Որոշել եմ արտոնագիր ստանալ որպես այս էկզոտիկ տերմինի հեղինակ: Երևի բառն օգտագործված կլինի այլոց կողմից, բայց ես հավակնում եմ պաշտոնապես հեղինակ գրանցվելուն:
Այն և ճիշտ նկարագրում է մեր հիմիկվա արածը, համ էլ սրանով «կմնամ» պատմության մեջ, որպես նման հրեշային գործ արած ազգի ներկայացուցիչ:
Այլապես, ազգովի կանցնենք, կգնանք պատմություն, հետո այլազգի ակնոցավոր մեկը «կհայտնագործի» երևույթը, ու դրա հեղինակությունն էլ կխլի մեր ձեռքից:
Ինչու և ինչպես Ինքնագենոցիդ
Պատմությունը բացահայտել է, որ ազգեր կային, որոնք «լավ» էին նախնադարում, ազգեր կային, որոնք «լավ» էին միջնադարում: Ազգեր էլ կան, որոնք «լավ» են հիմա:
Միգուցե մենք էլ ինչ որ մի պահի վատ չենք եղել, բայց հիմա շատ վատ ենք:
Այնքան վատ, որ դրանից այն կողմ միայն վառ երևակայությունը կարող է պատկերացնել:
Այն, որ 100 տարվա մեջ Գոնոցիդից մենք հասանք Ինքնագենոցիդի, իհարկե արտակարգ «նվաճում» է: Բայց մյուս կողմից էլ, անհրաժեշտ է կատարվողի իմաստն ու պատճառները գտնել-հասկանալ- նկարագրել՝ գուցե հետագա մարդկությանը պետք գա:
21-րդ դարում ապրելու համար 21-րդ դարի արժեքային պետք է ունենալ: Իսկ մենք մեր նախնադարյանով հայտնվել ենք 21-րդ դարում և կրակն ընկել մեր երկրի, պետականության, ազգի ու ապագայի ձեռը: Եվ մեզ ամենևին չի անհանգստացնում սույն անհամապատասխանությունը, ու մենք հպարտորեն հանդարտ ենք, ինքնաբավ ու ինքնամփոփ:
Մինիտիեզերք ենք, մի ամբողջ հայկական աշխարհ՝ ուր ճշմարտություններն այլ են, չափերը, ընկալումները, դրվածքներն ու ստանդարտները՝ հայկական: Մեզանում մարդասպանը հերոս է, անմեղը՝ մեղավոր, տականքը՝ իշխանավոր, իսկ մարդն էլ հալածված:
Որո՞նք են հայկական այս ուրույնության արտակարգ բաղադրիչները
1-ինն ու հիմնականը ուտելու մարմաջն է:
Կենսաբանական մարդուն իհարկե ուտել-սնվել է պետք: Բայց մենք մտել ենք ուդել- ուդել- ուդելու-խժռելու ռեժիմի մեջ ու արդեն չենք էլ տարբերակում, թե ինչ ենք «ուդում»: Մարդը, երկիրը, բնությունը, ամեն ինչ «ուդելու» առարկաներ են ու հոշոտվում են, ոնց իրական չալաղաջը:
2. Եվ քանի որ որպես մեր միակ ֆունկցիա է հռչակվել «ուդելը», ապա մնացած ամեն ինչը ստորադասված է ու սպասարկում է «ուդելուն»: Կրթությունը՝ ուդելու ասպարեզ է, բժշկությունը՝ ուդելու, բանակը՝ ուդելու, մշակույթը՝ ուդելու, դատաիրավականը՝ ուդելու, իշխանությունը՝ ուդելու, բարեկամությունը՝ ուդելու:
«Չուդելու» ասպարեզ ուղղակի գոյություն չունի:
Այդ հրեշային, ամենակուլ «սովածությունը» մի կողմից գենոցիդի հետևանք է, մյուս կողմից էլ սոված սովետական անցյալի: Բայց սերունդներ են փոխվել, և նշույլ իսկ չկա, որ այն թուլացել է, կամ բուժվելու միտում ունի:
Հակառակը, ամեն նոր հայտնված դեմքը մի նոր, ահռելի ու գարշելի երախ է, որին ոչ նայել, ոչ հանդուրժել ու դիմանալ է հնարավոր: Բայց դիմանում ենք, հանդուրժում ու դեռ մի բան էլ ընդօրինակում ու ձգտում հենց այդպիսին լինելուն:
Ինչո՞ւմն է բանը: Ինչո՞վ ենք մենք տարբեր սովորական, նորմալ, ոչ հայ մարդուց, որն ապրում է աշխարհում
Ես կասեի անարդարությամբ՝ հանդեպ դիմացինը:
Նորմալությունն ընդամենը երկու պարամետր ունի՝ Ա. որ դու արտակարգ չես, Բ. որ դիմացինն էլ Աստված չէ: Մնացածն ածանցյալ են:
Մենք հենց այս պարզ բանաձևն ենք անտեսել դարեր ի վեր: Մեր ամեն ինչը մեզ է ներկայանում որպես ուրույն, որպես արտակարգ, որպես համաշխարհային, որպես հանճարեղ:
Մեր միջին մակարդակի արվեստագետն ու գիտնականը հենց մեր սահմանափակության պատճառով մեր աչքին երևում են որպես մի-մի Միքելանջելո ու Կոպեռնիկոս: Մեր մի քանի կիսաքանդ տաճարը մենք սարքել ենք իբր աշխարհի հրաշալիք ու երբևէ հաշիվ չենք տվել մեզ, թե ով ենք մենք և որն է մեր տեղն աշխարհում:
Եվ հենց այդ կույր ինքնագերագնահատանքն է մեզ բերել է նրան, որ կորցրել ենք մեր արդարամտությունը՝ տեսնելու մեր տականքին որպես տականքի, մեր սրիկաներին՝ որպես սրիկաների ու հրեշներին՝ որպես հրեշների:
Եվ աննկատ ու անպատժելի մնալով էլ, նրանք դարձել են սուպերհրեշներ՝ իրենց տեսակի մեջ արտակարգ նմուշներ, որոնց նմանակն աշխարհով մեկ չես գտնի:
Իմ կարծիքով, հենց սա՝ չափազանցված ինքնագնահատականը, և դրանով պայմանավորված ամեն ինչ «ուդելու» ու հոշոտելու թույլատրելիությունն է ընթացող ինքնագենոցիդի արմատը:
Եվ արդյունքում, անհաջողության մեջ հայտնվածները սկսել են ատելությամբ լցվել իրենց էության ու արմատների հանդեպ՝ որպես կեղծ և անբարոյական: Հաջողակները շարունակել են իրենց «ուդելը», իսկ ազգային ինտելեկտուալներն էլ հայտնվել են «դատավորների» դերում, թե՝ «ազգիս բան չասես, դու ես վատը, մենք ուրիշ ենք»:
Իսկ ո՞րն է այն լծակը, որով դեռևս կարելի է որևէ բան փոխել մեր ճակատագրում
Դա հանրության կողմից հայկական դատական համակարգի հանդեպ վերահսկողություն ձեռք բերելն է:
Չէ՞ որ մեր «ուդելը», հոշոտելը, ավիրելը, թալանելը, մարսելն ու չպատժվելը ապահովվում է հենց մեր դատականով: Մեր ոչ մի հրեշը հրեշ չէր լինի, ոչ մի բեսպրեդել անողը չէր բարգավաճի, ոչ մի տականքը պաշտոնի չէր լինի, եթե Հայաստանում գեթ մի նորմալ դատավոր լիներ:
Հայ դատավորն է, որը փշրանքների գնով «վաճառում» է մարդկայինն ու «ուդում» երկիրը: Հայ դատավորն է, որի համար հանցագործն անմեղ է, իսկ անմեղը՝ հանցագործ:
Հայ գերագույն դատավորն ու իր շքախումբն են, որ արդեն 20 տարի շարունակ հրեշայինը որպես մարդկային են դակում ու անպատիժ իշխում հայ իրականության վրա, կործանում երկիրն ու հայ մարդուն:
Թվելն էլ է անիմաստ, բոլորս էլ գիտենք, թե ուր է հասել հայ իրավական-դատականը՝ իր հրեշայնությամբ ու հակամարդկայինով:
Իհարկե, դատականը չի փոխվելու կամ զիջելու, քանի որ ինքն էլ «ուդելու» ռեժիմի մեջ է՝ միգուցե առավել փոքր մասշտաբների, բայց բազմակի անգամ առավել ծանր հետևանքներով, քան տականքի առօրյա արդյունքն է:
Անելիքը շարքայինինն է, դատավորի, քննիչի, ցանկացած որևէ մեկի ծանոթինը, բարեկամինը, որը պարտավորություն կզգա ու քաջություն կունենա իրեն հասանելի դատավորի, կամ նրա շքախմբի երեսին ասելու ճշմարտությունը և մարդկայնորեն հաշիվ պահանջելու իր ու իր ընտանիքի կործանված ապագայի համար:
Կարվի դա, թե ոչ, չգիտեմ՝ շատ խորն է մեզ պարուրած ներհանրային կեղտը և ինքնագենոցիդի ուժը:
Բայց գոնե զուտ տեսականորեն, ես հիմնավորեցի թե իմ հայցը՝ «Ինքնագենոցիդ» տերմինի հեղինակության, ու թե ինքնագենոցիդի նախադրյալների և արմատների նկարագրման ու հաղթահարման առումով:
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեկնաբան
Комментариев нет:
Отправить комментарий