воскресенье, 29 апреля 2018 г.

Կայուն և կենսունակ Հայաստանի ստեղծման հիմքերը


Իմ պատկերացրած այն միակ ու եզակի արահետն ասեմ, որով Հայաստանը գոյությունը կպաշտպանի ու հետագայում էլ իրոք կայուն պետություն կդառնա իր տարածքների վրա։ 

Արտաքին քայլեր 

1 - Շվեյցարական-իսրայելական օրինակով, հայ ողջ մեծահասակ բնակչությունը զինված պետք է լինի՝ առնվազն 1 միլիոն ավտոմատավոր, դիպուկահար հրացանավոր։ Ամեն ընտանիքի առնվազն մեկ հրազեն, 100 փամփուշտով։
Մարդկանց զինումը պետք է լինի նոր իշխանության համար մեկ քայլը և պետական դոկտրինը։ Հայաստանի հետագա գոյության ապահովման միակ գրավականը զինված հայ ժողովուրդն է, և սա պետք է սահմանադրորեն ամրագրվի։

Բոլոր վույամանները, թե իրար կուտենք, պետք է կասեցվեն ամենակտրուկ վճռականությամբ։ Նիկոլը հետը թարմ հույս է բերել՝ չի կարելի այն կործանել տհասների վայնասուններով ու անգրագետների՝ իբր տեսականորեն հիմնավորված մերժումներով։

2 - Մոտակա՝ Արևմուտքի և Ռուսաստանի հետ սկզբնական բանակցությունների միակ թեման մեր կողմից պետք է լինի այդ զենքի անվերապահ տրամադրման հարցը՝ պարտքով, վարկով, զեղջ վճարով, ոնց հնարավոր է, որպես թուրքական հարևանության մեջ նոր գենոցիդից ազգային պաշտպանության միակ միջոց։

3 - Մեկ ամսվա ընթացքում զենքի գոնե 70 տոկոսի ստացումից հետո քայլեր են արվում Հայաստանը հռչակելու որպես չեզոք պետություն, և կարճ ժամանակում հայտարարվում է չեզոքությունը։ Գյումրու բազայի խնդիրը զատվում է Հայաստանի միջազգային կարգավիճակի հարցերից, այն դիտարկելով որպես գերտերություների, այլ ոչ Հայաստանի իրավասության հարց։ Թող բազան մնա և դրա համար վճարվի Հայաստանին, բայց այն հայ-ռուսական հարաբերությունների առանցք չի կարող լինել։

Չեզոքության հետ կապված պետք է հայտարարվի, որ Հայաստանը չի հանդուրժելու իր հանդեպ միջազգային ինտրիգները։ Չեզոքությունը ենթադրում է Հայաստանի շրջանցում ամեն նման հարցերում. «դուք ձեր հարցերը մեզանից անկախ լուծեք» կարգախոսի համաձայն։

4 - Ղարաբաղի հարցը պետք է դիտարկվի Հայաստան-հայություն-ամբողջական թուրքական էթնոս՝ գենոցիդային պատմության կոնտեքստում և միջազգային հանրությանն էլ կոչ պետք է արվի, որպեսզի սատարեն նոր, միացյալ Հայաստանի կերտմանը՝ եղած կենսական տարածքների վրա։

5 - Ադրբեջանի հետ հարաբերությունները պետք է բանակցվեն համաձայն 1992-թվականին, մինչ պատերազմը եղած Ադրբեջանից և Հայաստանից գրանցված փախստականների բալանսի, ինչպես նաև 1994 թվականի զինադադարի հետևանքով հաստատված տարածքային հրադադարի արդյունքների։ Եթե մենք զինված եղանք, և նրանք մերժեցին մեր հավասարակշիռ, փոքր զիջումներով առաջարկները, ապա ոչ մի համաձայնություն էլ պետք չէ, չեն ուզի, «ոչ պատերազմ-ոչ խաղաղություն» վիճակը թող շարունակվի։ Կհարձակվեն՝ մռութներին կստանան։

6 - Ատոմակայանի կանգի վերաբերյալ բոլոր նախկին պայմանավորվածությունները պետք է չեղյալ հայտարարվեն, և միջազգային հանրությանը պետք է հայտարարվի, որ ատոմակայանը ոչ միայն մեր էներգետիկ հիմնական աղբյուրն է, այլև մեր պաշտպանական հիմնական ռեսուրսը, որպեսզի չհամարձակվեն ատոմակայան ունեցող երկրի հետ շանտաժի լեզվով խոսել։

Ներքին ոլորտ

2-1- Վարչապետի առաջին հրամանագրով պետք է ամբողջապես վերացվի «պադավոտը»։ Միակ պաշտոնյան, ով մեկ անձնական սպասարկման մեքնենայի ու զուգահեռ էլ 5 թիկնապահով մեկ այլ մեքենայի իրավունք կունենա, վարչապետն է։ Ուրիշ ոչ մեկը, ներառյալ նախագահը, անձնական սպասարկման վարորդով մեքենայի իրավունք չունեն։ Իրենք պետք է վարեն իրենց հատկացված պետական մեքենաները, և միայն դրանց սպասարկումը (բենզին, վերանորոգում) պետք է լինի պետական։ «Պադավատի» որևէ դրսևորում որևէ ոլորտում պետք է արգելվի օրենքով։

Պետք է վերացվի Պռոշյանի վրայի իշխանականների որջը՝ որպես սրիկաների բնակատեղի։ Նրա մեծ մասը պետք է հանրայնացվի և միայն փոքր մասը կարող է մնալ որպես կառավարական հանդիպումների վայր, բայց ոչ այլևս, որպես իշխանականի բնակատեղի։

Վարչապետի ներկա բնակարանի նույն հարկի կողքի բոլոր բնակարանները պետք է եռակի գնով գնվեն բնակիչներից և տրամադրվեն թիկնապահներին, ինչպես նաև վարչապետի անհապաղ ծառայության օղակին։

Բոլոր նոր նախարարները պետք է մնան իրենց բնակարաններում։ Իսկ եթե նշանակվում է հին, «համեստ» թալանածով մեկը, ապա նա վաճառում է իր ճոխ բնակարանը և գնում համեստ, միջին որակի առանաձնատուն կամ բնակարան Երևանում։

2-2 - Պետք է հայտարարվի արտակարգ տնտեսական դրություն՝ ապահովվի թոշակառուների թոշակների ու նպաստների վճարումը, եթե պետք է նաև պետաշխատողների աշխատավարձերի կրճատման հաշվին, ինչպես նաև ոստիկանական կազմի առնվազն 5-ապատիկ կրճատման հաշվին։

2-3 -Անհապաղ պետք է վերանայվի ընդերքի շահագործման օրենսդրությունը և օրենքով արգելվի որևէ հանքատեսակի արտահանումը։ Արտահանման համար հումքը պետք է վերամշակված լինի՝ օրինակ, պղնձի դեպքում՝ մինչև գոնե բարձրակարգ մեկուսացած վերջնական օգտագործման պղնձալարի տեսքը։ Այլ մետաղատեսակների դեպքում էլ՝ կամ վերջնական արտադրանքով, կամ էլ առնվազն բարտերային կարևորագույն կենսական ապահովման ապրանքների կոմպենսացիայով։

Եվ առհասարակ հայկական արտահանման ստրուկտուրան պլանային կերպով, մեկ-երկու տարվա ընթացքում պետք է անցնի պատրաստի, տեխնոլոգիական բարդ ապրանքների արտադրության ու արտահանմանը, ինչպես նաև համատարած IT արտադրանքի։

2-4 - Պետք է ազգայնացվեն ու վարձակալական հիմունքներով մասնավորին տրվեն հանրային օգտագործման ու սպասարկման բոլոր կառուցվածքներն ու հզորությունները՝ գազային ու էլեկտրական ցանցերը, ջրամատակարարումը, տրանսպորտը։ Անհապաղ ազգային օդափոխադրող պետք է ստեղծվի, և ապահովվեն մինչև ԱՄՆ, Եվրոպա ուղիղ չվերթներ, ոնց Կատարն է թռչում՝ Դոհայից Դալլաս, 15, 5 ժամանոց թռիչքով։ Երևանը կարող է հրապուրիչ միջանկյալ օդային հաբ դառնալ, եթե օդակայանի սպասարկումը վայրենականից փոխվի մարդկայինի։

2-5 - Պետք է բացառվի որևէ մասնավորի կողմից հանրային որևէ ոլորտի սպասարկումը՝ օրինակ պետք է անհապաղ հանվեն արագաչափերը, կարմիր գծերն ու այլ սահմանափակումները։ Ճանապարհային ոստիկանությունը պետք է իրավունք ունենա միջամտելու և քրեական վարույթ սկսելու միայն մարդկային առողջական վնասներով գրանցված ճանապարհային պատահարներին։ Մնացած դեպքերում նա իրավունք չունի վարորդների հանդեպ որևէ ոտնձգության, ներառյալ վարորդական իրավունքի իր ձեռքը վերցնելը, առավել ևս առգրավելը։

Պետք է վերանայվեն գազային սպասարկման հիմունքները։ Սահմանին հասած գազի և մանրածախ գնի տարբերությունը պետք է հասցվի այլ երկրնելում եղածին։

2-6 - Սպասարկման ու այլ մոնոպոլ դիրքերի շնորհիվ գերշահույթներ ստացած օլիգարխները պետք է ետ մուծեն իրենց թալանածն ամբողջությամբ, այլապես դատվեն, կամ արտաքսվեն երկրից։ Պետք է մեկ հրամանագրով աշխատանքից հեռացվեն բոլոր դատավորները։

 Անհապաղ բոլոր բանտարկյալների ժամկետների ու հիմքերի վերանայման ու նաև համաներման պրոցես պետք սկսվի։ Սասնա ծռերն ու Շանթի խումբը և այդ հարցերի հետ կապված բոլորը պետք է ազատ արձակվեն։ Նրանց դատած դատավորներն էլ պետք կանչվեն պատասխանատվության։ Սասնա ծռերի ղեկավար կազմից առնվազն 5 անհատականությունների, որոնք այս կամ այն կերպ տեղյակ են եղել ու մասնակցել են գրոհի պլանավուրմանն ու ընթացքին, պետք է արգելվի պետական-քաղաքական որևէ պաշտոն զբաղեցնելը, որովհետև նման անպատրաստ ու անհաշվենկատ քայլի գնացողն իրավունք չունի պետական ղեկավարման ու կառավարման։

2-7 - Բոլոր պաշտոններին նշանակվողները պետք է քննություն հանձնեն որևէ լեզվից, և իրենց մասնագիտականից։ Նույնիսկ պառլամենտականները պետք է ընտրվելու իրավունք ստանան միայն «Քաղաքագիտություն» առարկան հրապարակավ քննականով հանձնելուց հետո։

2-8 - Երկու մերձավոր բարեկամներ (արյունակցական՝ մինչև երեք պորտ, ոչ արյունակցական՝ 2 պորտ, խնամի, հարս, փեսա, քավոր և այլն) իրավունք չունեն նույն ասպարեզում աշխատելու։ Հայտնաբերելու դեպքում գործից պետք է հեռացվի առավել բարձր պաշտոնյան։

2-9 - Պետք է հիմնարար կրճատումներ լինեն նախարարությունների ցանկում և կազմերում։ Ամեն աշխատատեղի ֆունկցիան և ֆինանսավորումը պետք է հիմնավորվի պառլամենտի ենթաբաժիններում։

2-10 - Բոլոր հեռատեսիլային ալիքները պետք է գործեն fairness doctrine-ի սկզբունքներով՝ աշխատանքային դաշտում։ Չենթարկվելու կամ շեղումներ արձանագրելու դեպքում, դրանք պետք է զրկվեն լիցենզիայից։

2-11 - Նոր պաշտոնյաներից որևէ մեկի մասով, որևէ աննշան բեսպրեդել նկատելու դեպքում անհապաղ հրապարակային դատ ու պատիժ պետք է կիրառվի, ներառյալ կախաղանը։

Դա պետք է արվի հատուկ, նման հարցերով զբաղվող, 9 հոգանոց Գերագույն հանրային դատարանի դատավճռով։ Հանրային ընտրությամբ նման դատարանի ստեղծումը ևս վարչապետի առաջին հրամանագրերից մեկով պետք է արվի։

Գենոցիդի ու հետանկախական մղձավանջով երկրորդ գենոցիդ տարած ժողովուրդը դրա իրավունքն ունի։

Շատ ու շատ այլ առաջարկներ էլ կան (ամեն ինչն է այլասերած, այլանդակած, ավերած), բայց այսքանը եթե իրացնենք ու մարսենք, արդեն գոնե նվազագույն իրավուքներով ապրելու իրավունքը կունենանք։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Զենքի իրավունք, պետական անվտանգություն ու ներքին ժողովրդավարություն


Ինֆորմացիոն դարում տգետ մնալը գիտակցված ընտրություն է:

Մարդկությունը և մասնավորապես հայությունը նախօրոք երբևէ չի կարողացել կանխատեսել, թե իր հաջորդ օրն ինչպիսին է լիելու: Մենք երազել ենք, բայց անընդունակ ենք եղել մեր  ապագան կանխատեսելու: Ներկայում, նույնիսկ այսօրվա ընթացքը բացահայտելու խնդիրն ունենք:

Իհարկե, եթե ընթացող գործընթացների տրամաբանությունն ու դինամիկան հայտնի է, ապա կանխատեսելը հեշտանում է, բայց ստույգության հարցը մնում է:
Օրինակ, եթե Հայաստանը օրական դատարկվում է ասենք 200 մարդով, ապա տարրական դպրոցի՝ ավազանը մեկ ծորակով լցվելու և առավել մեծ ծորակով դատարկվելու խնդրի պայմաններով, հարվածային աշակերտն էլ կհաշվարկի մեր լրիվ դատարկվելու վերջնակետային՝ նույնիսկ օրն ու ժամը:

Բայց  այդ հաշվարկը զուտ տեսական է: Որովհետև հարվածային աշակերտը տեղյակ չէ, թե Հայաստան երկրի որ մինիմալ բնակչության թիվն է՝ մի կողմից դեռևս պետականորեն կենսունակ, իսկ մյուս կողմից էլ թուրք-ադրբեջանական «տղերքի»՝ պատերազմով հարց լուծելու ախորժակը չգրգռող:

Եւ հարցը միայն հարվածային աշակերտի չիմանալը չի: Մեր՝  նույնիսկ ակադեմիկոս ձևակերպված, և «օրինական» ախպերականն էլ դա չգիտի, ու ճիշտն ասած, վեջներն էլ չէ: Իրենց վեջը չէ, բայց որոշ մարդկանց համենայնդեպս դա հետաքրքրում է, և գոնե այդքանով արժե պրոցեսը հասկանալը:

Խնդիրն այն է, թե արդյոք կան ուղիներ, երկրի ու պետականության կործանումից խուսափելու:

Ես միայն մեկ ուղի եմ տեսնում, այն է՝ ժամանակակից աշխարհի ամենահիմնարար սկզբունքը՝ ամեն մարդու պաշտպանական զենք ունենալու իրավունքի սկզբունքն ու  էությունը հասկանալը և այն մեզանում արմատավորելու ճանապարհը:

Արևմտյան հանրություններում ամենօրյա քննարկման առարկա է զենքի հասանելիության հարցը: Ամերիկյան սահմանադրության 1-ին լրացմամբ ամրագրված է ազատ խոսքի իրավունքը, իսկ 2-ով՝ քաղաքացիների զենք կրելու և օգտագործելու իրավունքը՝ որպես պետությունից և քրեականից պաշտպանության միակ միջոցի:
Մեզանում լայնորեն խոսվում է ազատ խոսքի իրավունքի մասին, բայց տաբուի տակ է զենքի օրինականության և հասանելիության մասին որևէ խոսակցությունը:

Սա վկայում է այն մասին, որ մենք՝ որպես հանրություն կամ աններելի պրիմիտիվ ենք, կամ ուղղղակի չենք հասկանում մարդկայինի ու հանրայինի հիմնարար սկզբունքները: Մեր ոչ հասուն քաղաքացիական միտքը շփոթված ու կարկամած է պացիֆիզմի ու պատերազմի, ներքին ու արտաքին թշնամու պատկերացումների, ժողովրդավարության ու կառավարման այլ համակարգերի, զենքի իրավունքի ու  կրիմինալ հետևանքների հարցերում:

1. Մենք գինոցիդվել ենք զենք չունենալու պատճառով, և զենքի նշանակությունն ու իմաստը չհասկանալու պատճառով:

2. Ներկայումս էլ, երկրում տիրող  քրեական բեսպրեդելն ու ընդհանուր ամենաթողության  մթնոլորտն էլ արդյունք է հանրության տոտալ զինաթափման և քրեականի զինվածության:

Մի քանի տարի առաջ մամուլում եղան հրապարակումներ, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը 1050 ատրճանակ է նվիրել տարբեր մարդկանց: Եթե նման գործընթաց է եղել նաև այլ վարչապետների օրոք, ապա կարելի է ենթադրել, որ երկրում երևի 2-3000 օրինական գրացված ատրճանակ կա ինչ որ մարդկանց ձեռքին, որոնց անուններն անհայտ են հանրությանը:

Սրան գումարելով ոստիկանության, ուժայինների ու նաև բացարձակ քրեականի ոչ օրինական զենքը, կարող ենք խոսել արդեն տասնյակ հազարավոր ատրճանակների ու զինյալների մասին:

Եկեք ազնիվ լինենք ու չնենգափոխենք սկզբնապատճառն ու հետևանքը: Ոչ թե կաշառքը, բեսպրեդելն ու անօրինությունն են սկզբնապատճառը, այլ զինված արտոնյալներ, քրեականներ-անզեն հանրություն անհամատեղելի հակադրությունը:
Մարդկային պատմությունը վկայում է, որ զինյալին կարգի հրավիրելը, նրան օրինականության կոչելը անիմաստ գործ է: Իսկ զինաթափելը՝ մանավանդ արդեն  իշխանության լծակներին տիրացած զինյալին զինաթափելը գրեթե անհնար գործ է:  Մարդկությունն, ու ներկա ժողովրդավար դարում էլ՝ Արևմուտքն իր փորձով գործունյա միջոց է գտել, որ զինյալին կանխելու ամենաէֆեկտիվ միջոցը նրան հակակշռելն է առավել զենքով ու զինյալներով: Եւ ամրագրել է այս իրավունքը որպես սահմանադրական՝ թույլատրելով զինվել բոլորին:

Թշնամիներով շրջափակված երկրներն ավելի առաջ են գնացել, նրանք օրինական, զինված հանրային բանակներ են ստեղծել:
Օրինակ, Շվեյցարիան նման բանակ է պահում արդեն երկար ժամանակ և նաև դրանով է ապահովել իր կայուն չեզոքությունն ու  բանկային կենտրոն լինելու փաստը: Ոչ հրապարակավ, նման ռեժիմի մեջ է նաև Իսրայելը:

Երբ նման միտք եմ հայտնում իմ շրջապատում, որպես կանոն, առաջին արձագանքն է լինում՝ «վայ աման, էտ ինչեր ես ասում, իրար կկոտորենք ու կվերջանանք»: Կամ էլ թե չէ՝ հո վայրենի չենք, էս ո՞ր դարն է:
Մի խոսքով, արձագանքները բազմազան են, բայց  որպես կանոն՝ անտեղյակ, մակերեսային, կամ պարզապես միակողմանի:

Փորձեմ հիմնավորել ասելիքս, նշելով  իմ  պատկերացրած դրական ու բացասական հետևանքները:

1. Գենոցիդ վերապրելուց հետո ու ներկայում էլ բացահայտ թշնամական շրջապատում գտնվող հայերիս՝ որպես էթնոսի ու Հայաստանի՝ որպես պետություն փրկվելու միակ ձևը դա բնակչության համապարփակ զինումն է:

2. Եթե ուզում ենք դիմակայել ներքին անօրենին ու արտաքին թշնամուն որպես ազգ, հանրություն ու որպես պետություն, մենք այլ ելք ուղղակի չունենք,  քան օրենսդրական որոշմամբ  ազգովի զինվելը:
Այդ քայլը ներսում կբերի մարդկային, քաղաքացիական հավասարեցման ու բեսպրեդելի շուտափույթ վերացման:

3. Արտաքին թշնամուն կկանգնեցնի մոտ կես միլիոն զինված մարդու /հնարավոր է նաև կանանց կամավոր զինումը/ հաղթահարելու անհնարին փաստի առջև:

4. Կես  միլիոն անձնական զենքի, և պաշտպանական-ռազմական նպատակով նաև որոշ քանակի ավտոմատների գինը բազմակի անգամ ցածր է մեր տնակերտ օլիգարխների մեկ տարվա, եթե ոչ մեկ ամսվա թալանի ծավալներից:

Չզինված երկիրը չի կարող հանրայնորեն առողջ և քաղաքականապես կենսունակ ու ապահով համարվել:

Կայուն երկրները արտաքին պաշտպանական նպատակով ունեն բանակներ, իսկ ներքին կայունությունն էլ ապահովում են անհատի զենք կրելու իրավունքով, օրենքի գերակայությամբ և հանրային կոշտ սկզբունայնությամբ:

Մեզանում արտաքին ոլորտը ռուսների ռազմական ու գեոքաղաքական երերուն շահերի ու աղոտ մոտիվների վրա է հիմնված, իսկ անօրեն ներքինն էլ տրված է օլիգարխիայի բեսպրեդելի ողորմածությանը:

Քրեաօլիգարխիայի կառուցվածքը, կեցվածքը, նպատակներն ու առօրյան գիտենք: Եւ այդ դասի «ծրագրերով» միայն հետագա դժբախտություններ են սպասվում:

Օլիգարխիան մեկ օրում և օդից չի ընկել, այն աստիճանաբար է ձևավորվել և խորը ներհանրային հոգեբանական, տեսական ու գործնական արմատներ ունի մեզանում: Եւ հիմնական արմատն էլ  հայ մտավոր վերնախավի անսպասելի անտեղյակությունն է՝ հանրության կայունության հիմքերի և ներքին սկզբունքների մասով:

Սյունիքի տարածքի վաճառքը որպես արոտավայր նույնիսկ մտովի ի նկատի ունենալը մեծ ահազանգ է բոլորիս, որ միայն արտագաղթի լծակը չէ մեր գլխին կախված, այլ նաև տարածքի առաջընթաց հանձնումը:

Հասկանալի է, որ ուժի մոնոպոլ իրավունքի վրա եղած իշխանությունները չեն կարող համաձայնվել թույլատրել, որպեսզի իրենց դեմ կանգնի զինված քաղաքացին: Բայց ժամանակն է, որ երկրում մնացած առողջ մարդիկ հասկանան իրավիճակն ու տեսնեն լուծումների ճանապարհը, և իշխանություններին էլ ստիպեն, պարտադրեն դեռևս առկա վերջին փրկարար քայլերը:

Վերջին շրջանում, իշխանավորների թալանը որպես օրինական ունեցվածք հրապարակայնացնելու փաստերն ուրախալի են այն առումով, որ իշխանություններն էլ են հասկացել, որ այլևս այսպես շարունակել անհնար է, ու պահն է գողացված միլիոնի վրա վերջակետ դնելու և նոր, իսկապես օրինական խաղ սկսելու:

Ցավոք, դա ուշացած քայլ է: Հոշոտված ներքին անօրենի կողմից, մենք այլևս դարձել ենք «հեշտ» թիրախ արտաքին թշնամու համար: Երկիրն աննախադեպ արագությամբ լքվում է, դատարկվում մարդկանցից:

Իրեն արժանապատիվ մարդ համարող ցանկացած ներկա իշխանավոր պետք է հասկանա, որ դրված է երկրի ու ազգի ապագայի  խնդիրը և փորձի խուսափել պատմության մեջ որպես ազգային-պետական դավաճան մնալու հեռանկարից:

Իշխանությունները պետք է հասկանան և ընդունեն, որ Հայաստանի գոյատևելու ու հանրային ներքին համերաշխության այլ ձև չկա, քան ողջ բնակչության զինումն է: Օր առաջ նրանք պետք է մտածեն առնվազն կես միլիոն մարդու /կամավորական սկզբունքներով, ամեն ընտանիքին, կամ հասուն տղամարդուն մեկ միավոր/ զինելու մասին:

Միգուցե իշխանություններին ընդունելի լինի բժշկական ստուգմամբ վստահելի համարվող գոնե ասենք 100 հազար մարդու նախապես զինելը: Թեկուզ և այսքան զենքի տրամադրումը  մեծ վստահություն կմտցնի հանրության մեջ՝ և իշխանությունների, և վաղվա օրվա հանդեպ:

Մեզ ոչ ռուսական ռազմական օգնություն, ոչ էլ  արտաքին որևէ կոլեկտիվ անվտանգության պայմանագրեր պետք չեն: Մեզ պետք է զինվել ինչպես Շվեյցարիան, կամ ինչպես Իսրայելը ու դրանով իսկ կարգի գցել մեր բոլոր հարցերը:
Մարդկության մեծագույն հայտնագործությունների շարքում ոչ միայն անիվն է, գործիքները,  այլ նաև զենքը: Հենց միջուկային ռումբն է, որ ներկա աշխարհը պահում է համեմատաբար փոքր արյան մեջ:

Եվ դիմացինի անզեն լինելն է,  որ գայթակղում է օրինազանցին՝ իր հարևանին հոշոտելու,  իսկ արտաքին թշնամուն էլ՝ թույլին գենոցիդելու:
Հասկանում եմ, որ սույն մտքերի ընկալման գործակիցը զրոյամերձ է հայերիս մեջ, ինչևէ…

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

вторник, 10 апреля 2018 г.

Գողություն՝ սեփական դիմումի համաձայն


Կառավարությունը նախագիծ է ներկայացրել՝ ՀՀ նախագահի աշխատակազմի ենթակայության «Կոնդի առանձնատների տնտեսություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության հաշվեկշռում ամրացված՝ 6-րդ մասնաշենքի մեջ մտնող շենքը եւ շինությունները՝ 1.5365 հա սպասարկման տարածքով, հետ վերցնել պետական հաշվեկշռից եւ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել ՀՀ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպես բնակարան:

Ըստ այդմ՝ հանձնարարվել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, կառավարության աշխատակազմի ղեկավարին եւ ԱԱԾ տնօրենին՝ ապահովել օրենքով սահմանված մնացյալ երաշխիքների տրամադրումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր դիմումի հիման վրա։ Որոշումն ուժի մեջ մտավ երեկվանից։

Այսինքն՝ Սերժ Սարգսյանը դիմում է գրել՝ պահանջելով պետության հաշվեկշռից օտարել եւ անհատույց իրեն տրամադրել կառավարական հսկա առանձնատունը:

Եթե անգամ գործում է պաշտոնաթող նախագահի՝ պետությունից անհատույց բնակարան ստանալու կարգը, եւ Ս. Սարգսյանը կարող է իր համար բնակարան ընտրել, ի՞նչ սկզբունքով է այդ հսկայական առանձնատունը յուրացնում: Ընդ որում, նրա ընտանիքն ամենեւին մեծ չէ. երկու հոգի են՝ ինքն ու կինը:

Օրինակ, տասը երեխաների մայր Ծաղիկ Վարդանյանը տարիներ շարունակ դիմում է տարբեր գերատեսչություններին՝ իր մեծ ընտանիքին բնակարան տրամադրելու խնդրանքով, սակայն ոչ մի արձագանք: «Ի վիճակի չենք բետոնե հատակին քնել, դժվար է: Մի ննջարանում երկու աղջիկներս երկու ծեր տատիկների հետ են քնում, երկու երեխաներս էլ հատակին են քնում»,- հիմնավորում է կինը բնակարան ունենալու իր ցանկությունը:

Հայաստանում, ըստ պաշտոնական վիճակագրության, մոտ 7400 բազմազավակ ընտանիք կա։ Մոտ մեկ միլիոն բնակչություն ունեցող Երեւանում 1200 բազմազավակ ընտանիք կա, 130 000 բնակիչ ունեցող Արագածոտնի մարզում՝ 565 ընտանիք կա: Դարձյալ պաշտոնական գնահատականով՝ այս ընտանիքիների մեծ մասն աղքատ է եւ ունի բնակարանային խնդիրներ: ՀՀ-ում  աղքատությունը 30 տոկոս է:

Նման ձեւով երկիրը կառավարող նախագահը բարոյական իրավունք ունի՞ իր կնոջ հետ զբաղեցնել հսկայական առանձնատուն:

Ընդ որում, նա չի ցանկանում հեռանալ նաեւ Բաղրամյան 26-ից: Այն դեպքում, երբ այդ հասցեն նախագահական նստավայր է: Իսկ ինքը չի հավակնում, այլ ցանկանում է դառնալ վարչապետ:

Սերժ Սարգսյանը ճարպիկ է եւ, խոշոր հաշվով, որեւէ օրենք չի խախտել: Ի պաշտոնե՝ կարո՞ղ է հավակնել բնակարանի: Կարող է: Նա էլ դիմում է գրել ու պետությունից պահանջել կառավարական առանձնատունը: Եթե հիմա նման հնարավորություն ունի, ինչու՞ չօգտվել:

Պահից օգտվելու եւ հնարավորինս ամեն ինչ կորզելու խնդիրը Հայաստանի իշխող վերնախավի դեպքում գրոտեսկի է հասել:

Սա նույն տրամաբանությունն է, որով այսօր Առինջում ունենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հոր՝ Կոլյա Ծառուկյանի անվան դպրոց եւ մոր՝ Ռոզա Ծառուկյանի անվան մանկապարտեզ: Ծնողները, փառք Աստծո, ողջ եւ առողջ են: Սակայն քանի դեռ որդին այսօր հնարավորություն ունի անվանակոչել դպրոցն ու մանկապարտեզը, ինչու՞ չանի:  Վաղը հայտնի չէ՝ կունենա՞ նման հնարավորություն:

Տարոն Մարգարյանը քաղաքապե՞տ է: Հետեւաբար նրա հայրը՝ Հայաստանի երբեմնի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, «Հայ մեծեր»-ի շարքում է՝ Նարեկացու, Կոմիտասի, Թումանյանի կողքին է: Անդրանիկ Մարգարյանին շատերն են հիշում՝ իբրեւ բարի, խաղաղ ղեկավարի: Սակայն նրա անունն է կրում մայրաքաղաքի համար 29 դպրոցը: Դպրոցի բակում նրա կիսանդրին է: Ստեփանավանի մշակույթի պալատը եւս Անդրանիկ Մարգարյանի անունն է կրում: Ճարտարագիտական համալսարանում, Հյուսիսային համալսարանում կան նրա անունով լսարաններ: Կոմիտասի անվան պանթեոնում Մարգարյանի մահարձանն ուղղակի ստվերել է Կոմիտասի, մյուս մեծերի համեստ տապանաքարերը: Տարոն Մարգարյանի տան հասցեն էլ հարմարեցված է այնպես, որ «գոլդ» համար ունենա՝ 77/7, երբ պարզ հաշվարկով Բաբաջանյան 20 է:

Սա է իշխող համակարգի փիլիսոփայությունը՝ ճարպկորեն օգտվել ունեցած լծակներից՝ անգամ ծիծաղելի լինելու գնով:

Եվ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմից յուրաքանչյուրն ունի ի՜ր այսպիսի անձնական պատմությունը:

Մամուլում լուրեր եղան, որ երկու հայ օլիգարխ ուղեւորվել են Դուբայ` հանգստանալու: Ընդ որում, հանգստանալու համար ընտրվում են ամենաթանկ հյուրանոցները, որտեղ մեկ օր գիշերելու արժեքը մեկ անձի համար մինչեւ 7000 եվրո է: Ուրիշի գրպանի գումարը հաշվելը վատ տոն է. ի վերջո, մարդն իր միջոցներով կարող է հանգստանալ որտեղ եւ ինչպես ցանկանա: Պարզապես այն մարդիկ, ովքեր կարող են իրենց թույլ տալ շքեղության նման գրոտեսկային աստիճան, որը պայմանավորված է ոչ թե փողի քանակով, այլ չհղկված ճաշակով ու վատ դաստիարակությամբ,  Հայաստանի ներքաղաքական կյանքում ունեն լուրջ դերակատարություն:

Եթե բարձրաստիճան պաշտոնյան, զինվորականը թուլություն ունի շքեղությունների հանդեպ, եթե նա տուն է կառուցել Հաղթանակ զբոսայգու կտրված անտառի տարածքում, եթե նա յուրացնում է պետական ունեցվածքը՝ կառավարական տունը, այդպիսի պաշտոնյաները չեն կարող գրագետ պետություն ղեկավարել: Առավել եւս, եթե քո ղեկավարած երկրում մարդկանց 30 տոկոսն աղքատ է, եթե բազմազավակ ընտանիքներ բնակարանի կարիք ունեն, իսկ դու պետությունից թռցնում ես պետության սեփականությունը, ապա դա ունի մեկ անուն՝ յուրացում: Սա էլիտար, պրոֆեսիոնալ գողություն է՝ առանց մատնահետքերի: Այլ է երեք անչափահաս երեխաների եւ բանակում ծառայող որդի ունեցող Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի դեպքը: Նա եւս գողություն է արել՝ ծանոթուհու բնակարանից 10 000 դրամ է գողացել եւ դատապարտվել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Զինվոր որդին հոսպիտալում է, անչափահաս երեխաներից մեկը հաշմանդամ է, մյուսը վիրահատության անհրաժեշտություն ունի: Նրա պատիժը կարող էր մեղմ լինել, սակայն կա «առանձնապես վտանգավոր ռեցիդիվ»՝ նա նախկինում եւս դատապարտված է եղել՝ պանիր եւ մեկ տուփ պահածոյի գողության համար:

Լիլիթ ԱՎԱԳՅԱՆ

воскресенье, 1 апреля 2018 г.

Ղարաբաղը ոչ անկախացվող է, ոչ էլ զիջվող, այն հայկական պետության մաս է


Ղարաբաղյան հանգուցալուծման մեզ ձեռնտու սցենարները մեր՝ շարքային հայերիս կողմից երբևէ քննարկված չեն եղել։ Սկսած 1990-ից  այդ ասպարեզը  իշխանությունների արտոնությունն է եղել և այդպիսին էլ մնացել է՝ չնայած անցած 26 տարիներին հիմնավորապես փոխվել են պայմանները։ Իսկ ապրիլյան կայծակնային ագրեսսիայից հետո, սույն խնդիրը դարձել է մեր ազգի ամենակենսական խնդիրը։ Իշխանությունները գնում են իրենց համար ամենաանվտանգ֊ անկախ Ղարաբաղի մոդելով, այն դեպքում, երբ այդ մոտեցումը բազմաթիվ ծանր նեգատիվներ ունի իր մեջ։

 Սույն հոդվածում ես ներկայացրել եմ իմ ալտեռնատիվ մոտեցումները։
 Հակամարտության սկզբին երևի բոլորս էինք համակարծիք, որ Ղարաբաղյան հարցը Ստալինյան քաղաքական կամայականությունների հետևանք է, և նոր մտածողության պայմաններում պետք է շտկվի հօգուտ մեզ՝ ուղղակի փաստերի ճնշման տակ: Լուծման կոնկրետ քաղաքական պատճառաբանությունը, ձևակերպումը մի տեսակ հետին պլան էր մղված:
Սովետական Միությունը փլուզվեց, բայց հարցը մնաց չլուծված:

Հետագայում, անձամբ ինձ համար, Ղարաբաղի «ինքնորոշմամբ անկախանալու» իրավունքի խնդիրը որպես միջազգային քաղաքական արգումենտ կորցրեց իր ուժը: Մտածում էի, որ եթե նույնիսկ կոնֆեդերատիվ միության ներսում այս հարցադրմամբ հարցը տեղից չշարժվեց, ապա ի՞նչ տրամաբանությամբ պետք է միջազգային հանրության աչքում մեր արգումենտները ավելի արժեքավոր դառնան ու որպես լուծման հիմք ծառայեն:

Ժամանակը ցույց տվեց, որ նույնիսկ հաղթական պատերազմից հետո էլ, hայաստանյան քաղաքական միտքը մնած քարացած, չհասկացավ փոփոխված իրադրությունը ու չթարմացրեց հարցադրումներն ըստ միջազգային քաղաքական տրամաբանության ու պահանջների:
Աստիճանաբար նաև պարզվեց, որ մեր քաղաքական կշռի չնչինության հետ մեկտեղ, «կողմնակի դիտորդի» Հայաստանի քաղաքական կեցվածքը կոպիտ սխալ ուներ իր մեջ, որը հանգեցրեց մեծ զրկանքների, ներքին այլանդակությունների և ուր որ է, ավելի մեծ ողբերգության կարող է տանել մոտ ապագայում:

Ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմի դիքորոշման պատմությունը զարմանալի զիջողական է ու անտրամաբանական: Սկզբից մենք հրաժարվեցինք Ղարաբաղը Հայաստանին միացնելու գաղափարից: Հետո հրաժարվեցինք նույնիսկ մեր իսկ առաջարկած մոդելով Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելուց: Հիմա էլ պատրաստ ենք այն լիովին վերադարձնելու Ադրբեջանին, մենակ թե սերգոջանը իբր կուշտ լինի: Եթե այսպես շարունակվի, արդյունքում Հայաստանն էլ կդառնա թուրքաբնակ վիլայեթ, չնայած սերգոջանը վաղուց է կուշտ:

Ցանկացած դիվանագետ, որը զբաղվել է Ղարաբաղի հարցով, հաստատ ծանոթ է նախապատմությանը և հասկանում է իրերի իրական դրվածքը: Իհարկե, գերտերությունների կամքով երբեմն հնարավոր են ինչ-ինչ կամայական գեոքաղաքական վերաձևումներ, ինչպիսին, օրինակ, Կոսովոյի նախադեպն էր, բայց որպես կանոն, հիմնականում հարցերը լուծվում են ըստ քաղաքական իրական ուժերի վեկտորների ու տրամաբանությունների:
Այս առումով դիտարկելով Ղարաբաղյան խնդիրը, տեսնում ենք, որ բոլորն էլ հասկանում են, որ իրականում այն արյունալի անցյալով տարածքային վեճ է երկու խիստ թշնամական հարևան ազգերի միջև:

Եթե մենք հույսերս դրել էինք դրսից հրամցվող և հետագայում էլ սպասարկվող միջնորդական լուծումների վրա, ապա պետք է ինքներս էլ միջնորդներին մատուցեինք մեզ ձեռնտու տրամաբանական, իրական համոզիչ սխեմաներ ու հիմնավորումներ: Որպեսզի նրանք հենց այդ արգումենտացիայի ուժով հայամետ լուծումների հանգեին ու այն պաշտոնապես ներկայացնեին կողմերին: Բայց նման քայլեր մենք չենք կատարել, ու չի էլ նշմարվում, թե ապագայում կանենք:

Սկզբում մենք ունեինք ռազմական հաջողության դրական արգումենտը, որը սակայն զուգորդված էր ԼՏՊ-ի տեսական, արհեստական, թույլ, անիրական, «անկախ» Ղարաբաղի սխեմայով: Քաղաքական-դիվանագիտական այդ տարօրինակ զուգորդումը՝ հաղթանակած Հայաստան-ինքնորոշվող, անկախ Ղարաբաղ մոդելը, Սովետի նոր-նոր վերացման պայմաններում, խաբուսիկ էր միջնորդների համար, ռազմական արգումենտը մեր օգտին էր աշխատում, բայց Ղարաբաղի անկախության մեր կամազուրկ պահանջը անորոշության մեջ էր գցել միջնորդներին:

Փաստորեն մենք պահանջում էինք, որպեսզի պուճուրիկ Հայաստանի վախկոտ  քաղաքական կամքով աշխարհը փոխի պետության ու պատերազմի մասին իր հիմնարար պատկերացումներն ու միկրոսկոպիկ Հայաստանի կողքին մի հատ էլ գերմիկրոսկոպիկ անկախ Ղարաբաղ սարքի:
Նրանք զարմացած էին և շարունակում են այդպիսին մնալ հիմա էլ՝ թե ինչպե՞ս կարող է անկախ ու ինքնուրույն համարվել մի տարածք, ուր ամեն ինչ հայկական է՝ ժողովուրդը, փողը, բանակը, լեզուն, բյուջեն: Եվ պետություն կոչվածն էլ Հայաստանին կպած ընդամենը մի բուռ տարածք է, որի անկախությունը նույնիսկ հենց ինքը՝ Հայաստանը չի ընդունել: Արդյունքում, դրսում լավ էլ հասկացան, որ գործ ունեն ամբարտավան, անինքնասեր, ու վախկոտ մի երկրի հետ, որը զլանում է դիվանագիտորեն ջանքեր թափել և ուղեղ բանեցնել իր հարցերը լուծելու համար:

Քոչարյանը զուտ բնազդային կողմնորոշիչներով հասկացել էր մեր դիրքի թուլությունները, բայց քանի որ զբաղված էր միայն անձնական հարստացման հարցերով, ժամանակ, գիտելիք և օգնողներ չունեցավ հարցերը քաղաքականապես մշակելու և որպես հայկական մոտեցում ներկայացնելու: Նա ընդամենը թուլացրեց Ղարաբաղի դերը որպես առանձին կողմի, ներառավ այն Հայաստանի դիրքորոշումներում, բայց իր նպատակը ոչ թե հարցի վերջնական լուծումն էր, այլ ժամանակ շահելը:
Ներկա նախագահն էլ խիստ տառապելով լեգիտիմության պակասով, խաղի մեջ մտավ առանց որևէ մշակված ծրագրի: Ավելին, Ղարաբաղյան պարտվողականությանն ավելացրեց հայկական Գենոցիդի քննարկելի լինելու հնարավորությունը ևս: Մտնելով ֆուտբոլային դաշտերը, նա չոր պարտություններով դուրս եկավ խաղերից ու հայկական բոլոր հիմնահարցերը մի փաթեթով շպրտեց միջազգային քաղաքականության աղբարկղը:

Ադրբեջանն ու Թուրքիան էլ, տեսնելով մեր այս խորը ապաշնորհությունը, տգիտությունն ու անճարակությունը, խստացրին իրենց դիրքերն ու արդեն նախապատրաստել են այնպիսի քաղաքական ելակետեր, ուր պատերազմի հրահրումը թե Ղարաբաղի և թե Հայաստանի հանդեպ, զուտ հարմար պահի հաշվարկի հարց է:

Ցավալին այն է, որ նույնիսկ այս պահին, թե իշխանությունը, թե ընդիմությունը և թե ողջ հայությունը գալիք պարտությունների դեմն առնելու ալտերնատիվ առաջարկներ չունեն: Ընդիմությունը հիպնոսված է ԼՏՊ-ի զիջողական տեսակետներով, իշխանությունը մտահոգված է միայն իր լեգիտիմության հարցերով: Մարդիկ էլ՝ իրենց ամենօրյա ապրուստի հոգսով: Իսկը Կռիլովյան հայտնի առակի նմանակով:

Գոնե հիմա՝ ծանրագույն ներքին ու արտաքին պայմաններում, փորձենք տեսնել, թե արդյո՞ք կան դրական, օբյեկտիվ արգումենտներ մեր օգտին և փորձենք դրանք դնել ղարաբաղյան և, հանդեպ Թուրքիան ու Ադրբեջանը, մեր քաղաքականության հիմքում:

1 - Մենք ունենք Գենոցիդի արյամբ շաղաղված անցյալ՝ Թուրքիայի ու իրենց սատելիտ Ադրբեջանի հետ հարաբերություններում:
Ակնհայտորեն Գենոցիդը մեր հիմնական վահանն է թուրք-ադրբեջանական նկրտումների հանդեպ և միջազգային կարծիքը մեծապես մեր կողմն է հենց Գենոցիդի ուժի ներքո։ Միջնորդներն իհարկե հայկական Գենոցիդի վրա թքած ունեն, բայց հաշտություն կնքելու նոր առաջարկներ անելիս, նրանք ուզած թե չուզած, պետք է հաշվի առնեն իրենց առաջարկների հետագա՝ գոնե ժամանակավոր կենսունակության խնդիրը:

Այս առումով մենք ունենք հիմնավոր արգումենտներ ու պահանջներ, որոնք իրականում ուժեղ են ու դժվար մերժելի: Այսինքն, եթե առաջարկը չի ծառայում թշնամության թուլացմանը, և հակառակը՝ սրում է այն, ապա այն անընդունելի է ի սկզբանե:

Այս առումով կա Մեծ Եղեռնի փաստը, կա Նախիջևանում հայերի ի սպառ վերացման փաստը, կա 1918 թվի Ադրբեջանում հայերի գենոցիդի փաստը: Կա հայերի, ողջ Ադրբեջանից բռնի տեղահանման փաստը: Կա 1988-1994 թվերի հրահրած կոտորածների ու պարտադրված պատերազմի փաստը: Կա Բուդապեշտում հայ սպայի սպանության փաստը: Վերջապես առկա է ներկայիս ադրբեջանական ու արդեն թափ առնող թուրքական անհերքելի հայատյաց հռետորիկան:

Սրանք փաստեր են, որոնք իսկապես կարևոր են միջնորդների համար: Եվ հենց սրանց մասին հայկական կողմը պետք է մշտապես բարձրաձայներ և ոչ հայանպաստ բանաձևերը մերժեր, որպես նոր գենոցիդի ու ավերածությունների տանող անիրական լուծումներ:
Բայց դա ոչ միայն չի արվել, այլ հակառակը, միչև այժմ նույնիսկ չի էլ դիտվում որպես հեռանկարային դիվանագիտական արգումենտացիա և հուսալի քաղաքական լծակ: Ձայներս կտրել, սուգը կապել ենք ու սպասում ենք թե մեր հեզիկությունը վերջ-շուտ կգնահատվի, ու մի օր Ադրբեջանը մեծահոգաբար մեզանից ձեռ կքաշի:

2 - Սովետական Միության փլուզման հետևանքով առաջացած և քաղաքական լուծում պահանջող ղարաբաղյան հարցն արդեն ոչ տարածքային ամբողջականության խնդիր է, և ոչ էլ ազգերի ինքնորոշման իրավունքի հարց: Այն երկու հարևան պետությունների մեջ էթնիկ զտմամբ տարված պատերազմի հետևանք  է:
Պատերազմը սկսել է Ադրբեջանը, իր տարածքից կոտորածով ու ավերածություններով տեղահանելով հայությանը, հարձակվել է պաշտոնապես, միջազգայնորեն ձևակերպված Ղարաբաղի հայկական ինքնավար պետության վրա: Անցած տարիներին երբևէ նրա ագրեսիաներն ու հակահայ հռետորաբանությունը չեն դադարել։

3 - Բոլոր միջնորդներն էլ գիտեն, որ իրականում պատերազմել են Հայաստանն ու Ադրբեջանը, և որ հարցը կոնկրետ հայ-ադրբեջանական հարաբերությունների առանցքն  է:

4 - Հայաստանի՝ որպես կողմնակի դիտորդի դերը ինքնանվաստացուցիչ, ազգի և սեփական սուբյեկտի հանդեպ անպատասխանատու կեցվածք է եղել բանակցային պրոցեսում:

5 - Հայաստանը երբևէ, որևէ հարցում նախաձեռնող չի եղել ու միշտ քարշ է եկել ադրբեջանական նախաձեռնությունների ետևից, սպասելով միջնորդների բարեհաճությանը։ Բանակցային գործընթացում իրեն դրսևորել է որպես դիվանագիտորեն ապաշնորհ, դանդաղաշարժ, անօգնական  մի պետություն, որի միակ նպատակն է եղել ժամանակ ձգելը, հույսը կապելով գերտերությունների շահերի զուգորդման վրա:

6 - Մենք պետք է վաղուց հրաժարված լինեինք «Անկախ Ղարաբաղ» կոչված արհեստական, պարտվողական, անպատիվ դիրքից և բաց ճակատով ներկայացնեինք մեր դիրքորոշումն ու իրավունքներն աշխարհին: Սակայն դա չի արվել, և նույնիսկ հիմա, ակնհայտ դիվանագիտական անհաջողություններից հետո էլ, դեռ նման մոտեցման անհրաժեշտությունը գիտակցված  չէ:

7 - Մեզ՝ որպես գոյության իրավունք մուրացողների, ոչ մեկը չի պաշտպանելու, հակառակը խուսափելու են մեզ հետ գործ ունենալուց, որովհետև հոգեբանորեն շատ դժվար է ուրիշի քաղաքական ու ռազմական պոտենցիալները, կամքը, գիտելիքն ու բարյացկամությունը շահագործողին հավերժ սատար կանգնելը:

8 - Պատերազմը հրահրվել է Ադրբեջանի կողմից, բայց զինադադարը պարտադրվել է Ադրբեջանին, հենց իր խնդրանքով:

9 - Այս կետերի շարքն ու խնդրի նախապատմությունը ցույց են տալիս, որ քննարկման առարկան ի սկզբանե ոչ թե անկախ Ղարաբաղի կարգավիճակի ընդունման հարցը պետք է լիներ, այլ հրադադարի հիման վրա խաղաղության պայմանագրի կնքումը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Դա չի հասկացվել, չի գիտակցվել ու չի արվել:

Իսկ ի՞նչ կունենանք, եթե այսօր, գոնե ուշացած, բաց և ոչ պարտվողական մոտեցումներն ու հարցադրումները ձևակերպենք որպես հայկական նոր դիրքորոշում:
Կարող է լինել 3 արձագանք:

Ա. Ադրբեջանը ամբողջովին մերժում է մեր նոր դիրքորոշումը, չի ընդունում իրերի նման դրվածքը ու անցնում է ռազմական հակահարձակման:

Բ. Ադրբեջանը հաշվի է առնում մեր դիրքի փոփոխությունները ու որոշ զիջումներով համաձայնվում է վերջնական պայմանագրի կնքմանը:

Գ. Ելնելով տարվող ակտիվ, իրենց համար խիստ շահեկան քաղաքական գործընթացների դրական արդյունքներից, Ադրբեջանը և Թուրքիան անտեսում են մեր նոր դիրքորոշումները, շարունակում են իրենց քաղաքական մանևրները, մինչև Հայաստանի լիարժեք քաղաքական, հասարակական կապիտուլյացիան:

Իմ կարծիքով մեր կողմից այսքան ապաշնորհություն դրսևորելուց հետո, 2-րդ տարբերակի հավանականությունը բացարձակ զերո է:
Որոշակի շանս ունի 1 տարբերակը, բայց 3-րդն այս պահին ամենահավանականն է թվում ու հենց դա էլ իրագործվում է:
Իմ համոզմամբ լռելով, պրոցեսների ետևից քարշ եկող ռեակտիվ անճարակությամբ, ու քաղաքական տգիտությամբ, հենց մենք ենք ոգևորել Ադրբեջանին և թուրքերին նման անզիջողականության:

Համադրելով եղած փաստերն ու տենդենցները, ես տեսնում եմ, որ հայկական կողմը փաստորեն օրակարգից հանել է պայքարելու, արժանավայել դիմադրելու հարցը և հույսը դրել է լրիվ հանձնվելու՝ կապիտուլիացիայի, «այնթափցիության» վրա:
Չգիտեմ, թե ինչ անուն պետք է դրվի այս կեցվածքին, բայց գիտեմ, որ ոնց էլ դա կոչենք, առաջին հեթին այն ծայրահեղ ստորացուցիչ է ու ի վերջո՝ կործանարար պետության ու ազգային պետականության համար:

10 - Հայկական մամուլում սակավաթիվ քննարկումներ են եղել այն մասին, որ  լուծումները պետք է գտնվեն հայ և ադրբեջանցի փոխադարձ փախստականների տարածքային իրավունքների բավարարման կոնտեքստում:
Կան անհերքելի փաստացի ապացույցներ, որ նախապատերազմական ու պատերազմական գործողությունների հետևանքով 400 000 հայ սպանվելով, անարգվելով, թալանվելով ու փախչելով արտաքսվել է Ադրբեջանից: 140 000 ադրբեջանցի ընդամենը մեկ պատահական զոհով, կազմակերպված լքել է Հայաստանը:
Այսինքն՝ պատերազմի պատասխանատվությունից զատ առկա է մեծ շեղում հայ-ադրբեջանական փախստականների ունեցվածքի փոխադարձ կոմպենսացման հարցում: Հետևաբար օրակարգի հարց է Ադրբեջանից արտաքսված՝ թվով 260 000-ով ավել հայ փաստականների և Շահումյանի ու Գետաշենի կորստի հետ կապված  հողային իրավունքների կոմպենսացման հարցը, որը պետք է բանակցություններում դառնար քննարկման հիմնական առարկան:

Այս արգումենտը հիմնովին փոխում է քննարկման առանցքը և հարցը շահեկան է դարձնում մեզ համար: Չգիտեմ, թե արդյո՞ք երբևէ մեր բանակցողները քննարկման դրել են այս հարցը: Միգուցե դա արվել է, բայց Ադրբեջանը բանի տեղ չի դրել այդ փաստարկը՝ հակադարձել է իբր 1 միլիոն ադրբեջանական փախստականների միֆով և համառ աշխատանքով արժեզրկել, խեղաթյուրել է նախապես մեր օգտին գրանցված  փաստարկը:

Իրականում հենց սա է բանակցություն կոչվածի էությունը՝ երբ մեկը համառորեն առաջ է տանում իրեն ձեռնտու փաստարկը՝ անկախ դիմացինի քամահրանքից, հոխորտանքից կամ ուրիշների «խորհուրդներից»: Ադրբեջանն իր բազմաթիվ կեղծիքները շարունակապես կրկնելով, հասել է բանակցային, մեր առանց այն էլ ապաշնորհ դիրքերի փլուզմանը:
Իսկ մենք էլ չկարողանալով տարբերակել մեր ուժեղ և թույլ արգումենտները, կառչած ենք մնացել կործանարար հին դոգմաներին, ոչ մի խիստ պահանջ համառորեն չենք դրել, հետապնդել և արդյունքում հասել ենք կապիտուլյացիայի շեմին:

11 - Իրականում  հիմա էլ կա բավարար փաստաթղթային հիմնավորում փախստականների հաշվով: Եվ հենց փախստականների հարցում է, որ մենք ունենք ազդու առավելություններ:
Ըստ փախստականների փոխադարձ հարաբերական թվերի, ստացվում է, որ  ողջ Ադրբեջանից տեղահանված հայերին և Շահումյանի ու Գետաշենի կորստին, անձնական ունեցվածքային կորստին (տներ հողամասեր), ու ըստ այն ժամանակվա մեկ շնչին ընկնող տարածքային իրավունքերի,  որպես փախհատուցում հասնում է մոտ Քելբաջարին, Լաչինին, Ղուբաթլիին ու Զանգելանին հավասար տարածք:

Եվ հարցն էլ կոնկրետ մարդիկ չեն, որ պետք է վերադառնան իրենց բնակության վայրերը, այլ միջպետական վնասների փոխհատուցումը: Ադրբեջանի ներքին փախստականների հարցը պետք է քննարկվի փախստականների հայ-ադրբեջանական բալանսից զատ: Այն կոնֆլիկտի էությունից դուրս քննարկման առանձին նյութ է և պետք է իր լուծումը ստանա  խաղաղության վերջնական պայմանագրից դուրս:

12 - Որպես քննարկման հիմնական առարկա, անպայման պետք է սեղանին դրվի Ադրբեջանի նախահարձակ լինելու հարցը, որպես պատերազմի հրձիգի, մեղավորի, որը պատասխան պետք է տա տասնյակ հազարավոր զոհերի, հարյուր հազարավոր խեղված կյանքերի ու ավերածությունների համար, և Թուրքիայի հետ համատեղ 25 տարի շարունակվող պատերազմի, շրջափակման, ու Հայաստանի ժողովրդին  նոր Գենոցիդի սարսափի մեջ պահելու համար։

13 - Քննարկման առարկա պետք է դառնա նաև Հայաստանի շրջափակման հարցը, որպես շարունակվող տնտեսական ավերածությունների ու արտագաղթի պատճառ է և շարունակվող պատերազմ՝ Հայաստանի դեմ:
Փաստորեն ստացվում է, որ զինադադարի պայմանագիրը նաև մեր դիվանագիտական անգործության շնորհիվ, դարձել է ընդամենը կեղծ ու խաբուսիկ թղթի մի կտոր, որով շղարշվում է շարունակվող լուռ, հյուծող և «անտեսանելի» պատերազմը Հայաստանի դեմ: Եվ որը հայաստանյան հասարակությունն ու պետությունը այլասերելու, վերջնականապես ծնկի բերելու լծակի է վերածվել:

14 - Ասվածից բխում է, որ ներկայումս Հայաստանը Ադրբեջանի հետ ոչ թե Ղարաբաղի հարց պետք է քննարկի, այլ թուրք-ադրբեջանական պատերազմի, բլոկադայի, գենոցիդի ու կեղծ զինադադարի հարցերը: Հենց կեղծ զինադադարի էությունը բացահայտելով, հրապարակավ քննարկելով ու նրա ուժը կոտրելով է, որ մենք կկանխենք սպասվելիք ֆիզիկական մեծ պատերազմը:

Չնայած մեզ համար ակնհայտ շահեկան այս քաղաքական արգումենտների ու տրամաբանության գոյությանը, արդեն 25 տարի է, հայկական քաղաքական-դիվանագիտական միտքը չի տեսնում ելքեր, չի կարողանում գտնել ու մշակել իրեն ձեռնտու կոնցեպտուալ մոտեցումներ ու առհասարակ չի պատկերացնում Հայաստանի դերը ռեգիոնում:
Լավագույն դեպքում մենք կցորդ ենք՝ Ռուսաստանի, Իրանի, նույնիսկ Վրաստանի ու ինչ-որ տեղ նաև Թուրքիայի:

Ո՞րն է պատճառը: Իհարկե, հետսովետական տնտեսական փլուզումից հետո, մասնագետների ջարդից ու արտաքսումից հետո, թալանի ու կոռուպցիայի ներկայիս կռապաշտ պայմաններում, նորմալ մասնագիտական խորաթափանց մտածելակերպը հալածելի է ու մերժելի մեզանում: Ժանտախտ համակած երկրին հատուկ մթնոլորտ է տիրում Հայաստանում: Բայց այժմ արդեն նաև մեծ ազգային աղետի շեմին ենք, վերջապես սթափվել է պետք, իրերի դրվածքը հասկանալ, ու վերակենդանանալու փորձ անել: Փորձենք գոնե տեսականորեն, գոնե թղթի վրա, Հայաստանի քաղաքական գոյության ինչ որ մոդել մշակել ու այն օգտագործել մեր ներքին ու արտաքին քաղաքական գործառույթներում:

15 - Ակնհայտ է, որ Թուրքիան բազմավեկտոր արտաքին քաղաքականություն է վարում: Մի կողմից փորձում է իր ռեգիոնալ դերն ու ազդեցությունը մեծացնել: Մյուսը անթաքույց պանթուրքիզմն է: Ներկայումս Ադրբեջանի հետ նրա ախպերական» ալյանսը հենց այդ հեռահար քաղականության բաղադրիչն է, իսկ Հայաստանի հանդեպ դրսևորած անհամաչափ ագրեսիան՝ հետագա գործելաոճի նախանշանը:

16 - Մենք պետք է վերջապես ազգովի հաշիվ տանք մեզ, որ իրականում ինքնաբավ պետական տարածք ենք ձեռք բերել: Տարածքը դա ցանկացած կայուն, վերարտադրվող պետականության հիմքն է: Եթե այն փոքր է, անռեսուրս ու շրջապատված թշնամիներով, ապա դա դեռ չի նշանակում, որ բացարձակ անպետք է ու պետք է մնա բառադիանոց, կրիմինալի ու բեսպրեդելի արգելոց:

17 - Մենք չկարողացանք նորմալ իշխանություն ու ընդիմություն կերտել : Եվ դրա հիմնական պատճառը ես համարում եմ մեր քաղաքական մանկամտությունն ու ԼՏՊ-ի բազմամյա «այնթափցիական» քարոզը: Այս հարցը շատ ավելի խորը քննարկման է արժանի, քան թե ընդիմության լիդերի հարցի քննարկումն է: ԼՏՊ-ն ձևավորել է հայկական քաղաքական մտածողություն և կոնկրետ դիրքորոշումներ, որոնք իմ կարծիքով կործանարար են եղել մեր պետականության համար և իներցիայի ուժով շարունակում են այդպիսին մնալ:

«Սերգոջանը» չէ այդ մարդու քաղաքական մտածելակերպի «գոհարը», այլ աննկատ մնացած, բայց արդեն վաղուց մեր ենթագիտակցականը թափանցած այն թեզը, թե Հայաստանի գոյությունը ոչ իրենով, և ոչ էլ որևէ այլ մի ղեկավարով է պայմանավորված: Ինքը բառացի ասել էր, որ այսօր ինքն է, վաղը մի ուրիշը կլինի: Ղեկավարները կգան ու կգնան, բայց Հայաստանը կանգուն կմնա, անկախ ղեկավարից:
Այս միտքը նա հայտնել էր դեռ 1993-94 թվերին: Մինչև հիմա էլ մեր մտքով չի անցնում, որ հենց այս թեզը կործանարար եղավ Հայաստանի համար:

Նույնիսկ այսօր էլ, այս հանգստացնող, հիպնոսացնող թեզն է առաջնորդում մեզ: Մենք մտածում ենք, որ այսօր չեղավ՝ վաղը կստացվի, վաղը չեղավ՝ մյուս օրը կլինի: Այս մեկը թալանեց, այլանդակեց, ավերեց՝ դա կարևոր չէ: Մյուսը նույնն արեց՝ ոչինչ: Չէ՞ որ Հայաստանը հավերժ է, անհաղորդ դեմքերին, ժամանակին, թալանին ու ավերածություններին: Վաղ թե ուշ լավ կլինի, առանց մատը մատին խփելու՝ հարցերը ինքնըստինքյան կլուծվեն:

Հենց այս մտածելակերպն էր, որ կամաց-կամաց դատարկեց Հայաստանը, իսկ մենք շարունակում ենք այն կանգուն համարելը: Այս թեզն է պատճառը, որ մինչև հիմա էլ, մեր բռնած որևէ գործ մինչև վերջ չի հասնում, որևէ հարց սկզբունքային գնահատական չի ստանում, որևէ պետական ու ազգային հանցագործ չի պատժվում:
Ցավալի է, բայց փաստ, որ մենք նույնիսկ անընդունակ եղանք այս կործանարար դոգման ըստ արժանվույն հասկանալու, գնահատելու և վերջապես հրապարակավ մերժելու:

18 - Ստացվում է, որ հենց իր՝ ԼՏՊ-ի հիմնադրած ախոռը ոչ միայն դեմքերի, այլ նաև սխալ, կործանարար տեսությունների ու դոգմաների ախոռ է: Եվ որ խնդիրը ոչ թե այն մաքրելն է, այլ ամբողջովին քանդել-վերացնել-խորտակելը, մեր մտածելակերպից արտամղելը:
Թե Ղարաբաղյան, թե թուրքերի հադեպ եղած, և թե ներքին հարցերում մենք պետք է անցնենք բացահայտ ճշմարիտ, իրական դիրքերի և մեր դիրքորոշումները ներկայացնենք դիվանագիտորեն ճիշտ շեշտադրված, բայց առանց կեղծ ու վախկոտ, հետին մտքերի:

19 - Հայաստանը պետք է նորովի իրավական ուժ տա 1989 թ. դեկտեմբերի 1-ի Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդի համատեղ որոշմանը՝ Հայաստանի հետ վերամիավորվելու մասին, և հանդես գա հռչակագրով,
որ Ղարաբաղը և Հայաստանը Ադրբեջանի պարտադրած պատերազմներում հաղթելով, նվաճել են որպես միացյալ ազգի՝ մեկ պետական տարածք վերամիավորվելու իրավունքը:

20 - Համաձայնության հիման վրա հռչակագիր պետք է ստորագրվի Հայաստանի և Ղարաբաղի միջև միացյալ պետություն կազմելու մասին: Հռչակագրում պետք շեշտվի, որ Ղարաբաղը և Հայաստանը Ադրբեջանի պարտադրած պատերազմում հաղթելով, նվաճել են որպես միացյալ ազգի մեկ պետական տարածք վերամիավորվելու իրավունքը:

21 - Հայաստանը պետք է ձևակերպի ռեգիոնում իր նպատակները, որպես չեզոք երկիր, խաղաղության կողմնակից և պահապան, ազատ տեղաշարժի և համագործակցության շահագռգիռ սուբյեկտ: Ներկայացնի հարևանների հետ փոխադարձաբար հարգվող սուվերենության իր պահանջները և դրանց ապահովման մեխանիզմները:

22 - Թուրքերի կողմից գենոցիդի պաշտոնական խոստովանությունը պետք է համարվի հայկական արտաքին քաղաքական գերակայություններից մեկը:

23 - Առանձին փաստաթղթով, Հայաստանը նախապես պետք է հայտարարի նաև ներքին հումանիտար արտակարգ դրություն մտցնելու մասին, թուրքերի շարունակվող գենոցիդային քաղաքականությունից իր ազգային գոյությունը պաշտպանելու նպատակով:

Այս հոդվածը գրելիս մտածում եմ այն սարսափի մասին, որը կհայտնվի շատ ու շատերի դեմքին: Հասկանալի է, որ 26 տարվա, մինչև մեր ուղն ու ծուծը հասած դոգմա է կասկածի տակ առնվում: Նաև առաջարկվում է որոշ տարածքների վերադարձ՝ կենսունակ պետականության կերտելու ակնկալիքով։ Հետևաբար բնական է, որ այս մոտեցումները կյանքի կոչելու հավանականությունը շատ փոքր կլինի: Դրանք խիստ մերժելի և անընդունելի կլինեն ԼՏՊ-ի և նրան կուրորեն հարողների համար, արտգործնախարարության հին, պարտվողական դրվածքները յուրացրած չինովնիկների համար: Մերժողները մի գուցե մարդկանց 90 տոկոսից էլ ավել լինեն, որովհետև դրանց շարքերում կլինեն նաև նրանք, ովքեր մտածում են, թե Ղարաբաղն էլ, ղարաբաղցիներին էլ ետ տանք, միայն պրծնենք ներհայաստանյան այս մղձավանջային իրականությունից:
Ես հասկանում եմ, որ կուրծք ծեծող հայրենասերների համար նման մոտեցումն անընդունելի է, բայց և ճակատում ֆոտոսեսիաներ անող գեներալների, համատարած բարոյալքման ու թալանի, կործանվող պետականության պայմաններում նման կրքերը հանդարտեցնել է պետք իրականության հետ հաշվի նստելու անողոք փաստերով։

Ցավոք սրտի, այսօր մեզանից շատ մեծ զիջումներ կորզելու գայլային ախարժակ է կուտակված թուրքերի քաղաքական մտահորիզոններում - և հեշտ լուծումներ արդեն իսկապես չկան:
Ինչևէ, շարունակելով ասելիքս, նշեմ, որ այս մոտեցումները կյանքի կոչելու համար առաջին քայլով պետք է մեր ներսում իրար հետ լեզու գտնելու պայմաններ ստեղծվեն: Այսինքն՝

24 - Ներքին արտակարգ հումանիտար դրություն հայտարարելու համար զուգահեռաբար պետք է թուլացվի ներքաղաքական լարվածությունը:
Մի կողմից պետք է կալանավորվեն մարտի մեկի բոլոր մեղավորները, ազատ արձակվեն քաղաքական բանտարկյալները, ոստիկանությունը և բանակը պետք է հեռացվեն քաղաքական ասպարեզից: Բայց զուգահեռաբար պետք է Հայաստանից արտաքսվի նաև ԼՏՊ-ն:

Հին հույների օստրակիզմը այս դեպքում խիստ տեղին կլինի: Քչերը գիտեն, որ օստրակիզմի են ենթարկվելիս եղել միայն քաղաքական մեծ ազդեցություն ունեցող այն գործիչները, որոնց շարունակվող քարոզները անհամատեղելի են եղել երկրի պետական շահերին:
Ներկայիս հայկական թե ներքին և թե արտաքին քաղաքական կյանքի համարյա բոլոր ստանդարտները դրվել են ԼՏՊ-ի կողմից: Այդ մարդը սխալ դուրս եկավ թե ներքին և թե արտաքին հարցերում: Չի կարելի շարունակել նրա կործանարար ուղենիշերի քարոզը:

Ժողովուրդը թե՛ ներսում և թե՛ դրսում պետք է հասկանա, որ կանգնած ենք պետականություն կորցնելու ու ֆիզիկական մեծ կորուստների նախաշեմին և պահանջվում են կտրուկ քայլեր:
Ներկայումս ասպարեզում բավարար բազմակարծություն ու տեսակետներ կան մեր անելիքների շուրջը: Շատ բան մակերեսին է, ընդունելի թե իշխանություններին և թե հասարակությանը: Բայց ոստիկանական անիմաստ ծայրահեղությունների, մի քանի անպիտանների պնդաճակատության, ագահության, տգիտության, ինչպես նաև ԼՏՊ-ի արհեստամտության պատճառով, ազգովի դարձել ենք մտածելու, գործելու և համագործակցելու անընդունակ:

Ի տարբերություն իշխանությունների, հասարակությունը ունակ է դեռ ներելու և պաշտպանվելու արտաքին վտանգից: Բայց անկարող է որևէ քայլ նախաձեռնելու, քանի որ ներքին կապանքներն ու վախն են պատել մեզ:
Սա բացահայտ անտրամաբանական իրավիճակ է: Անհնար է, որը ներսում ստրկացված, անարգված ժողովուրդը միավորվի ու հաղթի արտաքին թշնամուն: Այժմ մեր առաջին խնդիրը դա ներքին հասարակական, աշխարհայացքային ընդհանուր համաձայնության գալու հարցն է:
Ներկա պահին մեր կորուստների դեմն առնելու հնարավություն ունեցող միակ մարդը դա պետական լծակներին տիրապետող երկրի նախագահն է: Ինքը վերջապես պետք է վեր կանգնի իր լեգիտիմության վերականգման սին հույսերից ու գործով զբաղվի - աշխարհին հրամցնի, պարտադրի մեր՝հայկական կողմի ճշմարտությունը:

25 - Ասվածից հետևում է, որ վաղը, գործը վերջնականապես տապալելուց հետո, միակ պատասխանատուն ու մեղավորը ներկայիս նախագահ Սարգսյանը պետք է համարվի: Եվ այս պնդման հիմնավորումն էլ ավետարանի վրա հնչեցրած իր նախագահական երդումն է, որի և ոչ մի կետը չի կատարել:
Հայաստանն այժմ մեկ մարդու ցուցամատով շարժվող երկիր է, և անիմաստ է մեր ներքին ուժային դաշտերում այլ գործոններ ու բարդություններ փնտրելը: Եթե գործող նախագահը ունակ չէ հասկանալու նախագահական պաշտոնի ոչ միայն փառասիրական, այլ նաև պատասխանատվության կողմերը, քաջություն չունի իր դիրքով պարտադրված անհրաժեշտ ներքին ու արտաքին քայլերն անելու, ապա պետք է անհապաղ հրաժարական տա:

26 - Պետք է փաստվի նաև, որ պարտվողական, զիջողական, այնթափցու մտածելակերպը, դա 100 տարի առաջվա թուրք ենիչերուց կյանք մուրացող և թուրքի խորամանկությամբ իր քսակը կամաց-կամաց դատարկող ապագա զոհի մտածելակերպն է: Պայքարելու, դիմադրելու փոխարեն մասնատվելով, փախչելով, եկեղեցում խմբով այրվող, նահատակվող զոհի մտածելակերպն է:
Այն թշվառի մտածելակեպն է, որը ունակ չէ ընկալելու կյանքի իրավունքը հաղթելով ու ստիպելով նվաճելու փիլիսոփայությունը:

27 - Եվ այսօր էլ, ի հեճուկս առողջ տրամաբանության ու նախորդ արյունալի փորձի, երեկվա նահատակվող, փրկություն մուրացող անհատ հային փախարինելու է եկել արդեն պետական, ազգային, հասարակական մակարդակով, թուրքից գոյության իրավունք մուրացող մի քանի միլիոնի հասնող հայությունը՝ ի դեմս Հայաստան պետության:
Սրան ի՞նչ ասենք, ի՞նչ որակում տանք: Ի՞նչ չլսված, նոր, անհայտ պաթոլոգիա է սա:
Ինչ որ է, շարունակեմ կոնկրետ ասելիքս:

28 - Պետական և ազգային վերակողմնորոշման հարցում իրենց անելիքն ունեն նաև փողատեր դարձած ու ակամա քաղաքականություն մտած օլիգարխ կոչված մեր անգրագետ ու հոռի տղերքը: Սրանք էլ պարտավոր են իրենց հաշիվ տալու, կեսաբանականից գոնե մի քայլ դեպի մարդկայինը բարձրանալու, համակերպվելու հասարակական օրենքներին և կարգ ու կանոնին:

29 - Իրենց հեռատես համարող շատ ու շատ հայտնի դեմքեր, հաճախ կրկնում են այն թեզը, թե իբր եթե Ադրբեջանը հնարավորություն ունենար ու համոզված լիներ իր հաղթանակի մեջ, ապա վաղուց պատերազմի գնացած կլիներ:
Սա մեր քաղաքական տկարամտության հերթական ցայտուն ապացույցն է: Քաղաքականության մեջ գոնե տարրական գիտելիքների տիրապետող պետությունը գիտի, որ տգիտություն է բացահայտ պատերազմի դուրս գալ արագորեն դատարկվող երկրի ու ինքնահոշոտվող ազգի դեմ: Շատ ավելի ռացիոնալ է հոգեբանական պատերազմը՝ մինչև ինքնահոշոտման պրոցեսն ավարտվի ու տարածքը նվաճվի առանց դիմադրության, բնակիչների ու միջազգային գլխացավանքների:

Մենք 22 տարի ունեինք «երկրից» պետություն կառուցելու։ Փոխարենը կերտեցինք  Ռուսաստանի խամաճիկ դարձած ապասուբյեկտային մի բդեշխություն։ Եթե շարունակվելու է կեղծ ազգասիրական բրավադան՝ հօգուտ պարբերաբար կրկնվող հարյուրավոր զոհերի ու ազգային նվաստացումների, ապա դրա վերջն էլ Հայաստանի կործանումն է լինելու։

30 - Կարծում եմ, ժամանակն է, որ Հայաստանում ռազմականը, դիվանագիտականը և մնացած բոլոր մասնագիտական ասպարեզները դիտվեն որպես համապատասխան գիտելիքների, ունակությունների, և իրավասությունների դաշտեր և դրանցով զբաղվեն իրոք մասնագետները:
Ժամանակն է, որ իշխանության վերին դիրքերին հասած մարդիկ իրենց դիրքին հարիր փոքր ինչ փիլիսոփայական խորություն մտցնեն իրենց աշխարհայացքի, պարտականությունների ու գործելաոճի տրամաբանության մեջ և հասկանան, որ քանդելու համեմատ շատ ավելի մեծ է արարման բերկրանքը, հոշոտելու համեմատ շատ ավելի հոգեզմայլ է օգնության վեհությունը, անիծվելու համեմատ առավել հարգալից է օրհնվելու և դրանով փառավորվելու հեռանկարը:
Եվ առհասարակ, ժամանակն է բոլորիս հասկանալու, որ ներկայիս ներհայկական ոհմակային վերաբերմունքը մեկս - մեկու հանդեպ անիմաստ վայրենություն է, որևէ կերպ չարդարացված և արդյունքի չբերող դաժանություն:

Շատերը կհարցնեն՝ իսկ ի՞նչ ենք անելու, եթե ի պատասխան մեր դիրքի կոշտացման, Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին գնա հարձակման, գրավի Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ և գենոցիդի մի նոր գեհենի մեջ մտցնի մեզ։
Տեսականորեն սա էլ հնարավոր ելք է: Բայց իրականում շատ ու շատ  ավելի քիչ հավանական, քան մեր դիվանագիտական հաղթանակը կարող է լինել դիրքորոշումների փոփոխության դեպքում:
Քաղաքականությունը, դիվանագիտությունը, պատերազմը միշտ էլ ռիսկային անորոշության էլեմենտ ունեն իրենց մեջ: Հարցը ոչ թե ամեն պահի զիջմամբ պատերազմից, կործանարար ելքերից խուսափելն է, այլ նաև ճակատագրին ձեռնոց նետելը և հաղթելու շանսը օգտագործելը:
Պատմությունը դա ազգերի պայքարի դաշտ է: Անհնար է այդ դաշտում գոյատևել առանց ստեղծագործելու, կռվելու, պայքարելու, դիմադրելու, հաղթելու և պարտվելու:
Հաղթանակը  ապահովվում է իմաստությամբ, խելքով, կամքով և որ կարևորն է, նաև հարձակմամբ: Պարտությունը դա տգիտության, անճարակության, ապաշնորհության և միայն վերջին հերթին, նաև ֆիզիկական թուլության հետևանք է:

Ոչ ես և ոչ էլ մեկ ուրիշը չենք կարող հաշվարկել կամ գուշակել որևէ տեսական հարցի կամ սցենարի ճշգրիտ պատասխանը: Հենց այդ պատճառով էլ, ես հարցերը քննարկել եմ արդեն գրանցված արդյունքների հիման վրա: Եղած փաստերն ու արդեն գծագրված հետագա տենդենցները ցույց են տալիս, որ մենք գնում ենք դեպի կապիտուլյացիա: Ես չգիտեմ, թե ինչով է տարբերվելու դա իրական ֆիզիկական պատերազմում պարտվելուց:

Ներկայում մեր հիմնական և միակ անելիքը դա սպասվող արհավիրքները ժամ առաջ հասկանալն է և դրանցից խուսափելը (կրկնեմ՝ խուսափելը, այլ ոչ թե զիջելը): Թե ինչ մարտավարություն և գործելակերպ կընտրվի, դա արդեն կախված է այն բանից, թե ինչ կասեն հայ քաղաքական ու իշխանական «ասպետները», ժողովուրդը։
Կպայքարենք, կդիմադրենք, կռիվ կտանք՝ արդյունքի կհասնենք:
Անկախ վաղվա օրվա դրական կամ բացասական արդյունքներից, հիշենք, որ այսօր ոչ մեկը մեզ չի խաբում, և որ մենք՝ ինքներս ենք մեզ ինքնախաբում:

Ապրիլյան պատերազմից հետո միացյալ Ղարաբաղ-Հայաստանյան դիվանագիտական, ռազմաքաղաքական կեցվածքը միակն է, որը հնարավորություն կտա Հայաստանին բանակցել Ադրբեջանի և թուրքերի դեմ՝ միաժամանակ սեղանին դնելով  հայկական պետականության գոյության հարցը դրանց երկուսի արանքում։
Իսկ ներկայիս «Անկախ Ղարաբաղով» հարցին ներկայանալը ոչ միայն Ղարաբաղին, այլ Հայաստանին կործանման կտանի։

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Աղբյուրներ՝

суббота, 31 марта 2018 г.

​Բոլոր լավերը գնացին պատերազմ, մենք այս գելուգազանի ձեռքը մնացինք. Ժաննա Գալստյան


Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ «Անկախին» իր հուշերն է պատմում ազգայնական, Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից Ժաննա Գալստյանը։

60-ականները՝ պարարտ հող 88-ի համար

88-ը միանգամից հո չստացվե՞ց։ Դա եկավ 60-ական թվականների զարթոնքից: Երբ պատերազմից հետո մի քիչ խաղաղվեց, մեր փառավոր մտավորականությունը մտածեց իր հաջորդ սերունդը կերտելու մասին՝ ողջ ուժերը ներդնելով լավագույն սերունդ ստեղծելու գործում: Պետք էր կրթել բազմակողմանիորեն զարգացած սերունդ, քանի որ պատերազմն իր սև գործն արել էր, «հնձել» էր: Եվ այդ կրթությունն արդյունք տվեց, այլապես չէր լինի 65 թիվը:
Եթե հայրս քաղբանտարկյալ եղած չլիներ, եթե հայրս Կարինից, մայրս էլ Կարսից չլիներ, դժվար թե ես ես լինեի: Ինձ թվում է, որ շատ բան դրանից է գալիս:

Ես անկախականներից Խաչիկ Սաֆարյանի խմբում էի: Մենք թռուցիկներ էինք բաժանում: Թռուցիկ բաժանելիս թաղամասի բոլոր բնակիչների փոստարկղում թռուցիկ գցեցի, բացի մերինից: Հայրս անմիջապես գլխի ընկավ: Բայց բարկանալու փոխարեն ինձ աջակցեց, ասաց. «Ինչքան ուժ ունեմ, կօգնեմ»։ Նստած-ելած մարդը մնում էր էլի նույն ազգայնականը:
65 թվին ես ուսանող էի, Պոլիտեխնիկում էի սովորում։ 65 թվին պատրաստվել էին բոլոր ինստիտուտները: Նույն միտինգն էր, ինչ 88-ի մեր միլիոնանոց միտինգը։ Այդտեղից սկսվեց 88 թիվը, եթե դա չլիներ՝ շարունակությունն էլ չէր լինի:

Անկախական խմբերի ղեկավարներին ազատազրկելուց հետո տարբեր ակադեմիական ինստիտուտներ ստորագրահավաք էին կազմակերպում Ղարաբաղի համար: Դժվար էր, հիմնարկից հիմնարկ էինք անցնում, մարդկանց իրազեկում ու համոզում, որ ստորագրեն: Շատ-շատ էին ստորագրություններ հավաքվում՝ մեկ անգամ չէ, երկու անգամ չէ:
88-ը որ սկսվեց, այդ ժամանակ ես Վազգեն Մանուկյանի ազգայնական խմբում էի: Մենք գնում էինք Հայաստանի վանքերն ուսումնասիրելու և այդ ընթացքում ժողովրդի հետ ազգային արժեքներից էինք խոսում, շեշտադրում այն միտքը, որ ազգային հարցերի շուրջ պետք է միասնական լինենք:

87-ին ստեղծվեց գոյապահպանական շարժումը, որն ի սկզբանե էկոլոգիական էր: Ես այդ շարժմանն էլ էի մասնակցում: Ընդհանրապես մասնակցում էի ամեն ազգային միջոցառման, որտեղ կարող էի օգտակար լինել:

Կարծում եմ, որ այդ շարժումը պատահական չէր, դա նախապատրաստական փուլն էր: Գոյապահպանական շարժումը մեխանիկորեն վերափոխվեց Ղարաբաղյան շարժման, նույն մարդիկ էին, բոլորը մտավորականներ էին: Սկզբում հարթակում Իգոր Մուրադյանը և Վաչե Սարուխանյանն էին: Բայց շուտով նրանց տապալեցին։ Երբեմն ասում են, որ Վազգեն Մանուկյանի խումբը դա արեց։ Բայց այդպես չէ։ Ինձ թվում է, որ ԿԳԲ-ն էր: Նրանց տապալումից հետո հարթակի վրա հայտնվեց Վազգեն Մանուկյանը մեր խմբով, և սկսվեց պրոցեսը:

Ես այն ժամանակ մի գիտատեխնիկական ընկերության տնօրենն էի, ուստի աջակցեցի, որ «Տեխնիկայի տուն» գիտատեխնիկական ընկերության բոլոր հիմնարկներում կոմիտեներ ստեղծվեցին: Հետո Ղարաբաղի «Կռունկ» կոմիտեի հետ կապ հաստատվեց:

Մասնակցությունը շարժմանը

1988-ի սեպտեմբերի սկզբին Լինինականի «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավար Ավետիք Ավետիսյանի հետ գնացինք Ստեփանակերտ։ Հենց հասանք՝ Կրկժանի դեպքերը սկսվեցին, մեզ չէին թողնում մտնել քաղաք: Մեզ գաղտնի քաղաք տարան ու թաքցրեցին հյուրանոցում: Ավտոբուսով օգնության շտապողներին ճանապարհին կրակել էին։ 30 հոգի ընկան հիվանդանոց: Շրջապատել էին հիվանդանոցը, ոչ ոքի ներս չէին թողնում: Ինձ բուժքրոջ հագուստ հագցրին, ու ես ներս մտա, սկսեցի մարդկանց ցուցակագրել, իրավիճակն արձանագրեցի ու դուրս գալուց հետո զանգահարեցի Երևան` Բաբկեն Արարքցյանին: Դրանից հետո հայտարարվեց պարեկային ժամ: Շուշին դատարկվեց, փախստականներին տեղավորեցին Ստեփանակերտի հյուրանոցում: Մարդիկ հազիվ երեխաներին գրկել ու վազել էին: Օգնում էի փախստականներին տեղավորելու գործում:

Այդ երեկո Ստեփանակերտում կազմակերպվեց թուրքերի տները վառելը. հայտնի է՝ եթե թուրքի տունը վառես, էլ հետ չի գա։ Ներքին ցավով էինք նայում վառվող տներին: Բայց շուշեցիներից ոչ ոք չգնաց այդ տներում ապրելու, թուրքի տուն չմտան:
Օդանավակայանը փակ էր, մի շաբաթ մնացինք այնտեղ: Հետո ինչ-որ գաղտնի ուղղաթիռ էր Երևան գնում, դրանով վերադարձանք։

«Ղարաբաղ» կոմիտեի նիստերը հաճախ իմ տանն էին տեղի ունենում։ Իմ տանն էին ապաստանել նաև դեռ սովետական կարգերի օրոք ռազմական գործողությունների դիմած մի քանի ազատամարտիկներ։ Հետո Սումգայիթից մի ընտանիքի հյուրընկալեցի, այնուհետև՝ Բաքվից։ Մի խոսքով, այդ ամբողջ տարին իմ տանը չեմ ապրել, մորս տուն էինք տեղափոխվել։

Երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ձերբակալեցին, պետք էր երկրորդ կազմի և «Կռունկ» կոմիտեի միջև կապն ապահովել, ես կոնտակտներ ունեի, զանգեցի, այնտեղից մարդ կանչեցի: Այդ ժողովն էլ իմ տանը տեղի ունեցավ։ Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, միտինգները նորից շարունակվեցին:

Պայքար օրե՞նքի շրջանակներում

Մեր պայքարն այն ժամանակվա Սովետական Միության օրենքի շրջանակներում չէր։ Բայց քանի որ պայքարում էր ամբողջ ժողովուրդը, օրենքն արդեն չէր գործում: Մենք 88-ին արդեն գիտեինք, որ Սովետը քանդվում է: 85 թվից էր սկսել քանդվել։ Այն ժամանակ գաղտնի տեղեկացա, որ Մոսկվայից մի գործիչ արցախցիներին հուշել էր, որ քանդման հեռանկար կա, կողմնորոշվեն, թե ինչ են ուզում: Մենք գիտեինք այդ մասին, վախ չկար: 88-ին արդեն տեսանելի էր, որ հարցը զենքի ուժով է լուծվելու։ Լեոնիդ Ազգալդյանը մի անգամ եկավ միտինգի, վերջում ձեռքը թափ տվեց, ասաց՝ ահ, զավզակություն է, ու այլևս չեկավ։ Ինքը զենքի հարցով էր զբաղվում, գաղտնի զենք էր արտադրվում։ Մեր տանը, քանի որ որսորդական հրացան ունեինք, տնեցիներով փամփուշտներ էինք սարքում հենց որսորդական հրացանների համար։ Տեխնոլոգիան սովորել էինք, հարյուրներով էինք սարքում։

Թացն ու չորը խառնված

Պրովոկացիաներ շատ եղան, հատկապես Վանոն շատ արեց։ «Ղարաբաղ» կոմիտեում կային մարդիկ, որոնք ընդհանրապես չգիտեին, թե ինչ ասել է ազգային գործ: Դրանցից մեկը Վանոն էր: Պատահական էր հայտնվել շարժումում։ Մինչ այդ ո՛չ աշխատանք ուներ, ո՛չ զբաղմունք, այստեղ-այնտեղ ման էր գալիս, որ իրեն սուրճ հյուրասիրեն:
Կամ Սամվել Գևորգյանը, Խաչիկ Ստամբոլցյանը ինչպե՞ս էին հայտնվել շարժման մեջ։ Մարդիկ աշխատում են տաք տեղ խցկվել։ Եվ դա կործանեց մեզ, որ սելեկցիա չարեցինք: Պետք է կողքիդ միայն վստահելի մարդկանց պահես, ոչ թե պատահական մարդկանց:
Մի անգամ Ռաֆայել Ղազարյանին, որի հետ շատ մտերիմ էի, հարցրի. «Այ Ռաֆիկ, Լևոնն ի՞նչ գործ ունի կոմիտեում»։ Նա էլ թե. «Ասացին թող Մատենադարանի աշխատող էլ լինի շարժման մեջ»: ԿԳԲ-ն էր արել: Ես ու Լևոնը չենք սիրել իրար: Իսկ մեր ծանոթությունը Սումգայիթի դեպքերից հետո է եղել։

Սումգայիթից հետո փախստականներին տեղավորել էին Աղվերանի պանսիոնատում ու ճանապարհները փակել, որ որևէ մեկը նրանց հետ չշփվի և տեղի ունեցածի մասին որևէ նորություն, ինֆորմացիա չտարածվի:

Փակ էր, բայց մեզ ինֆորմացիա էր պետք: Մատենադարանում էլ Սումգայիթի փախստականների համար մեծ ծավալով օգնություն էր հավաքվել։ Մատենադարանի փոխտնօրեն Վարդան Գրիգորյանին ասացի. «Ձայնագրող ու նկարահանող սարք պատրաստիր, մենք կգնանք Աղվերան»։ Մտա մի հիմնարկի տնօրենի մոտ, որտեղ շատ մեծ հեղինակություն ունեի, ասացի. «Ինձ մի մեքենա է պետք, որն անարգել կգնա Հայաստանի ցանկացած մաս»: Մեքենան անցագրերի հետ միասին տվեց։ Հավաքված օգնությունն Աղվերան հասցրեցինք։ Այդ մարդիկ զարմացել էին, որ կարողացել էինք իրենց մոտ հասնել, բոլորը բակ իջան, մի մեծ գրկախառնություն ստացվեց, բոլորս հեկեկում էինք։
Հետո մի սենյակում առանձնացանք, ու մարդիկ հերթով պատմում էին եղելությունը։ Մենք դողում էինք այդ սարսափելի պատմություններից։ Այդ ինֆորմացիան հասցրեցինք թե՛ կոմիտեին, թե՛ միտինգի մասնակիցներին։

Երևան վերադառնալուց հետո ինձ զանգում է Վարդան Գրիգորյանը և տեղեկացնում, որ ինձ ուզում է տեսնել Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահը։ Դա առաջին ծանոթությունս էր Լևոնի հետ։ Սենյակում սպասում էի, երբ վանող արտաքինով մի տղամարդ ներս մտավ։ Բարևեցի։ Ասաց. «Դուք շատ քաջ կին եք»։ Երևի ԿԳԲ-ն մեջը խոսեց, մինչ այդ որևէ մեկը նման ձևակերպմամբ չէր գնահատել արարքս։ Ակամա վտանգ զգացի։ Ասացի. «Չեմ կարծում, որ դա քաջություն է, այլ պարտականություն է»։
Զարմացել էի, թե ինչպես է այդ ակտիվությամբ աչքի չընկած մարդը դարձել Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահը, մինչդեռ այդտեղ բազմաթիվ ակտիվ ընկերներ ունեի, որոնք արժանի էին այդ պաշտոնին։

