Հայաստանի վրա աղետաբեր ամպեր են կուտակվել: Որպես ավանդական, նույնիսկ մինիմալ ինքնաբավ պետություն, այն չկայացավ: Իսկ որպես ազգային, հանրային ու մարդկային կյանքի երաշխավոր, այն ուղղակի մակաբույծի է վերածված՝ չեն գործում ոչ մարդկայինը, ոչ տրամաբանականը և ոչ էլ ռացիոնալը:
Մեր ինչ լինելը թափանցիկ ու տեսանելի է դրսից, և մեզ հետ ըստ արժանվույն էլ վարվում են գրեթի բոլոր մոտիկ ու հեռու հարևաննները: Դեռ որ միայն Իրանն է փորձում երկյուղոտ ակնարկներով մեզ սուբյեկտություն ներշնչել, բայց նման է, որ քաղաքականապես արդեն անկենդան ենք:
Սակայն, դրսում որպես ոչ-սուբյեկտային խամաճիկ դրսևորվող պետականությունը ներսում առյուծ է կտրած իր մարդկանց հանդեպ: Բանտերը լիքն են այլախոհներով ու անմեղներով, անթաքույց հանցագործներն իշխանություն են, իսկ մարդկանց փրկությունն էլ արտագաղթն է:
Աբսուրդն ամեն քայլափոխի է: Ճանապարհային աղետից տուժած անմեղը ներկայացվում է որպես հանցագործ, այն դեպքում, երբ ամենահետամնաց երկրներում էլ քննչական ու դատական նման բեսպրեդել-վայրենություն չկա:
Անկախ դատարան չկա, բայց մարդիկ դատարանների դռներն են ընկած, բողոքում են, արդարություն պահանջում ու հազարերորդ անգամ անտեսվում ու լկտիորեն մերժվում:
Քրեորեն հայտնի մարզպետի վերականգման հարցով վախի ու սարսափի մթնոլորտում ստորագրություններ էին հավաքվում, տեղական ուսանողությունը «խրոխտաբար» խոստանում էր, որ եթե մարզպետը վերանշանակվի, ապա իրենք կլքեն երկիրը:
Մարզպետը վերանշանակվեց, ու դեռ տեսնենք, թե ով կլքի, ով ավելի շատ կկքի իշխանությունների ու մարզպետի տակ, ով կշարունակի կուսակցական խաղալ ու ով էլ՝ արժանապատիվ մարդ:
Եթե որևէ մեկը կարծում է, որ Հայաստանը, քաղաքացուն, մարդուն ու հանրությանը խորապես անարգող այս նշանակումից հետո Հայաստանը նույնն է մնալու, ապա չարաչար է սխալվում:
Գործ ունենք որևէ պատասխանատվությունից իրեն դուրս դրած խելագար ու վայրագ իշխանությունների ու քաղաքական դաշտի հետ, և արդեն խնդիրն ընթացող ինքնագենոցիդից պատսպարվելն է, աշխարհով մեկ ահազանգելը, որ մարդկայնությունը լքել է այս տարածքը, և այն այլևս վայրենունն է:
Մինչ այս էլ, հասարակ մահկանացուների մեջ վերացած էր սուբյեկտ ասածը՝ մարդը, որն իր արժանապատվության ու ճակատագրի տերն է, որն ունակ է իր հարցերն ինքնուրույն լուծելու:
Բայց այս նշանակումից հետո այլ վիճակ է: Մարտահրավեր է նետված ամենքիս, բոլորիս, արժանապատվությունը չկորցրած մեծին թե փոքրին, լինի դա Հայաստանում, թե սփյուռքում:
Կատարվածն ավելին է, քան լկտիաբար ընտրություն կեղծել էր, լկտիաբար անմեղին դատելը, լկտիաբար երկիրը սուբյեկտությունից զրկելը, լկտիաբար ֆուտբոլային դիվանագիտություն խաղալը, լկտիաբար սեպտեմբերի 3-ին երկիրը ուրիշին հանձնելը, ՄԱԿ-ի ամբիոնից դիվանագիտականի փոխարեն լկտիաբար ժողովրդի անունից օդի մեջ հոխորտալը:
Այն ավելի հրեշային մի բան է: Այն ազդարարում է, որ երկրում մարդ չկա, տղամարդ չկա, էլ չասած օրենքի, սկզբունքի ու ազգային արժանապատվության մասին:
Իմ ֆեսյբուքյան ընկեր Վարդգես Օվյանի դիպուկ բնութագրով՝ «ճպռոտ ստահակների մի խումբ ավերում, հոշոտում, բռնաբարում է մի ողջ երկիր, ու համազգային լռություն է, ինչպես ուղիղ մեկ դար առաջ, երբ նույնակերպ ստահակների մի փոքրիկ խումբ՝ առաջն արած, տանում մորթում էր հարյուրավորներին, հազարավորներին, մեկ և կես միլիոն մարդ»:
Ծանր վիճակ է: Եվ հանրային ու պետական այս դժբախտության առաջին հիմքը լռությունն է, արժեքային դարձած հանդուրժելու, համակերպվելու, համբերելու դոգմաներին ենթարկվելն է, վիճակը հավերժացնող հեղինակություններին չհակաճառելը:
Հետապնդվելու, կամ անձնականը կորցնելու վախն արդեն հետևանք է: Հետևանք՝ այս զոմբիակերպ մտածելակերպի:
Երկրորդ նախագահն անկեղծացել էր այն աստիճան, որ հրապարակավ հայտարարել էր, թե երկրում տղամարդ չկա: Ազգովի իհարկե վրդովվեցինք դրանից, մինչև հիմա նեղացած ենք՝ բա թե ոնց տղամարդ չկա:
Բայց չփորձեցինք կոնկրետից վեր բարձրանալ և վերացականով հարցին նայել:
Կոնկրետ, իհարկե, ազգի կեսը կենսաբանորեն տղամարդ է: Բայց հանդուրժելու ու համակերպվելու դոգմաները հաղթահարած, ստորացմանը դեմ դուրս գալու պատրաստ տղամարդն իրոք չկա: Խոսքն արդյունքի հասնող տղամարդու մասին է, այլ ոչ քաջարի բողոքավորի:
Եվ այդ տղամարդը չկա, որովհետև նրան օրորոցում ենք խեղդել՝ հարյուրամյակներ շարունակ հերթական գենոցիդը «լաց լինելով», իբր քրիստոնյա, քաղաքակիրթ ու եզակի լինելով, իբր կողքինի վայրենությունը մեր հանդուրժողականությամբ ու երկրորդ թուշը դեմ անելով «հաղթելով»:
Եվ հենց այս արժեքայիննն էր, որը թևաթափ արեց մեզ արտաքին թշնամու հանդեպ և քաջալերեց մեր գլխին հրեշ դառնալու ներքին տականքին:
Հասել ենք նրան, որ տգետն ու քրեականը, որը մեր այս ավանդական ազգայինի վրա թքած ունի, «տղամարդ» է կարգվել մեր գլխին:
Մեծ հարց լուծողները միայն փողով ու կաշառքով չեն հայտնվել իրենց դիրքերին, այլ նաև դավաճանությամբ, դաժանությամբ, արյամբ ու հրեշայնությամբ: Այդ մարդիկ հզոր են իրենց նեգատիվով, կլանային-թայֆայական լծակներով ու մահասարսուռ ազդեցություններով:
Նրանք այդպիսին են իրենց բնույթով՝ բայց նաև մեր թույլտվությամբ: Եվ մենք վաղուց պետք է հասկացած լինեինք, որ նրանց իշխանությունից պոկելու ձևը բողոքը, խնդրանքը, կամ դատարանը չեն կարող լինել, այլ վիճակին համարժեք, նոր հանրային արժեքային վերաբերմունք- մեթոդականը, որը ֆիզիկապես կմեկուսացներ, կպատժեր դրանց ու կկանգնեցներ ինքնագենոցիդը:
Բայց չկարողացանք: Մեր մեջի հրեշն ուժեղացավ այն աստիճան, որ հոշոտեց երկիրն ու ժողովրդին և այսօր էլ լկտիորեն ցնծում է իր հաղթանակը:
Չեմ կարծում, թե եղած աշխարհայացքով, ազգային ու մարդկային պոտենցիալներով որևէ լուրջ դիմադրություն է հնարավոր ցուցաբերել հայկական իշխանություն կոչված այս անոմալիային:
Անցած 25 տարիները ցույց տվեցին, որ Հայաստանում քաղաքական գիտելիքի մակարդակը զրոյական է: Եվ որ քաղաքական գործիչները համարժեք են իշխանություններին:
Ամերիկյան քաղաքագիտական հիմնարար մտքերից երևի առաջինն այն է, որ ամեն քաղաքականություն լոկալ է: Սա խորիմաստ միտք է, բայց մեզանում երբևէ չգիտակցված:
Խոսքը տեղական իշխանությունների մասին չէ, այլ տեղերում վերաբերմունքի մասին է հանդեպ անձինք՝ սկսած տեղական գործիչներից, նրանց ով լինելուց, նիստ ու կացից ու վերջացրած ֆեդերալ քաղաքականը:
Այն հայտարարում է, որ տեղերում է ձևակերպվում քաղաքական մթնոլորտը, որ տեղերում են և խնդիրները, և լուծումները, տեղերում է ծնվում կամ մերժվում լավը, վատը, արդարը կամ կեղծը: Որ տեղերում են սանձվում մեծ ախորժակի տեր ստահակները:
Հայկական լոկալը ծնեց միայն հրեշների: Եվ դա եղավ, որովհետև մեզանում չխաբվողների քանակը մի քանի անգամ փոքր էր խաբվել ցանկացողների քանակից: Եվ արդյունքում մի կողմից խաբողների խրախճանք է, իսկ մյուս կողմից էլ՝ խաբվել տենչացողների դժբախտ լաց ու կոծ:
Մեր իրականությունը պահանջում էր անկեղծ խոսակցություն: Այն երեկ, քսանհինգ տարի առաջ, մի քանի դար առաջ էր պահանջվում: Բայց թերացանք և այսօր ոճրագործների կողմից շղթայված վիճակում ենք:
Շղթայված ենք, բայց ձևական առումով բերաններս բացելու և արտահայտվելու ունակ: Եվ ժամանակն իհարկե ցույց կտա, թե արդյոք կային ասելիք ու անելիք ունեցողներ:
Ամեն դեպքում, հիշենք, որ եթե կաշկանդված ես արդարությունն ազդարարելու հարցում, ապա ստրուկ ես ինքդ քո հանդեպ ու քո մեջ:
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий