среда, 30 мая 2012 г.

Իսկ ով հասկանում էր, միայնակ էր


Իմ հոդվածը («Աստծու սիրուն, պետք չէ» http://surhandak.blogspot.com/2012/05/blog-post.html) թեր եւ դեմ արձագանքներ ունեցավ։ Ուզում եմ դիմել նրանց, ովքեր «մեղք» են համարում մայիսյան տոնի օրը նման բան գրելը։ Զգացմունքները հարգելի են, բայց ժողովուրդներն իրենց խնդիրները կարգավորում են սառը հաշվարկով։ Դաս է ոչ միայն հաղթանակը։ Պարտությունն էլ մերն է, չարժե հրաժարվել։ Գուցե, ընդհակառակը, ավելի կարեւոր է պարտության դասը։ Քանի որ երբ այն չենք սերտում, հնարավոր ենք դարձնում, որ կրկնվի։ Իսկ պարտության սերտած դասը բացառում է դրա կրկնությունը։

Ահա. «Դրոն... կազմել էր մի ծրագիր, որով առաջարկում էր կարճեցնել ռազմաճակատը. գրավված վայրերից ժողովուրդը եւ պաշարի մի մասը, որ հնարավոր է, տեղափոխել Կովկաս, մնացած պաշարը ոչնչացնել եւ զորքերը հետ քաշել ու գրավել մոտավորապես Զեւին-Կարադերբենտ-Գլըչ Գյադուկ-Թափառիզ գիծը, ծահրահեղ դեպքում եւ Մակուն՝ Ալաշկերտի երկաթուղին պահելու նպատակով։ Դրոն համոզված էր, որ դրանով առաջը կառնվի ճակատի զորամասերի քայքայման եւ օր ավուր աճող դասալքության, իսկ մյուս կողմից կուժեղացվի Կարսը։ Բացի այդ նա առաջարկում էր կազմել մի բրիգադ Դիլիջանի ուղղությամբ, որպեսզի ապագայում, երբ ճակատի գործերը անհաջող գնան, կարելի լինի շարժվել Գանձակի եւ Ղարաբաղի ուղղությամբ եւ միանալով Բաքվին՝ ապահովել հայ ժողովրդի գեթ մարդկային գոյությունը»։
Մեջբերումը Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» գրքից է։

Թիֆլիսում նստած՝ Հայոց Ազգային խորհրդի «հայրերը», մինչդեռ, գտել էին, որ «Էրզրումի հանձնումը ծանր բարոյական հարված կլինի հայ ժողովրդին»։ 11 000 զինվորով կարծում էին 250 կմ. ձգվող հայ-թուրքական ճակատը հնարավոր է պահել։ Իսկ Դրոն առաջարկում էր Բաթումի, Արդահանի, Ախալցխայի հոգսը թողնել Անդրկովկասյան կառավարությանը, հայկական զորախմբերը կենտրոնացնել Կարսի ամրացված շրջանում, որտեղ հնարավոր էր թուրքերին լուրջ դիմադրություն ցույց տալ։ Նա, ինչպես տեսնում ենք, առաջարկել էր ողջ հայ բնակչությունը էվակուացնել Կովկաս։ Սա շատ կարեւոր է։ Քանի որ զորքն ստիպված էր կռվել թուրքական կանոնավոր բանակի դեմ եւ խաղաղ հայ բնակչությանը պաշտպանել քրդական հրոսակախմբերի հարձակումներից։

Պատերազմն ունի իր տրամաբանությունը. զորքը եւ խաղաղ բնակչությունը չպետք է անմիջական շփման մեջ լինեն։ Դրոն կանխազգացել էր իրավիճակի ողջ ահավորությունը՝ երբ բանակն ստիպված կլինի ոչ թե կռվել, այլ ընդամենը պահնորդել, որպեսզի խաղաղ բնակչությունը չբնաջնջվի։ Քաղաքագետի նրա միտքը նույնիսկ «պահեստային» տարբերակ էր ծրագրել՝ Դիլիջանի ուղղությամբ ստեղծել հատուկ բրիգադ, իրադարձությունների վատ զարգացման դեպքում դուրս գալ Գանձակ եւ Ղարաբաղ, միանալ Բաքվի հայկական ուժերի հետ, Արեւելյան Անդրկովկասում հաստատել հայկական ռազմաքաղաքական ներկայություն։

