понедельник, 25 января 2016 г.

«Դաշնակցությանն այսուհետ որպես քաղաքական ուժ չեմ ընդունում»


«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի ՀՅԴ կուսակցության անդամությունը դարդարեցրած Ադելա Աբրահամյանը:

– Ինչպե՞ս եք գնահատում, որ Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի՝ կոալիցիա  կազմելու առաջարկն ընդունել է: Անակնա՞լ էր:

– Ո՛չ, ինձ համար անակնկալ չէր, քանի որ 2000թ. ես մտել էի Դաշնակցության շարքերը՝ համամիտ լինելով նրա գաղափարախոսությանը և կանոնադրությանը: 2003-ին ինձ բախտ է վիճակվել լինել Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի գործավար, և հինգ տարի աշխատելուց հետո արդեն հասկանալի դարձավ, թե ընդհանրապես ինչ է կատարվում Դաշնակցության շարքերում: Ավելի վաղ էի հասկացել դա, ուղղակի ինքս ինձ փորձում էի համոզել, որ ես ճիշտ չեմ, բայց հետո այդ ամենն այնքան բացահայտ եղավ, որ կասկածի տեղ չմնաց: Ըստ ՀՅԴ կանոնադրության՝ Դաշնակցության գլխավոր մարմինները՝ կենտրոնական կոմիտեները, գերագույն մարմինները, բյուրոն, որոշումները կայացնում են խմբերից, շարքերից տրված առաջարկների հիման վրա, բայց ես նկատեցի, որ այս կանոնադրությունն ընդհանրապես չի գործում: Խմբերից, շարքերից եկող առաջարկները մնում են թղթի վրա, իսկ կոմիտեի նիստերում արծարծվող, արդեն որոշում դարձած արձանագրությունները փոխվում էին կոմիտեի ներկայացուցչի կողմից, որը, ի դեպ, Հրանտ Մարգարյանի սանիկն է: Իսկ մենք՝ արցախցիներս և հայաստանաբնակ հայերս, հատուկ հարգանք ունենք սփյուռքահայերի հանդեպ, օրինակ՝ իմ մտքով երբեք չէր անցնի, որ նա, որ Պարսկաստանից գործուղվել է այստեղ, աշխատում է, նվիրված է ազգային գաղափարախոսությանը, կարող է իրեն թույլ տալ գործավարի ներկայությամբ արձանագրություն փոխել: Հիասթափությունս ավելի մեծ եղավ, երբ այս ամենի մասին տեղեկացրի կենտրոնական կոմիտե, կոմիտեի կապ ապահովող, գործող պատգամավոր Արմեն Սարգսյանին՝ հայտնելով, որ արձանագրությունները կեղծվում են, և զարմանքս ավելի մեծացավ, երբ իմ կողմից այն ժամանակ հարգված և դաշնակցականի կերպարը մարմնավորող Արմեն Սարգսյանն ասաց, որ ինքը չի խառնվում այդ գործերին: Ես արդեն տեսա, որ այնտեղ այն չէ:

Հետո անընդհատ շարքերից ուրիշ առաջարկություն էր գալիս: Երբ նախագահական ընտրություններ էին, մենք ունեինք Դաշնակցության թեկնածու՝ պատգամավոր Վիտալի Բալասանյանը: Եվ, ի զարմանս բոլորիս, շարքային դաշնակցականների, Հրանտ Մարգարյանը եկավ Ղարաբաղ, հանդիպեց Բակո Սահակյանին, և կենտրոնական կոմիտեն արդեն իր որոշումը հայտնեց, որ սատարելու է գործող նախագահ Բակո Սահակյանին, այլ ոչ թե իր իսկ պատգամավորին:

Եթե մարդն իրեն հարգում է, այդքանից հետո դժվար թե կարողանար մնալ այդ շարքերում, և ես, համաձայն իմ դիմումի, թողեցի աշխատանքս Դաշնակցության գրասենյակում: Այն ժամանակ չմասնակցեցի կուսակցական աշխատանքներին, և ըստ կանոնադրության՝ համարվեցի ինքնահրաժարված: Իսկ մոտ մեկ տարի առաջ 10-12 հոգով հայտարարությամբ դուրս եկանք Դաշնակցության շարքերից՝ ասելով, որ մենք համամիտ չենք նման ուղեգծին:

Այն ժամանակ Դաշնակցության կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչը Հայրապետյան Գրիշան էր, կոմիտեի կազմում բավականին գաղափարով զինված մարդիկ էին՝ Վահան Բադասյան, Վաչագան Զաքարյան, Գրիգորի Հայրապետյան, բայց կուսակցության ներսում սկսեցին շատ կեղտոտ խաղեր խաղալ՝ ցանկանալով ամեն կերպ կեղտոտել այս մեր թիմին՝ նրան անվանելով Հադրութի թիմ և նման այլ բաներ, բայց իրականում այդպես չէր, գաղափարակիրները հենց նրանք էին: Ինձ համար ցավալի է, որ իրենց գլխավերևում ունենում են Արթուր Մկրտչյանի, Վիգեն Գրիգորյանի, Արմեչոյի նկարները և նրա տակ չգիտեմ՝ ինչ-ինչ որոշումներ են կայացնում՝ չամաչելով այն գաղափարից, որ կրել են այդ տղաները:

Ես Հրանտ Մարգարյանից, ճիշտն ասած, սպասում էի ամեն ինչ: 2000-2008 թթ. պարբերաբար շրջանային ժողովներին այցելում էին և՛ Վահան Հովհաննիսյանը, և՛ Արմեն Ռուստամյանը: Ես նրանցից չէի հավատում, որ նման քայլի կգնան, բայց Հրանտի դեպքում հաստատ համոզված էի: Սա իմ անձնական կարծիքն էր, բայց ինձ հետ համամիտ էին շարքային կուսակցականներից շատերը: Երևի ժամանակի ընթացում Հրանտ Մարգարյանին հաջողվեց Արմեն Ռուստամյանին իր գաղափարին բերել:

Ինձ համար անսպասելի չէր կոալիցիայի գնալու որոշումը,  անգամ սպասում էի նման բան: Ինչի՞ մասին է խոսքը, երբ Դաշնակցությունն ունի թեկնածու, բայց սատարում է գործող նախագահին: Ինչպե՞ս հասկանալ, որ արդեն կուսակցություն չկա, չկա քաղաքական ուժ:

– Այսինքն՝ սա հերթական աթոռակռիվն է կամ աթոռ ստանալու ակնկալիքով կոալիցիայի մեջ մտնելու քա՞յլ: 2009-ին Դաշնակցությունը դուրս եկավ կոալիցիայից՝ հայ–թուրքական արձանագրությունների հետ կապված, հիմա այդ արձանագրությունները հետ չեն կանչվել, բայց Դաշնակցությունը կոալիցիա է կազմելու: Այս դեպքում իրենք իրենց սկզբունքնե՞րն են ոտնահարում:

– Իհարկե, և ջուրն են գցում այսքան տարի բազում երկրներում գործող ՀՅԴ գրասենյակների կատարած աշխատանքը՝ ուղղված Ցեղասպանության միջազգային ճանաչմանը: Եվ հիմա իրենք իրենց հակասում են իրենց գործողություններով: Ես արդեն լուրջ չեմ մոտենում Դաշնակցությանը և ընդհանրապես նրանց որպես քաղաքական ուժ չեմ ընդունում:

воскресенье, 24 января 2016 г.

Եթե Սեյրան Օհանյանին տեսնեք, ասեք...


Լրագրող Մարգարիտ Սարգսյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է Սեյրան Օհանյանի տիկնոջ` տիկին Խաչատրյանի վերջին օրերի գործողություններին: Սարգսյանը մասնավորապես նշել է.

