Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ըստ 168.am-ի, հայտարարել է, թե իշխանության հասցեին խորհրդարանի ընդդիմության քննադատությունը կապված գազային համաձայնագրի հետ, անհիմն է, պարզապես կան հարցեր, որ պետք է կառավարությունը պատշաճ ներկայացներ հանրությանը:
«Այդ որոշումները ոչ հավուր պատշաճի են ներկայացրել հանրությանը, դրա համար մենք պառլամենտում ունեցանք բազմաթիվ քննադատություններ: Նույն խորհրդարանի հասցեին քննադատություններ կային, որոնք անտեղի էին, որովհետև խորհրդարանը վատ առումով ոչ մի դերակատարություն չի ունեցել, իսկ այ կառավարությունը կարող էր հանրությանն ավելի մանրակրկիտ, թափանցիկ ներկայացնել», մեջբերում է 168.am-ը:
Ըստ երեւույթին, Հովիկ Աբրահամյանին խոցել է Տիգրան Սարգսյանի մամուլի ասուլիսը: Այստեղ շատ հետաքրքրական դրվագ է: Սերժ Սարգսյանն ակտիվ հարթակից բացակայում է՝ նա հոր մահվան կապակցությամբ սգի մեջ է: Այդ իրավիճակում Տիգրան Սարգսյանը մեծ ասուլիս է անցկացնում, ավելի քան 3 ժամ պատասխանում զանազան հարցերի: Կասկած չկա, որ վարչապետն այդ ասուլիսը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ:
Ասուլիսը հատկանշական է նաեւ Պուտինի «պատկերի եւ նմանության» առումով: Այսինքն, Սերժ Սարգսյանը ըստ էության Տիգրան Սարգսյանին տվել է «պուտինյան» ոգով ասուլիսի իրավունք, ինչը հիշեցնում է որոշակի քարտ-բլանշ ներիշխանական իմաստով: Ասուլիսի ընթացքում Տիգրան Սարգսյանը հանդես եկավ բովանդակային իմաստով բավական ագրեսիվ հայտարարություններով:
Օրինակ, նա առաջին անգամ Հայաստանի մինչճգնաժամային տնտեսական հատվածը, այսպես ասած երկնիշ աճի շրջանը տնտեսական «փուչիկ» որակեց, մատնանշելով նաեւ կոնկրետ թվեր՝ տարեկան Հայաստան սպեկուլյատիվ շինարարության համար մտնում էր 700 միլիոնից մինչեւ 1 միլիարդ դոլար:
Փուչիկ էր երկնիշ աճը, թե ոչ, այլ խոսակցության նյութ է եւ դա պետք է պարզաբանվի տնտեսագիտական կոմպետենտ չափումներով, բայց սովորաբար հրապարակային հայտարարություններում զգուշավոր Տիգրան Սարգսյանի գնահատականներն առավել քան խոսուն են եւ անկասկած եւս հանդիսանում են որոշակի քարտ-բլանշի վկայություն, ընդ որում գուցե նաեւ ընդհուպ «մոսկովյան մակարդակի», քանի որ Հայաստանում երկնիշ աճի կապիտալ շինարարության ուղղությամբ հոսող փողերի մի զգալի մասը ռուսաստանյան էին:
Հովիկ Աբրահամյանի վիճակն այդ առումով հասկանալի է, քանի որ նա հանդիսանում է Հայաստանի իշխանության մեջ այսպես ասած առաջին համարի հավակնորդներից մեկը եւ բնականաբար չէր կարող անպատասխան թողնել արձանագրված իրողությունները: Եվ ահա Աբրահամյանը բավական թափանցիկ կերպով ակնարկում է, որ կառավարության գործունեությունն իշխանության վրա բերում է հարվածներ: Այլ կերպ ասած, ԱԺ նախագահը Սերժ Սարգսյանին հարց է տալիս կամ ուղղակի պարզ ձեւով ակնարկում, թե ինչու է Սարգսյանը պահում վարչապետին, եթե նրա գործողություններն ընդամենը քննադատություն են առաջացնում իշխանության հասցեին:
Չի բացառվում, որ Հովիկ Աբրահամյանն այդ հարցում օգնում է իր խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին, ով վերջին օրերին վարչապետի հետ գտնվում է հեռակա փոխհրաձգության մեջ: Չի բացառվում նաեւ, որ Ծառուկյանն է այս հարցում աջակցում Սերժ Սարգսյանից հետո առաջինի հավակնություն ունեցող ունեցող Հովիկ Աբրահամյանին: Ավելին, պետք չէ բացառել նաեւ տարբերակը, որ նրանք երկուսով օգնում են վերստին առաջինի հավակնություն կամ մտադրություն ունեցող Ռոբերտ Քոչարյանին:
Բանն այն է, որ Տիգրան Սարգսյանի հարվածի կենտրոնում հայտնվել էր հենց Ռոբերտ Քոչարյանը, քանի որ կապիտալ շինարարությունն ու երկնիշ աճը հենց նրա «կանյոկն» էր: Ընդ որում, չի բացառվում, որ այդ ամենը ոչ այնքան պայքար է իշխանության համար, որքան այլ, գուցե տնտեսական հարցերի պարզաբանման գործընթաց, որում իշխանությունը կարող է դիտվել իբրեւ գործիք:
Հայաստանում իշխանությունը, պետական կառավարման համակարգը իշխանության եւ կապիտալի կրող խմբերի համար այլ բան չի էլ եղել: Այլապես, օրինակ, Հովիկ Աբրահամյանը մինչ հայտարարելը, թե խորհրդարանը մեղք չունի, կփորձեր իրեն հաշիվ տալ, որ խորհրդարանը պետք է լինի գործադիր կառույցի վերահսկող, եւ եթե գործադիրը հանրությունից ինչ որ բան է թաքցրել, ապա խորհրդարանի պարտավորությունն էր հաշվետվություն, հրապարակայնություն պահանջել գործադիրից, հարցումներ անել, հրավիրել լսումներ եւ այլն, օգտագործել իր լծակները կառավարությանը պարտադրելու համար, որ հասարակության առաջ գաղտնազերծեն գազային բանակցությունները:
Այսինքն, հայտարարելու համար, թե խորհրարանը մեղք չունի, կամ պետք է խելք չունենալ եւ չտիրապետել Հայաստանի կառավարման համակարգի կառուցվածքին եւ լիազորություններին ու հնարավորություններին, կամ պարզապես թքած ունենալ դրանց վրա եւ այդ համակարգը ծառայեցնել բացառապես անձնական քաղաքական նպատակներին կամ շահերին: Ինչով, ի դեպ, միայն Հովիկ Աբրահամյանը չէ, որ զբաղվում է: Ավելի, շատ ավելի դժվար, գրեթե անհնար է ասել, թե բարձրաստիճան պաշտոնյաներից ով չի զբաղվում դրանով:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Комментариев нет:
Отправить комментарий