понедельник, 14 ноября 2011 г.

Եվ զրպարտիչ մի՝ Խորեն Բաղդասարյան անուն

Ինձ հայտնեցին, որ Խորեն Բաղդասարյան անունով մեկը զրպարտություն է գրել իմ և իմ հարազատների մասին: Որքան հիշողությունս պրպտեցի, չկարողացա այդ անուն-ազգանունով մարդ հիշել:

Ցույց տվեցին այս լուսանկարն ու հայտնեցին, որ ինձ զրպարտողը սա է: Ասացին նաև՝ նախկինում էլի է զրպարտություններ գրել: Նայեցի լուսանկարին և մնացի ապշած: Ձևի ու բովանդակության ինչպիսի՜ ներդաշնակություն: Իմ ողջ կյանքում հենց այս կերպարանքով եմ պատկերացրել զրպարտիչներին ու 37 թվականի մատնիչներին:

Հարցրին՝ դրան պատասխանելո՞ւ ես: Ախր, սրան ի՞նչ կարող եմ պատասխանել, երբ Աստված ինձնից առաջ արդեն պատասխանել է՝ ստեղծելով ձևի ու բովանդակության համերաշխ միասնության այս անկրկնելի նմուշը: Հիրավի մարդու դեմքն ու արտաքինը հոգու հայելին են, և իրավացի են բոլոր նրանք, ովքեր գտնում են, որ յուրաքանչյուր մարդու դեմք ճիշտ և ճիշտ տվյալ անձնավորության ներքին աշխարհի արտացոլումն է: Աշխարհում մի բացառություն եղավ, այն էլ միայն գեղարվեստական երկում՝ Վիկտոր Հյուգոյի հանրահայտ «Փարիզի աստվածամոր տաճարը» վեպում:

Անպատեհ և անիմաստ հայտնված մարդկանց համար տատս մի պատասխան ուներ՝ «Դու էիր պակաս»...



ԿԵՆԴԱՆԻՆ՝ ՎԱՆԴԱԿԱՃԱՂԵՐԻՑ ԴՈՒՐՍ

Տասնամյակներ առաջ, երբ դեռ փոքր էի, հորս հետ կենդանաբանական այգի էի գնացել: Վանդակի մեջ տարբեր կենդանիներ կային՝ առյուծ, վագր, արջ, գայլ...

Հանկարծ նկատեցի, որ ինչ-որ մեկը քարեր է շպրտում վանդակաճաղերի հետևում գտնվող կենդանիների վրա: Հետ նայեցի՝ մի մարդուկ էր, ասես նեանդերթալյան ժամանակներից հայտնված ողորմելի, գջլոտ ու չար հայացքով մի մարդուկ:

Հորս հարցրի, թե ինչու է այդ մարդը քարեր նետում կենդանիների վրա: «Որովհետև Աստված նրա և վանդակի մեջ գտնվողների տեղը սխալմամբ շփոթել է»,- պատասխանեց հայրս:

Վ. ՕՎՅԱՆ
«Նոր էջ»

Պետք է իմանալ այն գինը, որ վճարվել է Արցախի ազատագրության համար. Ց.Պասկալևայի նոր ֆիլմը (տեսանյութ)


http://www.youtube.com/watch?v=t1MF8WEw8Kc&feature=player_embedded
Բուլղարուհի հեռուստառեժիսոր, օպերատոր և սցենարիցտ Ցվետանա Պասկալևան եկող շաբաթ կներկայացնի երեքուկես ժամ տևողությամբ իր ֆիլմաշարը, ոը բաղկացած է յոթ մասից և զետեղված է երկու սկավառակի վրա: Ֆիլմաշարը ներկայացնում է ղարաբաղյան հակամարտության պատմությունը՝ սկզբից մինչև Շուշիի գրավումը։ «Ղարաբաղի վերքերը» խորագրով այս ֆիլմի տեսագրությունները մշակվել են լավագույն տեխնոլոգիաներով ԱՄՆ-ում, որտեղ էլ արտոնագրվել ու թողարկվել է։ Այս պահին այս ֆիլմն արցախյան հակամարտության պատմության մասին եզակի նախաձեռնություն է։

