понедельник, 3 октября 2011 г.

Բաց նամակ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին

Վեհափառ Տեր
Հայաստանում և արտերկրում բնակվող հայությունը բազմաթիվ անգամներ ունկնդրելով Ձեզ, համոզվել է Ձեր խոսքի անկեղծության, Ձեր արժանապատիվ կեցվածքի, հայ մարդուն խոսքով և գործով անշահախնդիր օգնության ձեռք մեկնելու Ձեր պատրաստակամության մեջ:
Այս նամակով հայցում ենք Ձեր ուշադրությունը աղաղակող մի անարդարության հանդեպ, որի մասին պարբերաբար  լուսաբանում են թե Հայաստանի և թե արտերկրի զանգվածային լրատվամիջոցները, այդ խնդրով հանդես են գալիս անհատ քաղաքացիներ, հասարակական և ազգային կազմակերպություններ:
Խնդիրը վերաբերվում է Լիբանանի քաղաքացի, 1990 թվականից առ այսօր իր ընտանիքի հետ Հայաստանում բնակվող, Արցախի ազատագրական պատերազմի մասնակից, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, փոխգնդապետ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելուն ՀՀ իշխանությունների կողմնակալ կեցվացքին, որի հետևանքով 2004թ., 2006թ. և 2008թ. Ժիրայր Սեֆիլյանի դիմումները ՀՀ քաղաքացիություն ստանալու համար իշխանությունների կողմից հանիրավի մերժվել են:
Իշխանությունները անտեսել և մերժել են Երևանի 20 պատվավոր քաղաքացիների, հանրաճանաչ հայ անհատների, հազարավոր քաղաքացիների դիմումները Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու խնդրում:
Մերժելով հայրենիքի քաղաքացի դառնալու նրա դիմումները ՀՀ իշխանությունը խարխլում և կասկածի տակ է դնում ազգային միասնությունը՝ այն հիմնարար գաղափարը, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը անկախ քաղաքական, կուսակցական և կրոնական պատկանելիությունից։
Աշխարհասփյուռ հայությանը միավորող գաղափարը կարմիր թելի նման անցնում էր Սփյուռք-Հայաստան 4-րդ համաժողովում արտասանած Ձեր ելույթի չորս հիմնավոր հարցերում։ Այդ դեպքում ինչ արժեք ունի Սփյուռքի նախարարի «Արի տուն» ձևական ծրագիրը, երբ արդեն տուն եկած, հայրենի եզերք, հող ու հայրենիք պաշտպանած հայորդուն ապաստան ու քաղաքացիություն չեն տալիս հայրենիքում։ Այս հարցը արդեն դադարել է սոսկ  Ժիրայրի անձնական հարց դիտվելուց և սա արդեն իսկ քաղաքականություն է, տեսակի մերժում:
Օրենքով քաղաքացիություն շնորհելը ՀՀ Նախագահի մենաշնորհն է, բայց նաև մեր բոլորի արժանապատվության հարցն է, որի հետևանքով այս տեսակին փորձում են օտարել իր Հայրենիքից։
Ձեզ, որպես համայն հայությանը միավորող գաղափարը խորհրդանշող Վեհափառ Տեր, խնդրում ենք օգտագործել Ձեր զորավոր և հեղինակավոր խոսքը և միջամտել այս գործի արդարացի լուծման հարցում։
Զարուհի Սարգսի Մուրադյան – նկարչուհի, ՀՀ նկարիչների միության անդամ
Հրանուշ Խառատյան – ազգագրագետ
Սոնա Արշունեցի – գրող հրապառակախոս, հայ դատի պաշտպան։ Բրյուսել
Երվանդ Մանարյան – թատերական գործիչ
3.10.11

Комментариев нет:

Отправить комментарий