Մինչ կարևոր
որոշումներ ընդունելը,
որոշումներ ընդունելը,
խորհրդակցեք
մասնագետների հետ
մասնագետների հետ
ՀՀ նախագահ պրն Ս.Ա. Սարգսյանին
ՀՀ ԱԺ նախագահ պրն
Ա.Ս. Բաբլոյանին
Վարչապետ պրն Կ.Վ. Կարապետյանին
Գիտության Պետական Կոմիտեի նախագահ Ս.Գ.
Հարությունյանին
ՀՀ ԳԱԱ նախագահ Ռ.Մ. Մարտիրոսյանին
Վերջերս, ի զարմանս իրենց, ՖՀԻ-ի գիտնականները հայտնաբերեցին, որ գիտական նախագծերի մրցույթում (օրինակ` ՌԴ գիտնականների հետ համատեղ) խմբի ղեկավարի համար, ով պատրաստվում է մասնակցել մրցույթին, մտցվել է տարիքային «70 տարեկան» սահմանափակում: ՌԴ կողմից այդպիսի, մեղմ ասած, տարօրինակ տարիքային սահմանափակումներ չկան: Թվում էր, որ մեր պետական բարձրաստիճան պաշտոնյաներին առնվազն այդ փաստը մտածելու տեղիք կտա, սակայն ավաղ ոչ։
Ամբողջ քաղաքակիրթ աշխարհում ֆինանսավորման հայտ ներկայացված նախագծերը գնահատելիս հաշվի է առնվում դրա գիտական կողմը, ինչպես նաև նախագծի ղեկավարի գիտական մակարդակը: Արդեն բավականին ժամանակ է, ինչ մշակվել են գիտական գործունեության գնահատման չափանիշներ` 1) հրատարակված գիտական աշխատանքների քանակը` հաշվի առնելով տվյալ ամսագրի ազդեցության գործակիցը, քանզի որքան մեծ է ազդեցության գործակիցը, այնքան ավելի խիստ գրաքննություն է անցնում տվյալ աշխատանքը, 2) գիտական գործունեության կարևոր չափանիշ է հանդիսանում հրատարակված աշխատանքների վրա ուրիշ հեղինակներից կողմից արված հղումների քանակը: Այդ չափանիշների հիման վրա գիտնականը ստանում է h-ցուցիչ (h-index): Համացանցում կան կայքեր (օրինակ` https://scholar.google.com), որտեղ գիտնականը կարող է իմանալ իր h-ցուցիչը: Այսպիսով, նախագծի ղեկավարը փորձագետների կողմից գնահատվում է ըստ վերը նշված չափանիշների: Ընդ որում, արևմտյան փորձագետներն ընդհանրապես ուշադրություն չեն դարձնում նախագծի ղեկավարի ո՛չ տարիքին, ո՛չ հասակին և ո՛չ էլ նրա կշռին:
Այնպիսի երկրներ, ինչպիսիք են` Քուվեյթը, Արաբական Էմիրությունները, Սինգապուրը և այլն, հրավիրում են մեր գործընկերներին, որոնցից շատերի տարիքը 70-ն անց է, որպեսզի ուսուցանեն տեղի երիտասարդներին` նպատակ ունենալով զարգացնել իրենց երկրի հիմնարար գիտությունը։ Ավելին, նրանց վճարվում է ամսական 6-8 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ, ընդ որում՝ հրավիրելիս չափանիշները զուտ գիտական են:
Հայաստանի գիտնականների ավագ սերունդը, որոնցից շատերն ունեն խորը գիտելիքներ, կուտակած մեծ փորձ և բարձր գիտական ինտուիցիա, իրենց գիտելիքները փոխանցում են երիտասարդներին` պատրաստելով գիտական փոխարինողներ և շարունակում են ակտիվորեն աշխատել նույնիսկ այսպիսի չնչին աշխատավարձով՝ կազմավորելով «Հայստանի Գիտության Ոսկե Ֆոնդը»: «Ոսկե Ֆոնդի» վառ ներկայացուցիչ է հանդիսանում մեր գործընկերը՝ գիտությունների դոկտոր Է. Շառոյանը, ով, լինելով 85 տարեկան, ակտիվորեն մասնակցում է ինստիտուտի սեմինարներին՝ հանդես գալով գերազանց գիտական զեկույցներով: Ներկա ավագ սերունդը գիտության նկատմամբ իր վերաբերմունքով հանդիսանում է հրաշալի օրինակ երիտասարդ գիտնականների համար, որոնցից շատերը սկսում են հասկանալ, որ գումարը չէ, որ ամենակարևորն է այս կյանքում:
Այն թեզը, որ ավագ սերնդի գիտնականներին սահմանափակելը կամ զրկելը երիտասարդ գիտնականների առջև կբացի դռներ, խորը մոլորություն է: Պարզ օրինակ` գիտական նախագծերի մրցույթին մասնակցող խմբի ղեկավարը վերջին հինգ տարվա ընթացքում պետք է ունենա հրատարակված առնվազն հինգ աշխատանք: Դա շատ անաչառ պայման է, ինչը վկայում է այն մասին, որ խմբի ղեկավարը ներկա ժամանակում ակտիվորեն աշխատում է: Եթե խմբի ղեկավարի տարիքը 70֊ն անց է, և նա չի կարող մրցույթին մասնակցել, ապա այդ խմբի մնացած երիտասարդ մասնակիցները (ներառյալ ասպիրանտները և ուսանողները), չունենալով վերջին հինգ տարվա ընթացքում հրատարակված հինգ աշխատանք, դուրս են մնում այդ մրցույթից: Ահա, թե ինչ ճանապարհ է «բացվում» երիտասարդների համար։ Նման օրինակ է հանդիսանում հայտնի գիտնական, դոկտոր Ա.Գ. Պետրոսյանի (h-ցուցիչը մոտ 25 է) իրավիճակը, ով հայտնվել է տարիքային սահմանափակման տակ, ընդ որում՝ տուժում են նաև իր խմբի երիտասարդ գիտնականները:
Կրկին նշենք, որ լավ հասկանալով գիտության մեջ տիրող իրավիճակը, ՌԴ պաշտոնյաները արհեստական տարիքային սահմանափակումներ չեն մտցնում։ Համեմատությունը բերում ենք ռուսական գիտության հետ, քանի որ այն ավանդաբար մեզ ամենամոտն է: Պետական պաշտոնյաների կողմից որոշված տարիքային «70 տարի» ներմուծված սահմանափակումը հանդիսանում է բացարձակապես չմտածված քայլ և մեծ վնաս է հասցնում հայկական գիտությանը։ Այդ սահմանափակումն անհապաղ պետք է հանել, քանի դեռ այն չի հանգեցրել անուղղելի հետևանքների:
Ակնհայտ է, որ մտավոր ունակությունները կրում են խիստ անհատական բնույթ: Այդ իսկ պատճառով ՌԴ կառավարությունը դեռևս տարիներ առաջ ճիշտ որոշում կայացրեց և վերացրեց հետազոտական ինստիտուտների տնօրենների տարիքային սահմանափակումները: Ժամանակն է, որ մեր կառավարությունը նույնպես վերացնի այդպիսի տարիքային սահմանափակումները (65 տարեկան), իսկ որոշումը կայացնի՝ ելնելով տվյալ անձից: Հիանալի գիտնական և հրաշալի կազմակերպիչ, գիտությունների դոկտոր Ա. Հախումյանը տարիքային սահմանափակման պատճառով դուրս եկավ Հայաստանի ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի Ինստիտուտի տնօրենի պաշտոնից, դրանից տուժում է այդ ինստիտուտը:
Վստահ ենք և համոզված, որ արհեստական տարիքային սահմանափակումների տակ չպետք է ընկնեն ակտիվ աշխատող գիտաշխատողները և լաբորատորիաների վարիչները, ովքեր ունեն բարձր h-ցուցիչ:
Հայաստանի Հանրապետության ԳԱԱ
ՖՀԻ գիտաշխատողների հանձնարարությամբ,
Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր Դավիթ Սարգսյան
22.06.2017թ.
Комментариев нет:
Отправить комментарий