вторник, 8 ноября 2011 г.

Թատերական հրապարակից՝ Ազատության հրապարակ


Ճարտարապետ Թամանյանը Երեւանում երկու հրապարակ է նախագծել՝ իբրեւ հասարակական կյանքի երկու կենտրոն: Մեկը` Լենինի անվան, ապա՝ Հանրապետության հրապարակը հանդիսանում է պաշտոնական կյանքի բևեռ, մինչդեռ մյուսը` նախկինում Ժողովրդական Տան, հետո՝ Օպերայի շուրջը տարածվող հրապարակը դարձավ իրական ժողովրդական կյանքի բևեռ:

Այս երկու հրապարակները վիթխարի կշեռքի երկու նժարի պես չափում են իշխանության ճակատագիրը Հայաստանում: Երբ ուժեղ է պաշտոնական բևեռը, զինվորական շքերթներ ու իշխանական միջոցառումներ են անցնում առաջին հրապարակով, այն կքվում է ծանրությունից: Երբ ժողովուրդը բողոքի ցույցերով ու հանրահավաքներով լցվում է երկրորդ հրապարակ`պաշտոնական բևեռը դատարկվում ու կախվում է օդում:

Այսպես հենց Օպերայի շուրջն էին հավաքվել հայերը ազգային տոնախմբության համար` 1963 գարնանը նշելով Տիգրան Պետրոսյանի շախմատային թագադրությունը: Երկու տարի անց կրկին այնտեղ էին սլանում մարդկանց ամբոխները` 1965 գարնանը աշխարհին հիշեցնելու Հայոց Ցեղասպանության 50-ամյակը: 1988-ին Օպերայի կամ այսպես կոչված Թատերական հրապարակում Արցախյան շարժումը վերածվեց Խորհրդային Միության փլուզման գործընթացի:

Թատերական հրապարակը վերանվանվեց Ազատության հրապարակ:
Նոր իշխանությունը, կարծես, հասկացել է այս տարածքի մոգական ուժը եւ տարիներ շարունակ փորձել է ականազերծել այն: Սկզբում՝ ոստիկանական շարքերով, ապա՝ սրճարանների շղթայով, հետո՝ ստորգետնյա ավտոկանգառով, վերջում՝ անգամ մանկական խաղահրապարակներով բաժանելով ժողովրդին Ազատության հրապարակից, ձգտելով նորից վերածել այն Թատերականի: Սակայն ազգային ոգու այս ամրոցը զավթելու ոչ մի այլ միջոց այդքան արդյունավետ չեղավ, որքան հին ու ստուգված Տրոյական ձիու հնարքը:

Վերջին ինը ամսվա ընթացքում տիտղոսակիր ընդդիմության ջանքերով հրապարակն իսկապես վերածվեց թատերաբեմի: Այս տարին սկսվեց «արաբական գարունով» եւ մենք ունեինք բոլոր հնարավորությունները դարձնել այն նաեւ «հայկական գարուն»: Այս տարվա մարտի 1-ի տարելիցը կարող էր եւ պետք է դառնար բռնապետությունից ազատվելու օրը: Ժողովուրդը ոտքի ելավ ու պատրաստ էր տապալել զավթիչներին: Պատրաստ էին անգամ իշխանությունները` հասկանալով, որ նոր արյունահեղություն ոչ ազգը, ոչ աշխարհն այլեւս չի ների: Պատրաստ չեղան միայն ընդդիմության մենաշնորհը հայտարարած առաջնորդները: Նախկին նախագահն իր նախկին նախարարներով, դատախազներով, միլպետերով ու ջատագովներով մարդկանց հավաքեց կրքոտ ճառերով եւ... ուղարկեց տուն:

Հետո նորից ու նորից, ամիսը մեկ անգամ ժամադրությանը հրավիրելով ժողովրդին՝ ինչպես թեթեւամիտ սիրեկան, կամ տեսակցություն նշանակելով, ինչպես բանտարկյալներին: Բայց հեղափոխությունը, ինչպես եւ սերը, ամիսը մեկ չի լինում: Հեղափոխությունը դաշտան չէ, իսկ ժողովուրդը սիրուհի չէ, ում կարելի է տեսակցել ամիսը մեկ անգամ: Այսպես մարդկանց ծովը սկսեց ցամաքել՝ դառնալով լիճ, հետո` ճահիճ: Այդպես Ազատության հրապարակը նորից դարձավ Թատերական հրապարակ: Բայց թատրոնում ներկայացման ավարտին բոլորը հանում են դիմակները: Թատերական հրապարակում էլ են դիմակներն ընկնում մեկը մյուսի հետեւից: Բռնապետին տապալելու փոխարեն նրա հետ «երկխոսություն» էին վարում ինը ամիս շարունակ, մինչեւ որ գործընթացը վիժեցվեց...

Ներկայացման հաջորդ մասը կոչվելու է «ընտրություններ»: Այն անցնելու է Նախագահի բարձր հովանու ներքո: Տոմսերը վաճառվում են: Առաջին շարքերում տեղերի գինն անփոփոխ է. 30 արծաթ: Show must go on…

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան
Ejournal.am

Комментариев нет:

Отправить комментарий