ավագ գրչակից, ճանաչված մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի հետ գժտվելուց հետո ինչպիսի ստոր տողեր է տպագրել նրա դեմ («Սովետական Ղարաբաղ», 30 նոյեմբերի 1986 թ.)՝ «Գամփռը» վերնագրով.

Հենց որ կեր են մեջտեղ հանում,
Վրա տալիս, «համփ» է անում,
Մինչ մոտենան ուրիշները,
Սրա-նրա բաժինն առնում։
Ինչքան էլ տան, էլի կուզի,
Աչքը երբեք չի կշտանում,
Ձվից անգամ մազ կխուզի,
Որ լակ լինի լակամանում։
 Այստեղից էլ՝ «խասյաթը» շան,
Որ մնում է միշտ նրանում.
Իր բաժինն էլ թե իրեն տան,
Էլի մի կենտ «համփ» է անում։
 «Համփն» էլ ոչինչ, շուն է, էլի,
Դրա մասին չենք մտածում.
Ցավն ուրիշ է, կեր վերցնելիս
Ձեռքդ էլ է հաճախ կծում։

Երևի մեկնաբանելու կարիք չկա, թե սա ավելի շատ ում է բնութագրում։ Այսօր դա ավելի ցայտուն երևում է։ Բայց «վերադառնանք մեր ոչխարներին»։

«Ազգ» թերթում տպագրված Հակոբյանի, այսպես ասած, հոդվածում նոր ոչինչ չգտանք։ Դրանք նույնությամբ մեջբերված են նրա նախկին զրպարտագրերից, որոնք մինչ այդ տպագրել էր ուրիշների ստորագրությամբ։ Այս տեքստով նա փաստորեն բացեց խաղաքարտերը, հանեց դիմակը՝ ցույց տալով, որ նախորդ հերյուրանքները դուրս են եկել նույն գրչի, ի՛ր գրչի տակից։ Այդ բոլորը ժամանակին քննադատվել, հերքվել է ու անիմաստ եմ համարում դրանց անդրադառնալը։ Բայց Հակոբյանը երևի հաստատ լսել է, որ սուտը բազմիցս կրկնելուց, կարող է ընկալվել որպես ճշմարտություն։ Ու իր հին դարմանը կրկին ասպարեզ է հանել... Ինչպես իր նախորդ զրպարտագրերում, այստեղ ևս Հակոբյանը գրում է, որ Օվյանը «ծաղրուծանակի է ենթարկել զորավար Անդրանիկին»։ Ուզում եմ նրան պատասխանել Վարդգես Օվյանի նախկին պատասխան հոդվածից այս մեջբերմամբ. «Ստի հերն անիծած, թե Վազգեն Օվյանի ստեղծագործություններում Անդրանիկի մասին նման տող կա...»։ Ինչո՞ւ չես նշում տեղը, որ կարդանք ու մենք էլ իմանանք։ Կամ որքա՞ն է բարոյական գրքի մի հատվածից, որտեղ երկու հերոս վիճում են իրար հետ, նրանցից մեկը անպատվում է Դրոյին ու Նժդեհին, իսկ մյուսը նրանց անվանում է «ազգային փառապանծ հերոսներ», «ազգի համար կյանք տվող» և այլն (Վ. Օվյան, «Խանքենդի», Բաքու, 1973 թ., էջ 41-42), հերոսներից առաջինի խոսքը դիտավորյալ ու ստորաբար ներկայացնել որպես Օվյանի խոսք։

Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ Հակոբյանը որոշ նոր «շտրիխներ» է ավելացրել իր զրպարտագրին։ Գրում է, որ իբր Օվյանը «1980-ական թվականների երկրորդ կեսին, երբ Արցախում վերստին արթնանում էր Հայաստանի հետ վերամիավորման համաժողովրդական շարժումը, ԼՂ ԳՄ ներկայացրեց իր «ընտրանին», որտեղ ներառված էին նաև «Խանքենդի» վիպակը...» և այլն։

Այս հոդվածը գրելուց առաջ ես մի ամբողջ օր զրուցել եմ Վարդգես Օվյանի հետ, անձամբ ծանոթացել բազմաթիվ փաստաթղթերի ու մանրամասների։ 1985 թ. փետրվարից անկողնուն գամված գրողը չէր կարող «1980-ական թվականների երկրորդ կեսին ԼՂ ԳՄ ներկայացնել» իր գիրքը, որովհետև իր գիրքը մինչ հիվանդանալն ուղարկել էր Երևան։ Ինչ վերաբերում է Հակոբյանի հայտնած Արցախի՝ «Հայաստանի հետ վերամիավորման համաժողովրդական շարժմանը», դա սկսվել է Վազգեն Օվյանի մահից մի տարի հետո։ Պետք չէր բազում կեղծիքին ավելացնել ևս մի ճչացող սուտ։

«Հայրս պատրաստել էր վիպակի միանգամայն նոր, ավելի սեղմ տարբերակ՝ «Լեռնակերտ» անվամբ և ուղարկել Երևան՝ իր այլ գործերի հետ միասին,- զրույցի ժամանակ ասաց Վազգեն Օվյանի գրող, հրապարակախոս որդին՝ Վարդգեսը։- Ձեռագրերը շատ տարիներ հետո իմ ընկեր, ԼՂՀ մշակույթի և կրթության նախկին նախարար Կամո Աթայանի աջակցությամբ մի կերպ գտնվել են երևանյան հրատարակչության արխիվում (ծանր հիվանդ հայրս հնարավորություն չուներ իր գրքի ճակատագրով զբաղվելու)։ Դրանք Կ. Աթայանը Ստեփանակերտ էր ուղարկել ԼՂՀ նախկին ԳԽ նախագահ Գեորգի Պետրոսյանի միջոցով։ Այդպես էլ լույս չտեսած այդ գրքի համար գրախոսություն էր գրել Վահագն Մուղնեցյանը։ Այն հիմա մեզ մոտ է, հորս արխիվում՝ Մուղնեցյանի ստորագրությամբ։ Այնտեղ վերջինս խոսում է նաև «Լեռնակերտ», ոչ թե «Խանքենդի» վիպակի մասին։ Երևանից բերված այդ գործերը ես զետեղել եմ հորս 70-ամյակի կապակցությամբ լույս տեսած գրքում»։

Արդեն մի քանի անգամ գրվել է, որ Վազգեն Օվյանի վիպակը 1971 և 1975 թվականներին «Գրական Ադրբեջան» ասագրում տպագրվել էր «Խանքենդուց մինչև Ստեփանակերտ» վերնագրով։ Դժվար չէ հասկանալ, որ 1973 թ. առանձին գրքով լույս տեսած վիպակը Օվյանը չէր անվանել «Խանքենդի», այլ խմբագիրը։ Հակառակ դեպքում Վազգեն Օվյանը 1975 թ. տպագրված մասը չէր թողնի «Խանքենդուց մինչև Ստեփանակերտ» վերնագրով։

«Հորս մահից հետո ես էի Արցախի ԳՄ ներկայացրել նրա ձեռագիրը, բայց ոչ թե Հակոբյանի հնարած ժողովածուն, այլ «Կուսապատի արծիվը» վեպը։ Թե ինչու «Կուսապատի արծիվը» հետո «մամուլում տպագրվում է «Ղարաբաղի արծիվը», իսկ արդեն ժողովածուում՝ «Արցախի արծիվը» վերնագրով», այդ հարցի հիմնավորված պատասխանը մեծ զրպարտիչը կարող է ստանալ պարբերականի և ժողովածուի խմբագրից»,- ասաց Վարդգես Օվյանը:

Ոչ մեկի համար արդեն գաղտնիք չէ, որ Հակոբյանի թույն ու մաղձի հիմնական պատճառը Օվյանի պամֆլետն է։ Այս դիմանկարի համար Հակոբյանը թող իրեն մեղադրի։ Իսկական գրողը պատկերում է այն, ինչ տեսնում է։ Այդ պամֆլետը Օվյանի որդին է տպագրել հոր այլ գործերի հետ։ Հակոբյանը անձնական կռիվ ունի, թող Վարդգես Օվյանի հետ անի։ Ինչո՞ւ է այլանդակ զրպարտություններ հնարում նրա հոր դեմ, ով հիմա չի կարող իրեն պատասխանել։ Հակառակ կողմն էլ նույն ոգով կարող է հայտարարել, որ Հակոբյանի հայրը հայտնի դանոսչիկ է եղել, և երբ համագյուղացիները գլխի են ընկել դա, ընտանիքով փախել է Ստեփանակերտ։

Այսօր, երբ Արցախի ու հայ ժողովրդի գլխին նորից սև ամպեր են կուտակվում, 30 տարի խարունակ ինտրիգներով ԳՄ հասարակական կազմակերպության ղեկավարի աթոռը զբաղեցնող մարդը կրկին փորձում է անձնական խնդիրներ լուծել, ինչպես Արցախյան շարժման նախօրերին իր ստորադրյալի ստորագրությամբ զրպարտչական նամակ էր ուղարկում Ադրբեջանի ԳՄ՝ ուղղված գրչակից Գուրգեն Գաբրիելյանի դեմ։ Վարդան Հակոբյանի մեթոդն է՝ ուրիշների ստորագրությամբ «նյութեր» գրել, հետո դրանք վկայակոչելով՝  հարձակման անցնել։ «Վարդանհակոբյանիզմը» մի ուրիշ առանձնահատկություն էլ ունի. սիրում է «մեջբերումներ» անել մահացած մարդկանց խոսքերից, հիմնականում այն մարդկանց, ովքեր նման արտահայտություններ են արել հենց իր հասցեին։

Հոդվածս ուզում եմ ավարտել Վարդգես Օվյանի խոսքով. «Դրա զառանցանքներից ես ոչ զարմանում եմ, ոչ զայրանում։ Ուրիշ ի՞նչ կարող ես ակնկալել մեկից, ով նայում է աչքերիդ մեջ, երդվում և անամոթաբար ստում։ Եթե նոր զրպարտչական արշավ սկսելով հույսը դրել է նրա վրա, որ «Նոր էջ» թերթի տպագիր տարբերակը չի գործում, ապա հիշեցնեմ, որ թերթի տպագրությունը ժամանակավոր է դադարեցված (կայքն ու բլոգը կայուն գործում են), ու ցանկացած պահի կարող եմ այն վերսկսել և նոր փաստերով ցույց տալ, թե ինչ ասել է «վարդանհակոբյան» երևույթ»։

Իմ կողմից հայտնեմ՝ եթե զրպարտիչը կրկին փորձի խեղաթյուրել, կեղծել իրականությունը, ստիպված եմ լինելու մամուլում բացահայտել նրա «ազգանվեր» գործունեությունը 1988-94 թվականներին, նաև նոր հերոսությունները։

ՎԱՀՐԱՄ ՕՀԱՆՋԱՆՅԱՆ
facebook.com/vahram.ohanjanyan