Ֆիլմաշարի յոթ մասերը ներկայացնում են հակամարտությունն՝ ըստ ժամանակագրության և ռազմավարական փուլերի։ Առաջին մասը՝ «Հույսի բարձունքները» (1991թ.) Շահումյանի բարձունքների և երբեք չմեռնող հույսի մասին է։

Երկրորդը` շրջափակման դաժան շրջափուլի մասին է, երբ արդեն հանձնվել էին Շահումյանն ու Մարտակերտը, և ամենօրյա ռմբակոծությունները ավերակ էին դարձրել Ստեփանակերտը։
«Իմ թանկագին ողջեր ու մեռածներ» մասում Պասկալևան պատմել է պատերազմի մասին՝ առանց ռազմական գործողությունների՝ ծերերի ու երեխաների, որբերի ու այրիների կյանքը երկրում, ուր պատերազմ է։ “Ես այն ժամանակ շատ միամիտ էի, կարծում էի, իմ պատրաստած ամեն մի ռեպորտաժն ու հաղորդած լուրը կարող են ինչ-որ բան փոխել իրադարձությունների զարգացման մեջ”,- ասել է նա։

Չորրորդ ֆիլմն անդրադառնում է հայկական փոքրաթիվ ջոկատներից ազգային բանակի կազմավորմանը։

Հինգերորդը ներկայացնում է զինվորագրված մտավորականներին՝ տարբեր բնույթի և մասնագիտությունների տեր մարդկանց, որ թողել էին իրենց կյանքն ու մարտի դաշտ եկել։

Վեցերորդը հրադադարի շրջանն է ներկայացնում՝ ավերակներից մաքրվող քաղաք, վերակառուցված ծննդատուն ու նորածինների կտրուկ աճ։ Իսկ որպես ամփոփում՝ ներկայացվում է Շուշիի ազատագրումը։ “Այսօր, քսան տարի անց, ես կարող եմ յուրօրինակ հաշվետվություն տալ։ Այս հաշվետվությանը ես մոտեցել եմ առանձնահատուկ պատասխանատվությամբ, յուրաքանչյուր բառի և կադրի տակ կարող եմ դնել ստորագրությունս”,- ասել է Պասկալևան։

Վեց լեզուներով ներկայացվող այս ֆիլմաշարն, ըստ հեղինակի, մեծ ազդեցություն կունենա միջազգային հանրության կարծիքի վրա։ Սակայն նա առավել կարևորում է այն ուղերձը, որ պիտի ստանա հայ երիտասարդն այս պատումից, քանի որ “պետք է իմանալ այն գինը, որ վճարվել է Արցախի ազատագրության համար”։

Zham.am

http://www.youtube.com/watch?v=t1MF8WEw8Kc&feature=player_embedded

Ոստիկանապետությո՞ւն, թե՞ օլիգարխիա




Իշխանության համար պայքարը նոր երանգներ է ստանում նաև Արցախում
2007թ. նախագահական ընտրություններից հետո, երբ Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Բակո Սահակյանն ընտրվեց նախագահ, լուրջ փոփոխություններ տեղի ունեցան հանրապետության ներքին կյանքում: 

Ամենանկատելին ուժային կառույցների դերի բարձրացումն էր, բարձրաստիճան սպաներին ու գեներալներին տարբեր պաշտոնների նշանակումը, քաղաքական դաշտի միատեսակությունը:

Բակո Սահակյանի ընտրությունից հետո հասարակության մեջ հավատ կար դրական փոփոխությունների նկատմամբ, նրա հակակոռուպցիոն առաջին քայլերը է՛լ ավելի մեծացրին հույսերը: 

Սակայն շատ շուտով եկավ հիասթափության պահը՝ պայմանավորված ազատությունների սահմանափակման, կոռուպցիայի կենտրոնացման, պետական միջոցների անարդյունավետ ծախսման, որոշ գործարարների նկատմամբ հարկային տեռորի, ամեն տեսակի քննադատության չեզոքացման գործոններով:

...2011թ. հունվարին ամերիկյան հեղինակավոր Freedom House կազմակերպությունն իր «Ազատությունն աշխարհում» զեկույցում առաջին անգամ Արցախը դասեց ոչ ազատ երկրների շարքում: Մինչ այդ՝ յոթ տարի անընդմեջ, Արցախը համարվել էր մասամբ ազատ երկիր: Ժողովրդավարության ասպարեզում նկատվող այսպիսի հետընթացի մեղքը ծանրանում է նախագահականի ուսերին:

Արցախում հասարակության տոտալ վերահսկողության քաղաքականություն է վարվում, ինչի շրջանակում առանձնահատուկ կարևորվում են այլակարծության սահմանափակումն ու բուհերը, մասնավորապես Արցախի պետական համալսարանը հսկողության տակ առնելը: 

Արցախի պետհամալսարանի այժմյան ռեկտորը Խորհրդային Արցախի ագիտացիայի բաժնի նախկին հրահանգիչ է, որն անվերապահորեն հետևում է քաղաքական գծին՝ հնարավորինս փակ պահելով համալսարանը և ոչնչացնելով ակտիվության ցանկացած սաղմեր։

Կրթության նախարար, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանը ժամանակ առ ժամանակ ստանձնում է ռեկտորի «փաստաբանի դերը»՝ աջակցելով կրթական համակարգի նկատմամբ տոտալ վերահսկողության իրականացմանը։ 

Կարևորագույն գործիք է Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ): Արցախցիները բողոքում են այս հաստատության չափից ավելի ակտիվության, իրավասությունները չարաշահելու, ամեն տեղ քիթը մտցնելու գործելաոճից։ ԱԱԾ-ն կամաց-կամաց, բայց հաստատուն քայլերով վերածվում է որոշ իշխանավորների անվտանգության ծառայության: 

ԱԱԾ-ն, զուգահեռաբար, կոմերիտմիության կարևորագույն գործառույթներն է ստանձնում։ Այն կարիերիստ երիտասարդների ձգտումների հիմնական նպատակն է, քանի որ քաղաքական, տնտեսական պաշտոնյաների մեծ մասը նախկին ԱԱԾ-ականներ են:

Նախագահ Սահակյանի 2010թ. ընտրություններից հետո կատարված կադրային փոփոխությունները ցույց են տալիս, որ վերջինս երկիրը տանում է դեպի ոստիկանապետություն՝ փրկելու համար իր իշխանությունն ու դրան սերտաճած բիզնեսը:

Զարմանալի չէ, որ կադրային փոփոխությունները սկսվեցին հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովից, որի նախագահ նշանակվեց ոստիկանության գեներալ-մայոր Ռ. Պետրոսյանը: Հաջորդ փուլը շրջանների ղեկավարումը նախագահին հավատարիմ ուժայիններին վստահումն էր: Արցախի յոթ շրջաններից հինգի նորանշանակ ղեկավարներն ուժային կառույցների աշխատակիցներ են։ 

Այսպես՝ Նոր Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար է նշանակվել ԱԱԾ փոխգնդապետ Վիտալի Դանիելյանը, Մարտակերտինը՝ ոստիկանության գնդապետ Լևոն Չալյանը, Քաշաթաղինը՝ ոստիկանության գնդապետ Սուրեն Խաչատրյանը, Ասկերանինը՝ ոստիկանության գեներալ-մայոր Սերգեյ Գրիգորյանը: Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարը ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նելսոն Սողոմոնյանն է։

Ինչո՞ւ է նախագահը «հզորացնում» շրջանները

2010թ. խորհրդարանական ընտրություններում վարչապետ Արայիկ Հարությունյանի «Ազատ հայրենիք» կուսակցությունը հաղթանակ տոնեց ու իրանական շանսեր ուներ պարզ մեծամասնության ճանապարհով խորհրդարանական պաշտոններին տեր կանգնելու համար։

