четверг, 2 апреля 2015 г.

Անարգված Գենոցիդի վերջնական վարկաբեկումը


Ամեն հիմար կարող է իմանալ, կարևորը հասկանալն է:
Էյնշտեյն

Առանց նախապես մշակված ազգային ու պետական ռազմավարության ու մարտավարության սրըթնաց մոտենում ենք Գենոցիդի 100 րդ տարելիցին: Արդեն ուշ է մեղավոր պաշտոնեական պատասխանատուների մասին խոսելը: Առավել ևս, որ նրանք թքած ունեն թե մեր, թե իրենց պարտականությունների ու թե Գենոցիդի խնդրի վրա:
Իսկ ընդհանուր առմամբ, ներկա ողբալի քաղաքական-ազգային- հանրայինից այլ բան սպասելի էլ չէր: Անկախությունից հետո  մենք  բազմիցս անարգել ենք Գենոցիդի հիշատակը մեր առօրյա պետական վարք ու բարքով: Էնպես որ ներկա  անփառունակ վիճակը անսպասելիություն չունի իր մեջ:

Որպես պետականապաշտպան միջազգային ու անմիջական գործոն Գենոցիդը մենք չկարողացանք օգտագործել: Հակառակը, նույնիսկ պախարակվեցինք նրա հետ կապված անճարակության ու ոչ ադեկվատության դրսևորումներով: Ապրիլի 24 ին էլ անշուքության, մաշտաբային գաճաճության  ու ոչ պատշաճության այլ դրվագներ կգումարվեն եղածին ու ազգովի և պետականորեն կհայտնվենք մի նոր իրականության մեջ, ուր Գենոցիդն այլևս բեռ է լինելու՝ խեղճության, թուլության ու փոքրության խորհրդանիշ:

Ինչևէ, գոնե հիմա, ինքներս մեզ համար պարտավոր ենք որոշ ընդհանուր հայտարարների գալ:
Որովհետև երբ լսում եմ Գենոցիդով մեջտեղ հայտնվածներին ու նույնիսկ նրանում «մասնագիտորեն» կողմնորոշվողներին, ապա տեսնում եմ, որ էս էլ իմ ասելիքն ունեմ: Ըստ որում ոչ միայն որպես հայ, Գենոցիդի անձնական պահանջատեր, այլ նաև որպես տարրական կրթության տեր անհատ:

Գենոցիդի հարցը միջազգային քաղաքական լուսանցքներում է, բայց և, ապրիլի 24 -ի հետ կապված, մեզ որոշ տհաճ պարզաբանումներ են անհրաժեշտ, որպեսզի հայրենասիրական  հուռռա էյֆորիան մեզ  լրիվ չկործանի: 

1-Գենոցիդի իրացման պահին հայկական պետականություն գոյություն  չի ունեցել: Հետևաբար ներկա Հայաստանի հանդես գալը որպես գենոցիդված հայության պահանջատեր-իրավահաջորդ, միջազգային իրավանաբանական հիմնավորում է պահանջում:

Դա շատ մեծ ու լուրջ դիվանագիտական, մասնագիտական աշխատանք էր ենթադրում, որը պետք է կատարվեր, բայց չի կատարվել: ԵՎ մենք ձևակերպված,  միջազգային օրենքներին համապատասխան պատրաստի փաստագրված թղթապանակ չունենք: Եթե ինչ որ հրաշքով միջազգային մի ատյան  մեզանից պահանջի մեր ձևակերպված  դիրքորոշումները, մենք որևէ  ներկայացնելիք փաստաթուղթ չունենք:

2-  Թուրքիայում էլ, Գենոցիդի պատասխանատու երիտթուրքերի կառավարությունը ինքնալիկվիդացվել էր դեռ 1918 թվականին: Իսկ 1919 թվականի հուլիսի 5-ի թուրքական դատարանի որոշմամբ, Թալեաթը, Ջեմալը, Էնվերը և Նազիմը դատապարտվել էին մահապատժի, իսկ 27 այլ հանցագործներ էլ՝ տարբեր պատժաչափերի:
Հետևաբար Ժամանակակից Թուրքիան էլ իր արգումենտներն ունի՝

Ա-Գենոցիդի հանցագործության մասով ֆորմալ առումով իբր պատժել է մեղավորներին:

Բ-Ներկա Թուրքիան իրեն  չի համարում  երիտթուրքերի իրավահաջորդը:

Գ-Հայտարարում է, որ Գենոցիդ չի եղել, այլ եղել է ռազմական նկատառումներով իր քաղաքացիների տեղահանություն: Այս արգումենտը  հեռահար թաքնված տարր ունի իր մեջ: Այն նախապես մերժում է տեսականորեն հնարավոր հայկական ավտոնոմիայի ստեղծումը Թուրքիայի որևէ տարածքում:

Դ –Հայաստանի պահանջատիրության մասով Թուրքիան չի տեսնում   միջպետական քննարկման առարկա նույնիսկ: Ավելին, ինքը մասնակից է ադրբեջանական ագրեսսիային և դիվանագիտորեն և ռազմականով և անմիջականորեն՝ շրջափակման փաստով:
Իսկ քաղաքացիական սեփականության մասով ինքը պատրաստ է քննարկման- դատական կարգով կոմպենսացման, եթե կան հիմնավոր փաստաթղթեր անհատների ձեռքին: 
Եթե կողմնակի դիտորդի աչքերով՝ միջազգային իրավունքի  ֆորմալ-իրավաբանական առումով  նայենք խնդրին, ապա մենք ահավոր թերացած ենք ներկայանում մեր պարտադիր անելիքների մեջ և ոչ լուրջ արգումենտներով՝  պահանջատիրականի շրջանակներում:
Անկախության սկզբում Գենոցիդի հարցում ՀՀՇ-ի ռազմավարությունը ենթադրում էր, որ Հայկական անկախ պետությունը  ձեռնպահ է մնում ոչ միայն Թուրքիայի հանդեպ պահանջատիրությունից, այլև սփյուռքին է ընձեռում Գենոցիդի  հարցի հետապնդումը միջազգային ատյաններում: Այսինքն ՀՀՇ-ի մոտեցումներն իրականում ամբողջովին թուրքական շահերի շրջանակներում էին:

ՀՀՇ-ից հետո էլ հայկական մոտեցումներում ես որևէ լուրջ փոփոխություն չեմ տեսնում:  Ֆուտբոլային դիվանագիտությունը նույնիսկ առաջին քայլերն էլ չունեցավ, որ մարդ իմանար, թե ինչի մասին էր լինելու այն:

Այսօր էլ, ըստ էության հայտնի չէ, թե որն է հայկական պետության սկզբունքային դիրքորոշումը Գենոցիդի հարցում: ԵՎ չեմ էլ կարծում, թե ապրիլի 24-ին ինչ որ կոնկրետ դիրքորոշում կհայտնվի:

Անտերությունը, անսկզբունքայնությունը, անպատասխանատվությունը համապարփակ է  թե իշխանության, թե հանրության  և թե ընդդիմության մասով:
Իհարկե, այս բարձիթողի  վիճակն ունի իր միարժեք բացատրությունը: Թալանով ու երկրի մսխմամբ զբաղված հայկական  քրեաօլիգարխիկ իշխանությանը պետք չէ սուբյեկտայնություն ու դրանով պայմանավորված որևէ պատասխանատվություն: Հետևաբար հայկական իշխանությունների կողմից որևէ լուրջ անելիքն այս հարցում հակացուցված է նրանց:

Բայց և փաստն այն է, որ անցած 100 տարիներին Գենոցիդը եղել է և հայի և Հայաստանի պաշտպանական վահանը Թուրքիայից և մասնակիորեն՝ նաև Ադրբեջանից: Իհարկե Գենոցիդը  խաղաքարտ է եղել ուրիշների ձեռքին, շահարկվել է հարևանների ու գերուժերի կողմից, բայց և գոնե մասնակի, մեզ էլ է ծառայել:

Հենց հիմա էլ, մեր այս  ծնկաչոք վիճակում էլ, Գենոցիդը դեռ որ մեր միակ միջազգային պաշտպանական լծակն է, որը զուսպ է պահում անմիջական ու հեռակա թշնամիներին: Հայկական իշխանությունները սա շատ լավ գիտեն, բայց և չկա մեխանիզմը, որը կստիպի նրանց առավել էֆֆեկտիվ օգտագործել Գենոցիդի ընձեռած գործիքային դաշտն  ի շահ պետության,  հայության,  նահատակների հիշատակի ու իրավունքների: 

Թե ինչքանով կարժեզրկվի Գենոցիդը  ապրիլի 24-ին սպասվող մեր պետական ու հանրային անշնորհքությունների արդյունքում,  դժվար է ասել:

Ուղղակի անհրաժեշտ եմ համարում հարցի մեջ խորամուխ չեղած, ոչ հեռատես ու իրականության հետ հաշվի չնստողներին հիշեցնել հետևյալը:

-Սրբություն չհարգելը անձնական հարց է: Մի հարգեք, եթե այն ձեզ է վերաբերվում: Բայց դուք իրավունք չունեք հաշվի չնստելու ազգային-պետական սրբության՝ Գենոցիդի սպասարկման  պահանջների հետ, որի շնորհիվ դեռ որ գոյություն ունենք:

-Հրեաները Հոլոքոստը սարքեցին աշխարհի պատմության մեջ հայտնի որևէ  զենքից առավել գերհզոր մի զենք, լծակ, գործիք, որի սպառնալիքի  տակ կռացել է ողջ աշխարհը:
Ոչ միայն որևէ հրեա, այլև քաղաքակիրթ աշխարհի որևէ ներկայացուցիչ իրավունք չունի ոչ հարգալից վերաբերվել հանդեպ Հոլոքոստը: Իսկ մենք  անարգել ենք Գենոցիդն այն աստիճան, որ արդեն քրեականններն են նրա մասին ֆիլմ նկարում:  Իսկ աշխարհի առաջնորդներն  էլ, տեղյակ լինելով մեր պետական խամաճիկությանը, գերադասում են ենթարկվել հրավերքին՝ մասնակցել թուրքական ֆարսին, քան հարգել մեր համամարդկայինը:

-Մենք  արդեն անարգել ենք Գենոցիդը ոնց կարողացել ենք: Ապրիլի 24-ին էլ կանենք  անհնարինը՝ խղճուկ խեղկատակության ու աբսուրդի կվերածենք այն:
Խնդիրն է, թե ինչ ենք անելու ապրիլի 25-ին ու դրանից հետո:

ԱՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
https://www.facebook.com/notes/արա-հարությունյան/անարգված-գենոցիդի-վերջնական-վարկաբեկումը/934153713304187