Ազգային խորհրդի պարոն ինտելիգենտներն ու ցարական բանակի հայազգի գեներալները, որ պատերազմ էին մղել միայն գլխավոր շտաբում քարտեզագրվածի համաձայն, մերժեցին Դրոյի ծրագիրը։

Իհարկե, չկար երաշխիք, որ այդ դեպքում կհաջողվի պահել 1914 թ. ռուս-թուրքական սահմանը։ Բայց աղետ հաստատ չէր լինի։ Եւ թուրքերից ճանաչված Հայաստանի Հանրապետությունը 11 000 քկմ. տարածք չէր ունենա։ Մանավանդ եթե Դրոյի ասած Դիլիջանի ուղղության բրիգադը թուրքերից առաջ մտներ Գանձակ եւ Ղարաբաղ։

Օրվա քաղաքագետն ասում է, «եթե հայերը Թուրքիայի դեմ ութ ամիս չկռվեին, հայտնի չէ, թե ինչ ընթացք կունենար պատմությունը»։ Իսկ արժե՞ր Թուրքիայի դեմ կռվել, եթե մենք սեփական տարածք էինք կորցնում, իսկ օտարները՝ շահում։ Կարի՞ք կար Բաքուն պաշտպանել հանուն մի իշխանության, որը նույն Թուրքիայի հետ համաձայնության եկած՝ հայերիս մեն-մենակ էր թողել Կովկասյան ճակատում։

Դրոյի չիրագործված ծրագիրը հայկական ռոմանտիզմի այլընտրանքն էր։ Ռոմանտիզմը քաղաքականության մեջ կործանարար է։ Իսկ թուրքերն Ալեքսանդրապոլը գրավեցին, ընդ որում՝ երկու անգամ՝ 1918 եւ 1920 թ., որպեսզի ունենան Կարսը։ Եթե 1918-ին Դիլիջանի բրիգադը գրավեր Գանձակը եւ Ղարաբաղը, նախկին Ելիզավետպոլի լեռնային ողջ հատվածը՝ իր հոծ հայկական բնակչությամբ, կմտներ Հայաստանի Հանրապետության կազմի մեջ։ Պատերազմի եւ քաղաքական «համաձայնությունների» տրամաբանությունը դա է։

ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մոսկվա

понедельник, 28 мая 2012 г.

Աստծու սիրուն, պետք չէ


«Մայիսյան հերոսամարտերի խորհուրդը նախեւառաջ 1918-ի դժվար հաղթանակների կենդանի հիշողությունը նոր սերունդներին փոխանցելու պատգամ է: Քանզի այն, ինչ 94 տարի առաջ ձեռնարկեցին Հայաստանի Հանրապետության հիմնադիր հայրերը, մեր հետագա բոլոր հաղթանակների հիմքն է»,- գրել է «Հայոց աշխարհ»-ը:

Մայիսի 25-ին Միացյալ Նահանգների նախագահը ողջույնի ուղերձ է հղել Իլհամ Ալիեւին՝ Ադրբեջանի անկախության 94-րդ տարելիցի կապակցությամբ: Հայաստանում Օբամայի եւ այլոց ուղերձը կստացվի մի փոքր ուշ. Հայաստանի Հանրապետության «հիմնադիր հայրերը» մինչեւ վերջ դեմ էին Անդրկովկասը Ռուսաստանից անջատելուն: Եւ մայիսյան հերոսամարտերը ոչ մի կապ չունեն Թիֆլիսում նստած՝ Հայոց ազգային խորհրդի հետ: Նրանք ոչինչ էլ չեն ձեռնարկել:

Այժմ՝ հերոսամարտերի մասին:
Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկի պայմանագրով Թուրքիային էր զիջել բոլոր տարածքները, որ նվաճել էր 1878-ին: 1918թ. ձմռանը թուրքական զորքն առաջ էր շարժվում՝ զբաղեցնելու դրանք: Եւ արդարացի չէ, երբ հայ «քաջազուն» պատմաբանները դա ներկայացնում են իբրեւ «թուրքական ներխուժում»: Ի՞նչ ներխուժում, եթե Ռուսաստանը կամովին զիջել էր Կարսը, Արդահանը եւ Բաթումը, թուրքերն էլ գալիս էին վերատիրանալու:

Իսկ նրանց դեմ կանգնած էր «հայկական բանակը»: Միայնակ, քանի որ կովկասյան թաթարները Թուրքիայի դեմ նույնիսկ մեկ կրակոց չէին արձակի, իսկ վրացիները, կարծես, հաշտվել էին Բաթումը կորցնելու հեռանկարի հետ կամ կարծում էին, որ օկուպացիան կլինի ժամանակավոր: Միայն հայկական ջոկատներն էին, որ Էրզրումից սկսած դիմադրում էին թուրքական բանակի առաջխաղացմանը: Իսկ դիմադրել նշանակում է պատերազմի մեջ մտնել հակառակորդի հետ: Իսկ այդ պահից սկսած գործում է պատերազմի դաժան օրենքը՝ հակառակորդին փորձում են ծնկի բերել, պարտադրել:

Ի՞նչ էր անելու Հայոց ազգային խորհուրդը: Մի բան՝ հրահանգելու էր, որպեսզի հայկական զինված ուժերը թուրքական բանակի հետ մարտի չբռվեն: Այսինքն, կանոնավոր-կազմակերպված ռազմերթով ետ քաշվեն մինչեւ Ախուրյան՝ իրենց առջեւից տարհանելով ողջ մնացած հայ բնակչությունը: Դրա համար կային բոլոր հնարավորությունները. գործում էր Էրզրում-Կարս-Ալեքսանդրապոլ-Թիֆլիս երկաթուղին, ազատ էին խճուղային ճանապարհները, իսկ Վանի շրջանից էվակուացիան կարելի էր կազմակերպել Պարսկաստանի տարածքով՝ դեպի Նախիջեւան:

Հայոց ազգային խորհուրդը, սակայն, բոլոր հնարավոր տարբերակներից ընտրեց «մահ կամ ազատություն»-ը: Եւ իրոք մահվան տառապանքների դատապարտեց արեւմտահայության մնացորդին: Իսկ թուրքերն օգտագործեցին առիթը, դիմադրող հայկական ջոկատներին հետապնդեցին մինչեւ Երեւանի մատույցներ: Սարդարապատը Երեւանի մատույցն է: Ընդ որում, Սարդարապատից եւ Բաշ Ապարանից հետո թուրքական զորքերը ետ չշպրտվեցին գոնե Ախուրյանից արեւմուտք: Թուրքական օկուպացիան ներառնում էր անգամ Էջմիածինը:
Թուրքերը լուծեցին իրենց հիմնական խնդիրը: Մայիսի 24-ին Նուրի փաշան արդեն Գանձակում էր: Թուրքիան կովկասահայության բնաջնջման նպատակ, ըստ ամենայնի, չուներ: Նպատակը Կովկասում հայկական գործոնը նվազագույնի հասցնելն էր: Ռազմաքաղաքական այդ հարցը «կարգավորելուց» հետո Թուրքիան ճանաչեց Արարատյան հանրապետության անկախությունը: Իհարկե՝ ստորացուցիչ պայմաններով, բայց կարող էր եւ չճանաչել: Սիմոն Վրացյանը «Հայաստանի հանրապետություն» գրքում վկայում է, որ թուրքական հրետանին կանգնած էր «Երեւանից 7 վերստ հեռավորության վրա»:

«Հետագա հաղթանակների» մասին: 1918-20 թվականներին, ցավոք, մենք որեւէ հաղթանակ չենք ունեցել: Այն, որ Թուրքիան պարտվել, զորքերը դուրս է բերել Անդրկովկասից, եւ հայկական «միլիացիան» մտել է Կարս, մեր հաղթանակը չէ: Հաղթանակ կլիներ, եթե Հայաստանի Հանրապետության զորքը 1920-ի սեպտեմբեր-հոկտեմբերին Կարսը պաշտպաներ: Գոնե՝ Ալեքսանդրապոլը: Հաղթանակ կլիներ, եթե Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զրահագնացքը Նախիջեւանից չնահանջեր մինչեւ Ղամարլու, որ այսօրվա Արտաշատն է:

Հարկ էր հասկանալ, որ Մուստաֆա Քեմալի «հակաիմպերիալիստական» պատերազմն ըստ էության միայն Հայաստանի դեմ է: Ու եթե կար պայմանավորվելու հնարավորություն, պետք էր պայմանավորվել նրա հետ: Կամ՝ Ռուսաստանի: Ադրբեջանի խորհրդայնացումից հետո հուսալ, որ Անդրկովկասում Սեւրի պայմանագիրը գրոշի արժեք կունենա... Դրա համար, իրոք, պետք էր Փարիզում երկու առանձին պատվիրակությամբ «պաշտպանել» հայ ժողովրդի արդար դատը:

Ղարաբաղյան պատերազմը Սարդարապատ եւ Ավարայր են անվանում նրանք, որ ուզում են Գարեգին Հովսեփյան եւ Եղիշե կոչվել: Մովսես Սիլիկյան կամ Վարդան Մամիկոնյան: Մտնեն սրբերի դասը եւ դրանով իսկ արժեզրկեն ամեն ինչ: Քանի որ մի ժողովրդի հերոսացումը երբ վերագրվում է ընտրյալների, իրականությունը դառնում է ֆարս: Ինչպես արել են հայ կրոնավոր պատմիչները, նրանց հետեւելով՝ գրողները: Եւ ստացվել է Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի»-ի նման մի անհեթեթություն, երբ «մի ծաղկով գարուն է գալիս»: Երբ երկրի թագավորը «թուլամորթ» է, սպարապետը՝ «առյուծասիրտ»: Երբ մի ողջ դարաշրջան ներկայացվում է այնպես, որ եթե Աշոտ Երկաթը հավատարիմ մնար ամուսնական ուխտին, ապա... Ապա ի՞նչ, հայերը կործանելո՞ւ էին Խալիֆաթը, ողջ Կովկասն առնելու էին սրի տա՞կ:

Չե՞ք տեսնում համառ միտումը՝ ղարաբաղյան պատերազմի հաջողությունից ջնջել-քերել պետական գործոնի դերը, այն վերագրել «մի խումբ նվիրյալների»: Չե՞ք տեսնում, որ քաղաքական մի հոսանք անվերջ պարազիտանում է Սարդարապատի եւ Բաշ Ապարանի, Ղարաքիլիսայի վրա, ինչպես որ պարազիտանում են Ղարաբաղի վրա: Ոչ թե պետք է փոխանցել առասպելը, քանի որ դա «մերօրյա վարդանների», «եղիշեների» նոր առասպել է ծնում, այլ հրամայաբար անհրաժեշտ է վերանայել բոլոր առասպելները՝ Ավարայրից սկսած: Հակառակ դեպքում մեզ սպասում են միայն «բարոյական հաղթանակներ» կամ ընդմիշտ դատապարտված ենք Արա Պապյանին հավատալու, որ ասում է. «Վիլսոնի իրավարար վճիռը շարունակում է մնալ ուժի մեջ»: Իսկ Բարաք Օբաման ողջույնի ուղերձ առաջինը հղում է Իլհամ Ալիեւին:


ԳՐԻԳՈՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Մոսկվա