Սակայն վարչապետի կողմնակիցների որոշ անզգույշ հայտարարություններ, ինչպես նաև նախագահականում ծրագրվածից շատ ավելի քվեներ ստանալը նույն նախագահականին ստիպեցին կոշտ միջոցների անցնել։ Այսպես՝ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող կուսակցությունն ավելի քիչ խորհրդարանական լծակներ ստացավ, քան երկրորդ տեղը զբաղեցրած Արցախի ժողովրդավարական կուսակցությունը՝ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորությամբ:

Արայիկ Հարությունյանը երիտասարդ պետական գործիչ է, վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց առաջ ակտիվորեն զբաղվել է բիզնեսով, հաստատուն կապեր ունի հայաստանյան օլիգարխիկ շրջանակների հետ։ Նա ոչ միայն Բարսեղ Բեգլարյանի գործընկերն է, այլև վայելում է վերջինիս օժանդակությունը: ՀՀ իշխանությունների շրջանում Արայիկ Հարությունյանի լոբբինգը հենց Բարսեղ Բեգլարյանն էր ապահովում։

Արայիկ Հարությունյանի շուրջ Արցախում համախմբված են լոկալ օլիգարխներ, «Ազատ հայրենիք»-ը մեծ մասամբ գործարարների վրա հիմնված կուսակցություն է: Թեև Արայիկ Հարությունյանը հիմնականում նույնացվում է Բակո Սահակյանի հետ, սակայն երիտասարդ վարչապետի տնտեսական նախաձեռնությունները, մասնավորապես Արցախի էներգետիկ համակարգի զարգացման ծրագրերը, բարձր են գնահատվում անգամ նրա քննադատների կողմից:

Մյուս կողմից՝ որոշ գործարարների նկատմամբ հարկային մահակի օգտագործումը, նրանց՝ Արցախից դուրս մղելը, ուռճացված կառավարման համակարգի անարդյունավետությունը, գյուղատնտեսության թերզարգացվածությունը ստվերում են Ա. Հարությունյանի հեղինակությունը: 

Վարչապետը, այնուամենայնիվ, հավակնոտ գործիչ է, իսկ նրա շրջապատում որոշ անզգույշ հայտարարություններ ակնհայտորեն խոսում են Ա. Հարությունյանի նախագահական ձգտումների մասին: Եվ Երևանում հաջողված լոբբինգի դեպքում Հարությունյանն արդեն 2012թ. Արցախի նախագահական ընտրություններում կարող է համարվել ՀՀ իշխանությունների ցանկալի թեկնածուն:

Իրականում, գնալով ոստիկանապետության ստեղծման, Բակո Սահակյանը փորձում է դիմակայել Արայիկ Հարությունյանի հնարավոր մրցակցությանը: Արցախը կանգնում է ոստիկանապետության և օլիգարխիկ պետության երկընտրանքի առջև: Երրորդ՝ համակցված տարբերակն էլ կա՝ օլիգարխիկ ոստիկանապետություն:

Բոլոր այս կոմբինացիաների մեջ ժողովուրդը չկա, որն օր օրի ավելի է հեռանում որոշումների վրա ազդելու հնարավորություններից։

Օրակարգ, 03 նոյեմբեր 2011 թ.
---------------------------------------------------------
Տպագրվում է աննշան կրճատումներով

вторник, 8 ноября 2011 г.

Թատերական հրապարակից՝ Ազատության հրապարակ


Ճարտարապետ Թամանյանը Երեւանում երկու հրապարակ է նախագծել՝ իբրեւ հասարակական կյանքի երկու կենտրոն: Մեկը` Լենինի անվան, ապա՝ Հանրապետության հրապարակը հանդիսանում է պաշտոնական կյանքի բևեռ, մինչդեռ մյուսը` նախկինում Ժողովրդական Տան, հետո՝ Օպերայի շուրջը տարածվող հրապարակը դարձավ իրական ժողովրդական կյանքի բևեռ:

Այս երկու հրապարակները վիթխարի կշեռքի երկու նժարի պես չափում են իշխանության ճակատագիրը Հայաստանում: Երբ ուժեղ է պաշտոնական բևեռը, զինվորական շքերթներ ու իշխանական միջոցառումներ են անցնում առաջին հրապարակով, այն կքվում է ծանրությունից: Երբ ժողովուրդը բողոքի ցույցերով ու հանրահավաքներով լցվում է երկրորդ հրապարակ`պաշտոնական բևեռը դատարկվում ու կախվում է օդում:

Այսպես հենց Օպերայի շուրջն էին հավաքվել հայերը ազգային տոնախմբության համար` 1963 գարնանը նշելով Տիգրան Պետրոսյանի շախմատային թագադրությունը: Երկու տարի անց կրկին այնտեղ էին սլանում մարդկանց ամբոխները` 1965 գարնանը աշխարհին հիշեցնելու Հայոց Ցեղասպանության 50-ամյակը: 1988-ին Օպերայի կամ այսպես կոչված Թատերական հրապարակում Արցախյան շարժումը վերածվեց Խորհրդային Միության փլուզման գործընթացի:

Թատերական հրապարակը վերանվանվեց Ազատության հրապարակ:
Նոր իշխանությունը, կարծես, հասկացել է այս տարածքի մոգական ուժը եւ տարիներ շարունակ փորձել է ականազերծել այն: Սկզբում՝ ոստիկանական շարքերով, ապա՝ սրճարանների շղթայով, հետո՝ ստորգետնյա ավտոկանգառով, վերջում՝ անգամ մանկական խաղահրապարակներով բաժանելով ժողովրդին Ազատության հրապարակից, ձգտելով նորից վերածել այն Թատերականի: Սակայն ազգային ոգու այս ամրոցը զավթելու ոչ մի այլ միջոց այդքան արդյունավետ չեղավ, որքան հին ու ստուգված Տրոյական ձիու հնարքը:

Վերջին ինը ամսվա ընթացքում տիտղոսակիր ընդդիմության ջանքերով հրապարակն իսկապես վերածվեց թատերաբեմի: Այս տարին սկսվեց «արաբական գարունով» եւ մենք ունեինք բոլոր հնարավորությունները դարձնել այն նաեւ «հայկական գարուն»: Այս տարվա մարտի 1-ի տարելիցը կարող էր եւ պետք է դառնար բռնապետությունից ազատվելու օրը: Ժողովուրդը ոտքի ելավ ու պատրաստ էր տապալել զավթիչներին: Պատրաստ էին անգամ իշխանությունները` հասկանալով, որ նոր արյունահեղություն ոչ ազգը, ոչ աշխարհն այլեւս չի ների: Պատրաստ չեղան միայն ընդդիմության մենաշնորհը հայտարարած առաջնորդները: Նախկին նախագահն իր նախկին նախարարներով, դատախազներով, միլպետերով ու ջատագովներով մարդկանց հավաքեց կրքոտ ճառերով եւ... ուղարկեց տուն:

Հետո նորից ու նորից, ամիսը մեկ անգամ ժամադրությանը հրավիրելով ժողովրդին՝ ինչպես թեթեւամիտ սիրեկան, կամ տեսակցություն նշանակելով, ինչպես բանտարկյալներին: Բայց հեղափոխությունը, ինչպես եւ սերը, ամիսը մեկ չի լինում: Հեղափոխությունը դաշտան չէ, իսկ ժողովուրդը սիրուհի չէ, ում կարելի է տեսակցել ամիսը մեկ անգամ: Այսպես մարդկանց ծովը սկսեց ցամաքել՝ դառնալով լիճ, հետո` ճահիճ: Այդպես Ազատության հրապարակը նորից դարձավ Թատերական հրապարակ: Բայց թատրոնում ներկայացման ավարտին բոլորը հանում են դիմակները: Թատերական հրապարակում էլ են դիմակներն ընկնում մեկը մյուսի հետեւից: Բռնապետին տապալելու փոխարեն նրա հետ «երկխոսություն» էին վարում ինը ամիս շարունակ, մինչեւ որ գործընթացը վիժեցվեց...

Ներկայացման հաջորդ մասը կոչվելու է «ընտրություններ»: Այն անցնելու է Նախագահի բարձր հովանու ներքո: Տոմսերը վաճառվում են: Առաջին շարքերում տեղերի գինն անփոփոխ է. 30 արծաթ: Show must go on…

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյան
Ejournal.am