четверг, 8 октября 2015 г.

Սիրիայում ընթացող 3-րդ համաշխարհային պատերազմում դեռ որ հաղթում են ռուսները


Ուկրաինական պրոցեսով սկսված արևմուտքի պատերազմը Ռուսաստանի դեմ առաջին հայացքից զարմանալի սցենարով կենտրոնացավ Սիրիայում:
Ներկա պահին Սիրիայում ընթացողը ահռելի մասշտաբի պրոցես է, որի հանգուցալուծումը համարժեք է լինելու մի նոր աշխարհամարտի արդյունքների:

Սիրիական պատերազմը հասկանալու համար պետք է հետ նայել վերջին 50  տարիների համաշխարհային պատմությանը՝ սկսած Կարիբյան ճգնաժամից ու աֆղանական պատերազմից:

Երկբևեռ աշխարհի տարիներին, ամերիկյան ռազմականն ու դիվանագիտականը հզոր դինամիզմի մեջ էին՝ աշխարհի տարբեր ծայրերում սովետներին պարտադրելով իրենց կամքը: Ամերիկացիք ձևակերպում էին սովետների շահերին կամ արժանապատվությանը վերաբերող ինտրիգներ, որոնց սովետները արձագանքում էին ուշացած ու նախապես կանխորոշված պարտվողական պայմաններում: Այլոց տարածքներում հրահրված կոնֆլիկտներում ամերիկացիք փորձարկում էին իրենց  նորագույն զենքերը, աշխարհով մեկ ծավալում հակակոմունիստական պրոպագանդան, կոնսոլիդացնում իրենց շուրջը շուկայական տնտեսության երկրներին և ստիպում սովետներին ընթանալու իրենց նախանշած կործանարար արահետներով:

Ի վերջո, այս տակտիկան հանգեցրեց սովետների ինքնափլուզմանը, որը ահռելի իմպուլս տվեց արևմուտքին՝ էլ ավելի կոնսոլիդացվելու և տիրապետելու պարտված սոցիալիստական ճամբարի բոլոր ռեսուրսները, ներառյալ նյութականն ու մարդկայինը:
Մեկ տասնամյակ շարունակ, ընդհուպ մինչև հարավսլավական պատերազմները, արևմտյան դիվանագիտականի ու ռազմականի թելադրմամբ լուծվում էին եվրոպական հատվածի խնդիրները: Վերջին ուժեղ  անձնավորությունը՝ Միլոշեվիչը,  հայտնվեց բանտում և կնքեց իր մահկանացուն:

Դրանից հետո հերթն անցավ արաբական երկրներին ու նրանց լիդերներին: Մեկ տասնամյակ էլ ծախսվեց արաբական աշխարհը ծվատելու և Սադդամին ու Կադաֆիին վերացնելու համար:

Չորս  տարի առաջ հերթը հասել էր Ասադին, իսկ Պուտինն ու Ռուսաստանն էլ հաջորդն էին:
Թե ինչ է իրենից ներկայացնում ներկա «հրեշը»՝ ISIS- ISIL-ը, անտեղյակ  մարդիկ կարող են միայն գուշակել:

Իրոք, եթե լուրեր են տարածվում, որ դրանք տարի ու կես առաջ «կտրել էին» Մոսուլի բանկը և տարել 429 միլիոն դոլար, ու լուրը ոչ հերքվում ու ոչ էլ հաստատվում է, ապա դա առնվազն զարմանալի է՝ չէ որ աշխարհի ոչ մի ճյուղային, նույնիսկ ամենահեղինակավոր  բանկում չկան նման կարգի առձեռն փողեր՝ նույնիսկ դրա քառորդն էլ չկա:

Եթե իսլամիստները որպես զինատեսակ ու «ձի» օգտագործում են բացառապես Տոյոտա մակնիշի հազարավոր բեռնատարներ, ու մինչև հիմա ոչ ոք չգիտի, թե որտեղից են դրանք: Եթե Ավստրալիայում անհետանում են 400 նման բեռնատարներ ու ծայրը չկա: Եթե ողջ ՆԱՏՕ-ով դրանց դեմ պայքարում են արդեն մեկ տարուց ավել, բայց  իրենք գնալով հաղթում են ու լցվում Եվրոպա, ապա նորմալ տրամաբանությունը սկսում է տեղը զիջել միստիկային:

Եթե խնդիրը լիներ միայն  Ասադին գլխատելը, ապա կարծում եմ դա վաղուց տեղի ունեցած կլիներ: Հետևաբար Ասադը նպատակը չէ, այլ պատրվակն է:

