понедельник, 25 января 2016 г.

«Դաշնակցությանն այսուհետ որպես քաղաքական ուժ չեմ ընդունում»


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ՀՅԴ կուսակցության անդամությունը դարդարեցրած Ադելա Աբրահամյանը:

– Ինչպե՞ս եք գնահատում, որ Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի՝ կոալիցիա  կազմելու առաջարկն ընդունել է: Անակնա՞լ էր:

– Ո՛չ, ինձ համար անակնկալ չէր, քանի որ 2000թ. ես մտել էի Դաշնակցության շարքերը՝ համամիտ լինելով նրա գաղափարախոսությանը և կանոնադրությանը: 2003-ին ինձ բախտ է վիճակվել լինել Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի գործավար, և հինգ տարի աշխատելուց հետո արդեն հասկանալի դարձավ, թե ընդհանրապես ինչ է կատարվում Դաշնակցության շարքերում: Ավելի վաղ էի հասկացել դա, ուղղակի ինքս ինձ փորձում էի համոզել, որ ես ճիշտ չեմ, բայց հետո այդ ամենն այնքան բացահայտ եղավ, որ կասկածի տեղ չմնաց: Ըստ ՀՅԴ կանոնադրության՝ Դաշնակցության գլխավոր մարմինները՝ կենտրոնական կոմիտեները, գերագույն մարմինները, բյուրոն, որոշումները կայացնում են խմբերից, շարքերից տրված առաջարկների հիման վրա, բայց ես նկատեցի, որ այս կանոնադրությունն ընդհանրապես չի գործում: Խմբերից, շարքերից եկող առաջարկները մնում են թղթի վրա, իսկ կոմիտեի նիստերում արծարծվող, արդեն որոշում դարձած արձանագրությունները փոխվում էին կոմիտեի ներկայացուցչի կողմից, որը, ի դեպ, Հրանտ Մարգարյանի սանիկն է: Իսկ մենք՝ արցախցիներս և հայաստանաբնակ հայերս, հատուկ հարգանք ունենք սփյուռքահայերի հանդեպ, օրինակ՝ իմ մտքով երբեք չէր անցնի, որ նա, որ Պարսկաստանից գործուղվել է այստեղ, աշխատում է, նվիրված է ազգային գաղափարախոսությանը, կարող է իրեն թույլ տալ գործավարի ներկայությամբ արձանագրություն փոխել: Հիասթափությունս ավելի մեծ եղավ, երբ այս ամենի մասին տեղեկացրի կենտրոնական կոմիտե, կոմիտեի կապ ապահովող, գործող պատգամավոր Արմեն Սարգսյանին՝ հայտնելով, որ արձանագրությունները կեղծվում են, և զարմանքս ավելի մեծացավ, երբ իմ կողմից այն ժամանակ հարգված և դաշնակցականի կերպարը մարմնավորող Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքը չի խառնվում այդ գործերին: Ես արդեն տեսա, որ այնտեղ այն չէ:

Հետո անընդհատ շարքերից ուրիշ առաջարկություն էր գալիս: Երբ նախագահական ընտրություններ էին, մենք ունեինք Դաշնակցության թեկնածու՝ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Եվ, ի զարմանս բոլորիս, շարքային դաշնակցականների, Հրանտ Մարգարյանը եկավ Ղարաբաղ, հանդիպեց Բակո Սահակյանին, և կենտրոնական կոմիտեն արդեն իր որոշումը հայտնեց, որ սատարելու է գործող նախագահ Բակո Սահակյանին, այլ ոչ թե իր իսկ պատգամավորին:

Եթե մարդն իրեն հարգում է, այդքանից հետո դժվար թե կարողանար մնալ այդ շարքերում, և ես, համաձայն իմ դիմումի, թողեցի աշխատանքս Դաշնակցության գրասենյակում: Այն ժամանակ չմասնակցեցի կուսակցական աշխատանքներին, և ըստ կանոնադրության՝ համարվեցի ինքնահրաժարված: Իսկ մոտ մեկ տարի առաջ 10-12 հոգով հայտարարությամբ դուրս եկանք Դաշնակցության շարքերից՝ ասելով, որ մենք համամիտ չենք նման ուղեգծին:

Այն ժամանակ Դաշնակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը Հայրապետյան Գրիշան էր, կոմիտեի կազմում բավականին գաղափարով զինված մարդիկ էին՝ Վահան Բադասյան, Վաչագան Զաքարյան, Գրիգորի Հայրապետյան, բայց կուսակցության ներսում սկսեցին շատ կեղտոտ խաղեր խաղալ՝ ցանկանալով ամեն կերպ կեղտոտել այս մեր թիմին՝ նրան անվանելով Հադրութի թիմ և նման այլ բաներ, բայց իրականում այդպես չէր, գաղափարակիրները հենց նրանք էին: Ինձ համար ցավալի է, որ իրենց գլխավերևում ունենում են Արթուր Մկրտչյանի, Վիգեն Գրիգորյանի, Արմեչոյի նկարները և նրա տակ չգիտեմ՝ ինչ-ինչ որոշումներ են կայացնում՝ չամաչելով այն գաղափարից, որ կրել են այդ տղաները:

Ես Հրանտ Մարգարյանից, ճիշտն ասած, սպասում էի ամեն ինչ: 2000-2008 թթ. պարբերաբար շրջանային ժողովներին այցելում էին և՛ Վահան Հովհաննիսյանը, և՛ Արմեն Ռուստամյանը: Ես նրանցից չէի հավատում, որ նման քայլի կգնան, բայց Հրանտի դեպքում հաստատ համոզված էի: Սա իմ անձնական կարծիքն էր, բայց ինձ հետ համամիտ էին շարքային կուսակցականներից շատերը: Երևի ժամանակի ընթացում Հրանտ Մարգարյանին հաջողվեց Արմեն Ռուստամյանին իր գաղափարին բերել:

Ինձ համար անսպասելի չէր կոալիցիայի գնալու որոշումը,  անգամ սպասում էի նման բան: Ինչի՞ մասին է խոսքը, երբ Դաշնակցությունն ունի թեկնածու, բայց սատարում է գործող նախագահին: Ինչպե՞ս հասկանալ, որ արդեն կուսակցություն չկա, չկա քաղաքական ուժ:

– Այսինքն՝ սա հերթական աթոռակռիվն է կամ աթոռ ստանալու ակնկալիքով կոալիցիայի մեջ մտնելու քա՞յլ: 2009-ին Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից՝ հայ–թուրքական արձանագրությունների հետ կապված, հիմա այդ արձանագրությունները հետ չեն կանչվել, բայց Դաշնակցությունը կոալիցիա է կազմելու: Այս դեպքում իրենք իրենց սկզբունքնե՞րն են ոտնահարում:

– Իհարկե, և ջուրն են գցում այսքան տարի բազում երկրներում գործող ՀՅԴ գրասենյակների կատարած աշխատանքը՝ ուղղված Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Եվ հիմա իրենք իրենց հակասում են իրենց գործողություններով: Ես արդեն լուրջ չեմ մոտենում Դաշնակցությանը և ընդհանրապես նրանց որպես քաղաքական ուժ չեմ ընդունում:

Комментариев нет:

Отправить комментарий