вторник, 7 июля 2015 г.

Փողոցային հեղափոխության չբարձրաձայնվող դասերը


Հեքիաթ չէ սա, հայկական մամուլը հեղեղած պոռոտախոս-սնապարծությամբ լեցուն, «21-րդ դարը մերն է լինելու» տխմար, անհիմն, գետնից կտրված, թղթե խաղալիք ծիտիկի պես վեր նետված բարբաջանք չէ սա։ 
ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ այս հոդվածը մե՛ր մասին է, մեր ողբալի երկրի՛, մեր բոլորիս կերտած, ստեղծած խայտառա՛կ իրականության մասին է այն։ Գլուխները գետնին, ոտները վերևներ տնկած ոմանց հաստատ դուր չի գալու այն, վայ-հայրենասերների քիմքին հաճո չի լինելու հաստատ, բայց սա այն Ճշմարտությունն է, որ կոչվում է ԴԱՌՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ։
ՎԱՐԴԳԵՍ ՕՎՅԱՆ

Բաղրամյան փողոցի  բացվելով միաժամանակ փակվեց հայկական քաղաքական կյանքի մի էջ, որը շատերին ներկայանում էր որպես նոր, ուրույն և հուսադրող:
Ըստ ֆորմալ սցենարի, երիտասարդությունն ինքնաբուխ դուրս էր եկել իշխանությունների դեմ զուտ սոցիալական հարցով և իր պայքարով կարողացավ հոսանքի թանկացումն իջեցնել նախատեսված 17-ից 7 դրամի:

Սա երևի մեծ նվաճում է, եթե ի նկատի ունենանք որ նրանց դեմ կանգնած էր ռուսական ամենազոր ընկերություններից մեկը, և Բիբինն ինքը, ով «թքած» ուներ թե մարդկանց, թե պառլամենտի ու մեծ հաշվով նաև Հայաստանի վրա:
Իրոք, եթե հայ մարդիկ կարողացել են «դասավորել», որ կրթական հաստատությունը  ձևակերպվի որպես հոսանքի մատակարար ու 60 դրամով հոսանք վաճառի ցանցերին, ապա բիբիններն էլ կթքեն նման մարդկանց ու նրանց երկրի վրա:

Հասարակական-քաղաքական կյանքում ամեն ինչ իր սկիզբն ու վերջը, արմատն ու   պտուղը, պատճառն ու հետևանքն ունի: Ճիշտ այնպես, ինչպես հիմնային, մոլեկուլյար բյուրեղի ատոմների դասավորությունը կերտում է մեզ տեսանելի մեծ բյուրեղը:
Եվ բիբիններին ու հայ իշխանություններին, ընդդիմությանն ու նրա առաջնորդներին  հասկանալու համար պետք է ընդամենը արմատին, հիմքին նայել:

Իսկ արմատը, մեղմ ասած, արյունաշաղախ, գենոցիդով ու պարտություններով կերտված մեր արժեքայինն է, որը 30 դրամով հոսանք է առնում ու 60-ով ծախում, սահմանին 189-ով գազ է առնում ու ներսում 380-ով ծախում:
Այո, այո, այդ մենք ենք առնում ու մենք ենք ծախում: Մենք ենք մեր տունը քանդում, մենք ենք երկիրը դատարկում, մենք ենք իրար հոշոտում: Ռուսներն այդ ամենում ընդամենն իրենց բաժինը փախցնող մեծապետական ժուլիկներ են, որոնք գիտեն, մեր իշխանական պլինտուսի հետ «աշխատելու ձևերը»՝ այսինքն մի հատ «փըշտ» ասելը:
Ոնց ընտանիքի անդամն է ընտանիքի դրսևորումների պատասխանատուն, էնպես էլ քաղաքացին է պետության բոլոր դրսևորումների պատասխանատուն: Ես պատասխանատու եմ Հայաստանում կատարվող ամեն այլանդակության համար, և նմանապես, բոլոր հայաստանցիք են պատասխանատու:

Հայաստանն առաջին հերթին մեր կերտածն է, հետո նոր ԿԳԲ-ի, թուրքերի, ասիականության, լիսկաների, լֆիկների ու մյուսների: Որովհետև հանրային արժեքայինի կերտումը երկու իրարամերժ պրոցեսների հանրագումար է՝ արարման ու մերժման: Հրապարակում միշտ էլ առկա են բևեռային երկու մտքեր, երկու օրինակներ, երկու մոտեցումներ, երկու վարք՝ նորման և աննորմալը, մարդկայինն ու հրեշայինը, սատանայականն ու Աստվածայինը: Շարքային մարդն ազատ է հետևելու դրանցից որևէ մեկին: Եվ եթե մեզանում հաղթել է հրեշայինն ու աննորմալը, ուրեմն նորմալներն ու մարդիկ պարտվել են աննորմալին ու հրեշին իրենց ասելիքում, օրինակում, մատուցման ձևերի մեջ, տեսականում ու գործնականում:

Պարտվել են ամեն օր ու ամեն քայլափոխի, տարիներ ի վեր ու դարեր շարունակ: Մեր ու զարգացած ազգերի միակ տարբերությունը սրանում է: Նրանք հաղթել են իրենց մեջի աննորմալին ու հրեշին, իսկ մենք պարտվել ենք մեր մեջի աննորմալին ու հրեշին:
88 թվին հրապարակ ելած ջահելները ծանր, «քռքաշ», հետևանքային՝ ադրբեջանական ու սովետական ոտնձգություններին զուտ արձագանքող պրոցես էին տանում՝ Գորբաչովից Ղարաբաղ ուզելով, նաիրիտ փակելով, դոշ ծեծելով ու հարակից հիստերիայով:

Պահին ու ապագային միտված ոչ մի նախաձեռնողական քայլ, ոչ մի կոնցեպտուալ ծրագիր չկար: Նույնիսկ մոտեցող պարտադրված անկախության զգացումը չկար:
Ղարաբաղն իհարկե Գորբաչովը չտվեց: Ապաշնորհության պատճառով թուղթ դառած սովետական ռուբլին լցվեց Հայաստան, տնտեսությունը կանգնեց, երկիրն անշնչացավ:
Թուրքերի պարտադրած պատերազմը մտանք, ու ահռելի կորուստներով հիմա ունենք էս դատարկվող երկիրն ու ոչ պատերազմ-ոչ խաղաղություն վիճակը, ուր մեր տականքն է մեր տերը:

Եզրակացություն. դեռ 88-ին ջահելներն անում էին այն, ինչ չգիտեին, իսկ ավագ սերունդն էլ հետևում էր ջահելներին ու ձենը կտրած սպասում էր հրաշքի, որը չկատարվեց:
Նաիրիտը փակելու խնդրով քիմիայի հազարավոր մասնագետներից որևէ մեկը խիզախություն չունեցավ բարձրանալու ամբիոն ու ասելու, որ հարգելիներս, դուք ոչ քիմիա գիտեք, ոչ տնտեսություն, ոչ էլ Նաիրիտ գործարանի էությունից եք բան հասկանում: Շեշտեր, որ Նաիրիտը համաշխարհային մակարդակով մոնոպոլիստ է, որ Նաիրիտի հաշվին Հայաստանի մնացած տնտեսությունն է ապրում: Որ Նաիրիտը բանակցային գործիք է, այլ ոչ թե տարան, որով սովետ պետք է քանդեք: Բացատրեր, որ Նաիրիտը կարելի է ոչ թե փակել, այլ մեր ուզածով շահագործել ու երկիր շենացնել:
Բայց չեղավ նման հրաշք՝ մասնագետները չխոսեցին: Իսկ ջերմուկով բարեկեցության հասնելու ջատագովները խոսեցին, գրավեցին ողջ եթերն ու ասպարեզը և ավիրեցին  գործարանը, որը մինչև այսօր էլ մի քանիսի միլիոնների բազառի առարկան է ու հազարավորների դժբախտությունների կիզակետը:

Հիմա էլ նույնն էր՝ Բաղրամյանի վրա էին ջահելները, որոնք «պայքարում» էին  88 թվից "հոլ փախցրած", արդեն 50-60 տարեկան ավազակ իշխանությունների դեմ: Բայց ոչ ոք չգիտեր, թե ինչ է անում, ինչու է անում և ինչու պետք է իշխանությունը զիջի:
Ջահելները չգիտեին ինչ ու ոնց անելը, իսկ ավագ սերունդն էլ, որը նախորդ  խաբված սերունդն էր և որը պետք է որ իմանար, թե ովքեր են այս իշխանությունները, պետք է որ պատմեր, սովորեցներ նոր սերնդին իր սխալների մասին՝ բայց լռում էր: Լռում էր, երբ ջրում ու ծեծում էին իր զավակներին ու թոռներին:
Նույնիսկ սպորտում, մարզիչի գործն է իր սանին քայլերը հուշելը: Բայց մենք նույնիսկ որպես մարզիչ էլ մեր բարձրության վրա չեղանք:

Ու լուռ էլ կմնանք՝ ճիշտ նույն ձևով, ինչպես նախորդ փուլերում լռում էին Հայաստանի մասնագետները, ակադեմիկոս կոչվածները, դոկտորներն ու պրոֆեսորները, երևելիներն ու ամենագետները:
Սա է հայկական արժեքային բյուրեղը՝ «եղունգ ունես՝ գլուխդ քորի» հիմնային  բյուրեղը:
Եվ այդ բյուրեղն ամեն պահի սրբորեն պահպանվում է շատ-շատերի կողմից: Հանրային փուչ ակտիվությամբ ջրի երես ելած տգետների կողմից՝ որոնք համոզել են կողքիններին, որ գիտուն են: Օպտիմիստների կողմից, որոնք լլկեցնում են բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեն գաղջ իրականությունը քննել: Կուսակցականների կողմից՝ որոնք իրենց դիրքերը պահելու համար պատրաստ են ցանկացած ստորության: Իշխանամետների կողմից, որոնց ձեռնտու է այս դժոխային վիճակը: Մի կերպ ֆիզիկական գոյությունը քարշ տվող համակերպվածների կողմից՝ որոնց միակ նպատակը ժամ ավել գոյատևելն է:
Ծանր վիճակ է:

Իրականում կոնկրետ մեղավորներ չկան: Քրեական հանցագործներ, մարդասպաններ ու հրեշներ իհարկե կան: Բայց հիմնական մեղավորը մենք բոլորս ենք, որ չենք հասկանում մեր ինչ լինելը, մեր դեֆեկտների հիմքը, մեր անելիքն ու չանելիքը ու չենք էլ մտածում այս հարցը քննարկելու մասին: Եվ հենց այդ արատներն են, որ կանաչ լույս են վառել մեր տականքի դեմ և մթնեցրել մեր օրը:
Ամեն քայլափոխի կլսենք, թե լիդեր չկա, լիդեր է պետք: Ոչ, լիդերը ներկա Հայաստանում դեռ անելիք չունի: Լիդերին կերտում է ժողովրդի արժեքայինը, ու նոր արդեն լիդերը հետադարձ կապով առաջ է տանում նորի պատրաստ ժողովրդին:

Հազար Չեգեվարա բեր, Գանդի, Մանդելա, Անդրանիկ ու Նժդեհ, այս արժեքայինով ժողովրդին նրանք քայլ անգամ առաջ չեն տանի:
Ժողովուրդն առաջին հերթին ազատության  արժեքը պետք է իմանա, դրա համար ֆիզիկական պայքարի գիտակցումը պետք է ունենա: Ազատության ու սկզբունքի համար պարտիզանական պայքարի գնալու պետք է պատրաստ լինի:
Մարդասպան պաշտոնյան, վերին իշխանավորները իրենց դիրքին են հասել սկզբունքային պայքարով, արյամբ ու դավաճանությամբ: Դա ևս հետևողական, ֆիզկական պայքար է եղել: Պատահական ոչ մի մարդ չկա վերևներում:
Եվ անհնար է նման պայքարով անցած ու դիրքի հասած մեկի դեմ դուրս գալ մանկական երազկոտությամբ ու արդյունքի հասնելու հույս ունենալ:

Իշխանությունները գիտեն և կրակելը, և բանակցելը և նույնիսկ համատեղ աղոթելը: Բարի լինենք ճիշտ գնահատել մեզ ու իրենց, մեր ուժերն ու նրանց հնարավորությունները՝ եղած արժեքայինի ու դոգմատիկ մեթոդականի  շրջանակներում:
Հազար անգամ նման մեթոդաբանությամբ փողոց եթե փակվի, հազար անգամ էլ այն բացվելու է ու պրոցեսն էլ պարտվելու է:

Նախապես երկրում պետք է կերտվի անկախության ձգտող ու անձնական շահի համար ֆիզիկական պայքարի պատրաստ գոնե 20-30 տոկոս հայություն, նոր որևէ քաղաքական կամ քաղաքացիական պայքարի քայլ մեկնարկվի: Իսկ դա անելու համար էլ գոնե 100 ունակ մարդ պետք է համակարծիք լինեն տեսականում և մեթոդականում և տարածեն իրենց գաղափարները:

Իսկ քանի դեռ դա չկա, թարգեք մանկամիտ ցանկություններով ու ոչ ադեկվատ գիտելիքներով հեծանիվներ հնարելը լուրջ չէ:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

понедельник, 6 июля 2015 г.

Ուրարտու=Հարմինուիա=Արմինա=Հայք. Որտեղի՞ց հայտնվեց «ուրարտու» տերմինը


Ուրարտու=Հարմինուիա=Արմինա=Հայք.  Որտեղի՞ց հայտնվեց «ուրարտու» տերմինը

«Ազատ Ձայն»-ն իր ընթերցողին է ներկայացնում մեծ հայագետ, լեզվաբան ՌԱՖԱՅԵԼ ԻՇԽԱՆՅԱՆԻ աշխատությունից մի հատված՝ նվիրված հայ ժողովրդի ծագմանն ու հնագույն շրջանին: Իշխանյանն իր այս աշխատության մեջ ապացուցում է, որ Աքեմենյան թագավորության շրջանից մեզ հասած արձանագրությունները հետևողականորեն մեզ տալիս են մի հավասարում ՝ Ուրարտու (Ուրաշտու)=Հարմինուիա=Արմինա=Հայք:  Կրճատ՝ Ուրարտու=Հայք: Ուրեմն աքքադական բազմաթիվ արձանագրություններում հիշվող urartaja, urastaja-ները կամ ուրարտացիները հայերն են, ուրարտայա թագավորները, զորքերը, ժողովուրդը՝ հայ թագավորներ, հայոց զորքեր, հայ ժողովուրդ:
Ստորև ներկայացնում ենք հատվածը.

«Մուսասիրի Արդինի տաճարում մ.թ.ա. IX-VII դ.դ. պատրաստված որոշ բարձրաքանդակներում և որմնանկարներում կարևոր տեղ ունեն տերևի, ճյուղի և ծառի խորհրդանշանները. օրինակ, քուրմը ծառի մոտ գուշակություն անելիս: Գերմանացի հնագետ Կալմայերը դրանց մասին գրել է. «Տերևների օգնությամբ կատարվող կատարվող այդպիսի ծեսը կարող էր լինել այն գուշակությունը, որն ըստ Մովսես Խորենացու, կատարվում էր քամու ազդեցությամբ «սոսի ծառերի տերևների խշշյունի շնորհիվ»: Իրոք, Խորենացին իր «Հայոց պատմության» առաջին գրքում, խոսելով Արա Երկրորդի որդու՝ Անուշավան Սոսանվերի  մասին, գրում է. «Նա, պաշտամունքի համաձայն, նվիրված էր Արմավիրի սոսի ծառերին Արմավիր քաղաքում, որոնց տերևների հանդարտ կամ սաստիկ շարժվելուց, նայած քամու ուժին և ուղղությանը, մեր Հայոց աշխահում երկար ժամանակ սովորություն կար գուշակություններ անելու»: Խորենացին, ասյպիսով, գրել է, որ այդ ծառապաշտությունը կամ տերևապաշտությունը եղել է «մեր Հայոց աշխարհում», իսկ ըստ աքքադական արձանագրությունների՝ այդ երկիրը կոչվել է Ուրարտու (Ուրաշտու): Հետաքրքրական է նաև, որ հիշյալ բարձրաքանդակներում, որմնանկարներում գուշակություն անող քուրմերի խույրերը նման են Տիգրան Մեծի և Արտավազդ Երկրորդի թագերին՝ պատկերված նրանց դրամների վրա:

Ուրարտուի ինչ լինելու մասին հստակ վկայություններ կան նաև Պարսկաստնաի Աքեմենյան թագավորների թողած եռալեզվյան արձանագրությունների մեջ:
Առհասարակ հին աշխարհի պատմության մի շարք իրողություններ պարզելու գործում մեծ դեր են կատարել բիլինգվա կոչվող, այսինքն՝ երկլեզվյան արձանագրությունները: Հին տիրակալներն իրենց արշավանքների, հաղթանակների կամ կառուցումների մասին ժայռերի, կոթողների և սալերի ու սալիկների վրա հաճախ նույն բանը գրել են երկու լեզվով, երբեմն՝ երեք: Դա այժմյան գիտնականներին օգնում է հին, անծանոթ լեզուներ սովորելու, անծանոթ երկրների ինչ և ինչպիսին լինելը պարզելու: Եթե զույգ կամ եռյակ նույնական արձանագրություններից մեկի մեջ եղած տեղանուններն ու ցեղանունները մեզ ծանոթ են, ապա նրանց օգնությամբ իմանում ենք, թե մյուս լեզվով գրված նույնական արձանագրության մեջ անծանոթ տեղանուններն ու ցեղանունները ինչին և ում են վերաբերում:

Մեզ են հասել պարսից Աքեմենյան թագավորների մի շարք եռալեզվյան արձանագրություններ՝ գրված մ.թ.ա. VI-IV դարերում: Այդ արձանագրություններում հիշատակվում են այն երկրները, որոնց դեմ պատերազմել են պարսից թագավորները կամ որոնք ինչ-որ ժամանակ գտվել են Պարսկաստանի գերիշխանության տակ: Բոլոր արձանագրությունները սեպագիր են՝ ամեն մեկում նույն բանը գրված է երեք տարբեր լեզուներով՝ էլամերեն, աքքադերեն, հին պարսկերեն: Էլամցիները Արևելքի հին ժողովուրդներից են, ապրել են Պարսից ծոցի հյուսիս-արևելքում մ.թ.ա. III հազարամյակից մինչև մ.թ.ա. VI  դարը: Էլամերենը, ինչպես ասվեց, երկար ժամանակ Պարսկաստանի պետական լեզուն էր: Աքքադերենը Հին Աևելքում տարածված էր, և Աքեմենյան թագավորներն իրենց հաղթանակների մասին գրում էին նաև այդ լեզվի բաբելական տարբերակով: Աքեմենյան թագավորների արձանագրություններում կարևոր էր նաև հին պարսկերեն տարբերակը:

Աքեմենյան արձանագրություններից շատերում է հիշվում Հայաստանը. հին պարսկերեն այն ամենուրեք կոչվում է Արմինա (կամ Արմինիա), էլամերեն՝ Հարմինուիա, աքքադերեն՝ Ուրաշտու (ասուրական Ուրարտու-ի բաբելական տարբերակը): Այդպես է աքեմենյան բոլոր մեզ ծանոթ արձանագրություններում, առանց բացառության. դրանք են Բեհիսթունի (Բիսիթունի), Նախշի Ռուստամի, Պերսեպոլիսի և մի քանի ուրիշ արձանագրություններ:
Աքեմենյան ամենահին արձանագրությունը այժմ Պարսկաստանի Բեհիսթուն գյուղի մոտ մի հսկա ժայռի վրա է փորագրված: Դա Դարեհ I թագավորի (մ.թ.ա 522-486թթ.) հրամանով է փորագրվել: Ինը մեծ սյունակից է բաղկացած: Վերևում Ահուրամազդան է ՝ արևի պես ճայռագայթող, ապա Դարեհը հաղթականորեն ոտքը դրել է պարտված իր գլխավոր հակառակորդի՝ Գաումատայի վրա, Դարեհի առջևում են ինը պարտված թագավորներ: Արձանագրությունը պատմում է Դարեհի գահակալության առաջին երեք տարիների (մ.թ.ա. 522-519թթ.) մասին. մոգ Գաումատայի ապստամբությունը, Պարսկաստանի գերիշխանության տակ գտնվող այլ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում ծագած ապստամբությունները, նրանց ճնշումը Դարեհի կողմից: Հայաստանի մասին բավական շատ է գրված, և ամեն մի նախադասություն ունի երեք լեզվով տարբերակ: Օրինակ, արձանագրության պարսկական մասի 2-րդ սյունակում գրված է. «Խոսում է Դարեհ  թագավորը. մի պարսիկի, անունը Վաումիսա՝ իմ ծառային, ուղարկեցի Հայաստան»:
Հին պարսկերեն տեքստում Հայաստանը նշված է ՝ Arminam:
Էլամերեն տեքստում Հայաստանը գրված է Harminjaip:
Աքքադերեն տեքստում ՝ Uraštu:

Լեզուները տարբեր են, քերականությունը, հոլովները տարբեր ձևեր ունեն, բայց երեք լեզուներում Հայաստանի անունները, նրանց արմատները ակնհայտ են՝ հին պարսկերեն՝ Արմինա, էլամերեն՝ Հարմինուիա, աքքադերեն՝ Ուրաշտու:
Էլամերեն Հարմինուիա-ն Արմանի-Արմինիա-Արմենիա-ի էլամական տարբերակն է, որ նշանակում է, թե էլամացիները նունպես շատերի նման Հայաստանը կոչել են Արմեն+իա անվանման իրենց տարբերակով Հարմին+ուիա: Իսկ աքքադացիներն, ահա, Հայաստանը անվանել են Ուրարտու (Ուրաշտու):
Դարեհը իր այդ մեծ արաձանագրությունը թարգմանել է նաև կայսրության մեջ ընդունված լեզվով՝ արամերեն, և ուղարկել իրեն հպատակ բոլոր երկրները: Պահպանվել է դրա պապիրուսե փաթեթը: Այնտեղ էլ ամենուրեք Հայաստանը կոչվում է Urartu:

Այսպիսով, Աքեմենյան արձանագրությունները հետևողականորեն մեզ տալիս են մի հավասարում ՝ Ուրարտու (Ուրաշտու)=Հարմինուիա=Արմինա=Հայք: Կրճատ՝ Ուրարտու=Հայք:
Բայց Դարեհի արձանագրությունն էլ ավելին է տալիս: Բեհիսթունի արձանագրության մեջ մի քանի անգամ առկա է նաև հայերևի լեզվացեղային անվանումը՝ խոսվում է հայազգի անձանց մասին: Եվ դարձյալ, հայը հին պարսկերեն կոչվում է արմին, էլամերեն՝ հարմին, աքքադերեն՝ ուրաշտ բառարմատներով: Օրինակ՝ արձանագրության պարսկական մասի 4-րդ սյունակում կա այսպիսի բառակապակցություն. «Մի հայ՝ Արքա անունով», որ հին պարսկերեն հնչում է Araka nama arminija, աքքադերեն harminujara, աքքադերեն՝ Urastaja:

Ուրեմն հայը, եթե պարսկերեն կոչվել է արմինյա, ապա աքքադերեն հային ասել են ուրաշտայա (ուրարտայա): Եվ այս դեպքում ևս թվաբանությունը հասարակ է՝ armin(ija)=harmin(ujara)=uras(aja):
Այսպիսով՝ պատմությունը պահպանել է մի հրաշալի բանալի՝ պարսից եռալեզվյան արձանագրությունները: Նրանք անվերապահորեն պնդում են, որ երկար ժամանակ աքքադացիները հայերին ուրարտայա, ուրաշտայա են անվանել, ինչպես որ վրացիները՝ սոմեխի, պարսիկները, էլամացիները, հուները արմին(իյա), հարմին(ույարա), արմեն և այլն: Ուրեմն աքքադական բազմաթիվ արձանագրություններում հիշվող urartaja, urastaja-ները կամ ուրարտացիները հայերն են, ուրարտայա թագավորները, զորքերը, ժողովուրդը՝ հայ թագավորներ, հայոց զորհեր, հայ ժողովուրդ»:

Աղբյուրը՝ armfvn.com