Ավելին, Ասադի հետ կապված Պուտինն էլ, կյանքի երաշխիքներ մուրալով, մտավ ստորացուցիչ խաղի մեջ՝ Ասադին համոզելով ու նրանից առանց մի փամփուշտի քիմիական զենքի ողջ պոտենցիալը վերցնելով ու ամերիկացիներին տրամադրելով:
Փաստացի, ի դեմս ISIS-ի աշխարհն այսօր գործ ունի ֆանտաստիկ ու անհասկանալի մի «կոլոբոկի» հետ, որի ոչ մի պարամետրը հնարավոր չէ հաշվարկել ու հասկանալ:
Իրականում այդ կոլոբոկը ինչ որ տերերի գործիք է՝ քաղաքակիրթ աշխարհն ահաբեկելու, Եվրոպան ավերելու, մարդկանց գաղթական սարքելու, կրոնական գլոբալ պատերազմ հրահրելու դաժան գործիք:

Ու այս պայմաններում, ուկրաինական պրոցեսի ու հետապնդման աքցանի մեջ հայտնված ու ստորացված Պուտինը կատարում է անսպասելին՝ նախ ելույթ է ունենում ՄԱԿ-ում, ապա սկսում սիրիական իր պատերազմը:

Մեկ շաբաթվա ընթացքում ռուսական արդյունքները շատ ավելի են, քան նախկին ՆԱՏՕ-ական բոլոր արդյունքները միասին վերցրած:

Սա արդեն սկանդալ է, գլոբալ, մեծ սկանդալ: Եվ վերլուծել  ու հասկանալ է պետք՝ թե ինչպես և ինչու այն տեղի ունեցավ:

Առաջին և ամենակարևոր պատճառը դա ամերիկյան ու ողջ արևմտյան հետախուզուկան կենտրոնների թերացումն էր, որը արդյունք էր դրանց  պրիմիտիվացման: Սովետի կործանումից հետո, երբ վերացավ լուրջ հակառակորդը, արևմտյան հետախուզությունները մնացին առանց առաջադրանքների: Ժամանակի ընթացքում, անգործության պայմաններում, այդ մարմինները սկսեցին լրացվել ոչ կոմպետենտ ծանոթներով ու անբան մարդկանցով, որովհետև արժանի հակառակորդ չկար ու անելիք էլ չկար: /Բացառություն է կազմում Մոսադը, որը հակառակը, ավելի զարգացավ՝ ունենալով իր լոկալ ու գլոբալ-ընդլայնված խնդիրները/:

Հաջորդ պատճառը Պուտինի հանդեպ քամահրական վերաբերմունքն էր: Ասադի քիմիական զենքը սկուտեղի վրա մատուցելու պուտինյան ժեստը բացարձակապես անտեսվեց: Այն ոչ միայն երաշխիքներ չտվեց Պուտինին, այլ հակառակը, տեղիք տվեց մտածելու, որ ի դեմս Պուտինի գործ ունեն անսկզբունքային վախկոտ մեկի հետ, որին կարելի է անարգել ոնց կուզեն:

Հաջորդը ամերիկյան նախագահի կողմից Ռուսաստանի միջազգային ստատուսի վերաբերյալ հայտարարություններ էին, որ Ռուսաստանն այլևս գերուժ չէ, այլ երկրորդական կարգի թույլիկ ռազմականով երկիր: Այդ հայտարարությունը խորապես վիրավորեց ռուսներին, մասնավորապես  զինվորականներին, որոնք սկսեցին համախմբվել Պուտինի շուրջը:

Հաջորդը Պուտինի 10-օրյա անհետանալն էր, որը պատահականություն չէր: Այդ օրերին ինչ որ բան էր կատարվել, որը գաղտնի է պահվում մինչև հիմա: Բայց և ակնհայտ էր, որ Պուտինը հայտնվեց ուռած դեմքով և առանց պատշաճ բացատրությունների: Այդ ժամանակներից այս կողմ, Պուտինի վարքը միարժեքորեն փոխված է, և այն շատ ավելի վճռական է միջազգային հարցերում:

Տասնյակ այլ գործոններ էլ կային, ինչպիսին օդային տարածքների փակելն էր ռուսական օդանավերի համար, թուրքական ու բուլղարական գազային ստորացուցիչ  խաղերը, մալազիական ինքնաթիռի հետ կապված դիվանագիտական խաղերը, Պուտինի միջնորդությամբ ձևակերպված ուկրաինական համաձայնագրերի անտեսումը ու բազմաթիվ այլ:

Կուտակված վտանգների ու անարգանքների պատճառով, ինչ որ առումներով, վերջին ամիսներին լցվել էր ռուսների և Պուտինի համբերության բաժակը և կատարվեց առաջընթաց անսպասելի քայլը՝ Պուտինն իր վրա վերցրեց Ասադի հակառակորդների դեմ պայքարը:

Իրականում իսլամիստներն ու սիրիական տարածքը հարմար պոլիգոն էին ռուսներին՝ համաշխարհային ռազմական ասպարեզ վերադառնալու և իրենց մասին հիշեցնելու համար:

Եվ Կասպից ծովից էլ թևավոր հեռահար հրթիռների օգտագործումն էլ թափանցիկ ուղերձ է արևմուտքին, որ տեսեք, ես արդեն պատրաստ եմ բալիստիկ պատերազմի էլ ձեր դեմ՝ իմ հետ խաղեր չանեք:

Սա է այդ պատերազմի միակ ու ուղղակի իմաստն ու նպատակը: Թե վաղն ինչ նոր քայլեր կանեն ռուսները, պարզ չէ: Բայց այն, որ մինչև հիմա կատարվողը ռուսների կողմից ամեն քայլն ու տարրը մշակված սցենարով ընթացող մեծ ռազմաքաղաքական շոու - կոմբինացիա է՝ դա փաստ է:

Եվ փաստ է նաև, որ կատարվողը բացարձակ անսպասելի էր արևմուտքի համար, որովհետև արձագանքները առնվազն ոչ ադեկվատ են:
Գումարած ռուսականին, չինացիք էլ են մոտենում սիրիական ափերին և երևի իրենք  էլ իրենց պոտենցիալներով կմիջամտեն պատերազմին, իրենց ներկայությունը շեշտելու և ռազմական նոր, շատ ավելի բարձր ստատուս ձևակերպելու համար:

Փաստացի, Սիրիայում ընթացող ISIS անունով արյունալի մեծ թատերական ներկայացումը ռուսների միջամտությամբ վերածվեց համաշխարհային տարօրինակ մի պատերազմի, ուր բոլոր գերուժերը ներկա ու մասնակից են, բայց սցենարն իրենց ձեռքն են վերցրել ռուսները:

Թե ինչ ավարտ կունենա այս պատերազմը, դժվար գուշակելի է: Արևմտյան քաղաքական ու ռազմական գործերը ահռելի անալիտիկ ինստիտուտների ու թինք թենկերի սպասարկման  տակ են: Ներկա պահին հազարավոր քաղաքագետներ, վերլուծաբաններ, հոգեբաններ ու ռազմական մասնագետներ ակտիվորեն սցենարներ են մշակում ռուսների դեմ:

Մտածել, որ ռուսները նախապես գերազանց ու հաղթական  բազմաքայլ սցենար են մշակել ու կհաղթեն, պարզամտություն կլինի: Բայց որ ռուսները «վա բանկ» են գնացել, դա նկատելի է: Որ ռուսների նպատակը ոչ թե դասական հաղթանակն է, այլ աշխարհին իր կամքն ու ավերիչ զենքի պոտենցիալը ցույց տալը, դա էլ թափանցիկ է:

Ընթացողի  հետ կապված արժե շեշտել, որ Հայաստանը որպես ռուսական կազարմա, ներկա պահին հայտնվել է համաշխարհային ուշադրության կենտրոնում: Կախված, թե ինչ պատասխաններ կստանան ռուսները, տեսականորեն հնարավոր է նաև Հայաստանի ներգրավումը որպես ռազմադաշտի: Սակայն դրա հավանականությունը ներկա պահին չնչին է:

Գերուժի ստատուսը հետ բերելու ռուսական այս քայլը մոտակա ժամանակներում մեծապես փոխելու է ռեգիոնալ պրոցեսների վեկտորը: Այս պայմաններում հայկական միջազգային խնդիրները դրական լուծելու մեծ հնարավորություններ են բացվում, եթե իհարկե մեր երկրում դիվանագիտականն իր տարրական գործն անի:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեկնաբան

понедельник, 5 октября 2015 г.

Հայաստան բդեշխություն, յո՞ յերթաս


Սովետի անկմամբ նվեր ստացված անկախ պետականությունը մենք մսխեցինք առաջին իսկ տարիներին, զիջելով այն մեր մեջի տգետին, լկտիին, անպատկառին ու տականքին:

Եղածն արդեն որևէ հատկանիշով պետություն չէ, այլ բուտաֆորիա է՝ իշխանականի, ռազմականի, դիվանագիտականի, տնտեսականի, ֆինանսականի, քաղաքացիականի, իրավականի, հանրայինի ու ազգայինի:
Եվ անկման հիմնական լծակն էլ ղարաբաղյան հարցն ու պատերազմը եղան, որոնց շահարկմամբ հայ իշխանությունները ծնկի բերեցին հայ մարդուն:

Հրադադարից հետո, Ադրբեջանի ու Թուրքիայի հեռատես դիվանագիտականով ու հայ տականքի ջանքերով հրահրված արտագաղթը երկիրն արդեն կիսով չափ դատարկել է: Եվ արտագաղթը կատաստրոֆիկ եղավ մի քանի դրսևորումներով:
Նախ գոյացան մեռյալ հոգիների մոտ 1,5 միլիոն ընտրաձայները, որոնք 20 տարի շարունակ «ընտրեցին» ու ապահովեցին կրիմիալի վերարտադրումը որպես իշխանություն: Արտագաղթով երկրից անհետացավ համարձակ, արժանապատիվ,  ձեռներեց մարդը, և դրության տեր դարձավ ոչնչությունը: Արտագաղթով կյանք մտավ կեղծիքների մի ահռելի կծիկ, որի ոչ վերջը, ու ոչ էլ սկիզբը տեսանելի չէ, և որը հրեշային է իր մաշտաբներով ու լծակներով:

Միգուցե մի քանի տարի էլ այս խեղկատակությունը շարունակվեր, բայց հիմա աշխարհի գործերը խառն են և մեզանով շահագռգիռ հարևանները մեծ տեղաշարժերի մեջ են:
Հայաստանը որպես գեոքաղաքական մանրադրամ պահող Ռուսաստանը շանսեր է տեսել ամրանալու Ղարաբաղում ևս և չի միջամտում ադրբեջանական խաղերին:

Թեզը, իբր Ռուսաստանն ինքն է հրահրում և կարգադրում Ադրբեջանին՝ ռմբակոծելու Հայաստանը, չափազանցված է, որովհետև Ալիևն ինքը Պուտինից շատ ավելի հեռատես քաղաքական գործիչ է և լավ գիտի իր անելիքը: Չհաշված, որ նրա մեջքին է նաև թուրքական դիվանագիտությունը, որը լավագույններից մեկն է աշխարհում:

Թուրքիան կանգնած է քրդական պետության կամ ինքնավարության ստեղծման վտանգի առջև և նրան ձեռնտու է իր հարևանությամբ մի նոր, իբր իրենից մեկուսի տեղային պատերազմն այնպիսի թույլիկի դեմ, ինչպիսին Հայաստանն է: Նման պատերազմը կշեղի համաշխարհային ուշադրությունը Թուրքիայից և կազատի նրա ձեռքերը՝ քրդերի դեմ հաշվեհարդարի հարցում:

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանին ձեռնտու չի դատարկվող Հայաստանի դեմ պատերազմը, որովհետև մեկ է, ժամանակն իր օգտին է աշխատում, և ինչքան ուշ, այնքան հեշտ կլինի հաղթական պատերազմը: Բայց և, ելնելով նոր իրավիճակից ու հաշվի առնելով թուրքական նպատակները, ինչպես նաև ներքին հարցերից դրդված, անցել է սրացման:
Ըստ որում, ագրեսիան սկսել է ոչ թե Ղարաբաղում, այլ հենց Հայաստանի դեմ, դրանով խփելով մի քանի նպատակների՝

ա. Աշխարհի առջև բացահայտում է Ռուսաստանի գերակայությամբ ստեղծված ռազմաքաղաքական միությունների ու դաշինքների կեղծ ու խաղալիքային լինելը:

բ. Ցուցադրում է Հայաստանի ոչ սուբյեկտային ու խամաճիկային լինելը:

գ. Բացահայտ ցույց է տալիս իր նկրտումները ոչ թե Ղարաբաղի, այլ Հայաստանի դեմ,  դրանով շոշափելով միջազգային տրամադրություններն այս ճակատում:

դ. Ներքին կոնսոլիդացիայի է տանում, դիմագրավելով նավթի գների անկման հետ կապված տնտեսական դժվարությունները:

ե. Լրացուցիչ իմպուլս է տալիս աշնանը Ռուսաստանից «խոպան» գնացած հայերին ոչ թե վերադառնալու, այլ հակառակը՝ ընտանիքներն էլ մեկընդմիշտ արտագաղթեցնելու:

Այսինքն, Ադրբեջանի քայլերը նրբագույն հաշվարկված նպատակային խաղեր են, և սա չտեսնելը առնվազն տհասություն է:
Եվ քանի որ Հայաստանն իրեն չի դրսևորում որպես տարրական պետական-ռազմաքաղական սուբյեկտ, այլ հանդես է գալիս ընդամենը որպես դաշտային անպաշտպան թիրախ, այս պահին դժվար է կանխատեսել, թե հետագա ինչ քայլերի կգնա Ադրբեջանը:

Կախված հեռահար հաշվարկներից ու տարբեր գերտերությունների հետ «բազառներից», Ադրբեջանը կարող է անցնել առավել լայնամասշտաբ հարձակման, հետ քաշվել, կամ մնալ լոկալ խրոնիկ սրացման ռեժիմի մեջ՝ ինչպես որ կար մինչև այժմ:

Հայաստանից փաստացի ոչ մի բան կախված չէ, քանի որ այն քարտեզի վրա իբր կա, բայց իրականում չկա: Կառավարություն իբր կա, բայց այն ընդամենը ներքին հարցերի «ռազբիռատանոց» է: Նախարարներ իբր կան, բայց դրանք ընդամենը օբշակի պասիվ անդամներ են: Գեներալներ իբր կան, բայց դրանք բացի ոչ ադեկվատ ռազմականներ լինելուց, հիմնականում իրենց փողի ու ունեցվածքի բեջարման գործին են:

Շատերին կարող է հետաքրքրել, թե ինչո՞ւ հայկական կողմը չի դրսևորում իրեն որպես սուբյեկտ, որպես պետականություն:

Չի դրսևորում, որովհետև 2013  սեպտեմբերի 3-ին հայկական նախագահը մեծահոժար /ես կասեի գերագույն ձգտումով/, անկլավ, ցամաքային երկիրը զրկեց սուբյեկտությունից, ենթակայեցնելով այն մի երկրի ու կառույցի, որին սահմանակից չէ:

Սա աշխարհի քաղաքական պատմության մեջ չլսված մի աբսուրդ էր, որը կայացվեց միայն ու միայն մեկ նպատակով՝ որպեսզի ներսում ֆեոդալական իշխանությունը ազատվի որևէ արտաքին հոգսից ու դրսի «պատրոնի» վրա դնի երկրում կատարվողի պատասխանատվությունը: Սեպտեմբերի 3-ի պայմանագիրը կարող է թվալ, թե Պուտինի թելադրածն է, բայց իրականում այն մեր նախագահի երազածն է:

Հիմա էլ նույն մարդը ցանկանում է հավերժացնել իր գերակայությունն այս ոչ սուբյեկտային բդեշխությունում, որպես միայն ներքին օբշակի հարցերով պատասխանատու:

Բացի այն, որ նոր սահմանադրությամբ հավերժացվում է ներկա նախագահի գերիշխանությունը որպես վարչապետ /այլ թեկնածու ու լծակավոր ուղղակի գոյություն չունի, անկախ հնչած կեղծ խոստումներից/, փաստացի չի լինելու երկրի պատասխանատու՝ արհավիրքներին դիմակայող գործադիր իշխանություն: Լղոզված պարտականություններ են, լղոզված ենթակայություններ ու գերագույն  որոշումների կայացման մարմնի կատարյալ բացակայություն:
Ֆենոմենալ վիճակում ենք հայտնվել՝ մի բուռ մարդիկ կործանում են 2000 տարեկան ազգն ու երկիրը, ու ոչ մի հնարավորություն չկա այս չար գործի դեմն առնելու:

Իրոք, ի՞նչ կարող ես անել: Նրանք 1,5  միլիոն մեռած հոգիներ ունեն, մոտ 20 տոկոս կազմող պնակալեզ զեղծարարների ահռելի բանակ ունեն ու չունեն ոչ արժանապատվություն, ոչ մարդուն հարիր որևէ դրսևորում: Զենքն իրենցն է, քրեական ոհմակները՝ իրենցը, բանակը՝ իրենցը, ոստիկանությունը՝ իրենցը, ժողովուրդն էլ՝ ծնկի եկած:

Ցանկացած պետություն երկու դեմք ունի՝ ներքին և արտաքին: Ներքին դեմքով նա ներկայանում է իր քաղաքացուն, իսկ արտաքին դեմքով էլ՝ աշխարհին: Երկու տարի առաջ նախագահը ջնջխեց մեր արտաքին դեմքը և հայտարարեց աշխարհով մեկ, որ Հայաստան երկիր այլևս գոյություն չունի:

Իսկ ներքին դեմքն էլ մենք դեռ 1995-1996-ին էինք կորցրել՝ խորհրդարանական ու նախագահական ընտրությունների կեղծիքներից հետո:

Ինչ ունենք հիմա՞: Ֆորմալ իբր ամեն ինչ էլ ունենք՝ նախարարներ, նախագահ, դատարաններ, պառլամենտ, գեներալներ, գիտությունների նույնիսկ ակադեմիա: Բայց իրականում ոչ մի պատասխանատու չունենք: Նախագահը «թքած ունի» երկրի ու իր ֆորմալ պարտականությունների վրա: Իր շեֆը-տանիքը այլ երկրի նախագահն է՝ թող նա էլ մտածի:
Նմանապես, մյուսներն էլ ոչ մի պատասխանատվություն չունեն:

Մեզանում քաղաքականն ու քաղաքացիականը, ազգային ու հանրայինը, մարդկայինն ու տրամաբանականը չեն գործում և չեն կարող գործել, որովհետև չկա այդ ամենի սուբստրատը՝ անհատը:

Չկա խիզախ մարդը, որը «կթքի» օրվա հացի խնդիրների վրա ու առաջ կգա որպես հայ քրեական տականքի վրիժառու: Չկա արժանապատիվ մարդը, որը «կթքի» հայկական գեշ դրվածքների վրա՝ ծուռը կնստի ու շիտակը կխոսի: Չկա մասնագետ մարդը, որ «կթքի» իրեն կաշկանդող անձնական կապանքների վրա ու հայ ակադեմիկոսների, դոկտորների, պրոֆեսորների ու  մասնագետների նզովյալ վարքը անուն առ անուն կբացահայտի:

Չկա առաքինի ու ազդեցիկ հայ կինը, որը վեր կկանգնի գավառական նեղ անձնականից, հայ տղամարդուն իր ներկա ստորացուցիչ վիճակը ցույց կտա և կարգելի այդպես շարունակելը: Եղածը ծեծվող միտինգն է՝ անատամ, անգլուխ, անլուրջ ու խեղկատակային:

Քսան տարի շարունակ մարդու կամքն ու արժանապատվությունը բռնաբարելը պետք է արդյունքի բերեր: Ու բերեց՝ հայը արտաքսվեց, երկիրն ամայացավ, պետականությունը մսխվեց, մարդը ոչնչացավ, տականքն էլ առավել հղփացավ ու ստորացավ:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեկնաբան

пятница, 2 октября 2015 г.

Պատերազմող երկրի ծտաբնային կյանքը


Այնքան մի վախեցիր մահվանից, ինչքան ոչ ադեկվատ կյանքից
Բերթոլդ Բրեխտ

Հետանկախական տարիներին ցանկացած օրվա ասելիքում այս կամ այն ձևով առկա է հայկական աբսուրդային կյանքի որևէ այլանդակության նկարագիրը: 25 տարի շարունակ ամեն օր ասվում է իշխանություններին՝ որ «տղերք», ձեր արածը նորմալ չէ, մարդկային չէ, ազգային չէ, տրամաբանական  չէ, տղամարդկային չէ:

Բայց ո՞ւմ ես ասել: Թքած ունեն ասողի վրա էլ, ազգի, պետության ու երկրի վրա էլ՝ «բակլան իրենցն է՝ խաշած կցանեն»:
Երկիրը ոչ մի լուրջ բան չի արտադրում, բայց սպառում է ազգային ստրկության տանող պարտքի կուտակման հաշվին: «Տղերքը» ոչ միայն  մասնագետ չեն, այլ տարրականին չտիրապետելով հանդերձ, «կառավարում են»: Մարդ արտաքսելով ու հոշոտելով միլիարդատերեր են դարձել, բայց ոչ կշտանալու ու ոչ էլ փողի ֆետիշիզմի վերջը չի երևում:
Ասելը, քննարկելը, առաջարկելը կամ մեկնաբանելը կորցրել է իմաստը:  Անապատին, կամ խուլին ինչ ասես: Իրոք, իշխանություններին արդեն շատ վաղուց  ասելիք չկա: Իրենք էն են, ինչ որ կան: Ու դա չի էլ թաքցվում՝ բացահայտ է, առանց որևէ քողարկման:

Հայկական իշխանությունները արտակարգ վատն ու «անականջը» լինելով հանդերձ միակը չեն աշխարհում: Ամեն տեղ էլ, եթե մարդիկ թույլ են տալիս, իշխանությունը դառնում է հրեշ: Սա աքսիոմա է, և իզուր չի ասվում, որ իշխանությունը մարդուն այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում:
Ամբողջ աշխարհը տեղյակ է այս բանաձևին, նույնիսկ դպրոցականը գիտի դա: Բայց արի ու տես, որ հայկական ընդդիմությունը գիտենալով հանդերձ, չի հասկանում, թե ինչ է դա նշանակում:

Այո, չի հասկանում, որովհետև հասկացողն ի վերջո 20 տարվա ընթացքում կհասկանար, որ այլասերվածին, ու առավել ևս բացարձակ այլասերվածին կարգի հրավիրելը համոզելով ու հասկացնելով չէ, այլ դրանց դեմ իրական գործուն հակամիջոց գտնելով:

Եթե ընդդիմություն չլիներ, մարդիկ գոնե կիմանային, որ իրենք են իրենց հարցերի պատասխանատուն ու կփորձեին իրենց հասու մեթոդներով  հնարավորն անել: Բայց քանի որ հրապարակը գրավված է իրենց հայրենասեր, ազգասեր կամ «քաղաքացիասեր» համարող ընդդիմադիր «երևելիներով», մարդիկ մեկուսացված են իրենց ճակատագիրը տնօրինելու իրավունքից էլ:

Ըստ էության, հղփացած իշխանությունների ու հարստահարվող, թալանվող, արտաքսվող ժողովրդի արանքում ոչ ադեկվատ, իմպոտենտ ընդդիմություն կոչված միջնորդ-«մեկուսիչն» է, որը փաստացի օրինականացնում է իշխանության ամեն քայլը՝ լինի դա ընտրություն, թե որևէ հանրային հնչեղության հարց:
Ընտրության լեգիտիմությո՞ւն է պետք:  Տասնյակ նարցիսներ հերթ են կանգնած մասնակցելու, մարդկանց համոզելու, «ֆռացնելու» ու դեպի ընտրություն տանելու համար:

Հանրաքվեի լեգիտիմությո՞ւն է պետք: Լիքը խրոխտներ են կանգնած «լիաթոք» «ՉԷ» ասելու ու մարդկանց հոտի պես դեպի ընտրատեղամաս քշելու համար: Եվ թքած ունեն, որ իշխանությունը «ինչքան ուզող՝ էնքան խփող է»:
Սկզբում այս ամենը զարմանալի էր, հետո դառավ զավեշտալի, հետո՝ ողբալի, հետո՝ աղետալի: Հիմա արդեն գենոցիդային է, որի մեղավորն ու պատասխանատուն արդեն ոչ միայն իշխանությունն է, այլև ոչ ադեկվատ  ընդդիմությունը:

Իրոք, քիչ ավել, կամ քիչ պակաս, իշխանությունները տրամաբանական են: Չէ որ աշխարհում բազմաթիվ բռնապետեր ու խամաճիկներ, ավերիչներ ու դավաճաններ են եղել որպես իշխանություն: Մենք այստեղ ոչ առաջինն ենք ու ոչ էլ վերջինը:
Բայց չի եղել մի դեպք, որ երկու տասնամյակ շարունակ, նույն մարդիկ  նույն մեթոդաբանությամբ, նույն լոզունգներով, նույն քայլերով, նույն փողոցներով, երթերով ու միտինգներով ու նույն հիմարություններով  ժողովրդին առաջնորդեն դեպի նույն պարտությունը: Նույն փոցխն արդեն հարյուրավոր անգամներ ենք խփել մեր ճակատին, ու ոչ մի եզրակացություն չկա դեպի հերթական փոցխը տանողների ուղեղներում:

Մենք ռեկորդակիր ենք այս հարցում: Նայեք շուրջ բոլորը, ոչ մի երկրում չեք գտնի մի ստաժավոր ընդդիմադիրի, ով 20 տարի շարունակ նույն հիմարություններով ջրի երեսին լինի:
Ինչքան մենք հանդուրժում ենք իշխանություններին, տասն էդքան էլ հանդուրժում ենք հին ու զառամյալ ընդդիմություններին, ջահել՝ բայց պառավից էլ տկար անկարող քաղաքացիականներին:

Մենք՝ հայերս, բյուրեղային նույնն ենք, թե Հայաստանում, թե սփյուռքում,  թե իշխանության, թե ընդդիմության մեջ, թե տեսականում ու թե գործնականում: Փոխիր որևէ երկուսիս մեր տեղերով, ու արդյունքը կմնա նույնը, ոնց գումարելիների դեպքում:

Սովետի օրոք փողոցում կանգնած ոստիկանն էր կկվի ձագ տանող աղվեսի մեթոդաբանությամբ վարորդ թալանում: Սովետը գնաց, ու առաջին տարում այդ աղվեսը վերացավ: Երկրորդ տարում, երբ համոզվեց, որ անկախացած, բայց իր արժանապատվությունը չգտած հետսովետական մարդը նույն խղճուկն է, նորից հետ եկավ փողոց: Ու հիմա արդեն անկախ երկրի անկախ ոստիկանն է տասնապատիկ ավելի էֆեկտիվ աղվես խաղում:

Տարիներ անցան, աշխարհը երթևեկությանը հետևող կամերաներ հնարեց ու հիմա էլ ծտաբուն կամերան է ամեն քայլին նույն ոճի աղվեսություն-ոստիկանություն անում՝ գրպանելով թալանը: Ու թքած, թե մեր դեպքում դա կապ չունի երթևեկության, կամ անվտանգության հետ: Թքած, թե դա օրը ցերեկով բանդիտիզմ է: Թքած, թե դա հուսազրկում է մարդուն ու դատարկում երկիրը:

Ինչ է, ընդդիմությունը չի՞ տեսնում դա: Տեսնում է իհարկե, ինքն էլ է մուծվում է նույն ծտաբուն-ոստիկանին: Բայց իր աչքին երկիր կործանող այդ այլանդակությունը մեծ կարևորության, առավել ևս քաղաքական  հարց չէ: Բա հավես կա՞ նման մանր-մունր հարցերով, ինչ որ անշունչ կամերաներով զբաղվելու: Հո չես գոռալու՝ «կամերա՝ թալանչի, հեռացիր»:
Ընդդիմության աչքին միայն ամենավերին իշխանավորն է իրեն արժանի հակառակորդ-թիրախը: Առհասարակ գործ անելու, մշակված ռազմավարական, կամ մարտավարական, մեթոդական անելիքի ոչ մի հարց չկա օրակարգում: Պատկերացումներում ամեն ինչը հրաշքային-հեքիաթային է՝ հավաքվում ես, միլիոն դառնում-գոռգռում, ու իշխանությունը ոնց հասած տանձը, հոպլա, ընկնում է գլխիդ, կամ ավելի է լավ է, մի անգամից բերանդ: Գնում ես, ընտրություններին ՈՉ ասում, ու հոպլա՝ նորից խաբվում:

Ոչ մեկի առաջնահերթությունների ցուցակում ծտաբների հարցը չկա,  իշխանության որևէ հենարանի հետ հարաբերվելու, վերաբերվելու հարցը չկա:
Իսկ ի՞նչ կա փոխարենը: Նոր սահմանադրության քվեին մասնակցելն ու  «ՈՉ» ասե՞լը:

Ոչ ասող էիք, 20 տարի իշխանություններին մի անգամ գործնական, շոշափելի, էֆեկտիվ, զիջումներ պարտադրող ՈՉ ասեիք: Այս այլանդակ կյանքի դրվածքներին ՈՉ ասեիք ու ձեր պատկերացրած ալտերնատիվ մարդկայինը ներդնեիք: Դրվածքների ճարտարապետներին մի տղամարդավարի ՈՉ ասեիք: Ձեզ ամեն օր ստորացնող ախպերականին ու դրանց մանկլավիկներին ՈՉ հարկադրեիք: Ձեզ գիշերները քնել չթողնող անառականոց-որջերի ոռնոց-երաշտությանը ՈՉ ասեիք՝ դրանք ֆիզիկապես լռեցնելով: Ձեզ բեսպրեդել ժամկետներով բանտ ուղարկող դատավորներին ու քննիչներին՝ իսկ կենցաղում ձեր բարեկամներին մի ազդու, խոցող, ապտակող ՈՉ ասեիք, որ այսօր չհասնեիք բդեշխություն կարգավիճակը հավերժացնող իբր սահմանադրությանը:

Բա անձնապես ոչ մի մերձավոր իշխանականի ՈՉ ասած չլինելով, որպես ջայլամ փողոցում ու թաղում ապրելով, կտրիճ եք կապում հրապարակներո՞ւմ: Էդպես պապս էլ կաներ, ոնց հայկական առածն է ասում:
Հիմա էլ պատերազմ ենք մտել, ու «պարզվում է», որ ոչ ավել, ու ոչ պակաս, ինչ որ անանուն, ծածուկ գեներալի ծածուկ տղա կա առաջին գծում. Իսկապե՞ս:

Որ գումարում ես իրար ու նույն հարթություն ես բերում հայկական կյանքի աբսուրդներն ու բլեֆները, թալանով կերտվող միլիարդներն ու միլիոնների արտագաղթի հաշվին բռնազավթված իշխանությունը, մնում ես հույսով, թե միգուցե երա՞զ է այս ամենը:

Այո, իհարկե երազ է: Երանելի երազ է «բիրդան» աղաների ու տականքի համար, աճպարարների ու խաբեբաների, սրիկաների ու բանդիտների համար: Բայց այն նաև իրական գենոցիդ է հասարակ մահկանացուների համար:
Էնպես որ, արդեն շատերի համար ոչ հարգելի դարձած ընդդիմադիր երևելիներս, ձեր առաջին ու միակ անելիքը իշխանական հենարանի, «ծտաբուն»-ոստիկանների դեմ իրական-ֆիզիկական, բազմազան, «ով ոնց կարող է» պայքարն է: Քանի որ ծտաբնով է սկսվում և ծտաբնի վրա է հիմնված ու գոյատևում ձեզ ու բոլորիս ատելի հայկական բեսպրեդել իշխանությունը:

Համ էլ ծտաբունն է, որը ձեզ ու գործունյա մարդկանց հասանելի է: Իսկ ձեզ թույլիկ թվացող իշխանությունը ոչ մեկին էլ ֆիզիկապես հասանելի չէ՝ այն սափրագլուխների, ավտոմատների ու թնդանոթների հետևում է,  դղյակների, ու ամրոցների ներսում, սակայն որոնց բանալին դրսում է, ամեն մեկիս ձեռքին, եթե իհարկե ուղեղը կա այդ բանալին աշխատեցնելու:

Շատ վաղուց  ժամն է ուղեղ աշխատեցնելու՝ արդեն նվաղած կոկորդի ու արյունլվա ճակատի փոխարեն:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մեկնաբան
http://www.lragir.am/index/arm/0/society/view/121242