«Երբեք, ոչ մի անգամ մտքովս չի անցել Սեյրան Օհանյանին անդրադառնալ վատ իմաստով, որովհետև նախ և առաջ նա ինձ համար մնացել է Վազգեն Սարգսյանի ասած՝ հնամաշ հագուստով թշնամու հետ բանակցությունների գնացած փոխգնդապետը, պատերազմով անցած սպան: Հատկապես վերջին տարիներին ասպարեզ մտած մեծ ու փոքր մկների ֆոնին…: Հաղթանակի մեջ վաստակ ունեցող մարդկանց ճակատագիրը տարբեր կերպ եղավ, բայց նրանց բոլորին պետք է գնահատանքով հիշել:

Բայց հիմա չարտահայտվել չեմ կարող: Պատերազմի ժամանակ Սեյրան Օհանյանին վիճակված բոլոր դժվարությունները նրա հետ հավասար կրել է նրա առաջին կինը և որդիների մայրը. նա է նստել-սպասել, թե արդյո՞ք ամուսինը ռազմի դաշտից տուն կվերադառնա: Իսկ հիմա, երբ դրանք անցյալում են մնացել, և Սեյրան Օհանյանը որպես բարձրագույն իշխանավոր՝ պաշտպանության նախարար, բաժին է հասել «դոկտոր» Ռուզիկին, և նա ամբողջովին իրենով է արել Սեյրան Օհանյանի վաստակը, համբավը, փառքն ու պատիվը: Քիչ է ասել, թե նա Սեյրանի «Սաշիկն» է. նա ոչ թե 50, այլ 100 տոկոսով է «փայ» մտել: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլիներ, եթե էս կիսատ-պռատ իշխանավորների կանայք բոլորը «դոկտոր» Ռուզիկի նման լինեին: Աղվան Հովսեփյանի կանտորային կից կստեղծվեր «Դատախազության դուռը համբուրածների» ասոցացիա, ու մի կաբինետ կզբաղեցներ քննչական կոմիտեում: Գորիկ Հակոբյանի կինն էլ «Հետախուզության և հակահետախուզության» ասոցացիա կհիմներ ու ԱԱԾ-ում կտնավորվեր: Արգամիչի կինն էլ՝ «Կառավարությանն առընթեր Մկների ժողով» ասոցացիան: Գալուստ Գրիգորիչի կինը՝ «ԱԺ տրոմբոնիստներ» ասոցացիան և այլն, և այսպես շարունակ:

Կատակը՝ մի կողմ. ոչ մի պաշտոնյայի կին իրեն սրա նման չի պահել: Եվ նաև ոչ մի լրագրող երբևէ Սեյրան Օհանյանի մասին չի գրել այնպիսի հոդված, որ ստվեր կձգեր նրա կերպարի վրա: Իսկ «դոկտոր» Ռուզիկը այդպես էլ չհասկացավ, որ իր ամուսինը Պաշտպանության նախարար է, պատերազմի մասնակից, գեներալ. նա ո՞նց է պատկերացնում այսուհետ Սեյրան Օհանյանի պաշտոնավարումը՝ սահմաններում կոտորվող մեր մատղաշ զինվորների ֆոնին՝ տորթի կողքին անմիտ ժպտացող նախարարին, ախր, անգամ շարքայինները լուրջ չեն ընդունի:

Ի դեպ, խիստ հատկանշական է, որ «ղշերով տիկինը» իրեն իր նման է պահել և ներկայացել ոչ թե գունագեղ ֆոտոսեսիաներում ֆիքսված «պրատակոլնի» ժպիտով, այլ գռեհիկ ու անդաստիարակ, հիսթերիկ կնկա պես վրա տալով իրեն ընդամենը հարց ուղղող լրագրող Գոհար Վեզիրյանի վրա: Նկարները թաքցնում են ագրեսիան, բայց արարքներն ավելի խոսուն են՝ չմոռանանք նաև լրատվամիջոցներին դատի տալը, հետապնդելը, սպառնալիքները:

Վերջին ֆոտոսեսիան, սակայն, հույժ տագնապեցնող է. ֆլորայից ֆաունային անցած (այս մտքի հեղինակային իրավունքը՝ Ռուզան Ամիրջանյանինն է) տիկնոջ վիճակը պետք է մտահոգի ընդհանրապես հայ հանրությանը և նրա ամուսնուն՝ մասնավորապես: Բերման ենթարկված աղավնիները, «բանտիկներով» Աստվածաշունչը, սև ու սպիտակ գլոբուսը (նկատեցի՞ք, որ աղավնիները Ամերիկայի վրա էին թառել). հոգեբույժը կախտորոշի, որ տիկինը կորցրել է կյանքի իմաստը, նա այլևս չգիտի՝ էլ ինչ անել, էլ ինչով պայքարել իր երևակայական թշմնամիների դեմ: Զգացողություն կա, թե նա մեջլիս է դուրս եկել, բայց թե ում հետ՝ պարզ չէ, որովհետև ոչ մի՝ անգամ նողկալի, անընդունելի պաշտոնյայի կին իրեն այսքան էժան ու այսքան ցանցառ չի պահել, այսքան չի արհամարհել ու չարաշահել մարդկանց համբերությունը: ՊՆ-ում աշխատողների բանակը «դոկտոր» Ռուզիկին քծնելիս հաճախ նրան ուղղված քննադատությունն ու ձեռ առնելը բացատրում է նախանձով. շատ դժվար է, սակայն, պատկերացնել իրեն հարգող մի կնոջ, որ դրա «ծիծակ» կոշիկներին նախանձի:

Սեյրան Օհանյանից առաջ պաշտպանության մի քանի նախարար է եղել. այդ ո՞վ է նրանց կանանց նախարարությունում տեսել, էլ չեմ ասում նախարարության գործերին խառվելու մասին:

Իրականում ես հիմա էլ Սեյրան Օհանյանի մասին ոչինչ չասացի: Եթե «դոկտոր» Ռուզիկը նրա երկրորդ կինը չլիներ, ինչքան կուզեր՝ թող ֆոտոսեսիաներ աներ, սրան-նրան հուզախռիվ տեքստեր գրել տար-դներ իր պատին. այսպես թե այնպես, ֆեյսբուքում լիքը «դոկտորներ» կան: Կարող էր անգամ ոչ թե աղավիների, այլ սիրամարգերի հետ լուսանկարվել, կարող էր նույնիսկ լողազգեստով կամ ավելի «անկեղծ» նկարներ դնել:
Մի խոսքով, եթե Երևանի փողոցներում տեսնեք Սեյրան Օհանյանին, ասեք՝ թող «դոկտոր» Ռուզիկին հիշեցնի, որ ինքը Պաշտպանության նախարար է»:

пятница, 22 января 2016 г.

Պարտիզանության փոխարեն այլևս երևակվողը, դոշ ճղողը, բանտարկվողը, ծեծվողը, որպես հերոս ֆռացողը կամ հիվանդ է, կամ սրիկա


1995-ի խորհրդարանական ընտրություններից  սկսվեցին ընտրական մասսայական, հիմնարար կեղծիքները, ու ամեն անգամ տականքը սկսվեց հռչակվել հաղթող:

Անցել է 21 տարի, բոլոր ընտրություններն ու հանրաքվեները լկտիորեն կեղծվել են: Ու ոչ միայն կեղծիքն է եղել, այլ պրոցեսն ընթացել է  մարդկայինի ու մարդու, ազգի ու ժողովրդի արժանապատվության վրա թքելով, մարդկայինի սկզբունքներն ու հիմքերը քանդելով:

Իշխանությունները եղել են կեղծիքի նախաձեռնողն ու իրացնողը, բայց 98-ից սկսած պրոցեսը տարվել է  ներդրված ընդդիմադիր տեսքի կամակատարների ու մանկլավիկների միջոցով:

Թվում էր, թե  21 տարվա երկիր կործանած փորձերից հետո հին մեթոդաբանությունը՝ ապակողմնորոշման,  խաբեության , աճպարարության ավանդույթը պետք է իսկույն նկատվեր մարդկանց կողմից ու մերժվեր: Բայց արի ու տես, որ հեքիաթը կենսունակ է ու մեթոդն աշխատող:

Ես այլևս իրավունք չունեմ որևէ իշխանականի մեղադրելու այս հարցում: Մեղավորները միայն ու միայն ընդդիմադիրներն են, որոնք կամ տգետ էին, կամ սրիկա, կամ աճպարար, կամ հիմար, բայց փաստ է, որ կարողացան  ամեն անգամ մարդկանց տանել ընտրատեղամաս և պարտադրել պարտություն:

Հաջորդ ընտրություններին  քիչ ժամանակ է մնացել:  Ես իմ ողջ ուժերը ներդնելու եմ մարդկանց ընտրատեղամաս տանողների դեմ: Ընտրությունները պետք է բոյկոտվեն ազգովի: Մարդիկ պետք է կանգնեն տեղամասերի մուտքին ու տեսնեն, գրանցեն տեղամաս մտնող ճիվաղներին որպես դավաճանների, սրիկաների, ազգակործանների: Թքեն երեսներին ու ցույց տան մատով՝ կենցաղում ու փողոցում, աշխատանքի վայրում ու ամենուր:

 Մենք կորցնում ենք երկիրը մարդկանց միամտության,  պարզամտության, պրիմիտիվիզմի պատճառով:

Ընդդիմադիրի առաջին խնդիրը պետք  լինի  արժանապատիվ, իր իրավունքներին տեր կանգնող, ինքնուրույն կողմնորոշվող, վրիժառու  մարդու կերտումը: Այդ նպատակով ոչ թե ընտրությունների նախօրեին  է պետք  ակտիվանալ, ու մարդկանց տանել տեղամասեր, այլ միջընտրական ժամանակներում մարդուն պետք է բացատրվի իր իրավունքներին տեր կանգնելու ձևերը, անզիջողականություն, վրեժի մշակույթ քարոզվի՝ հանդեպ օրինազանց ցանկացած մեկը՝ քանի որ երկրում բացակայում է դատարանը, ոստիկանը, օրենքն ու արժանապատվությունը: Մենք խեղված ենք հիմքերից սկսած:

Անտեսեք ընտրության տանող ընդդիմադիրին, զբաղվեք ձեր նեղ շրջապատով, վրեժխնդիր եղեք ցանկացած մեկից, ով կհանդգնի ձեզ շահագործել որևէ ձևով, կաշառք շորթել,  ապօրինի տուգանել: Դառեք պարտիզան, ժպտացեք դեմքին ցերեկով՝ վնասեք գիշերով: Գիշերով չեք կարող, մարդ վարձեք, դա էլ չեք կարող՝ անիծեք, աղոթեք, որ ձեր վրեժը տեղ հասնի: Բայց մի ենթարկվեք ոչ տականքին, ոչ փրկիչ ֆռացողին:

Էսքանից հետո, մինչև չգրված ու գրված օրենքների հաստատումը երկրում, երբ բոլորը ստիպված լինեն հաշվի նստել մարդու արժանապատվության ու իրավունքների հետ, նորմալ օրենքի տառի հետ, ոչ պարտիզանականով գնացողը, ընտրության գնացողը, բանտարկվողը,  դոշ ճղողը, սուրբ կամ հերոս ձևացողը, կամ հիվանդ է, կամ սրիկա:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ֆեյսբուքյան էջից