Հետո Լևոնը մտավ նաև «Ղարաբաղ» կոմիտե, և դրածոն արդեն ներսում էր։ Դրանից հետո բանտարկեցին նրանց։ Թվում էր, թե իսկապես բանտարկություն է, բայց դա բանտարկություն չէր։ Տարան, մշակեցին բոլորին, մի մասը մշակվեց, մի մասը՝ ոչ։ Ռաֆայել Ղազարյանին, Վազգեն Մանուկյանին, օրինակ, մշակել չէին կարող, նրանց կարող էին վախեցնել։ Կային մարդիկ, որոնք մշակվեցին։
Ճիշտ է, «Ղարաբաղ» կոմիտեն բանտարկությունից ազատվեց, բայց նրանց հետագա գործողություններն ադեկվատ չէին։

Ինչի համար էինք պայքարում և ինչ ունեցանք

1990 թվականի ընտրությունների ժամանակ Տեր-Պետրոսյանը չի ընտրվել, ստիպված են եղել կեղծիքների դիմել։ Շենգավիթում էր առաջադրված։ Դզեցին, փչեցին, անցկացրին։ Իսկ ազգային ժողովում արդեն իր կողքին հավաքեց իր համախոհներին, ու գնաց աթոռակռիվը։ Այն լավագույն տղերքը, որ պիտի ստեղծեին իշխանությունը, գնացին պատերազմի դաշտ, որովհետև ավանտյուրա էր, ինչքան խուժան կար, գնում էր այնտեղ շահելու: Թալանում էին թուրքերի տները, լուրեր կային, որ զենք են գողանում ու միմյանց վրա վաճառում։ Նման երկու խումբ էր բռնել Լեոնիդ Ազգալդյանը։

Երբ Մովսես Գորգիսյանը եկավ ու հայտարարեց՝ վաղը գնում է պատերազմ, իրեն մեր հին ընկերներով շատ համոզեցինք, որ չգնա։ Ասում էինք, որ ինքն այստեղ է պետք որպես մտքի մարդ, որպես կազմակերպիչ։ Ասում էի՝ եթե բոլորդ գնաք, այն կոմունիստները, որոնց համար ազգային գործ գոյություն չունի, բոլոր աթոռները կզբաղեցնեն։ Չլսեց։ Ճար չեղավ, գնաց և սպանվեց։ Դա զոհվել չէր։ Լավ գիտեին, թե ում պետք է վերացնեն։

Որտե՞ղ թերացանք

Մեր ամենամեծ թերացումն այն էր, որ մեր մտավորականների մեծ մասը ռազմաճակատ գնաց։ Մահապարտների ջոկատում նրանք մեծ թիվ էին կազմում։ Մտավորականը պետք է մնար այստեղ, որպեսզի համապատասխան կառույցներ ստեղծեր։ Եթե այդ քանակությամբ ռազմաճակատ ես տանում, նշանակում է քոքը կտրում ես մտավորականության։
Բոլոր լավերը գնացին պատերազմ, մենք այս գելուգազանի ձեռքը մնացինք։ Եթե մտավոր մարդը մնար, իր տեսակը մնար, կազմակերպեր, ղեկավար դիրք գրավեր՝ այլ կերպ կլիներ։ Բայց բոլոր լավագույն տղերքը թիկունքից զոհվեցին։

Եթե նրանք մնային և աթոռներ զբաղեցնեին, այդ դեպքում Լևոնը չէր կարող չլսել մեծամասնությանը։
Մոնթեն իր հերթին, Լեոնիդն իր հերթին էր ասում՝ մենք կգանք, իրենց հարցերը կլուծենք, սպասեք Ղարաբաղն ազատագրենք, նոր։ Բայց տեսանք, թե ով ում հարցերը լուծեց։ Մտավորականը պետք է մտածի նաև թիկունքն ամուր պահելու մասին։

Շարժումը հուշերում

Երբ զինապահեստի անհրաժեշտություն առաջացավ, ինձ խնդրեցին Տեխնիկայի տան առաջին հարկը հատկացնել կոմիտեին: Բուֆետը տեղափոխեցի, տարածքը տվեցի, որ որպես զենքի պահեստ օգտագործեն: Այդ ժամանակ սահմաններում արդեն լարված էր։ Հետո Վանոն եկավ և խնդրեց, որ երկրորդ հարկն էլ իրենց տրամադրեմ։ Աշխատողներին մի սենյակում տեղավորեցի, որ տարածքը տրամադրվի կոմիտեին։ Խնդիր էր գիտական քարտուղարը, որը դեմ էր շարժմանն ու մեզ ասում էր. «Ոչխարի պես գնում եք Վանոյի նման խուժաններին եք լսում միտինգին»։ Երբ Վանոն գալիս է, սրանք երկուսով վեճի են բռնվում, միմյանց ծեծում։ Բայց հետո Վանոն մտերմացավ այս կնոջ հետ, ու միասին ինձ այլևս չէին թողնում Տեխնիկայի տուն մտնել։ Իմ ձեռքով Տեխնիկայի տունը հանձնեցի գելուգազաններին, և ես ու իմ հիմնարկի ժողովուրդը մնացինք անգործ։ Չասեմ, թե հետո այդ կնոջ ամուսինն ինչ պաշտոնի արժանացավ։

Հիշում եմ նաև մեր միլիոնանոց միտինգները. ինչպես էին տարբեր շրջաններից մարդիկ գալիս, ինչ ջերմ էին միմյանց հետ, ինչպես էին միասին հաց կիսում։
Միասնականությունը կար նաև երկրաշարժի ժամանակ։ Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին որդեգրելու համար հսկայական հերթեր էին, որ հանկարծ այդ երեխաներին արտերկիր չտանեն։ Ընդ որում, հերթի կանգնածները երեխաներ ունեցող ընտանիքներ էին։
Հետո ես երկար ժամանակ հիասթափված էի։ Այդպես էր մինչև Էլեկտրիկ Երևանը, երբ մարդիկ անգամ երեխաների հետ Բաղրամյան էին շտապում, քանի որ ցուցարարներին ծեծելու մասին լուրն էին լսել։
Դա ինձ մխիթարեց, մտածեցի՝ ուրեմն կարթնանա մեր ժողովուրդը, դեռ ամեն ինչ կորած չէ։



Կապույտ մազերով աղջկա ակամա բացահայտումները


Վերջին օրերին 19-ամյա, իր պահվածքով եւ արտաքին տեսքով հայաստանյան ու արցախյան ընդունված չափորոշիչներին չհամապատասխանող Ասյա Խաչատրյանի հետ կապված միջադեպը դարձել է սոցիալական ցանցերի գլխավոր թեման։ Քննարկումներում իրար են խառնվել մի քանի ենթաթեմաներ՝ հայաստանցի-ղարաբաղցի, նամուս-ադաթ, ոստիկանական ամենաթողություն, օրինականություն եւ անձի ազատություն, հայրենասիրություն, գենդերային խտրություն եւ այլն։ Տարիներով կուտակված խնդիրները միանգամից՝ մեկ կծիկում, դարձան քննարկման նյութ:

Իրավական երկրներում նման դեպքերը կոչվում են «քեյսեր», երբ իրավական կամ հասարակական հնչեղության որեւէ դեպք հայտնվում է հանրային բուռն քննարկումների թիրախում, որոնց արդյունքում հասարակությունը վերարժեվորում է իր աշխարհայացքը, ձեւակերպում արժեքային, իրավական նոր վերաբերմունք ու նորմեր։

Կապույտ ներկված մազերով եւ փողոցում ծխող աղջկանը գավառական քաղաքի ոստիկանները փորձում են կարգի հրավիրել իրենց բնորոշ եղանակով՝ ծեծով, նվաստացմամբ ու փողոցային հայհոյանքով, առանց օրինական ընթացակարգերը պահպանելու, ինչի հետեւանքը եղավ այն, ինչ եղավ՝ վերստին «նորոգվեց» հայաստանցի-ղարաբաղցի տարբերակումը, ինչպես նաեւ ջրի երես դուրս եկան լուծման կարոտ մի շարք իրավական խնդիրներ՝ Արցախում ՀՀ քաղաքացիների զինվորական ծառայության կարգավիճակը, հայաստանցիների պաշպանվածության հարցը Արցախում, արցախցիների եւ, առհասարակ, Արցախի կարգավիճակի խնդիրը եւ այլն։ Ու այստեղ էլ դեմ ենք առնում քաղաքական մի մեծ անօրինականության, որն դրվել էր Հայաստանի Հանրապետության ստեղծման հիմքում։

1988-ին Հայաստանի եւ Արցախի բնակչությունն աննախադեպ կերպով միավորվել էր հանրորեն ազդարարված «միացումն» ապահովելու համար։ Համաժողովրդական ճնշման հետեւանքով Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը 1989-ին Արցախի հետ ընդունեց միասնական որոշում, որով  Ղարաբաղը ճանաչվեց Հայաստանի մաս, եւ Արցախի ժողովուրդը, ըստ էության, ստանալով Հայաստանի քաղաքացիություն, 1990թ. ընտրությունների ժամանակ ընտրեց միավորված Հանրապետության խորհրդարանի իր պատգամավորներին: Այստեղ ամեն ինչ պարզ էր. այս պարագայում Հայաստանի զինվորներն օրինական կարգով կծառայեին Ստեփանակերտում, իսկ Ասյայի իրավունքների ոտնահարման հարցը լուծում կստանար հենց Ստեփանակերտում, եթե նա քաղհայցով դիմեր տեղի քաղաքային դատարան։

Ասյայի արցախյան արկածների սկիզբը դրվել էր շատ ավելի վաղ, նույնիսկ նրա ծննդից առաջ՝ 1991-ին, երբ Հայաստանում անկախություն հայտարարած երկիրը,  առանց Հայաստանի հետ Արցախի միավորման մասին որոշումն օրինական կերպով բեկանելու եւ առանց բուն Արցախի, Հայաստանում անցկացրեց անկախության հանրաքվե, իսկ հետագայում իրավաբանորեն միջազգային հարթակներում Արցախը պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի մաս: Դա տեղի ունեցավ Հայաստանի՝ ԱՊՀ կազմի մեջ մտնելու, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ին անդամագրվելու ժամանակ ստանձնած հանձնառությունների միջոցով, որոնք վավերացրել էր ՀՀ խորհրդարանը եւ որոնց բովանդակության այդ կետերին Հայաստանի քաղաքացիները տեղյակ չէին։ Ըստ էության, դա արվել էր ծածուկ, առանց Գերագույն մարմնի նախորդ որոշումը բեկանելու։

Պատահական չէ, որ հենց այդ ժամանակ՝ 1991-1992 թվականներին, առաջին անգամ հենց Հայաստանի քաղաքական ղեկավարների կողմից լսվեցին հայաստանցի-ղարաբաղցի պառակտողական հայտարարությունները։ Ըստ էության, դա կատարված քայլի արդարացման միտումով բարոյական միջավայրի ստեղծման համար էր արվում՝ ցույց տալու, որ «ղարաբաղցիներն» իրենց խնդրով հարվածի տակ են դնում Հայաստանը՝ նրան մատնելով սովի եւ հարեւան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ թշնամանքի։

Այդպիսով՝ «Մայր Հայաստանի» ղեկավարների կողմից Արցախի մեջքին հասցված հարվածը տարանջատման հոգեբանական հետեւանք առաջ բերեց։ Ասյա Խաչատրյանի դեպքը վերածվեց կուտակված փոխադարձ անվստահության կատալիզատորի՝ վեր հանելով ավելի քան քառորդդարյա անիրավությունները, որոնց ետեւում, անտարակույս, կոնկրետ խմբի քաղաքական շահեր էին թաքնված։

Ստեփան Դանիելյան

четверг, 7 декабря 2017 г.

Շուշիում հայերի կոտորածի չպարզաբանված երեք հանգամանք


Որպես նախաբան

Սրանից ուղիղ 95 տարի առաջ` 1920 թվականի մարտին տեղի ունեցավ Շուշիի հայության կոտորածը: Արցախյան և ընդհանրապես` հայկական մամուլում այս ողբերգությանը շատ են անդրադարձել, գրվել են գրքեր, հրապարակվել են ուսումնասիրություններ: Աննշան բացառություններով` դրանց հիմնական լեյտմոտիվը հետևյալն է. ադրբեջանցիներն ու թուրքերը  մեթոդաբար ոչնչացրել են Շուշիի ու շրջակայքի հայերին, անգլիացիների թողտվությամբ և աջակցությամբ փորձելով Ղարաբաղը ենթարկեցնել Ադրբեջանին:

Սույն հոդվածի նպատակը նշյալ պնդումները ժխտելը չէ: Իրոք` ադրբեջանցիներն ու թուրքերը ծրագրված ձևով իրականացրել են հայերի կոտորածները և իրոք` տարածաշրջանում անգլիական միսիան աջակցում էր Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ մտցնելու ջանքերին: Պարզապես քանի որ պատմությունը երբեք էլ չի տրվում միայն սև-սպիտակ գույներով ներկայացվելուն` կփորձենք ներառել այլ գույներ ևս: Մասնավորապես, Շուշիի կոտորածին առնչվող հայկական դիսկուրսում չկա երեք կարևոր հանգամանք: Առաջին` Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի հարաբերություններն այդ ժամանակահատվածում, իսկ ավելի ստույգ` Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ԼՂ-ի պատկանելության հարցում:  Երկրորդ` ինչու՞ են անգլիացիները Ղարաբաղի պատկանելության հարցում սատարել մուսավաթականներին, նրանք հայերի թշնամիներն ու ադրբեջանցիների բարեկամնե՞րն էին, թե՞ այդ վերաբերմունքը աշխարհաքաղաքական զարգացումների ու պլանների մի մասն էր սոսկ: Երրորդ` ո՞վ է տվել Շուշիի կոտորածի առիթը (առիթը` ոչ պատճառը), այլ կերպ` ի՞նչ էին անում հայերն այդ չարագուժակ օրը: Այս երեք հանգամանքներն ընդունված չէ մեզ մոտ քննարկել, մինչդեռ ուշագրավ շատ դրվագներ կան, որոնք կարող են լույս սփռել այս և այլ հանգամանքների վրա` հայերիս ներկա սերնդին մղելով անաչառ դիտարկելու մոտ մեկ դար առաջ կատարված անցքերը և ճշմարիտ դասեր քա ղելու դրանցից:

Արցախ-Հայաստան 

Առաջին տպավորությամբ` ի՞նչ մի նոր կամ արտառոց բան կարող է լինել այստեղ: Պարզ չէ՞, որ հայերը, Հայաստանի կառավարությունն իրենցից կախված ամեն ինչ արել են, որպեսզի Շուշիում և ողջ Լեռնային Ղարաբաղում խուսափեն կոտորածից և ապահովեն հայկական այս երկրամասի միացումը մայր հայրենիքին` Հայաստանին: Պարզվում է, սակայն, որ ամեն ինչ միանշանակ չէ այս հարցում:

Այն ժամանակներում Արցախից հնչած հայտարարություններում, ուղարկված նամակներում բավականին կոշտ քննադատություն կա Հայաստանի կառավարության հասցեին, ավելին` կա ահավոր մեղադրանք` դավաճանություն արցախցիների շահերին: Սոսկ մեկ օրինակ: 1919թ. մարտի 19-ին` Շուշիի կոտորածից ուղիղ մեկ տարի առաջ, Ղարաբաղի հայկական Ազգային խորհուրդը նամակ է հղում Զանգեզուրի և Ղարաբաղի հարցերով գեներալ-կոմիսարին, որում պատմում է արցախահայության վիճակի, Ադրբեջանի զավթողական նպատակների և Հայաստանի Հանրապետության դիրքորոշման մասին: Այն լույս է սփռում մի շարք կարևորագույն հարցերի վրա: Նամակում ասվում է, որ փետրվարի կեսերին ադրբեջանական կառավարությունը` Բաքվում անգլիական զորքերի հրամանատար գեներալ Թոմսոնի համաձայնությամբ, Ղարաբաղի և Զանգեզուրի գեներալ-նահանգապետի պաշտոնում նշանակել է դոկտոր Խոսրովբեկ Սուլթանովին:

Նույն օրերին Շուշիում կայացել է Ղարաբաղի հայերի 4-րդ ազգային համագումարը, որը ադրբեջանական ոտնձգությունների դեմ հաստատակամորեն բողոքել է տեղի անգլիական միսիային, հեռագրել գեներալ Թոմսոնին, Բաքվի հայ ազգային խորհրդին և Արարատյան հանրապետությանը: Համագումարը պարզ ու հստակ հայտարարել է, որ Ղարաբաղի հայերը երբեք չեն ենթարկվել ադրբեջանական կառավարությանը և որ նույնիսկ թուրքական կանոնավոր բանակին չի հաջողվել կոտրել իրենց կամքը: Նամակում նաև ասվում է, որ բոլոր բողոքները մնացել են ձայն բարբառո հանապատի: Ոչ նախորդ տարվա դեկտեմբերից մինչև փետրվար գործած Ժամանակավոր ազգային խորհուրդը և ոչ էլ 4-րդ համագումարի կողմից ընտրված խորհուրդը հնարավորություն չեն ունեցել ներկայացուցիչներ ուղարկել Երևան` Արարատյան հանրապետությանը տեղյակ պահելու համար կատարվող դեպքերի մասին:

Նամակում ասվում է, որ Արարատյան հանրապետությունը մինչ այժմ հանցավոր ու դատապարտելի անտարբերություն է ցուցաբերել Ղարաբաղի նկատմամբ, որը հայկական մարզերից մեկն է և որի բնակչության 90 տոկոսը հայեր են: Ղարաբաղի հայերը, ըստ նամակագիրների, վերջին երեք ամիսների ընթացքում իրենց հայացքն ուղղում են Արարատյան Հանրապետությանը, ակնակալելով, որ վերջինս լուրջ քայլեր կձեռնարկի իր ազդեցությունն Արցախում տարածելու համար, սակայն նրանց հույսերն ի չիք են դարձել, քանի որ Արարատյան հանրապետությունը բացարձակապես մոռացության է մատնել Ղարաբաղը, շատ է ուշացել Ղարաբաղի և Զանգեզուրի հարցերով գեներալ-կոմիարիատ ստեղծելու հարցում, և այդ ուշացած քայլը շատ է վնասել գործին: Նամակագիրները հայտնում են, որ ադրբեջանական կառավարությունն օրեցոր նորանոր ուժեր և մեծ քանակությամբ զինամթերք է զետեղում Խանքենդիում և այս ամենն իրականացնում է որոշակի ծրագրով ու նպատակաուղղված, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը ոչ մի միջոց չի ձեռնարկում: Թոմսոնի հրամանին հակառակ` Ադրբեջանը զորքերի տեղաշարժ է կատարում, ագրեսիվ քայլեր է անում, իսկ Հայաստանի Հանրապետությունը կատարյալ լռություն է պահպանում: Անգլիական հրամանատարությունը կապել է մեր ոտնուձեռը, ասվում է նամակում, և մենք չենք կարող ազդել Ադրբեջանի վրա, քանի որ օրինականության գերին ենք դարձել: Նամակն ավարտվում է հետևյալ կերպ. քանի դեռ ուշ չէ` Հայաստանի Հանրապետությունը պետք է լուրջ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի առաջխաղացումը կանգնեցնելու համար: Եթե ՀՀ-ն այսուհետ ևս լռություն պահպանի, ապա Ղարաբաղի հայերը դա որակելու են որպես դավաճանական քայլ` ուղղված Ղարաբաղ հայության դեմ: Նամակը ստորագրել են. նախագահ` Ե. Իշխանյան, քարտուղար` Մ. Եսայան (“Нагорный Карабах в 1918-1923 г.г.”, издательство АН Армении, Ереван, 1992. Отв. ред. – доктор исторических наук, профессор В.А. Микаелян”:

Ասել, որ Հայաստանը ոչինչ չէր անում` ճիշտ չէր լինի: 1919-ի ապրիլին Հայաստանի կառավարությունը փոխգնդապետ Արզումանյանին նշանակում է Ղարաբաղի գործերի ու կառավարման գծով բրիտանական հրամանատարության լիազորին առընթեր ներկայացուցիչ: Միաժամանակ, կառավարությունը դիմում է ամերիկյան հյուպատոսին եւ անգլիացիներին՝ պահանջելով, որ Լեռնային Ղարաբաղը չմտցվի Ադրբեջանի կազմի մեջ, եւ մարզի կառավարումը շարունակի իրականացնել Ազգային խորհուրդը: Հայաստանի կառավարությունը, մասնավորապես արտգործնախարարը պարբերաբար նոտաներ էր հղում` Ադրբեջանի արտգործնախարարին, Վրաստանի արտգործնախարարին, Մեծ Բրիտանիայի գլխավոր կոմիսարին և այլոց: Այնուամենայնիվ, չէր անում ամենակարևորը` զենք ու զինամթերք չէր ուղարկում Ղարաբաղի հայությանը և չէր կազմակերպում Ղարաբաղի հայերի զինված ինքնապաշտպանությունը, թեև ուներ դրա հնարավորությունները:

Իսկ ինչու՞ չէր անում: Տվյալ պարագայում ամենահեշտը Հայաստանի ղեկավարությանը անլրջության, անտեղյակության, անվճռականության, խնդրի կարևորությունը հասկանալու անզորության կամ պարզապես դավաճանության մեջ մեղադրելն է: Իրականում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Այն, որ Հայաստանի ղեկավարությունը գիտակցաբար զոհել էր արցախահայության շահերը` գոնե ինձ համար միանշանակ է ու կասկած չի հարուցում: Բայց կարևոր է հասկանալ, թե հանուն ինչի՞ է զոհել և ի՞նչն է գերադասել այդ շահերից: Իսկ այստեղ ուշագրավ, ուղղակի ցնցող դրվագներ կան:

Ահա թե ինչ է գրում մեր հայրենակից պատմաբան Լեոն իր «Անցյալից» գրքում. «Մենք պահանջեցինք Ահարոնյանի Ազգային Խորհրդից, որ նա Ղարաբաղի կամ Զանգեզուրի հարցը դրված ժամանակ խորհրդակցության հրավիրի մեր հայրենակցական միության ներկայացուցիչներին` իբրեւ իրազեկ մարդկանց: Մեր այս պահանջը հայոց ազգի բախտի տնօրինողը դարձած Ահարոնյանը չբարեհաճեց կատարել: Իշխանավոր էր նրա Ազգային Խորհուրդը, իսկ իշխանավորը ժողովրդի կամք չի հարցնում, այլ իր կամքն է նրան ուտեցնում: Եվ ահա Քաջազնունին, Խատիսյանը եւ Պապաջանյանը, մարդիկ, որոնք ոչինչ հասկացողություն չունեին ո’չ Ղարաբաղի, ո’չ էլ Զանգեզուրի մասին, Բաթումի չարաղետ բանակցությունների միջոցին համաձայնություն են տալիս թուրքերին, որ Ղարաբաղը պատկանի Ադրբեջանին, իսկ Զանգեզուրը` Հայաստանին…Այս մի վերին աստիճանի թեթեւսոլիկ վարմունք էր: Ես հետո ճշտորեն տեղեկացա, թե ինչ նկատառումներով էին երեք իշխանավորներն այդպիսի վճիռ տվել: Գոնե մեկի` Քաջազնունու, վերաբերմամբ գիտեմ, որ նա ունեցել է այսպիսի մի մտադրություն` լեռները տալ ադրբեջանցիներին, իսկ ժողովրդին, ինչպես առողջ եւ քաջ մի տարր, գաղթեցնել Հայաստանի տափարակ տեղերը, այնտեղի թույլ եւ ջլատված ժողովրդի հետ խառնելու եւ այսպիսով նրա արյունը վերակենդանացնելու համար: Այս մասին ինձ հետ երկար խոսակցություն է ունեցել Քաջազնունու վարչապետության ժամանակ գյուղատնտես Կամսարականը, որ այն ժամանակ մի ինչ-որ խոշոր պաշտոն էր վարում հայոց կառավարության մեջ: Ղարաբաղի հայ ժողովրդին նա նայում էր անասնաբուծական տեսակետից` գտնելով, որ նա շատ լավ արտադրող (производитель) կհանդիսանա Հայաստանի համար: Ահա ինչ տեսակ պետական մարդիկ ունեինք մենք: Քանդել մի ամբողջ երկիր, տեղահան անել մի ամբողջ ժողովուրդ` մի ինչ-որ հրաշքով Հայաստանի` ջերմախտից հյուծվող եւ այլասերվող ժողովրդին առողջացնելու եւ ուժեղացնելու համար… Չէին հասկանում այս մարդիկ միջավայրի եւ աշխարհագրական պայմանների նշանակությունը»:

Սակայն սա մեդալի մի երեսն է միայն: Ղարաբաղի նկատմամբ Հայաստանի դաշնակցական ղեկավարության, մեղմ ասած, անտարբերությունը այլ երեսներ էլ ուներ: Նույն Լեոն գրում է, որ Ղարաբաղի կոտորածի մասին իրենք հեռագիր են ուղարկել նաեւ Փարիզ, «բայց ոչ թե Ահարոնյանի պատվիրակությանը, քանի որ գիտեինք նրա աշկարա անբայրացակամությունը Ղարաբաղի հարցի վերաբերմամբ, այլ Պողոս Նուբարի պատվիրակությանը»:
Սակայն, հանուն արդարության պիտի ասել, որ Հայաստանի ղեկավարությունն, այնուամենայնիվ, փորձում էր մանրևել և իր սեփական խաղը խաղալ:

Ահա թե ինչ է պատմում 1917-19թթ.Ղարաբաղի ժողովրդական կառավարության նախագահ Եղիշե Իշխանյանն իր «Ղարաբաղի ապստամբությունը» գրքում. «Անցեալ տարի… Յովհաննէս Քաջազնունին Ղարաբաղի Ազգային Խորհրդի անդամ Հրանդ Բահաթրեանին շատ պարզ կերպով ասել էր, որ Հայաստանի կառավարութիւնը ի վիճակի չէ, չի կարող Ադրբէջանի ոտնձգութիւնների առաջն առնել, ուստի յոյս չդնէք Հայաստանի կառավարութեան վրայ, բանակցութեան մէջ մտնենք Ադրբէջանի կառավարութեան հետ, ընդունենք նրա իշխանութիւնը, համաձայնութիւն կնքենք որոշ պայմաններով, սպասենք մինչև Վերսայլի վեհաԺողովի վերջնական որոշումը: Պայծառատես մարդ է Քաջազնունին, իր կառավարութեան վիճակը քաջ գիտէր, որ նման խորհուրդ էր տւել, և այսօր տխուր և վրդովեցուցիչ իրական փաստերը եկան հաստատելու Քաջազնունու ասածները և ապացուցին, թէ որքան ճիշտ ձև էր առաջարկել Ղարաբաղի վէճը վերացնելու համար»:

Ինչպես տեսնում եք` Արցախում ևս տարբեր կարծիքներ կային մարտավարական հարցերում: Ռազմավարական` Արցախը Հայաստանին պատկանելության հարցում տարաձայնություններ չկային, բայց կային տվյալ կոնկրետ պատմական պահին մանրևելու առաջարկներ:
Միայն Հայաստանի կառավարությունը չէ, որ այդպիսի դիրքորոշում ուներ Ղարաբաղի նկատմամբ: Այսօր էլ շատերին հետաքրքրում է այն հարցը, թե ինչու էր Ղարաբաղին օգնության շտապող Անդրանիկն իր գնդով անսպասելիորեն հետ դարձել: Ինչպես հայտնի է,  Անդրանիկը Ղարաբաղի հայերի խնդրանքով Զանգեզուրից սկսեց շարժվել դեպի Շուշի: Գեներալ Թոմսոնի կողմից մի քանի անգլիական սպաներ ավտոմոբիլներով գնացին արդեն Շուշի հասնող Անդրանիկի մոտ եւ անգլիական հրամանատարության անունից առաջարկեցին նրան վերադառնալ Զանգեզուր: Լեոն կոշտ գնահատական է տալիս բրիտանացիների այս քայլին և հեգնում Անդրանիկին, ով, ըստ նրա, Անգլիայի վրա կույր վստահություն ուներ, ուստի և կատարեց այդ առաջարկը:

Այնուամենայնիվ, ինչու՞ էր Հայաստանի կառավարությունը խորհուրդ տալիս մանրևել, եթե ի զորու էր, հաստատ ի զորու էր կազմակերպելու Ղարաբաղի հայերի զինված ինքնապաշտպանությունը: Եվ ինչու՞ էր բազմափորձ Անդրանիկը, որ ինքն էր Հայաստանի ղեկավարությանը այս կամ այն առիթով մեղադրում դավաճանության մեջ, ենթարկվում անգլիական հորդորին և իր հերթին մենակ թողնում Ղարաբաղի հայերին: Մի՞թե նրանք վերջին միամիտներն էին, կամ դավաճաններ:
Սա արդեն առնչվում է մեր երկրորդ ենթաթեմային, Շուշիի դեպքերին առնչվող մեր երկրորդ հանգամանքին, այն է` անգլիացիների դերին: Փորձենք մեր ընթերցողների համար բացել փակագծերը:

Անգլիացիների դերը 

Հայաստանի դաշնակցական ղեկավարությունը անգլիացիների ջանքերով երկու կրակի կամ նույնիսկ կարելի է ասել` երկու գայթակղությունների արանքում էր հայտնվել: Նա պիտի ընտրեր կամ Ղարաբաղն ու Զանգեզուրը, կամ էլ…Դարձյալ դիմենք պատմաբան Լեոյին. «Դաշնակցական կառավարության հոգեբանությունը հասկանալու համար պետք է նկատի առնել այն հանգամանքը, որ նա այդ միջոցին տարված էր անգլիական քաղաքականության մի խարդախ խաղով: Կտրելով Հայաստանից Ղարաբաղի եւ Զանգեզուրի նման հայաշատ գավառները` խորամանկ Ալբիոնը կցում էր Հայաստանին երկու գավառ, ուր հայությունը շատ աննշան փոքրամասնություն էր կազմում, այն է` Նախիջեւան եւ Արդահան, [ինչպես նաեւ] մի գավառ` Կարսի շրջանը, որի արեւելյան մասը հայաբնակ էր, իսկ արեւմտյանը` թուրքաբնակ»:

Այսօր էլ հայ քաղաքագիտական միտքը միանշանակ կարծիք չունի այս հարցում: Այսպես, 2009 թվականին Լեոյի նշյալ գիրքը վերահրատարակման պատրաստած Հայաստանի Պահպանողական կուսակցության առաջնորդ Միքայել Հայրապետյանն այս առիթով նկատում է. «Աշխարհառազմավարական և աշխարհաքաղաքական իրողություններից և նպատակներից ելնելով, անգլիական այս ջանքն առաջին հերթին միտված էր Թուրքիան և Ադրբեջանը աշխարհագրորեն միմյանցից կտրելուն, երկրորդ հերթին` տարածաշրջանը կառավարելիության ծիրում պահելու համար հարավկովկասյան երեք պետությունների միջև կենսատարածքային համակշռելիություն ստեղծելուն: Այս ամենով հանդերձ, հակված ենք կարծելու, որ անգլիական քարտեզագրումը բավական օգտակար կլիներ Հայաստանի պետության համար, թեև ավանդական պատկերացումներով` «կորսվում» էր Զանգեզուրի և Արցախի հայությունը: Այսինքն` հարցը հետևյալն է` ի՞նչն ենք ընդունում որպես ելակետ` պետության դինամիկությու՞նն ենք համարում շահավետ, թե՞ միատարրությունը»:

Հայաստանի ղեկավարությունը, ինչպես հասկանում ենք, ընտրել էր երկրորդ` Նախիջևան-Արդահան-Կարս տարբերակը` Ղարաբաղ-Զանգեզուրի գնով: Լեոն դառը հեգնանքով է գրում այս մասին. «Ստանալով անգլիացիների ձեռքից Կարսի նման հռչակավոր բերդն իր 500 թնդանոթներով` կարելի՞ էր սակարկություններ անել մի ինչ-որ Ղարաբաղի համար»:

Այսպես թե այնպես, այս ամենը օգնում է լույս սփռելու անգլիացիների դերի վրա, կասկածի տակ դնելով այդ դերի մասին մեր ունեցած ավանդական ու պարզունակ պատկերացումները, ըստ որի անգլիացիները մեր թշնամիներն ու ադրբեջանցիների բարեկամներն են: Իրականում ամեն ինչ պետք է դիտարկել աշխարհաքաղաքական զարգացումների ու պետությունների շահերի տիրույթում: Իսկ մեր ու անգլիացիները շահերը քանիցս համընկել են աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներում: Այն, որ այդ ծրագրերում ու շահերում մեր հաշվարկներն ու պլանները ձախողվել են` մեղավոր ենք միայնումիայն մենք:

Հայտնի լրագրող Թաթուլ Հակոբյանը նորերս այսպիսի դիտարկում է  արել. «Հեշտ է մեղադրել մարդկանց, պետության ղեկավարներին: Բայց, այնուամենայնիվ, 1920-ին մեր պապերը պետք է պահեին մեր Կարսը: Ի դեպ, Կարսը 1919-ին միացվեց Հայաստանին բրիտանական ռազմական ուժի անմիջական օժանդակությամբ: Այս մասին մեր պատմաբանները չեն սիրում խոսել, քանի որ դա չի տեղավորվում «բրիտանական նավերը չեն կարող բարձրանալ հայկական լեռները» և «ռուսները հայերի հավերժ բարեկամն են» ընկալման մեջ»: 

Ի դեպ, Թաթուլ Հակոբյանի հիմնած «Անի» հիմնադրամի կայքում (www.aniarc.am) ուշագրավ շատ նյութեր կան թե մեր խնդրո առարկայի և թե հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական այլ հարցերի մասին: Թ.Հակոբյանը մի շարք կարևոր մանրամասներ է բացահայտում նաև իր «Կանաչ ու սև» գրքում:

Հայաստանի առաջին հանրապետության արդարադատության նախարար Ռուբեն Դարբինյանն իր «Անգլիացիների խորհուրդները Հայաստանին. 1920թ.» հոդվածում գրում է. «Փետրուարի (1920թ.) առաջին օրերէն մէկն էր: Երեկոյեան  տեղի պիտի ունենար պարլամենտի հանդիսաւոր նիստը, նուիրված Հայաստանի անկախութեան ճանաչման…Երեւան ժամանեց Ուորդրոպը` Անգլիոյ գերագոյն կոմիսարը Անդրկովկասի մէջ… Երբ իրեն տրուեցաւ այդ պատեհութիւնը, ան ըսաւ. 
– …Իսկ գալով ձեր սահմանային վէճերուն` ես կը խորհիմ թէ այդ ալ դժուար չէ հարթել, եթէ միայն դուք ընդհանուր շահերուն ստորադասէք ձեր մասնաւոր շահերը եւ հրապարակ բերէք փոխադարձ զիջողականութեան տրամադրութիւն: Պէտք չէ մոռնաք, որ պետական սահմաններու գծման մէջ կարելի չէ ղեկավարուիլ միայն ազգագրական նկատումներով: Դուք պէտք է հասկնաք,որ առանց լեռնային, թէկուզև հայկական Ղարաբաղի` անկախ Ատրպէյճան չի կրնար գոյութիւն ունենալ: Այլապէս ի՞նչպէս կ’ուզէք, որ թրքական Նախիջեւանը կցուի Հայաստանին: Ինչպէս որ դուք չէք կարող անկախ գոյութիւն ունենալ առանց Նախիջեւանի, այնպէս ալ Ատրպէյճանը անկարող է գոյութիւն ունենալ` առանց լեռնային Ղարաբաղի: Յետոյ, ես կը կարծեմ, որ ձեր սահմանային վէճերը ձեր հարեւաններուն հետ երկրորդական նշանակութիւն ունին: Գլխաւորը ձեր միութիւնն է ընդհանուր թշնամիի` Հիւսիսի դէմ»:

Մեկ այլ դրվագ նույն աղբյուրից:
Մուդրոսի զինադադարով Թուրքիան 1918թ. հոկտեմբերի 30-ին անձնատուր եղավ և Անգլիայի ճնշման տակ պարտավորվեց իր զորքերը դուրս բերել նաև Անդրկովկասից ու Հայաստանից: Հայկական զորքերին հաջողվում է Նախիջևան  քաղաքը վերցնել 1919թ. մայիսին` անգլիական զորքերի աջակցությամբ: Հայաստանի իշխանությունը Նախիջևանի վրա տարածելու համաձայնագիրը հրապարակվեց 1919թ. մայիսի 3-ի հռչակագրով, որը ստորագրել էին Դրոն եւ որպես վկա` գեներալ Դեյվին:      Սակայն Նախիջևանը ընդամենը երկու ամիս, այն էլ ոչ լիովին, մնաց Հայաստանի վերահսկողության տակ: «1919թ. հուլիսին հայկական իշխանությունը ծանր անհաջողություն էր ունեցել Նախիջևանում, որտեղ հաստատված էր հայ նահանգապետություն, կային փոքրաթիվ հայ զորքեր, բայց ազգաբնակչությունը, որ գրեթե ամբողջությամբ կազմված էր մահմեդականներից, գտնվում էր տաճիկների և ազրբեջանցիների ազդեցության տակ»,- գրում է Առաջին հանրապետության վերջին վարչապետ Սիմոն Վրացյանը (Սիմոն Վրացյան, «Հայաստանի Հանրապետությունը», պատմական ակնարկ, «Հայրենիք», Ա տարի, թիվ 1, 1922):

Հայաստանի նախարարներից Արտաշես Բաբալյանը հավելում է. «1919թ. գարնանը անգլիական զորքերը գրավեցին Շարուրն ու Նախիջևանը և այդ երկու գավառների իշխանությունը ևս հանձնեցին մեզ: Հազիվ երկու ամիս կարողացանք պահել. տեղական թաթար ազգաբնակչությունը, ղեկավար ունենալով տաճիկ սպաներին, հուլիսի 23-ին ապստամբեց մեր իշխանության դեմ, և մեր զորքերը ստիպված եղան մեծ կորուստներ տալով նահանջել դեպի Երևան» (Արտաշես Բաբալյան, «Էջեր Հայաստանի անկախության պատմությունից», «Հայրենիք», Ա տարի, թիվ 9, հուլիս, 1923):

Ահա այսպիսին էին անգլիացիների ծրագրերը մեր տարածաշրջանում մոտ մեկ դար առաջ: Լավն էին դրանք, թե վատը, նրանք մեր բարեկամներն էին, թե թշնամիները` կարելի է դատել հարցը համակողմանի ուսումնասիրելու և քննարկելու պարագայում: Այստեղ հեշտ ու միանշանակ եզրակացություններ չեն լինելու:
Ինչ վերաբերում է Հայաստանի իշխանություններին, ապա գոնե ինձ համար միանշանակ է, որ նրանք, ամոթ է ասել, պարտավոր էին իմանալ Ղարաբաղի դերը հայության կյանքում և պարտավոր էին իրատեսորեն գնահատել նշյալ ծրագրերի հավանականությունը:

Ֆիդայական արկածախնդրություն 

Այսպես թե այնպեսփ` Շուշիում տեղի ունեցավ հայերի ահավոր կոտորած: Մինչ այդ հայերի վիճակը ահագնորեն ծանրացել էր, նրանց գլխին դամոկլյան թրի պես կախվել էր կոտորվելու վտանգը: Ինչպես հայտնի է, Բաքուն վերցնելուց հետո Նուրի-փաշան օսմանյան զորքերն ուղղեց Ղարաբաղի դեմ եւ գրավեց Շուշին, նպատակադրվելով անցնել Զանգեզուր, ապա և Երեւան: Սակայն առաջին աշխարհամարտի տարբեր ռազմաճակատներում Թուքիան ջախջախիչ պարտություններ կրեց, սուլթանիզմը զինադադար եւ հաշտություն խնդրեց, որի պայմաններից մեկն էր Անդրկովկասը թուրքական զորքերից մաքրելը: Արեւելքի տերն Անտանտը դարձավ: Էնզելիի անգլիական զորքը տեղափոխվեց Բաքու, եւ հրամանատար գեներալ Թոմսոնը փաստացի դարձավ Անդրկովկասի հանրապետությունների դիկտատոր:

Քանի որ Հայաստանի առաջին հանրապետությունը գործուն միջոցներ չէր ձեռնարկում Ղարաբաղի ու Զանգեզուրի հայերի ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար, այդ գործն իր վրա վերցրեց Ղարաբաղի եւ Զանգեզուրի հայերի հայրենակցական միությունը, որ կազմակերպվել էր 1918-ի սկզբին: Միության անդամ Լեոյի վկայությամբ` կազմակերպությունն աշխատում էր կապ հաստատել այդ երկու լեռնային գավառների հետ, որոնք բոլորովին կտրված էին աշխարհից եւ իրենց ճակատագրին թողնված: Ադրբեջանցիներն ու թուրքերն առանց այդ էլ անհամեմատ լավ էին զինված, ինչին ավելացավ ևս մի տարաբախտ հանգամանք: Շուշիի տեղային ռուս զորաբաժինը երբ մեկնում էր Եվլախ կայարանը` Ռուսաստան վերադարձող ռուս զորքերին միանալու համար, թուրքերը ճանապարհին շրջապատում են եւ զինաթափ անում: Այսպիսով թուրքերը զենքի կողմից գերազանցող դիրք էին բռնել հայերի վերաբերմամբ, որոնց ինքնապաշտպանական միջոցները շատ թույլ էին: Միությունը ձեռնամուխ եղավ զինվորական ծառայության մեջ եղած հայերից Ղարաբաղում կազմել մի գունդ եւ նրան հանձնել երկրամասի պաշտպանությունը: Պետք էր միայն Թիֆլիսի պահեստներից զենք ու ռազմամթերք ուղարկել Շուշի: Սակայն հազիվ չորս ամսվա ընթացքում քարավանը դուրս է գալիս Գորիս: Այդտեղ էլ մնում են բոլոր զենքերն ու մթերքները եւ տեղական պետքերի վրա գործածվում: Անդրանիկն այդ նյութերով է կազմակերպում Զանգեզուրի զինվորությունը: Եվ այսպիսով ստեղծվում է անհավասար կացություն երկու լեռնային երկրամասերի համար: Զանգեզուրի հայությունը լավ զինվում է եւ ուժեղանում, իսկ Ղարաբաղի հայությունը, ընդհակառակը, մնում է շատ թույլ պաշտպանված, եւ այս թուլությունը հետագայում նրան շատ է վնասում:

Անգլիացիների գնալուց հետո լիովին թուլացած ու բզկտված Ղարաբաղի հայության վիճակն անտանելի ծանր էր դարձել: Շուշիի, ապա և ողջ երկրամասի հայերը ստիպված են լինում հնազանդվել Սուլթանովին: Լեոյի վկայությամբ` ժողովուրդը հոգնել էր մենակ պայքարելուց եւ, եթե շարունակեր իր դիմադրությունը, պիտի պատերազմեր Սուլթանովի դեմ մի այնպիսի ժամանակ, երբ իր արտերը հասել էին եւ կարող էին միանգամայն փչանալ կռիվներից: Ուստի նրանք ճարահատ իրենց հնազանդությունն են հայտնում, բայց որոշ պայմաններով, որոնք ամրագրվեցին համաձայնագրում եւ ստորագրվեցին երկու կողմերից: Այս պայմանագրությունը, սակայն, խաբեության մի միջոց էր մուսավաթականների ձեռքում, եւ սկսեցին խախտել հենց առաջին քայլից: Հարաբերությունները երկու ազգերի միջեւ էլ ավելի էին լարվում: Այդ լարումը սաստկացավ մանավանդ այն ժամանակ, երբ Ադրբեջանը Ղարաբաղի վրայով մեծ արշավանք սկսեց Զանգեզուրը նվաճելու համար, բայց պարտություն կրեց զանգեզուրցիներից եւ կատաղած վերադարձավ Ղարաբաղ:

Այնուամենայնիվ, հնարավո՞ր էր խուսափել մեծաթիվ զոհերից, թե՞ ոչ: Ըստ երևույթին, ազգամիջյան ընդհարումից խուսափել այլևս հնարավոր չէր, բայց հնարավո՞ր էր, արդյոք, առկա սուղ միջոցներով կազմակերպել հայերի ինքնապաշտպանությունը և նվազագույն զոհերի գնով փրկել Շուշիի հայությունը: Փաստերը վկայում են` ԱՅՈ: Շուշիում, ըստ 1917-19թթ. Ղարաբաղի ժողովրդական կառավարության նախագահ Եղիշե Իշխանյանի, կար 500 հրացան, ինչն անհամեմատ քիչ էր ադրբեջանցիների ու թուրքերի ունեցածից, բայց բավարար էր զանգվածաին կոտորածից խուսափելու համար: Առավել ևս, որ ողբերգության նախօրեին այդ թիվն ավելացավ (չավելանար` ավելի լավ կլիներ):

Ահա թե ինչ է պատմում Եղիշե Իշխանյանն իր «Ղարաբաղի ապստամբությունը» գրքում:
«Ապրիլի 15-ին հասնում է մեզ Շուշում տեղի ունեցած հայկական կոտորածի լուրը…Կոտորածի լուրն առնելուց Աշոտն ու ես շշմած վիճակում էինք: Մի՞թէ քաղաքի հինգ հարիւրի չափ զինւած մարտական ուժերը ոչ մի կերպ դիմադրութիւն ցոյց չեն տւել և թուրքերը խուժել են հայկական թաղը, կոտորել խաղաղ բնակիչներին և ով կարողացել Է, փախել, ազատւել Է: Անզօր բարկութեամբ համակւած, մեղադրում, խստիւ դատապարտում ենք թէ Բիւրոյին և թէ կառավարութեանը, որ յօնքը շտկելու փոխարէն աչքը դուրս հանեցին: Աւելի քան դատապարտելի է Բիւրոյի և կառավարութեան կատարած գործը, որ իսկական արկածախնդրութիւն եղաւ: Ապրիլ 20-ին կայարանում հանդիպեցի Զաւէն Եպիսկոպոս Մահտեսի Բաբայեանին և Գերասիմ Բալայեանին: Երկուսն էլ անչափ տխուր և ընկճւած դէմք ունէին: Մօտեցայ, բարևեցի և հարցրի՝ ինչ տեղեկութիւն ունեն Շուշուց և շրջաններից: 
– Շատ վատ լուրեր են հասել Թիֆլիս,- ասաց Զաւէն Եպիսկոպոսը,- ըստ հասած լուրերի՝ Շուշու հայկական թաղը ամբողջովին այրւած է, հայերի մի մասը կոտորվել, մի մասը փախել է Քարինտակ գիւղը և այնտեղից ցրւել Վարանդայի գիւղերը, իսկ մի մասն էլ գերւած է թուրքերի կողմից: 
– Անպիտան անգլիացիները այնպիսի քաղաքականութիւն վարեցին, ասաց Գերասիմը, որ ադրբէջանցիները թև առան, աւելի համարձակ դարձան իրենց ոտնձգութիւններով այնքան, որ օր-ցերեկով մեր քաղաքը կրակի են մատնում, խաղաղ ժողովրդին կոտորում: 
– Գերասիմ, չափազանց սխալւում ես, ասացի. ոչ անգլիացիներն են մեղաւոր և ոչ էլ ադրբէջանցիները: Մեղաւոր են Բիւրօն և կառավարութիւնը, որ յանպատրաստից ապստամբութիւն են սարքել, որի հետևանքով աւերւել է քաղաքի հայկական թաղը, և ժողովրդի մի մասը կոտորւել: Իսկական աւանտիւրա է կատարւել, ուրիշ ոչինչ… Անմտութիւն չէ՞ առանց լուրջ պատրաստութեան, առանց բաւարար քանակութեան ռազմամթերք ունենալու, ապստամբութիւն բարձրացնել, ինչպէս ժողովուրդը կասէ` «եա բախտինա» կամ, ինչսպէս ռուսը կասէ՝ «վՈ ՈՉՏրՖ» փորձ անել: Օտարներին չմեղադրենք, մանաւանդ այսօր, մեղաւորը մենք ենք, նախ Բիւրօն ու կառավարութիւնը, որ ինչպէս կասեն, առանց եօթն անգամ չափելու և յետոյ կտրելու, գործի են ձեռնարկել յանպատրաստից: Երկրորդ, մեղաւոր ենք Զանգեզուր- Ղարաբաղցիներս թերևս աւելի, որ, ըստ հայկական սովորութեան, միակամ ու միակարծիք չեղանք»:

Ի՞նչ է կատարվել իրականում: Անգլիացիների հեռանալուց հետո, տեսնելով, որ բոլոր պլանները ձախողվել են, ՀՀ դաշնակցական ղեկավարությունը փորձում է շտկել կատարված սխալները և հետ բերել փաստորեն արդեն անդառնալի կորուստները: Եվ դա անում է ոչ թե ամենայն լրջությամբ ու պատասխանատվությամբ, անհրաժեշտ նախապատրաստությամբ, այլ իրեն հատուկ ֆիդայական արկածախնդրությամբ: Խատիսյանի դաշնակցական կառավարությունը, խրախուսվելով զանգեզուրցիների տարած հաղթությամբ, որոշել էր հետ բերել նաեւ Ղարաբաղը զուտ ֆիդայական եղանակով, այսինքն` տեղական ապստամբության միջոցով, առանց պատերազմ հայտարարելու: Շուշիում տեղի դաշնակցականներն էլ հավատացնում էին, թե Դրոն Գորիսում է եւ պատրաստ է իր զորքով Շուշին ազատելու:

Այժմ լսենք Լեոյին:
«Սուլթանովն էլ, իհարկե, իր պատրաստություններն էր տեսնում: Շուշիի հայությունը զգում էր, որ իրեն պիտի կոտորեն, եւ ամեն կերպ աշխատում էր շահել քուրդ բժշկի սիրտը: Բայց հենց այդ միջոցին ֆիդայականությունը դուրս էր սողում իր բնից` մի անգամ էլ հայ ժողովրդի գլխին երկնքի պատուհաս դառնալու իր հիմար ու զզվելի տղայամտությամբ: Կազմվում է դաշնակցական ֆիդայիների մի խումբ, կարծեմ 100 հոգուց, եւ գնում է միանգամից վերցնելու Շուշին էլ, Ասկերանն էլ: Ասկերանի վրա գնացողների գլուխը լինում է հայտնի Դալի-Ղազարը, որ այնտեղ էլ սպանվում է կռվի մեջ: Իսկ Շուշիի դահիճ հանդիսանում է դաշնակցական սեւանուն Արսեն Միքայելյանը: Ոճրագործի հանդգնությամբ լցված այս մարդը 60 հոգով մտնում է Շուշի` նովրուզի (պարսկական նոր տարվա) օրը, երբ թուրքերն իրենց տոնով էին զբաղված: Գիշերը մի ինչ-որ տան արբեցությամբ անցկացնելով` առավոտյան գնում են զորանոցը վերցնելու եւ կրակ են բաց անում նրա դեմ: Թուրք զինվորները դուրս են վազում, կռիվ է սկսվում եւ մեր քաջերը կծիկս են դնում, իրենց անպետք գլուխներն ազատում` թողնելով ժողովրդին մուսավաթական ասկյարների, թուրք խուժանի եւ նրանց առաջնորդող երկու բժիշկների` Սուլթանովի եւ Մեհմանդարովի ձեռքին: Այդ երկու բժիշկները, տանջվող մարդկության ծառայելու ակադեմիական ուխտ արած, հրամայում են խուժանին. «Կոտորեցե°ք, այրեցե°ք, կողոպտեցե°ք, ձե°րն են հայերի կանայք ու աղջիկները»: Եվ դժբախտ քաղաքը լցվում է սարսափներով: Առնվազն 7 հազար անմեղ մարդ է մորթվում: Ոչ մի հատիկ տուն չի ազատվում բոցերից: Հայ կանանց եւ աղջիկների լլկումն ու տանջանքներն անցնում են ամեն չափ ու սահման: Մոտ 5 հազար հոգի կարողանում են փախչելով ազատվել: Մոտ 2-3 հազար հոգի գերի են մնում Սուլթանով եւ Մեհմանդարով բժիշկների ձեռքը: Գանձակի կողմից ադրբեջանական մեծ արշավանք է սկսվում, որ ճանապարհին ոչնչացնում է տասնյակներով հայ գյուղեր, եւ գալիս վերցնում է Դալի-Ղազարի ու նրա ընկերների գրաված Ասկերանը, իսկ Շուշի մտնելով` նոր կոտորած է սկսում գերիների մեջ»:

Վերջաբանի փոխարեն 

Ըստ 1916 թվականի «Կովկասի տարեցույցի» տվյալների՝ Շուշի քաղաքի 43869 բնակիչներից 23400-ը հայեր էին: Տարբեր տվյալներով` 1920թ. մարտի 22-ի լույս 23-ի գիշերը Շուշիի հայության կոտորածին զոհ գնաց 8-12 հազար մարդ, որոնցից 2200 հոգի՝ հիմնականում կանայք եւ աղջիկներ, մոտ 5-6 հազար հոգի Քարին տակ գյուղ տանող ճանապարհով անցան Վարանդա ու Դիզակ: Շուշին լիովին հայաթափվեց:

Բացի մարդկային ու նյութական հսկայական կորուստներից` ոչնչացավ մշակութային մի հսկայական ժառանգություն: Այդ ժառանգության և Շուշիի մշակութային կյանքի մասին պատկերացում կազմելու համար բերեմ սոսկ մի փաստ: 1874-ից մինչև 1920 թվականը Շուշիում տարբեր տարիների և տարբեր տևողությամբ լույս է տեսել 29 անուն պարբերական (1874-ի «Հայկական աշխարհ» ամսագրից մինչև 1919-ի «Նոր կյանք» շաբաթաթերթը), որոնցից 26-ը հայերեն և 3-ը ռուսերեն, որ նույնպես հայերն են հրատարակել` 1911-ից հրատարակված «Шушинский листок» օրաթերթը, 1913-ից  շաբաթական 3 անգամ լույս տեսած «Шушинска жизнь» թերթը և 1919-ից լույս տեսած  «Голос Народа» պարբերականը): Ադրբեջաներեն առաջին թերթն այստեղ հրատարակվել է Շուշիի կոտորածից և երկրամասի խորհրդայնացումից հետո` 1923-ին («Ղարաբաղ աքինչիսի»):

Ահա մի իրականություն, որի մասին մեզ մոտ ընդունված չէ խոսել: Պատմությունը շատ ավելի բազմագույն ու հակասական է, քան մեր պատկերացումները նրա մասին: Ու այն չի տեղավորվում պարզունակ մոդելների ու շրջանակների մեջ: Այն իր ողջ բազմաշերտությամբ հասկանալու և դասեր քաղելու համար առաջին հերթին պետք է խորամուխ լինել անցյալի մեջ և այդ անցյալն իր բոլոր հակասական կողմերով (այլ ոչ թե ընտրովի) երևան հանել ու մատչելի դարձնել սերունդների համար:

Գեղամ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր
Ստեփանակերտ