вторник, 26 июля 2011 г.

Այսպիսի «կտրիճ» մի գեներալ

Զինվորական ընկերս պատմում է, որ օրերս hայոց «մայրաքաղաքներից» մեկում հավաք է եղել, որտեղ մի գեներալ շուրջ յոթ տասնյակ զինվորականների, նախկին ազատամարտիկների հետ գալիք տոներից մեկին նախապատրաստվելու կապակցությամբ ելույթ է ունեցել, անդրադարձել է նաեւ ազատագրված հողերի խնդրին։ Գեներալը, ի զարմանս ներկաների, հայտնել է, որ այսպես թե այնպես, այդ հողերը պիտի հանձնել, որովհետեւ հակառակորդը մեզ գերազանցում է թե՛ հետեւակով, թե՛ զինտեխնիկայով։

Այս պատմությունն իրական է, եւ դրա մասնակիցների խնդրանքով գեներալի անունը չենք նշում, որ սույն անձը վնաս չպատճառի մեզ տեղեկություն տրամադրած մարդկանց: Ուստի նրան պայմանականորեն անվանենք Քաշատուրյան։ Ուրեմն այս գեներալ Քաշատուրյանն ակնարկել է, որ Արցախը Հայաստանի հետ Լաչինի միջանցքով կապ է ունենալու։ Ասել է թե՝ Արցախը լիովին անտեր-անտիրական չի մնալու, բոլոր չորս կողմերից շրջափակված արցախցիներն այդ միջանցքով հնարավորություն են ունենալու փախչելու Հայաստան, այնտեղից էլ՝ աշխարհի բոլոր չորս ծագերը…

Միջոցառմանը ներկա ադրբեջանաղարաբաղյան պատերազմի մասնակիցներից մեկը վրդովվել է այս ելույթից եւ հակաճառել է գեներալին՝ ասելով, որ եթե վաղը պատերազմ լինի, այս անգամ իր հետ իր հասուն որդին է մեկնելու պատերազմի դաշտ եւ պաշտպանելու է Արցախի եւ ողջ հայ ժողովրդի պատիվն ու ազատությունը։ Նախկին ազատամարտիկը տարակուսել է, թե ազատագրված հողերը տալուց հետո իրենք ինչպե՞ս, ի՞նչ երեսով պիտի այցելեն նահատակված զինակիցների գերեզմաններին։ «Պիտի նրանց հայտնենք, թե հանգիստ ննջեք, ձեր կյանքի ու արյան գնով ազատագրված հայկական հողերը սկուտեղի վրա դրած հանձնել ենք թշնամո՞ւն»,- վրդովված հարցրել է նախկին զինվորականը։

Քաշատուրյանը դրան մոտավորապես պատասխանել է՝ եթե դու պատերազմին մասնակցած իսկական կռվող լինեիր, այդպես չէիր խոսի։ Պատերազմի վետերանները մնացել են տարակուսած, որովհետեւ նրանք ոչ միայն ծանոթ էին իրենց ընկերոջ մարտական անցյալին, այլեւ զարմացել են գեներալի «երկաթե տրամաբանության» վրա, որից հետեւում է, թե իսկական կռվողներն առաջինը պիտի երկու ձեռքով կողմ լինեն հողերը հանձնելուն…

Մեկ ուրիշն էլ տեղից նետել է՝ պատերազմի ժամանակ եթե քեզ նման հրամանատարները մեզ ղեկավարեին, այսօր Գանձասարի լանջերին թուրքի հոտն արածելիս կլիներ, իսկ Սեւանում Մուհամեդի թոռները կլինեին լողանալիս… Բայց դա չի հասել գեներալի ականջին։

Միջոցառումից հետո մեկ այլ նախկին ազատամարտիկ մոտեցել է Քաշատուրյանին եւ ասել, որ գեներալը չպիտի այդպես խոսեր, դա պատիվ չի բերում բարձրաստիճան զինվորականին։ Ըստ երեւույթին, իր գերագույն հրամանատարի բարձր ամբիոնից հնչեցրած «Ադրբեջանն առավելություն կստանա, եթե, Աստված մի արասցե, ռազմական գործողություններ սկսվեն, որովհետեւ նրանք իրենց ժողովրդին պատրաստել են եւ պատրաստում են պատերազմի, իսկ մենք՝ խաղաղության» խոսքերից ոգեւորված գեներալը զայրացել է ազատամարտիկի «հանդգնությունից» եւ ջղայնացած փորձել բացատրել հակառակորդի գերազանցության մասին։

Դրան պատերազմի վետերանը պատասխանել է. «Ինչ է, մինչ այդ հակառակորդը մեզնից բազմիցս ուժե՞ղ չէր, երբ խորհրդային բանակից հսկայաքանակ զինտեխնիկա էր ժառանգություն ստացել եւ վայելում էր Մոսկվայի հովանավորությունը, իսկ մենք, լավագույն դեպքում, ընդամենը որսորդական հրացաններով ու ինքնաշեն զենքերով էինք կռվում… Մարտական գործողություններից մեկի ժամանակ ես ու իմ հրամանատարության տակ կռվող հինգ տղաներ 300 ազերի ենք ոչնչացրել։ Փաստորեն, մեզնից յուրաքանչյուրը 50 հոգու դեմ էր կռվում։ Կապվել են ինձ հետ, ասել, որ շուտով օգնություն կուղարկեն, մերժել եմ, ասել եմ՝ պետք չէ…»։

Տեսնելով, որ զրույցը ցանկալի հունով չի գնում, վեճին կոպտորեն փորձել է միջամտել պատերազմին շտաբի իր նեղ պատուհանից հետեւած մեկ այլ բարձրաստիճան զինվորական, որից ազատամարտիկն ավելի է զայրացել ու նետել. «Դուք հո՞ղ եք ազատագրել, որ այսօր հողերը հանձնելու մասին եք խոսում։ Դա մեր հողն է, մենք էլ կպաշտպանենք…»։

Այսքանով միջադեպն ավարտվել է։

Չեխ նշանավոր գրող Յարոսլավ Հաշեկը, իր հանրահայտ «Շվեյկ»-ում ներկայացնելով առաջին աշխարհամարտի ավստրո-հունգարական մի գեներալի եւ հավեսով գծելով նրա զվարճալի դիմանկարը, վերջում եզրափակում է. «Ավստրիան այսպիսի գեներալներ շատ ունի…»։ Տխուր ու ցավալի է, բայց մենք եւս ետ չենք մնում նման գեներալների, հրամանատարների ու ղեկավարների քանակով։

Արեգ Վարդանյան
hraparak.am
26.07.11

Комментариев нет:

Отправить комментарий